Արցախյան երկրորդ պատերազմից հետո սահմանամերձ դարձած Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրում 531 մարդ է ապրում․ վերջին ամիսներին, սակայն տասը ընտանիք է տեղափոխվել գյուղից։

Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է․ Պատերազմի հրադադարից հետո, երբ գյուղի արոտավայրերն այլևս անվտանգ չեն, քանի որ ադրբեջանցիները հաճախ սադրանքի են դիմում, մարդիկ խուսափում են անասունները գյուղից դուրս տանել արածեցնելու, չնայած տեղի արոտավայրերն անջրդի են, միևնույն է, հարկադրված գյուղի շրջակա հանդերում են պահում, բայց հնարավոր է, հողի դեգրադացիայի փաստի առաջ կանգնեն․այս մասին իր մտահոգությունն է հայտնում Տեղ համայնքի Քարաշենի վարչական ներկայացուցիչ Վահիկ Մնացականյանը: Նա ասում է, որ մսի շուկայական գինը նախապատերազմականի համեմատ նվազել է․ նախկինում մեկ կովը 400 հազար դրամով էին վաճառում, հիմա՝ երեք անգամ էժան։ Իսկ խոտի հակի գինն աճել է գրեթե երկու անգամ։ Այս պայմաններում անասնապահությամբ զբաղվելն այլևս շահութաբեր չէ, բայց տարբեր տարիների գյուղացիական տնտեսություններն ընդլայնելու համար մարդիկ վարկային միջոցներ են վերցրել, բայց այլևս չկարողանալով վճարել, կանգնել են անգամ գրավադրված գույքը կորցնելու վտանգի առաջ։
Ընդհանուր առմամբ, գյուղի բնականոն կյանքը շարունակվում է․ 73 աշակերտ ունեցող դպրոցը երկու տարի առաջ է վերանորոգվել, մինչ այդ այնպիսի անբարեկարգ վիճակում էր գտնվում, որ որոշ ծնողներ իրենց երեխաներին այլ դպրոց էին տեղափոխել։
Տարիներ շարունակ բնակավայրը մանկապարտեզ չուներ, այժմ արդեն դպրոցին կից նախակրթարան է գործում: «Մանկապարտեզ չհաճախել և դպրոց գնալը երեխանների համար մեծ դժվարություններ է առաջացնում, բայց այս տարի նախակրթարան հաճախած առաջին դասարանցիների վրա մենք զգում ենք , որ մեծ տարբերություն է նկատվում»,- ասում է ուսուցիչ Տիգրան Հովսեփյանը:
Կառավարության որոշման համաձայն, հունիսից սկսած, բնակավայրի յուրաքանչյուր ընտանիքի հաշվով օգտագործված բնական գազի դիմաց տարեկան 25 հազար, իսկ էլեկտրաէներգիայի համար 60 հազար դրամ փոխհատուցում է հատկացվում։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր ընտանիք հաջորդ տարվա ցանքի համար կստանա 300 կգ ցորեն և 25 բերքատու ծառ:
Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։
