«Տեղական ինքնակառավարվման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ՏԻՄ-ի հաշվետվողականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև համայնքի բնակիչների մասնակցությունը առաջնահերթություններ են։ Այն ամրագրված է նաև «Տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության կարգ», «Համայնքի ղեկավարին կից խորհրդատվական մարմինների ձեւավորման եւ գործունեության», ինչպես նաև հանրային լսումների եւ (կամ) քննարկումների կարգերով։
Գորիս համայնքի ավագանու՝ 2016թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ, ընդունվել է համայնքում հանրային բաց լսումների, քննարկումների կազմակերպման և անցկացման կարգ, որով ի թիվս այլ հարցերի, նախաձեռնությունների, կարգավորվում են նաև համայնքի տարեկան բյուջեի ընդունումից առաջ հանրային քննարկումների կազմակերպման, անցկացման, արդյունքների ամփոփման և համայնքի ավագանուն դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
Գրեթե նույն ժամանակահատվածում նման որոշումներ են ընդունվել նաև խոշորացված Տեղ, Տաթև համայնքների ավագանիների կողմից՝ որոշումների մեջ ամրագրելով, որ հանրային լսումների մասին տեղեկատվությունը տարածվում է հանրային քննարկումների իրականացման օրվանից «առնվազն 15 օր առաջ. բացի պաշտոնական կայքում տեղադրելուց, նաև համայնքի ՏԻՄ-երի նստավայրում դա փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք հասանելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար՝ առնվազն մեկ տեղ՝ յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի համար»:
Վերջին տարիներին, ինչպես հանրապետության այլ, այնպես էլ՝ Սյունիքի մարզի համայնքներում իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր, որոնց առաջնահերթության մասին որոշում կայացնելուց առաջ ՏԻՄ-ը պարտավոր ՝ հանրային լսումներ իրականացնել։
Սակայն փորձը ցույց է տալիս, որ քննարկման մասնակիցներին ոչ թե առաջարկվում է ներկայացնել համայնքային խնդիրները, որից հետո դրանք դասակարգել և քվեարկել ըստ առաջնահերթության, այլ ՏԻՄ-ի կողմից ներկայացվում են այն ծրագրերը, որոնք նախապես ընտրվել են»
Համայնքապետարանների պաշտոնական կայքերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ սուբվենցիոն հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակ է, իսկ հանրային քննարկում կազմակերպելու մասին հայտարարություններն անգամ կայքում կամայական է տեղադրվում։ Համայնքների ֆեյսբուքյան էջերը, չնայած պաշտոնական հարթակներ չեն, բայց մեծ թվով հետևորդներ ունեն, և տեղեկատվությունն արագ տարածելու լավագույն միջոցն են՝ չեն ծառայեցվում բնակչության շրջանում լայն իրազեկման ապահովմանը, ծրագրերի թափանցիկ և հրապարակային ընտրությանը։
Թևպետ հանրային լսումների կայացման վերաբերյալ տեղեկատվությունը ոչ միշտ է տարածվում, սակայն համայնքապետարաններից ստացված արձանագրություններում դրանց կայացման մասին տեղեկատվություն կա, քանի որ այն օրենքով ամրագրված պահանջ է։ հասկանալի է, որ դրանք կայանում են, որն ուղղակի օրենքի պարտադիր պահանջ է։ Արդյունավետության առումով այն նվազագույն է, քանի որ հիմնականում հանրային լսումներին մասնակցում են ՏԻՄ-ի և համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներ։
«Համայնքների խոշորացման զուգահեռ պետք է նաև փոխվի հանրային լսումների մասին կարգը։ Այդ կարգը, որով հիմա առաջնորդվում են համայնքները, փաստացի չի գործում։ Այն ինչ հիմա կա, հնացած մեթոդներ են․ բնակիչների մասնակցայնությունն ու տեղեկացվածություն չի ապահովում, չի էլ կարող ապահովել»,- նշում է ՏԻՄ ոլորտի փորձագետ Կարեն Հովհաննեսյանը։
Օրինակ, վերախոշորացված Սիսիան համայնքի 36 բնակավայրերից բնակիչներին հրավիրել ու ապահովել բնակիչների մասնակցություն այնքան էլ իրատեսական չէ, այն էլ այն դեպքում, որ կանոնակարգված չէ նաև, թե ով պետք է ապահովի այդ մարդկանց տեղափոխության ծախսերը։
Խոշորացումից հետո որոշ համայնքներում փորձել են առցանց կազմակերպել հանրային լսումները, սակայն մասնակցայնություն չի ապահովվել։ Երբեմն նաև ՏԻՄ-ի աշխատակիցներն են գնում գյուղական բնակավայր ու տեղում կազմակերպում հանրային լսումներ, բայց դա միշտ չէ հնարավոր և ոչ էլ իրատեսական։ Այն նաև ուրիշ խնդիր կարող է առաջացնել․ օրինակ, մի փոքր գյուղական բնակավայրում ներկայացնել բյուջեի քննարկում, այնքան էլ իրատեսական չէ, քանի որ այն բնակավայրի բնակիչի համար այն գրեթե «ոչինչ չի ասում»․ այսինքն նաև ներկայացման ձևը պիտք է փոխվի նաև։
«Հիմա 99%-ով ձևական մասնակցություն է, նույնիսկ այն համայնքներում, որտեղ նախկինում բովանդակային է եղել։ Նոր մեխանիզմների կարիք կա․ պետք է ուսումնասիրել դրսի փորձը, հասկանալ, թե իրենք ինչպես են այդ խնդիրները լուծել ու փորձել տեղայնացնել»,-ավելացնում է փորձագետը։
Սույն հոդվածը պատրաստվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում որոշումների կայացման փաստահենք և մասնակցային գործընթացը։ Ծրագիրն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործընկերությամբ։
Սույն հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Զեկույցի բովանդակության համար պատասխանատու է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն և այն չի արտացոլում Եվրոպական միության տեսակետները։

Լրագրող