2023 թվականի մայիսին Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում շահագործման կհանձնվի 13 առանձնատուն ունեցող թաղամաս։ Բնակարանները կտրամադրվեն Շուռնուխում ապրող բնակարանային կարիք ունեցող այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց բնակարանները՝ գյուղը մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։
2021 թվականի Կառավարության որոշմամբ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով ՀՀ 2021թ բյուջեից քաղաքաշինության կոմիտեին է փոխանցել 470 մլն 200 հազար դրամ։ Ընդհանուր նախագծի արժեքը կազմում է մեկ միլիարդից ավել դրամ։
Առանձնատներից ինն արդեն պատրաստ է և, չնայած եղանակային պայմանները թույլ չեն տալիս աշխատել ամբողջ ծավալով, բայց շինաշխատանքները, որոնք սկսվել են երկու տարի առաջ, շարունակվում են։ Բնակարանների կառուցմանը զուգահեռ կատարվում է նաև տարածքի բարեկարգում և բնակարանների ներքին հարդարում։
Լոկալ ջեռուցումով, տաք ու սառը ջրով, ջերմամեկուսացված, տնից 30 մետր հեռավորության վրա անասնագոմ ունեցող, 140 քառ․ մետր բնակելի տարածքով յուրաքանչյուր առանձնատան արժեքը 50-60 միլիոն դրամ է կազմում․ «Սա բավական մեծ թիվ է բոլոր հարմարություններով բնակարան կառուցելու համար։ Բնակիչները կտեղավորվեն հարմարավետ բնակարաններում, սակայն կկահավորեն իրենց միջոցներով։ Մեկ հարկը բնակելի է, կունենա նկուղային հարկ, որը կծառայի որպես ապաստարան, կա նաև պահեստային մաս»,- նշում է շինարարության որակի տեխնիկական հսկիչ Գագիկ Գրիգորյանը։
Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանի խոսքով տեղահանված ընտանիքների մի մասը Գորիսում վարձով է բնակվում, մյուս մասը տեղավորված է գյուղի ազատ տներում։ «Բոլորն էլ կվերադառնան․․․բոլորն էլ սպասում են, թե երբ պատրաստ կլինեն իրենց տները»,- ասում է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Գորիսի համայնքային իշխանության և բարերարների ջանքերով վերակառուցվել է Շուռնուխի նախկին վարչական շենքը, որտեղ բնակարանով ապահովվել է չորս ընտանիք։
Բնակարանաշինություն կատարվում է նաև համայնքի այլ բնավայրերում․ Որոտան գյուղում վերակառուցվել է վեց բնակարան, որոնցից երեքը տրամադրվել է Արցախից տեղահանվածների, երեքը՝ որոտանցիների։ «Գյուղում երիտասարդներ կան, ովքեր բնակարանային պայմանների պատճառով դժվարանում են ընտանիք կազմել։ Կան նաև բազմանդամ ընտանիքներ, որոնք ևս բնակարանի կարիք ունեն»,- նշում է Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը։
Հայաստան համահայական հիմնադրամի ֆինանսավորմամբ այս տարվա դեկտեմբերից բնակարաններ են կառուցվում նաև Գորիս համայնքի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ բնակավայրում։ Նախատեսվում է շինաշխատատանքներն ավարտել մինչև սեպտեմբեր․ չորս առանձնատուն կտրամադրվի տեղահանված, իսկ երկուսը՝ տեղացի սոցիալապես անապահով ընտանիքի։
«Ամեն օր աշխատանքային ժամերին գյուղում եռուզեռ է, որն արդեն հույս է ներշնչում։ Մարդիկ հավաքվում են, քննարկում, թե ուր է հասել շինարարական աշխատանքը և ուրախանում, որ գյուղը մեծանում է՝ անկախ նրանից, որ սահմանին ենք»,- մեզ հետ զրույցում ասում է Գորիս համայնքի ավագանու անդամ, Ներքին Խնձորեսկի բնակիչ Հերմինե Դիլանչյանը։
Գորիս համայնքում բնակարանային կարիք ունեցող անձանց հստակ վիճակագրություն չկա, Գորիսի համայնքապետարանի սոցիալական աշխատող Մարիաննա Աբգարյանի խոսքով՝ նրանց թիվը 180-ից ավելի է։ «Այս պահին հստակ ուսումնասիրված չէ, թե քանի ընտանիք բնակարանի կարիք ունի, քանի որ նրանց մի մասը բնակարան է գնել, որոշներն արդեն համայնքում չեն, բայց կան անապահով, վագոն-տնակներում բնակվող ընտանիքներ»,-ավելացնում է Մարիանան։
Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանը նշում է, որ առաջիկայում Գորիս քաղաքում բնակարանաշինության մի քանի նախագծեր կսկսվեն։ Արդեն նախագծային մրցութային փուլում է Գորիսի Գալստյան 64 հասցեի կիսակառույց շինության փոխարեն 16 բնակարանի է կառուցման նախագիծը։
Պլանավորվում է նաև Գորիսի Գետափյա բազմաբնակարան վեց շենքի տանիքային մասերը դարձնել բնակելի տարածքներ։ «Այդ շենքերի տանիքները պետք է վերանորոգել։ Մտածում ենք տանիքները փոխելու հետ մեկտեղ մեկ մետր բարձրացնել և դարձնել բնակարաններ։ Արդյունքում 36 բնակարան կունենանք․ առնվազն՝ 2500 քառ․ մետր բնակելի տարածքով։ Այս տարբերակը դեռևս Հայաստանում տարածված չէ, բայց Եվրոպայում այն վառուց ընդունված է»,- ասում է բաժնի պետը և ավելացնում, որ նախատեսվում է նաև Գորիսի կոմունալ տնտեսություն 3-րդ հարկը վերապրոֆիլավորել և դարձնել շուրջ 500 քառ մետր բնակելի տարածք, որի արդյունքում միջինը 70 քառ մետր տարածքով 6-7 ընտանիքի բնակարանի ապահովության խնդիր կլուծվի։
ՀՀ կառավարությունը 2022թ․ հունիսին որոշում է ընդունել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ․ ծրագիրը հաստատելու մասին, որի շրջանակներում պետությունը կաջակցի սահմանամերձ բնակարաններում բնակարանային պայմանների ապահովմանը՝ հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարմանը։
Այս Նախագիծն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։ Նախագիծն իրականացվում է Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի շրջանակում Անահիտ Բաղդասարյանի կողմից։ Նախագծում արտահայտված կարծիքներն ու դիրքորոշումները կարող են չհամընկնել ֆինանսավորող կողմի տեսակետների հետ։

Լրագրող