Նախորդ տարիների համեմատ Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի թիվը եռակի ավելացել է․ ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 350 միլիոն դրամ, որից միայն 34 մլն 300 հազար դրամն է համայնքի բյուջեից համաներդրում, 236 մլն 700 հզրը կառավարության կողմից տրամադվող սուբվենցիան է, իսկ 79 մլն-ը «Ապրելու» բարեգործական հիմնադրամի ներդրումը։
Հայաստանի մասշտաբով Տաթև համայնքի օրինակը նախադեպ էր, որտեղ սուբվենցիոն ծրագրերում մասնավորի ներդրում են ապահովել։ ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի համաձայն, մասնավոր հատվածի (կազմակերպություններ, ընկերություններ, բնակչություն), ինչպես նաև այլ դոնոր կազմակերպությունների կողմից ծրագրի 20% և ավելի համաֆինանսավորման դեպքում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելանում է 5%-ով:
«Եթե համաներդրումը միայն համայնքային բյուջեով ապահովեինք, ընդամենը 120 մլն դրամի ծրագիր կարող էինք իրականացնել, բայց մասնավորի ներդրման արդյունքում մեր ծրագրերի թիվը եռակի աճել է։ Մասնավորի ներդրման շնորհիվ և՛ ծրագրի բյուջեն է մեծացել, և՛ նպաստել, որ կառավարության կողմից տրվելիք գումարն ավեանա։ Նաև դրա շնորհիվ է, որ բոլոր ծրագրերում համայնքի բյուջեից փոքր ներդրումն ենք անում»,- նշում է Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը։
Թե ինչով է պայմանավորված «Ապրելու երկիր» կուսակցության հետաքրքրվածությունը Տաթև համայնքի զարգացման գործընթացում, համայնքի ղեկավարի տեղակալ Մ․ Գերասիմյանը, ով 2021 թ․ ՏԻՄ համամասնական ընտրություններում առաջադրվել էր նույն կուսակցությունից, պատասխանում է, որ « և՛ Նոյեմբերյանում, որտեղ մեծամասնություն են, և՛ Տաթևում որտեղ համատեղ կառավարում են ապահովում, կուսակցությունն ակտիվ ներդրումներ է կատարում»։
Հիշեցնենք, որ 2021թ․ Տաթևում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Շանթ դաշինք» ու «Ապրելու երկիր» խմբակցությունները կնքել են համագործակցության հուշագիր՝ համատեղ իրականացնելու համայնքի կառավարումը։
Ընթացիկ տարում Տաթևում կառավարության կողմից հաստատվել է հինգ ծրագիր՝ 10 բաղադրիչով։ Միայն մեկ ծրագիր վեց բաղադրիչ է իր մեջ ներառում․ համայնքի վարչական տարածքով անցնող Հ-46 հանրապետական ու միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի գիշերային լուսավորության ցանցի էներգիայի սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն Տաթև բնակավայրից մինչև Քաշունի։ Այդ հատվածի ընդհանուր երկարությունը 34,4 կմ է, որից 18 կմ-ի լուսավորությունը ընթացիկ տարում կապահովվի, իսկ մյուս հատվածի լուսավորության համար նախատեսվում է դիմել 2023թ-ի սուբվենցիոն ծրագրով։
Մյուս ծրագրերով կվերանորոգվեն մի քանի բնակավայրերի նախակրթարաններ, Շինուհայր գյուղի երաժշտական դպրոցը։
Ծրագրերը հիմնականում սկսվել են հոկտեմբերի կեսերին, քանի որ փաստաթղթերի պատրաստումն ու կառավարության կողմից վերջնական հաստատումը ձգձգվել էր։ Այժմ սուբվենցիոն ծրագրերի ներկայացման ժամկետները փոխվել են․ նախորդ տարիներին մինչև փետրվար, ներկայացվում էին ծրագրերը և նույն տարվա ընթացքում իրականացնում, սակայն 2023թվ․ սուբվենցիոն ծրագրերի հայտերը համայնքները պետք է ներկայացնեն մինչև նախորդ տարվա նոյեմբերի 20-ը։ Այս հանգամանքը հնարավորություն կտա համայնքներին՝ ծրագրերը սկսել հենց տարեսկզբից։
Նրա խոսքով Տաթև համայնքի բյուջեից ելնելով, սուբվենցիոն ծրագրերի նվազագույն ներդրումը 5 միլիոն դրամ է, ինչը նշանակում է, որ համայնքը չի կարող փոքր բյուջեով ծրագրեր ներկայացնել, հակառակ դեպքում կառավարության կողմից չի հաստատվի։
