Վիրաբուժական, ռեանիմացիոն և վնասվածքաբանական՝ հիմնականում այս ուղղություններով է աշխատել Գորիսի բժշկական կենտրոնն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ Կենտրոնը ծառայել է նաև որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ։ Հիվանդների թվով պայմանավորված, հնարավոր չէր միայն տեղական կադրերով բուժծառայության ամբողջ ծավալն ապահովել, ուստի պատերազմի օրերին կենտրոնում աշխատել են նաև Երևանից, արտերկրից ժամանած մեծ թվով բժիշկներ․ խաղաղ պայմաններում Գորիսում աշխատում էր մեկ վնասվածքաբան, իսկ այդ օրերին՝ հինգը։ Միջին և կրտսեր անձնակազմը ևս ներգրավված էր ամբողջ գործընթացում։
Մարզային բուժհաստատություններում նեղ մասնագետների պահանջարկ կա
Անդրադառնալով պատերազմի օրերին բուժհաստատության կադրերի պակասի հարցին, Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը նշում է․ «Նոր մասնագետի պահանջ չունեինք, բայց միաժամանակ աշխատելու կարիք կար․ տեղական ռեսուրսներով հնարավոր չէր բուժօգնությունն ամբողջությամբ ապահովել»։ Նրա խոսքով խաղաղ պայմաններում երբեմն անհրաժեշտություն են ունենում անզգայացնող, վնասվածքաբան և այլ լրացուցիչ մասնագետների։
Մարզային առողջապահական հիմնարկների հիմնական բացը շարունակում է մնալ ավագ բուժաշխատողների՝ բժիշկների պակասը։ Գորիսում միջին և կրտսեր բուժաշխատողների թափուր հաստիքները հիմնականում համալրվում են Գորիսի և Կապանի պետական քոլեջների շրջանավարտներով, իսկ բժիշկների մասով նույն իրավիճակն է, ինչ այլ մարզերում։ Որոշ մասնագետների պահանջարկ տարիներ շարունակ կա․ մասնավորապես անեսթեզիոլոգի, ընտանեկան բժիշկների, հոգեբույժի, ֆիզիոթերապևֆտի, շտապ օգնության բժշկի։
Գորիսի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում պարբերաբար հայտարարություն է տարածվում թափուր հաստիքների վերաբերյալ․ կան նեղ մասնագետների թափուր հաստիքներ, որոնց պահանջակը կա ինչպես այժմ, այնպես էլ, օրինակ, 2019թ․-ին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության կայքէջում թափուր աշխատատեղերի վերաբերյալ մշտապես հայտարարություններ է տարածվում, որտեղ ներառվում են նաև բժիշկների հաստիքներ։ Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնի տեղեկությամբ, բժշկական կադրերի թափուր հաստիքների թիվը գնալով ավելանում է․ վերջին թարմացումը կատարվել է այս տարվա հունիսին, որտեղ ներկայացված է հինգ հաստիք։
ՀՀ Առողջապահության ախարարության կողմից բժշկական կադրերի պակասը լրացնելու համար Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն վարտած ուսանողը պայմանագիր կնքելով ԱՆ-ի հետ, հնարավորություն է ստանում անվճար սովորել նպատակային կլինիկական օրդինատուրայում և ստանալ կրթաթոշակ։ Դրա փոխարեն նա պարտավորվում է երեք տարի աշխատել այն մարզում, որտեղ նման մասնագետի պակաս կա։ Գորիսի ԲԿ-ի տնօրենի խոսքով՝ այն մասնագետներին, որոնց պակասը կա, տվյալ մասնագիտությամբ օրդինատուրայի շրջանավարտներին անհատական առաջարկ է արվում Գորիսում աշխատելու համար։ Ներկայումս այդ պայմանագրի շրջանակում Գորիսի բուժհաստատությունն ունի ակնաբույժ և ուռոլոգ։
Սակայն քիչ չեն դեպքերը, երբ մասնագետներն այդ ծրագրով սովորում, ավարտում են, բայց մարզեր չեն գալիս։ Խզում են պայմանագիրը՝ վճարելով տուգանք։ Օրինակ, անեսթեզիոլոգների պահանջարկը համավարակի պայմաններում այնքան մեծ է, որ օրդինատուրայի ուսանողները Երևանում ընդունվում են աշխատանքի, բարձր աշխատավարձ ստանում։
Մայրաքաղաքից մարզեր բժիշկների տեղափոխման հիմնական «նախապայմանները»
Մայրաքաղաքից մարզ բժիշկների տեղափոխումը բարդ գործընթաց է, որի իրականացման համար հաշվի են առնվում մի շարք գործոններ․
- Մարզի բուժհաստատությունում տրամադրվող աշխատավարձն անհամեմատ բարձր պետք է լինի մայրաքաղաքից
- Բնակարանային պայմանները
Նախկինում նախարարությունը, բացի աշխատավարձից, մարզ տեղափոխված բժշկին ամսական հավելյալ գումար էր հատկացնում, իսկ այժմ հրավիրված մասնագետի «հոգսը» մարզային բժշկական կենտրոնն է հոգում։
Դավիթ Մաշուրյանն, ով նաև Գորիս համայնքի ավագանու անդամ է, նախատեսում է համայնքային իշխանությանն առաջարկել՝ մասնակի աջակցել

հրավիրված մասնագետի սոցիալական խնդիրների լուծմանը:
Առաջնահերթ խնդիր է նաև գյուղական բնակավայրերում բուժքույրերի ապահովումը։ Տարածաշրջանի գյուղերում գործող բուժակ-մանկաբարձական կետերում աշխատող բուժքույրերի մեծամասնությունն արդեն կենսաթոշակի տարիքի են, իսկ նրանց փոխարինող կադրեր չկան։
Հալիձոր բնակավայրի բուժքույր Արշալույս Վարդանյանը 52 տարի է, բուժքույր է աշխատում։ Մեկ տարի առաջ երիտասարդ կադր նրան փոխարինեց, բայց ամիսներ հետո ֆիզարձակուրդի պատճառով ստիպված Արշալույսը նրան փոխարինեց։

«Բուժքույրերի կադրերի լուրջ խնդիր ունենք։ Գործող մասնագետները հիմնականում հիվանդանոցներում աշխատել, հմտացել են, նորեկները փորձ չունեն, չնայած դժվարությամբ ենք նրանց գտնում»,- ասում է Տաթևի և Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Ժակլին Ավետիսյանը։
Վաղատուր բնակավայրում առաջին բուժօգնությունն ապահովում է Խնածախ բնակավայրի բուժքույրը․ «Չնայած ֆիզարձակուրդում եմ, բայց անհրաժեշտ դեղորայքը բաժանում եմ, ուղեգրեր եմ գրում։ Շատ դեպքերում մարդիկ մեքենա չեն ունենում, որ գնան Խնածախի բուժքույրին բերեն, ստիպված ինքս եմ բուժծառայությունն ապահովում»,- ասում է Արմինե Ալեքսանյանը, նշելով նաև, որ Խնածախից Վաղատուր 6 կմ է, բայց անբարեկարգ գյուղամիջյան ճանապարհները կարող են շատ ավելի երկար տևել։
Հոդվածը պատրաստվել է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանականերում։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Լրագրող