«Մեր գյուղում մի տերմինալ չկա, մի վճարովի ապարատ չկա։ Էդ ամեն ինչով պետք ա ապահովեն, նոր օրենքը բերեն մեջտեղ, որ աշխատի։ Թոշակ ստանալու կամ վճարումներ կատարելու համար պիտի հասնեմ Գորիս։ Մեր գյուղից 7 կմ հեռու է, բայց ժամանակ ու հավելյալ ֆինանս ա պետք դրա համար»,- ասում է Գորիս համայնքի Ակներ բնակավայրի բնակիչ Գագիկ Բալայանը։
Դեռևս 2021 թ.-ի հունվարի 1-ից հետո կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով։ Բացառություն են կազմում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:
Այս կարգը տարածվել է նաև պարգևավճարների, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, ինչպես նաև խնամքի նպաստի վրա: Այսինքն՝ նշված վճարատեսակները ևս կվճարվեն անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակների համար ներկայացված կարգով:
Այս որոշումից ուղիղ մեկ տարի անց Ազգային ժողովի կողմից ընդունվեց անկանխիկ գործառնությունների մասին որոշումը, որով նախատեսվում է, որ ֆիզիկական անձանց միջև 2022 թ-ի հուլիսի 1-ից 500 հազար դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, ինչպես նաև ֆիզիկական անձանց միջև 300 հազար դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով։ Իսկ 2023 թ-ի հուլիսի 1-ից բոլոր գործարքների կանխիկի շեմը կլինի 300 հազար դրամը։
Այս որոշման մասին, սակայն, ինչպես և շատ այլ դեպքերում, հանրությունը բավարար չափով չի իրազեկվել և մարդկանց մեջ խուճապային տրամադրվածության պատճառ է դարձել։ Բանն այն է, որ օրենսդրական փոփոխությունը կիրարկվում է մի քանի փուլերով։
Կրթաթոշակները, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, պետական գնումների հետ կապված վճարումները կատարվում են անկանխիկ ձևով՝ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից:
Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ եղանակով վճարելու հնարավորությունը։ Այս փոփոխությունը դժվարություններ է ստեղծել հիմնականում փոքր շրջանառությամբ տնտեսվարողների, հատկապես, սպասարկման ոլորտում։ Անհատական տաքսի ծառայությունները, որպես այլընտրանք կարող են առաջարկել անհատական հաշվեհամարներին փոխանցում կատարել, սակայն այս դեպքում խնդիր է տաքսիների արտոնագրման հարցը․ մինչդեռ պետության կողմից այժմ տաքսի ծառայությունների արտոնագրման գործընթաց չի իրականացվում։
Մյուս կողմից, ըստ էության կենսաթոշակառուները պետք է որ շահագրգռված լինեն անկանխիկ գործարքներ կատարել, քանի որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ կենսաթոշակառուներին և նպաստառուներին հնարավորություն է տրվում անկանխիկ գործարքների դեպքում հաջորդ ամիս 10%-ի չափով հետվճար ստանալ։
-Ամեն ամսվա 3-4-ին թոշակը ստնում եմ,կերած հաշիվներս փակում ու մնում դատարկ կանգնած․ էլ ինչ քարտով վճարելու մասին ա խոսքը, որ մի հատ էլ տոկոս գա․ էդ օրենքները հարուստների համար են,- հարցիցս զարմացած, մի քիչ էլ զայրացած պատասխանում է թոշակառու Նորան։
Նույն օրենքի 7-րդ կետի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության հետ կապված բոլոր գործառնությունները (վճարումների կատարումը և վճարումների ստացումը) իրականացնում են անկանխիկ ձևով, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի։
Քաղաքացիների, մասնավորապես գյուղական բնակավայրերի բնակիչների մոտ անկանխիկ եղականով հարկերի և տուրքերի վճարելու պահանջը մեծ դժգոհություն է առաջացրել։ Ստացվում է, որ օրենքը կա, տեղական ինքնակառավարման մարմինները փորձում են ամեն ինչ իրականացնել օրենքի շրջանակներում, բայց, գյուղում չկա հնարավորություն անկանխիկ գործարք իրականացնելու համար։ Բնակիչները ստիպված են հասնել Գորիս քաղաք, հարկերն անկանխիկ վճարելու համար։