Շինուհայրը սահմանամերձ բնակավայր է, և այդ պատճառով Շինուհայրի նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի վերանորոգման համար ներկայացված սուբվենցիոն ծրագրի 80% ֆինանսավորումը պետության կողմից է հատկացվում։
Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 30 միլիոն դրամ, որից 24 միլիոնը պետությունն է ներդրել։ «Եթե մասնավորի ներդրում էլ ապահովենք, ապա համայնքի ներդրումը 5 միլիոնից կիջնի, որը հնարավոր չի։ Այդ իսկ պատճառով այդ ծրագրում 6 միլիոն ներդրում արվել է համայնքի բյուջեից։ Դրա փոխարեն գիշերային ցանցի լուսավորության անցկացման ծրագրով միայն 35%-ը մասնավոր սեկտորի համաներդրումն է»,-ասում է փոխհամայնքապետը։
Գալիք տարվա համար նախնական փուլով 13 սուբվենցիոն ծրագրերի հայտ է ներկայացվել, բոլորն էլ հաստատվել է։ 13 ծրագրի համար նախատեսվում է մոտ 1 միլիարդ 300 մլն դրամ բյուջե, որտեղ նախնական հաշվարկներով, մասնավորի համաներդրումը պետք է կկազմի մոտ 400 միլիոն դրամ։ Բայց, քանի որ դեռևս այդքան գումար չկա համաներդրման համար, պատրաստվել է 7 ծրագրի փաստաթղթերը․ այն սկզբունքով, որ բոլոր բնակավայրերը համաչափ զարգանան։
Սուբվենցիոն ծրագրերը ներկայացնելիս, ըստ Տաթևի համայնքային իշխանության, հաշվի են առնվում յուրաքանչյուր բնակավայրի առաջնահերթ կարիքները, բնակիչների առաջարկները, ինչպես նաև ծրագրի համար անհրաժեշտ բյուջեն։ Օրինակ, Հալիձոր բնակավայրում հանրային լսումների ժամանակ բնակիչներից շատերնառաջարկում էին Շինուհայրից գազը հասցնել նաև իրենց գյուղ։ Սակայն մասնագետների խորհրդատվությունից հետո պարզվել է, որ Շինուհայր գյուղը սնող գազատարի թողունակությունը չի կարող բավարարել նաև Հալիձոր գյուղին։Այդ պատճառով Հալիձորում այս տարի կլուծվի ոռոգման ջրի խնդիրը, որը պակաս կարևոր չէ գյուղի համար։
Հանրային լսումների ընթացքում բնակիչների առաջարկությամբ առաջարկվել է ավտոաշտարակի ձեռքբերել։ «Քանի որ համայնքում ունենք 800-ից ավելի գիշերային լուսավորության լուսատու է տեղադրված, ևս վեց հարյուրն այս և հինգ հարյուրն էլ եկող տարի է նախատեսվում տեղադրել, ուստի լուսավորության ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկական միջոցները։ Եվ 2023 թ․ սուբվենցիոն ծրագրերից ավտոաշտարակի ձեռքբերումն է»,- ավելացնում է Մ․ Գերասիմյանը։
Համայնքը փորձում է նաև բյուջեի եկամուտներն ավելացնել, որի հաշվի հնարավոր է նոր ծրագրեր իրականացնել։ 2022թ․սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսվում է 280կվ հզորությամբ ֆոտովոլտային կայանի տեղադրում, որով տարեկան 378 հազար կվտ հոսանք է արտադրվում․ այն կարժենա մոտ 18մլն900 հազար դրամ։ Այն նաև հնարավորություն կտա բյուջեից որոշակի խնայողություն ապահովել։ Ըստ հաշվարկների, եթե տարեկան 10 միլիոն դրամ խնայողություն ունենանք էլեկտրականության հաշվին, հաջորդ տարի կարող են 1-2 ծրագրի համաներդրում ապահովել։
Սույն հոդվածը պատրաստվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում որոշումների կայացման փաստահենք և մասնակցային գործընթացը։ Ծրագիրն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործընկերությամբ։
Սույն հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Զեկույցի բովանդակության համար պատասխանատու է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն և այն չի արտացոլում Եվրոպական միության տեսակետները։

Լրագրող