Սեպտեմբերի 25-ին արդեն միավորված Սիսիան համայնքում ՏԻՄ համամասնական ընտրություններ են։ Համայնքի ավագանու համար երկու դաշինք և հինգ կուսակցությունից հայտ է ներկայացրել 105 թեկնածու։ Բազմաբնակավայր Սիսիան համայնքն իր մեջ կներառի նախկինում խոշորացված Սիսիան և Գորայք համայնքները, որը կընդգրկի 36 բնակավայր՝ մոտ 31 հազար բնակչությամբ։
Հիշեցնենք, որ Սիսիանում առաջին խոշորացումը տեղի է ունեցել 2017 թվ-ին հունիսին, որի արդյունքում միավորվել են Սիսիան և Դաստակերտ քաղաքային և 30 գյուղական բնակավայրեր, իսկ Գորհայքը խոշորացվել է 2016 թվականին սեպտեմբերին՝ միավորելով 4 գյուղական բնակավայրերը։
Սյունիքի մարզի Գորայք համայնքը բնակչության թվաքանակով հանրապետության 75 համայնքներից ամենափոքրն է՝ ընդամենը 1837 բնակիչ ունի: Սակայն խոշորացված համայնքների համեմատությամբ բավականին մեծ բյուջեով՝ 2022 թ․–ի բյուջեում միայն համայնքի սեփական եկամուտները կազմել են ավելի քան 168 մլն դրամ, որը հիմնականում գոյանում է հողի վարձավճարից՝ շուրջ 138 մլն դրամ։ Միայն Գորայքի վարչական տարածքում շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ն հողի վարձակալության համար համայնքին տարեկան 111 691 690 դրամ է վճարում:
Բյուջեի այս միջոցներով Գորայքի կազմում ընդգրկված Գորայք, Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ գյուղական բնակավայրերում վերջին տարիներին բարեկարգվել են մի շարք ենթակառուցվածքներ՝ կոյուղագծերի, խմելու ջրի ջրագծերի մասնակի վերանորոգում, փողոցների լուսավորության ցանցի կառուցում, մանկապարտեզների վերանորոգում և շահագործում, գյուղտեխնիկայի վերազինում, մշակույթի տան վերանորոգում, աղբահանության իրականացում և այլն:
Նաև հենց այս մեծ բյուջեի պատճառով է, որ Գորայք համայնքում կազմակերպած ստորագրահավաքի արդյունքում բնակիչների մոտ 85%-ը դեմ էր, այսպես ասած, վերամիավորմանը։ Այն ներկայացվել է նաև կառավարություն, սակայն որևէ արձագանք չի ունեցել։ Բնակիչների խոսքով Գորայքի բյուջեն կուղղվի Սիսիանի զարգացմանը ու իրենց գյուղերում այլևս այդչափ ներդրումներ ու աշխատանքներ չեն իրականացվի։
«Բացարձակ արդյունավետ չէ լինելու նորից խոշորացնելը։ Առաջին խոշորացումից հետո ահռելի աշխատանք է կատարվել այս համայնքում, բոլոր գյուղերը համաչափ զարգացել են։ Վստահաբար եմ ասում, որ այս նոր խոշորացումից հետո այդ աշխատանքներն այլևս տեղի չեն ունենալու»,- ասում է Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանն ու ավելացնում․ «առաջին խոշորացման ժամանակ այլ ըմբռնում էր․ բոլորս գիտակցում էինք, որ մյուս երեք գյուղական բնակավայրերը բավական սեփական եկամուտ չունեն, բյուջեն չէր հերիքում, որպեսզի ներդրում կատարեին գյուղում, բայց Գորայքի բյուջեի հաշվի համաչափ զարգացան։ Իսկ այդ նույն խոշորացումից հետո Սիսիանի գյուղերում ի՞նչ է արվել, որ վերամիավորումից հետո մեր գյուղերին էլ հերթ հասնի»։
Միավորմանը դեմ են նաև երեք գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարները։ Նրանք մտավախություն ունեն, որ հաղորդակցությունը կդժվարանա․ որևէ փաստաթղթի համար Գորայքից բնակիչները ստիպված են առնվազն 36 կմ անցնել, որ հասնեն Սիսիան։ Այդ հեռավորության հետ կապված նրանք նշում էին նաև գյուղտեխնիկայի օգտագործման դժվարությունների, աշխատատեղերի կրճատումն ու այլ խնդիրներ ։
«Համայնքը բավական գյուղատեխնիկա ունի․ եթե միանանք Սիսիանին ու այն սպասարկի նաև նյուս գյուղերին, վար ու ցանք անելիս հազիվ թե ժամանակին հասնի մեզ։ Մենք մի 30 կմ հեռու ենք միայն Սիսիան քաղաքից, դեռ չեմ հաշվում, օրինակ Լոր գյուղը, որը էլի մի էդքան հեռավորության վրա է միայն Սիսիան քաղաքից։ Իսկ մեր համայնքում բնակավայրերն իրար կպած են ու ավելի արդյունավետ էր տեխնիկայի շահագործումը։ Բնակիչների մյուս մտահոգությունը թղթավարության համար Սիսիան հասնելն է․ ճիշտ ա, մենք տեղում շատ բան կազմակերպում ենք, բայց եթե համայնքի ղեկավարի ստորագրություն, կնիք, որոշում անհրաժեշտ լինի, մարդիկ էլի պիտի հասնեն քաղաք, որը ծախսատար է և ժամանակատար։ Միգուցե դա ուղղակի ազդեցություն չլինի էս նոր խոշորացումը, բայց չեմ բացառում նաև գյուղերից արտագաղթը, որովհետև էս գյուղերում էլ շատ բան չի արվելու, ինչպես նախկինում»,-իր մտահոգությունն է արտահայտում Ծղուկի վարչական ղեկավար Անուշավան Հայրապետյանը։
