
Արդեն 26 տարի է, Նարինե Հովհաննիսյանն ամեն օր դժվարությամբ Գորիսից հասնում է Որոտան, որովհետև գյուղ տանող մշտական ավտոբուս չի գործում։ Ստիպված էին երթևեկել տաքսիներով կամ պատահական ավտոմեքենաներով։ Այդ մասին նա և իր գործընկերները բարձրաձայնել են տարբեր հարթակներում․ ամեն անգամ կարճաժամկետ լուծումներ են տրվել, բայց խնդիրն այդպես էլ չի հանգուցալուծվել։
Այդպես մինչև սեպտեմբերյան պատերազմի՝ նոյեմբերի 9-ի հրադադար, որովհետև օրեր անց չհայտարարված նոր կարգ սահմանվեց․ Որոտանի, նաև Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերի դպրոցներում աշխատող ուսուցիչները ստիպված էին աշխատանքի գնալ միայն որոշակի ժամերի՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ։ Եվ գրեթե միշտ ուշանում էին դասից, որովհետև հնարավոր չէր կանխատեսել անցակետի թույլտվության ժամը։ Իսկ օրեր հետո ադրբեջանցիները մաքսակետ դրեցին գյուղ տանող ճանապարհին։
«Շատ անակնկալ էր, նախապես տեղյակ չէինք, առավոտյան, երբ սովորականի նման աշխատանքի էինք գնում, ադրբեջանական ուղեկալում թույլ չտվեցին անցնել՝ ասելով, որ չենք կարող ազատ երթևեկել։ Ստիպված էինք վերադառնալ»- պատմում է Նարինեն։
Մի քանի օր հետո նրանց առաջարկվել է Որոտան գնալ այլընտրանքային ճանապարհով, որտեղով երթևեկում էին նաև Շուռնուխում, Բարձրավանում աշխատող ուսուցիչները։ Ճանապարհն, այսպիսով ոչ միայն երկարում է կրկնակիից ավելի, այլև անբարեկարգ է և դժվարանցանելի։
«Նախորդ ճանապարհով վերջին տարվա ընթացքում միայն սպորտային կոշիկներով էինք երթևեկում, որովհետև անկանխատեսելի իրավիճակ էր ստեղծվել, ամեն րոպե վտանգ էինք զգում ճանապարհի եզրերին ավտոմատներով զինված ադրբեջանցիներից։ Հոգեբանական ճնշում էր երևի, բայց մտածում էինք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանանք վազել, փախչել»,-ասում է դասվարը։ Իսկ հիմա այդ վախին գումարվել է նաև ճանապարհի անհարմարությունը։
Այժմ կառավարության կողմից սահմանամերձ այս գյուղերին կապող ճանապարհներ են բարեկարգվում։ Շուռնուխ տանող այլընտրանքային երկու ճանապարհ կա․ մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, մյուսը՝ Շուռնուխ-Բարձրավան: Որոտան-Խոտ ճանապարհը 10 կմ-ից 5 կմ-ը արդեն պատրաստ է։
Բարենպաստ եղանակի շնորհիվ առայժմ այլընտրանքային ճանապարհներն անցանելի են, սակայն ձմռան ամիսներին, խնդիրներն անպակաս կլինեն, -ասում են ուսուցիչները։
Սյունիքի մարզպետարանը «Ուազ» մակնիշի մեքենա է տրամադրել Շուռնուխի և Բարձրավանի ուսուցիչների երթևեկության համար, սակայն երեք բնակավայրերի ուսուցիչների տեղափոխության համար այն փոքր է։ Ընդանուր թվով այդ երեք բնակավայրերում Գորիս քաղաքից աշխատում է 21 ուսուցիչ, իսկ մյուս տրամադրված մեքենան՝ «Ուրալը», որը քսաներկու նստատեղ ունի, ծառայում է նաև այդ բնակավայրերի բնակիչներին, ովքեր կենցաղային տարբեր հարցերով Գորիս են հասնում, օրինակ, անգամ հաց կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար։
Խնդիր է նաև ժամանակի կորուստը․ օրական անգամ մեկ-երկու դասաժամ պարապող ուսուցիչը ստիպված է մյուսների հետ ժամը 7։30-ին դպրոց գնալ և վերադառնալ միայն 18։00-ին, այսինքն «Ուազի» երթևեկության գրաֆիկի համապատասխան։
Որոտանի դպրոցը «Գազել» մակնիշի մեքենա ունի, որով երթևեկում էին մինչև վերջին իրադարձությունները․ տնօրենն էր վարում, սակայն նոր ճանապարհի ոլորաններն այդ մեքենայով հաղթահարել հնարավոր չէ։ Դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը նշում է, որ մի քանի կազմակերպությունների է դիմել, որպեսզի առանձին ավտոմեքենա տրամադրեն։ Տնօրենի խոսքով՝ մարզպետարանի հատկացրած «Ուազը» միայն Բարձրավանի և Շուռնուխի ուսուցիչներին կարող է սպասարկել։
