Գորիս համայնքի ավագանին 2020-2021թթ.-ին հողատեսքերի նշանակության փոփոխությանը վերաբերող որոշումներով մեծամասամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը փոխել է բնակելի կառուցապատման հողերի։ Հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխությունից 2020թ.-ին համայնքային բյուջեի եկամուտներն ավելացել են 6 մլն 686 հազար դրամով, իսկ 2021թ.-ին՝ 605 հազար դրամով,այսինքն բյուջեի ոչ բավարար մուտքերը պայմանավորված են նաև որոշ բնակավայրերի կադաստրային արժեքից և հողատարածքների մակերեսից։
2020թ.-ին Գորիս համայնքում կատարվել են հողամասերի նպատակային նշանակության հետևյալ փոփոխությունները՝ «Յուքոմ» ՍՊԸ-ի Ակներ բնակավայրում իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 0,01242 հեկտար բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հողատարածքը փոփոխվել է էներգետիկայի, կապի, տրասնպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի: Մեկ այլ որոշումով՝ Գորիս քաղաքի Գորիս գյուղ փողոցի հարակից տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից 20քմ հողատարածք փոխադրվել է էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ բջջային ալեհավաքի կայան տեղադրելու նպատակով։
Գորիս համայնքի ավագանու 2020թ.-ին կայացրած որոշումներով ավելի շատ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերն են փոփոխվել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման» և «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ՝ հանգստյան գոտի, տուրիստական հանգրվան, առողջարանային համալիր և սպասարկման այլ շինություններ կառուցելու նպատակով: Նաև՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողերից՝ փոխադրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման այլ արտադրական օբյեկտների հողերի կատեգորիա՝ արտադրական համալիր կառուցելու նպատակով։
Մի քանի անգամ ավագանու նիստերի ժամանակ քննարկվել և հավանություն է տրվել Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի հողերի ժամանակավոր սխեմայում առաջարկվող փոփոխությունը, ըստ որի՝ նախատեսվում էր համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական հողերից 0,2500 հեկտարը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատերգորիա՝ սպանդանոց կառուցելու նպատակով։
Ավագանին որոշել է նաև Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին, և վարչական սահմանում գտնվող գյուղնշանակության այլ հողատեսքի հողերից 0,4470 հա հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) քաղաքացուն տրամադրելու մասին։ Ըստ այդ որոշման՝ 40 տարի ժամկետով նույն քաղաքացուն է տրամադրվել այդ հողատարածքը՝ վարձավճար սահմանելով քաղաքացու համար տարեկան 30 հազար դրամ։
2021թ. Գորիս համայնքի սահմանամերձ մի քանի բնակավայրերում (Որոտան, Շուռնուխ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն) գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր փոխադրվել են հատուկ նշանակության հողերի կատեգորիա՝ պաշտպանական նպատակներով։
Համայնքի ավագանին հավանություն է տվել նաև Գորիս համայնքի «Սյունիք 2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Քարահունջ բնակավայրի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխությանը և «Քարահունջ ՀԷԿ» ՍՊԸ–ի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,175 հա գյուղատնտեսական նշանակության հնդավոր այգին փոխադրել՝ էներգետիկայի, կապի, տրասպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակությամբ՝ փոքր հիդրոէլեկտրոկայանի կայանային հանգույցի շինարարության համար:
Ասֆալտբետոնե գործարան կառուցելու համար ավագանու որոշումով Գորիս համայնքի վարչական սահմանում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողերից ընդհանուր 0,9921 հա, բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից՝ 0,3729 հա, գյուղատնտեսական այլ հողատեսքի հողերից՝ 0.2531 հա և Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական սահմանում գտնվող գյուղնշանակության այլ հողատեսքից 0.3661 հա՝ փոխադրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակությամբ: Ավագանու որոշմանը կից փաստաթղթում՝ որպես իրավաբանական անձ նշված է Ա/Ձ Զ․Կարապետյանի անունը։
Ավագանին որոշում է ընդունել նաև Գորիս համայնքի «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Գորիս քաղաքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխությանը և Շ.Փ. սեփականության իրավունքով պատկանող Գորիս քաղաքի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 0,0667 հա արդյունաբերական օբյեկտների հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատում» գործառնական նշանակությամբ՝ սպասարկման տաղավարներ կառուցելու համար։
Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանը նշում է, որ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերն ավելի շատ փոփոխվում են բնակելի և հասարակական կառուցապատման համար։ Նրա խոսքով՝ փոփոխվում են գյուղատնտեսական նշանակության ոչ բերրի հողերը՝ արոտավայրեր և այլ հողատեսքեր, իսկ վարելահողերը փոփոխվում են խիստ անհրաժեշտության դեպքում։ Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետը նշում է, որ շատ դեպքերում սխալները կամ անճշտությունները քարտեզների պատճառով են առաջանում: «Խնձորեսկ կամ Վերիշեն բնակավայրում մարդիկ տնամերձ կառույցներ ունեն, որոնք ըստ նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական հողեր են, և մենք ստիպված փոփոխում ենք: Որոշումների 60%-ը վերաբերում է քարտեզներում ուղղումներ կատարելուն»,- ասում է Գ. Փարսյանը։
Նրա հիմնավորմամբ՝ 20-25 տարի առաջ այդ հարցերը օրենքով կարգավորված չեն եղել և 1-2 տարվա ընթացքում կանոնակարգել չեն կարող, քանի որ պլանավորում չկա, սակայն համայնքապետարանը ջանքեր է գործադրում այդ ամենը շտկելու համար։ Գ. Փարսյանի խոսքով՝ գյուղերում 95%-ը գյուղնշանակության հողեր են, որոնք փոփոխում են բնակելի կառուցապատման հողերի, քանի որ մարդիկ արդեն իսկ կառուցապատում են իրականացրել։
«2016թ.-ին համայնքի նոր գլխավոր հատակագիծը կազմել է Հայպետնախագիծ ինստիտուտը և այդ ժամանակ հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված շատ մեծ շտկումներ են կատարվել: Սակայն, դրանով բավարարվել չենք կարող, որովհետև քաղաքն անընդհատ աճում է, մարդիկ անդադար շինարարական աշխատանքներ են իրականացնում, իսկ դրա համար մենք շինթույլտվություն ենք տրամադրում»,- ասում է համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետը։
2021թ. համայնքային իշխանությունը 60 շինթույլտվություն է տվել, որոնցից 80%-ը տրամադրվել է Գորիս քաղաքում, իսկ մնացածը՝ Վերիշեն, Որոտան, Շուռնուխ գյուղական բնակավայրերում: 2022թ.-ին դեռևս տրվել է 32 շինթույլտվություն։ Այսինքն նախորդ տարիների համեմատ, շինթույլտվությունների քանակն ավելացել է։ 2020թ.-ին շենք-շինությունների շինարարության թույլտվության համար համայնքային բյուջե է մուտքագրվել 1 մլն 115 հազար դրամ, իսկ 2021թ.-ին՝ 1 մլն 240 հազար դրամ:
Գ. Փարսյանի խոսքով՝ գյուղական բնակավայրերում ավելի շատ են ապօրինի շինարարություն իրականացնում, բայց՝ ոչ միտումնավոր: Մարդիկ կարծում են, որ իրենց սեփական հողամասում այդ իրավունքն ունեն։ Քաղաքաշինության բաժնի պետի ասելով՝ ապօրինի շինարարությունները կանխելու համար թեև դժվարություններ կան, սակայն կարողանում են վերահսկողություն իրականացնել բոլոր բնակավայրերում։
