Մեղրի համայնքի 2022թ․-ի բյուջեում հողի հարկը պլանավորվել է 1 մլն դրամ, որից 700 հազար դրամը գանձվում է գյուղնշանակության հողերի համար, 300 հազար դրամը՝ այլ նշանակության հողերի։ Հողի հարկի համար պլանավորված այս չափազանց փոքր թվի հանելուկը պարզելու համար համեմատական անցկացրինք նախորդ երկու տարիների բյուջեների հետ։ Պարզվեց, որ 2021թ․-ին հողի հարկը պլանավորվել էր 6 մլն 90 հազար դրամ, որից հավաքագրվել է 1 մլն 350 000 դրամ, ընդամենը 22,2%-ը։ 2020թ․-ին պլանավորվել էր 6 մլն դրամ, հավաքագրվել է՝ 5 679.700 դրամ կամ՝ 94,7%:
2021թ․-ին Մեղրիում համայնքի նոր ղեկավար է ընտրվել՝ Բագրատ Զաքարյանը, որն էլ 2022թ․բյուջեն պլանավորել է ոչ թե հողի հարկի բազային տվյալներով, այլ 2021թ․-ի հարկի հավաքագրման փաստացի մուտքերից էլ զգալի պակաս։ Ինչպես նշեցինք, 2021թ․-ին 1 մլն 350 000 դրամ հողի հարկ է հավաքագրվել, 2022թ․-ին պլանավորել են դրանից էլ 350 000 դրամ պակաս հավաքագրել։
Մեղրի համայնքի 2022թ․տարեկան բյուջեն նույնպես նվազել է։ 2020-21թթ․-երին բյուջեն հաղթահարել էր 1 մլրդ դրամի սահմանագիծը։ Այս տարի այն պլանավորվել է 886 մլն դրամ, որից վարչական բյուջեն` 740 մլն 674 հազար դրամ է, իսկ ֆոնդային բյուջեն` 145 մլն 420 հազար դրամ: Մեղրիի համայնքապետարանի ներկայացրած վերլուծական տվյալներով՝ այն 10,7%-ով կամ մոտ109 մլն դրամով պակաս է 2021թ․ բյուջեով նախատեսվածից և շուրջ 12,9%-ով կամ 134 մլն դրամով պակաս է 2020թ․ փաստացի հավաքագրված եկամուտներից:
Տեղական տուրքերի հավաքագրումը պլանավորվել է մոտ 12 մլն դրամ, որը 2021թ․ հաստատված ցուցանիշից պակաս է 383 000 դրամով:
Համայնքապետարանը բյուջեի մուտքերը նվազեցնելու համոզիչ փաստարկներ չունի, իսկ թվային վերլուծությունները փաստում են, որ 2022թ․-ի համար բյուջեի պլանավորման համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա սեփական եկամուտների կատարողականը, որը կազմել է 80․8%։ Տարեվերջում այս ցուցանիշներով համայնքի նորընտիր ղեկավարը կարող է բյուջեի 100%-ից ավելի կատարողական ցույց տալ։
Մեղրի համայնքի ավագանին համայնքի 2022թ․ բյուջեն հաստատելու մասին որոշումով բյուջեի եկամուտները պլանավորել է 886 095 298 դրամ, իսկ ծախսերը` 965 027 813 դրամ։ Բյուջեի դեֆիցիտը (պակասուրդ) կազմում է 78 932 515 դրամ, որի ֆինանսավորմանը կուղղվի տարեսկզբի ազատ մնացորդը:
2022թ․-ի բյուջեի ընդհանուր եկամուտների մեջ համայնքի սեփական եկամուտների բաժինը կազմում է 36,6%, դոտացիան բյուջեի 63,2%-ն է կազմում։ Այս տարի պետական բյուջեից համայնքին տրվող դոտացիան նույնպես նվազել է 5 668 900 դրամով և կազմում է մոտ 368 մլն դրամ։ Կարծում ենք, դոտացիայի նվազելը համայնքի տարեկան բյուջեի կրճատումով է պայմանավորված, քանի որ վերջին տարիներին Մեղրի համայնքին տրվող դոտացիան շարունակաբար աճել է։ Այսպես․ 2021թ․-ին դոտացիան կազմել է 373 մլն 668 հազար դրամ, 2020թ․-ի համեմատությամբ ավելացել է 92 մլն 331 հազար դրամով։ 2020թ․-ին դոտացիան կազմել է 281337,8 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 41 017,7 հազար դրամով կամ 17%-ով։
Պետական բյուջեից համայնքին նաև սուբվենցիա է տրամադրվում, որը 2022թ․-ի բյուջեում պլանավորել են՝ 3 մլն 50 000 դրամ։ Հարկ է նշել, որ 2020թ․-ին պլանավորված 5 մլն 600 հազար դրամի դիմաց փաստացի համայնքին տրվել է 2 մլն 615 600 դրամ։ Թերֆինանսավորման պատճառը, ըստ համայնքապետարանի, Կառավարության 18․03․2021թ. թիվ 371 որոշումն է, որի համաձայն պակասեցվել է երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսման վարձավճարի փոխհատուցման գումարները։