Մյուս ելքն այն է, որ մարդիկ սեփական նախաձեռնությամբ մեքենաներ վարձակալեն և ինքնուրույն կազմակերպեն իրենց երթևեկությունը, որն ավելի մեծ խնդիրներ է առաջացնում։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծախսային ուղղությունների մեջ ընդգրկվում է նաեւ` «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» հոդվածը, ըստ որի յուրաքանչյուր տարի նախատեսվում է մոտ 60 միլիոն դրամ: Պետական բյուջեից վճարվող այս միջոցների հիմնական շահառուներն այն ուսուցիչներն են, ովքեր աշխատանք չգնելով իրենց բնակության վայրերում, մեկնում են գյուղական բնակավայեր, հույսով, որ պետությունը կփոխհատուցի երթևեկության վճարը։ Եվ այդ գումարները բաշխվում են մարզպետարաններին՝ մարզում ուսուցիչների և աշակերտների երթևեկության ծախսերը փոխհատուցելու համար: Սյունիքի մարզպետարանին այս նպատակի համար տարեկան տրամադրվող գումարները վերջին տարիներին փոփվել են (2021թվականի տվյալները չեն հրապարակվել)։
Ուսուցիչների տեղափոխության խնդրի կարգավորման հետ կապված մտահոգությունների մասին բարձրաձայնվել է նաև մինչև պատերազմ, քանի որ փոխհատուցման միավոր գինը նախատեսված է հանրային տրանսպորտի, երթուղային տաքսիների համար, սակայն թե՛ նշված, և թե՛ այլ ներհամայնքային երթուղիների պարագայում, երթևեկությունը կազմակերպվում է միայն տաքսիներով։
Հարցի կարգավորման համար ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգ», որով սովորողների և մանկավարժների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները նպատակ ունեն բարելավել իրավիճակը․ մասնավորապես, գործող կարգը, նախկինում մանկավարժները փոխհատուցման համար գործող 0,5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումն այլևս չի տարածվելու ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։
2022 թվականից փոխհատուցումներ կստանան նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները: Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ:
Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակը արդյունավետ չի լինի), ապա այս դեպքում տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։
Այս փոփոխություններն, իհարկե, կնպաստեն նաև այլ համայնքներում ապրող մանկավարժների երթևեկության կազմակերպման հարցի բարելավմանը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսված գումարներն անհամեմատ փոքր են, քան իրական ծախսերը, և լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտություն կա հատկապես սահմանամերձ բնակավայրերում աշխատող ուսուցիչների պարագայում, որովհետև ինչպես ուսուցչուհիներից մեկն է ասում՝ իրենք ոչ թե սահմանամերձ, այլ՝ սահմանապահ գյուղ են։ Եվ որոշ պաշտոնյաների առաջարկը, թե դասապրոցեսները հնարավոր է կազմակերպել օնլայն, վատագույն սցենարներից մեկն է։ Որոտանի դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանն այս մասին ասում է, թե գյուղից մի քանի մարդ արդեն տեղափոխվել է, և եթե ուսուցիչների մեծ մասը Գորիսից Որոտան չհասնի, դպրոցը կփակվի, մարդիկ կարտագաղթեն։
Հ․Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ Սյունիքի զարգացման ծրագրերին ուղղված կառավարության հատկացրած միջոցերով Գորիս համայնքի Որոտան բնակավայրում գործող Որոտանի միջնակարգ դպրոցի համար միկրոավտոբուս ձեռք կբերվի:
Հոդվածը պատրաստվել է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանականերում։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