Հայաստանի գյուղական բնակավայրերի մեծ մասը ծերացող են ու այնտեղ ապրում են հիմնականում տարեցներ։ Կանխատեսելի է, որ խնդիրներ դեռ առաջանալու են։ Բայց այն դեռևս արդյունավետ չէ նաև երիտասարդների համար, եթե նույնիսկ նրանք կարողանում են օգտվել օնլայն հավելվածներից։ Այս դեպքում խոչընդոտ է այն, որ գյուղերում հիմնականում բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ և գումարի շրջանառությունը իրականացվում է հիմնականում կանխիկ։
Համայնքային իշխանության պատասխանատուների կարծիքով նախկինում թոշակառուն հնարավորություն ուներ ամեն ամիս թոշակից հողի հարկից մասնակի վճարել։ «Շատ կարևոր է նաև, որ տերմինալներից վճարումները առանց միջնորդավճար լինի․ նման դեպքերում էլի հնարավոր է բնակչի փոխարեն վճարես ու կտրոնը փոխանցես իրեն»,- մեզ հետ զրույցում ասում է Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի վարչական ղեկավար Հասմիկ Ղարագյոզյանը։
Գյուղական բնակավայրերում մարդիկ կփորձեն արհեստականորեն շրջանցել այն։ Այսինքն, օրինակ, գյուղացիները գումարը կհավաքեն, փոխանցեն քաղաք եկող համագյուղացուն և վերջինս էլ կբերի բոլորի անունից կվճարի բանկում։ Բայց այս տարբերակը ոչ միշտ է հնարավոր ու լավագույն լուծումը չէ։
Անկանխիկ գործարքների հետ կապված մեկ այլ խնդիր աղբահանության վճարների հավաքագրումն է, քանի որ հատկապես գյուղական բնակավայրերում այն կանխիկ է կատարվում։
-Եղել է, որ բնակիչը հողի հարկն ուզել է վճարել, ասել եմ պետք է տանեք բանկում վճարենք, պատասխանել է՝ «բա դուք ինչի եք նստած էստեղ»։ Ու մարդկանց համար ընկալելի չի, որ մենք հարկ հավաքողներ ու տեղեկանք տվող չենք․ մենք շատ ավելի ծավալուն աշխատանք ենք անում, իսկ հարկ հավաքելն ընդամենը մի փոքր մասն ա մեր աշխատանքի,- ավելացնում է վարչական ղեկավարը։
Գորիսի համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի խոսքով՝ Գորիսի համայնքապետարանը առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում որևէ կանխիկ գործարք չի իրականացրել՝ բացի աղբահանության վճարների հավաքագրումը, իսկ որոշ գյուղական բնակավայրերում՝ նաև հողի հարկը։
– Նախորդ տարի պետության կողմից ներդրվել է գույքահարկի հավաքագրման համակարգը, որից բոլոր համայնքներն օգտվում են․ և այդ հարկատեսակի հավաքագրումը կազմակերպվում է անկանխիկ տարբերակով։ Կարծում եմ, որ եթե նման մի հարթակ ստեղծվի նաև աղբահանության վարձավճարների հավաքագրման համար, բոլոր համայնքներն էլ կօգտվեն, քանի որ հիմա այս խնդիրն առկա է Հայաստանի բոլոր համայնքներում,-նշում է նա։
Գորիսի գյուղական բնակավայրերի մեծամասնությունն այլևս սահմանամերձ է, պետությունը փոխհատուցում է այս գյուղերի բնակիչների գույքահարկն ու հողի հարկը։ Այս առումով Գորիսի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է։
Դեռևս որևէ վիճակագրություն չկա, թե որքանով է կանխիկինց անկանխիկի անցումն ազդել տեղական հարկերի և տուրքերի հավաքագրման վրա․ դա տեսանելի կլինի տարվա վերջում, քանի որ, օրինակ, հողի հարկը տարեկան մեկ անգամ է վճարվում և բնակիչը իրավունք ունի այն վճարելու նույնիսկ դեկտեմբերին, բայց այն, որ առնվազն նախնական շրջանում այն բացասական ազդեցություն կունենա հարկերի հավաքագրման ցուցանիշների վրա, դա ակնհայտ է։

Լրագրող