Խոշորացմանը միանշանակ կողմ չեն նաև Սիսիան համայնքի բնակիչները։ Նրանք ավելի շատ մտահոգված են կառավարման հետ կապված խնդիրներով․ 36 բնակավայր մի մարդու ղեկավարելու համար դժվար կլինի։ Իսկ հարցին, թե արդյո՞ք Գորայքի մեծ բյուջեն «գայթակղիչ» չէ սիսիանցիների համար, Որոտան բնակավայրի վարչական ղեկավար Սերգեյ Ամիրխանյանը պատասխանում է, որ «Գորհայքի բյուջեն էսօր կա, վաղը չկա․ էսօր հանքը կա, բյուջեն մեծ է, բայց վաղը կարող է չլինի»։
«Առաջին խոշորացումից դրական ազդեցություն տեսել ենք․ մեր գյուղում 4,5 կմ ջրագիծ է կառուցվել, որը մինչև խոշորացում գյուղի բյուջեով հնարավոր չէր իրականացնել։ Բայց երկրորդ անգամ խոշորացումը ճիշտ չէ․ մինչև հիմա 32 բնակավայր էր, հիմա նորից չորս բնակավայր կմիանա ու մի համայնքի ղեկավարի համար էդքան բնակավայրերի կառավարումը շատ դժվար կլինի։ Ճիշտ ա, վարչական ղեկավարներս ամեն ինչով փորձում ենք օգտակար լինել, բայց միևնույն է հեշտ չի լինի»,- ավելացնում է Որոտանի վարչական ղեկավարը։
Համայնքների առաջին խոշորացման դասերը
Հայաստանում համայնքների խոշորացման առաջին փուլն իրականացվել է 2016 թ․-ին, որի արդյունքում ձևավորվել են Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Թումանյան համայնքները։
Մինչ այդ 2015թ. մայիսի 17-ին առաջին անգամ այս համայնքներում տեղական հանրաքվե է անցկացվել, և բնակիչների կողմ քվեարկության արդյունքում մեկնարկել է համայնքների խոշորացման փորձնական ծրագիրը։ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները միավորվելով վերակազմակերպել են նոր համայնք՝ Տաթև անվանումով։
Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանի խոսքով՝ խոշորացման ձևաչափը ողջունելի է, բայց այն ունի դրական և բացասական կողմեր։ «Համայնքի բնակավայրերում իրականացվում են ծառայություններ, օրինակ աղբահանությունը, որը նախկինում չէր կատարվում։ Համայնքի բյուջեով, ինչպես նաև տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ձեռք է բերվել գյուղտեխնիկա, որը ծառայում է բոլոր բնակավայրերին։ Գյուղերում իրականացվում են աշխատանքներ, որոնք մինչ խոշորացում իրենց փոքր բյուջեներով հնարավոր չէր կազմակերպել։ Թերի կողմերից է այն, որ համայնքը չունի մասնագիտացված աշխատակազմ խոշորացման ընդհանուր գաղափարը ճիշտ առաջ տանելու և արդյունավետ աշխատելու համար»,- ասում է Մ․ Գերասիմյանը։
Նրա խոսքով արդարացի չէ նաև աշխատատեղերի կրճատման հետ կապված մտահոգությունները, որովհետև, եթե վարչական նստավայրերում որոշ աշխատատեղեր կրճատվել են, բայց ընդհանուր համայնքում այժմ ավելի շատ աշխատատեղ կա, քան նախկինում էր։
Համայնքի ղեկավարի տեղակալն ավելացնում է, որ խնդիր է այն, որ բնակիչների մեծամասնությունը դեռ շարունակում է միայն իր բնակավայրը համարել իր համայնքը, երբեմն անգամ նրանց մոտ ձևավորվում է կեղծ պահանջատիրության դրսևորումներ։ «Միգուցե որոշների մոտ փոխվել է մտածելակերպը կամ եթե նույնիսկ չի փոխվել՝ գիտակցելով փորձում են ցույց չտալ, բայց դա այն հարցերից է, որ կարճ ժամանակում չի արմատավորվելու։ Դեռ դժվար է ամբողջ բնակչությանը համայնքի տեսլականի ուղղությամբ տանելը»,- նշում է նա։
«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը համայնքների նորից խոշորացման արդյունավետությունը ցածր է գնահատում։ «Եթե նպատակն իրոք ապակենտրոնացումն էր, նախնական փուլում պետք էր պարզապես որոշ ծառայություններ ապակենտրոնացվեր, հնարավորություն տրվեր փնջային տարբերակով աշխատելու, տեսնելու արդյունավետությունը, նոր հաջորդ փուլում անցնեին շրջանային մոդելով խոշորացմանը։ Ստացվում է, որ երեք-չորս տարի կորցրինք, գնացինք խոշորացման ու էդ ընթացքում ինչ ձեռք էր բերվել իզուր էր ու ժամանակի կորուստ և մարդկանց մոտ հարց է առաջանում, թե ինչու՞»,-իր մնահոգությունն է հայտնում նա։

Լրագրող