Ինչպես արդեն տեղեկացվել է, երեկ Գորիսում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առաջին դեպք։ Այդ մասին տեղեկություն է տարածել նաև Սյունիքի մարզպետարանը։ Վարակվածը 69 տարեկան է։ Վերջին օրերին գտնվում էր Երևանում, որտեղ բնակվում է նրա երիտասարդ դուստրը, ով երիկամային անբավարարություն ունի։ Նրա մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս։
Վարակակիրը Գորիս է վերադարձել նախորդ շաբաթ` եղբոր հետ, ով ևս թեստավորվել է: Նրա ընտանիքը ինքնամեկուսացվել է։ Գորիսի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնում գտնվել է երեք օր՝ մինչև թեսթի պատասխանը։ Այժմ նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում,չնայած ունի ուղեկցող հիվանդություններ, սակայն վիճակը բավարար է։
Նրա շփման շրջանակները շարունակվում են ճշտվել։
Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղեկությամբ այս պահին մեկուսացված է 12 բուժաշխատող, ովքեր թեսթավորվել են, օրվա վերջում կլինեն պատասխանները։ Հիվանդանոցը շարունակում է աշխատել բնականոն հունով։
Սեփ. լրատվություն