Մեղրի համայնքի սեփական եկամուտները, հիմնականում, գոյանում են գույքահարկից, որը գանձվում է և՛ շենք-շինություններից, և՛ փոխադրամիջոցներից։ Շենք-շինություններից գանձվող տարեկան գույքահարկը կազմում է 48 մլն 450 հազար դրամ, փոխադրամիջոցներից գանձվում է՝ 86 683 հազար դրամ, որից 3,5 մլն դրամը վճարում են իրավաբանական անձինք, ավելի քան 83 մլն 183 հազար դրամը՝ ֆիզիական անձինք։
Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարից մուտքերը ոչ գյուղ նշանակության հողերից պլանավորվել է 71 մլն 500 հազար դրամ, իսկ գյուղնշանակության հողերից՝ 11 մլն 300 հազար դրամ։
Գյուղատնտեսությունը Մեղրիում առաջատար ճյուղերից մեկն է, այստեղ առավելապես զարգացած է մերձարևադարձային պտուղների` նռան, թզի, արքայանարնջի, նաև՝ կիվիի, ձիթապտղի մշակությունը: Գյուղնշանակության հողերի մշակության վերաբերյալ համայնքապետարանը թվային տվյալներ չի հրապարակել, բայց հողի հարկի և վարձակալության վճարների վերաբերյալ թվերը մեծ ծավալների մասին չեն խոսում։
Մեղրիում արդյունաբերական առաջատար ճյուղ է մնում հանքարդյունաբերությունը։ Տարածքը հարուստ է թանկարժեք մետաղներով, արդյունահանվում են ՝ ոսկի, պղինձ, մոլիբդենի խտանյութ, բազմամետաղային, մոնցոնիտի և նեֆելինային սիենիտի հանքաքարեր։ Հանքարդյունաբերությունը կենտրոնացած է Մեղրի, Ագարակ, Կարճևան, Վարհրավար, Լեհվազ, Վարդանիձոր, Տաշտուն բնակավայրերում։ Այստեղ գործում են մի քանի ընկերություններ՝ «Լիճքվազ ՓԲԸ, «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ, «ԹԱԹՍԹՈՈՒՆ» ՍՊԸ, «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ, «Ատ-Մետալս» ՍՊԸ, «Ղարագուլյաններ» ՓԲԸ և այլ ընկերություններ, որոնք նաև համայնքի հիմնական հարկատուները պետք է որ լինեին, բայց իրականությունն այլ է։
2019-20թթ․-ների հարկային եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը փաստում է, որ այս ընկերությունների մեծ մասը զգալիորեն նվազեցրել է վճարումները։ Հանքարդյունաբերողները համայնքին պետք է հողի հարկ, գույքահարկ, բնապահպանական վճար վճարեն, նաև՝ սոցիալ-տնտեսական ներդրումներ կատարելու պարտավորվածություն ունեն։ Դրանցից մի քանիսը ներկայումս ակտիվ գործունեություն չեն ծավալում, որի պատճառով մի քանի հարկատեսակների մասով նրանց վճարումները կրճատվել են։ Ընկերությունների մեծ մասը միայն հողի վարձակալության համար է վճարում, որի ընդհանուր գումարը 2019թ․-ին հրապարակված տվյալներով կազմում է 56 201 781 դրամ։
«Լիճքվազ» ՓԲԸ-ն օրինակ, նախատեսում է 2022-2024թթ.-ին լեռնահարստացման նոր ֆաբրիկա կառուցել։ Ըստ ընկերության հայտարարության՝ նպատակը Լիճքվազ-Թեյի հանքի թերբեռնվածության հաղթահարումը և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործումը, հանքաքարի վերամշակման համար օգտագործվող սարքավորումների և տեխնոլոգիական սխեմաների՝ հանքաքարի բնութագրերին լիարժեք համապատասխանության ապահովումը և շրջակա միջավայրի վրա անցանկալի ազդեցությունների նվազեցումն է։
Գույքահարկ 2020թ․
- «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ 3 580 319 դրամ
- «Ատ-Մետալս» ՍՊԸ (Տաշտուն) 54 050 դրամ
Սոցիալ-տնտեսական ներդրում՝
- «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ 9 մլն դրամ
- «ԹԱԹՍԹՈՈՒՆ» ՍՊԸ 500 000 դրամ
- «Ղարագուլյաններ» ՍՊԸ 500 000 դրամ
Հողի հարկ վճարում է միայն «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ-ն՝ տարեկան 30 055 դրամ։
