Սաթենիկ Դալլաքյանը պատերազմից հետո ընտանիքի հետ Արցախից տեղափոխվել է Գորիս։ Մինչ պատերազմ, ապրում էին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում։ Մեկ տարուց ավել է, ինչ Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի շահառու է Սաթենիկը, և «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի աջակցության ծրագրերի շնորհիվ սկսել է սեփական բիզնեսը։ Գորիս տեղափոխվելուց հետո, չորս երեխաների մայրը, երբ համոզվեց, որ աշխատանք գտնելու փնտրտուքներն անօգուտ են, ընտանիքի հոգսը հոգալու համար՝ որոշեց սեփական գործը սկսել, զբաղվել նրանով, ինչն իրեն հետարքրում էր:
Չնայած երիտասարդ տարիքին, ամուսնու հետ, բացի հիմնական աշխատանքից, հաջողություններ ունեին բիզնեսում, որը ստիպված թողել էին հակառակորդի օկուպացրած տարածքում։
Պատմում է, որ պատերազմի օրը երկու աղջիկների հետ Կոռնիձոր՝ տատին հյուր էր եկել։ Ճանապարհ ընկնելուց առաջ ծանոթներից մեկի երեխայից լսում է, որ Խոջալուի կողմերից կրակոցների ձայներ են լսվում, և որ պատերազմ է սկսվել։ Սաթենիկը լուրերին կարևորություն չի տվել, որովհետև նախկինում հաճախ էին կրակոցների ձայներ լսում։ Իսկ Կոռնիձորի ճանապարհին՝ ավտոշարասյան հանդիպելով, սկսում է անհանգստանալ։ Շատ չանցած՝ հարևան Գետամիջում ապրող մորից տեղեկանում է, որ, իսկապես, պատերազմ է սկսվել։ Սաթենիկի խոսքով՝ հետ գնալ այդ օրերին այլևս չի հաջողվել, ասում է՝ կուզեի տուն գնայի, ամենաանհրաժեշտ իրերը վերցնեի, բայց ամուսինը թույլ չի տվել, քանի որ երկվորյակ աղջիկների էր սպասում։ Նոր կահավորված տան գույքից ոչինչ հնարավոր չեղավ տեղափոխել։ Եղբայրը կարողացել էր միայն փաստաթղթերը վերցնել։
Ափսոսում է, որ տարիներով ստեղծածը կորցրել են, բայց և նշում, որ իրենց կորցրածը ոչինչ է պատերազմի ընթացքում բազմաթիվ մարդկային կյանքերի, խեղված ճակատագրերի համեմատությամբ։ «Կարևորը ողջ ենք, կստեղծենք նորից, թեկուզ զրոյից,–ինքն իրեն սիրտ է տալիս Սաթենիկը,– եթե էնտեղ կարողացել ենք ամեն ինչ ստեղծել, էստեղ էլ քիչ–քիչ կստեղծենք»։
Մայրը, շուտ չի լքել գյուղը, մինչև թշնամու գյուղ մտնելու օրը, օգնել է վիրավոր զինվորներին։ «Երբեմն մայրս զարմանում է, թե ինչպես է հասցրել վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերի, որոնք այնքան շատ էին, որ ուրալներով էին բերում․․․»։
Սաթենիկը կարոտով է հիշում իրենց գյուղը, տունը, այգին։ Ասում է՝ թշնամու տարածած տեսանյութերում տեսել է իրենց տան դարբասը, բակը ։ Մի քանի անգամ էլ, իր ծնողների տունն են տեսել, թե ինչպես են ազերիները բարբարոսաբար ավերում տունը, փչացնում գույքը, տարիներով ստեղծածը, ասում է՝շուտ–շուտ են մեր տունը նկարում։ Պատմում է, որ մայրը իրենց տան բանալիներն էլ էր հետը վերցրել՝ այն հույսով, որ պատերազմն ավարտվելուց հետո իրենց գյուղ՝ տուն են վերադառնալու․․․
Պատերազմից հետո ծնվեցին Սաթենիկի երկվորյակ դուստրերն ու հոգսերը շատացան։ Թեև չորս երեխաների հետ դժվար է, բայց իր իսկ նախաձեռնությամբ բացված գեղեցկության սրահում կարողանում է գումար վստակել երիտասարդ մայրիկը։ Ասում է․ «Տանը նստեմ, ո՞վ պահի իմ երեխաներին, երկու օրը մեկ արհեստական կաթ եմ գնում երկվորյակներիս համար, որը հինգ հազար դրամ է կազմում, առանց աշխատելու հնարավոր չէ հոգալ այդ ծախսերը»։ Ամուսինն էլ աջակցում է այդ հարցում։ Ամռանը փոքրիկներին իր մոտ աշխատավայր էր տանում Սաթենիկը․ մեծ սրահի մի անկյունում դրված մանկասայլակներ են, քայլակ։
Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներն օգնեցին, որպեսզի Սաթենիկը ինքնավստահ ձեռնամուխ լինի գործին։ Պատմում է դժվարությունների մասին, որոնք ունեցել են անցած ամիսների ընթացում, որովհետև սկզբում վնասով էին աշխատում, ծանոթներ չունեին, հաճախորդներ, նաև տարածքի վարձակալության համար էին վճարում, իսկ հիմա արդեն սեփական տարածք ունեն, որտեղ բարեկարգման աշխատանքներ են իրականացնում և վստահ են, որ հաջողությունները սպասեցնել չեն տա։ « Քաղաքի կենտրոն կտեղափոխվենք ու ավելի կուժեղանանք»,–ժպտալով ասում է Սաթենիկը։
Լիահույս է, որ իրենք էլ բնակելի գույքը կորցրած մյուս արցախցիների պես փոխհատուցում կստանան և տուն կգնեն Գորիսում։ Ընտանիքի հետ Արցախ վերադառնալ այլևս չի ցանկանում Սաթենիկը։ Կարծում է, որ պատերազմից հետո չնայած Գորիսն իր բնակավայրերով այլևս սահմանամերձ է, այնուամենայնիվ, ավելի ապահով ու անվտանգ է։ Համոզված է, որ եթե պետությունը մի փոքր աջակցի ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողներին, ապա դժվարություններն ավելի շուտ կհաղթահարվեն և կշարունակեն ապրել։
Հոդվածը պատրաստվել է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանականերում։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