Հանքարդյունաբերող ընկերությունները նաև շրջակա միջավայրի պահպանության վճարներ են վճարում պետական բյուջե, որից սուբվենցիայի տեսքով մասհանումներ է կատարվում համայնքային բյուջե։ Հանքարդյունաբերությունից բնապահպանական ազդեցությունների ենթարկվող համայնքները պարտավորվում են բնապահպանական և առողջապահական ծրագրեր ներկայացնել Կառավարություն, որոնց իրագործմանն էլ նպատակուղղվելու է բնապահպանական սուբվենցիան։
Լեռնահանքային արդյունաբերության բացասական ազդեցությունը մեղմելու համար 2019թ․-ին Մեղրի համայնքին հատկացվել է 1 089 700 դրամ, որը նպատակաուղղվել է համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանմանը և դիմադրողականության բարձրացմանը՝ կալորիայով և վիտամիններով հարուստ սննդով ապահովելու միջոցով:
2021թ․-ին համայնքին 8 551 100 դրամ սուբվեցիա է հատկացվել, որը դարձյալ նպատակաուղղվել է Մեղրի համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանմանը և դիմադրողականության բարձրացմանը՝ կալորիայով և վիտամիններով հարուստ սննդով ապահովելու միջոցով: Դրա անհրաժեշտությունը համայնքապետարանը պայմանավորում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմիբինատ» ՓԲԸ-ի գործունեությամբ։
Մեղրի համայնքի ընթացիկ ծախսերի մեծ մասը՝ 53,6%-ը, կազմում են համայնքային ՀՈԱԿ-ներին տրվող սուբսիդիաները։
Համայնքի ավագանին այս տարի արտոնություններ է սահմանել բնակչության որոշ խմբերի համար․ ավագանին հունիսի 5-ին կայացրած որոշումով Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում զոհված և անհայտ կորած մեղրեցի զինծառայողների ընտանիքներին (համակեցությամբ բնակվող) 6 ամսվա համար՝ 01.06.2022թ. և առ 31.12.2022թ.-ը աղբահանության ծառայության դիմաց գանձվող տեղական վճարի գծով արտոնություն է տրամադրել։
Նույն օրը ավագանին մեկ այլ որոշումով զիջել է Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի վարձավճարի տույժերը։
2022թ․-ին ֆոնդային բյուջեն պլանավորվել է 145 մլն 420 դրամ։ Այս տարի մեկ սուբվենցիոն ծրագիր է ներկայացվել պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու համար՝ նախատեսվում է վերակառուցել համայնքի Վարդանիձոր բնակավայրի տարածքում գտնվող Վանք-Կալեր կամուրջը։ Ծրագրի արժեքը 51 700 հազար դրամ է, որի համար համայնքային բյուջեի ներդումը կկազմի 25 մլն դրամ։
Ծրագրային հայտի հիմնավորման մեջ նշվում է, որ այն Մեղրի համայնքի մյուս բնակավայրերին և Մ2 միջպետական ճանապարհին է կապում գյուղատնտեսական նշանակության զգալի հողատարածքներ։ Նշված կամուրջը կառուցվել է 1970–ական թվականներին և մինչ այժմ երբևէ չի վերանորոգվել։ Այն գտնվում է կիսաքանդ վիճակում, կանգնած է փլուզման վտանգի առաջ, ինչը լուրջ դժվարություններ է առաջացնում Վարդանիձոր գյուղի Վանք-Կալերի տարածքում գործունեություն ծավալող ֆերմերների համար։
«Կամուրջի հիմնանորոգումն ունի ստրատեգիական նշանակություն, քանի որ այս տարածքում գտնվում են մոտ 1610 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության բերրի հողեր (1468 հա արոտավայրեր), որոնք նպաստավոր են անասնապահության, պտղաբուծության, բանջարաբոստանային տարբեր կուլտուրաներ մշակելու համար։ Այս տարածքները աչքի են ընկնում նաև վայրի ծաղիկների մեծ բազմազանությամբ, ինչի շնորհիվ բավականին նպաստավոր գոտի են մեղվաբուծության համար»,- ասվում է ծրագրային հայտում։
Նախորդ տարում ֆոնդային բյուջեն պլանավորվածի կեսից էլ պակաս էր կատարվել։ Այս տարի կապիտալ ծախսեր իրականացնելու համար նախատեսել են համայնքի 104 հողակտորի աճուրդ-վաճառք կազմակերպել:
Սառա Պետրոսյան