Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Գորիսի բանտի բնակիչները. «Սա անբուժելի հիվանդություն ա, բայց ցավազրկող տվող չկա»

by Սուսաննա Շահնազարյան
Մայիս 14, 2025
0

Գ․ Ն 52 տարեկան․

Արտիստիկ դեմքով, մի քանի սպանությունների մասին պատմում է այնպիսի հանգստությամբ, ասես ինչ որ սարսափ ֆիլմի սյուժե է ներկայացնում, որը ոչ թե ինքն է տեսել, այլ այդ մասին լսել է ուրիշներից։ Դեմքի ոչ մի միմիկան չի շարժվում, ձայնի մեջ ո՛չ խղճահարությւն կա, ո՛չ ափսոսանք։

Նախորդ հոդվածները կարդացեք այստեղ 

 Դպրոցական էի, որ հայրս մահացավ, մայրս ծանր վիճակում էր։ Մինչ այդ բոքսով էի զբաղվում, շատ մրցույթներում հաղթել էի, կարգ էլ ունեի։ Ֆիզկուլտ էի ուզում ընդունվեի, մորաքույրս սպորտսմեն  էր, ասում էր՝ մեծ ապագա կունենաս, եթե շարունակես բռնցքամարտով զբաղվել, հնարավոր է, որ բանակ էլ չտանեին, որովհետև մեծ հաջողություններ ունեի, մրցանակներ։ Սակայն ստիպված էի էդ ամեն ինչը թողնել, արհեստ սովորել, որ մորս օգնեմ։ Բանակ գնացի, եկա, սկսեցի աշխատել, կարգին ապրում էինք։

Տատիկիս մահից յոթ օր հետո մի խնջույքի էի մասնակցում, հարևանի տղային բանակ էին ճանապարհում, էնտեղ մի ժամացույց կորավ, ինչ-որ մեկն ինձ կասկածեց, ես նրան հարվածեցի, ինձ դատեցին, ու էդպես սկսվեց։ 21 տարեկանում 4 տարով ինձ աքսորեցին Կալմիկայի ինքնավար մարզ։ Ազատվելուց հետո սկսեցի աշխատել, խորովածանոցի պես կետ էի բացել։

Յոթ ամիս անց ինձ վրա հարձակվեցին․ իմացա, որ նրանցից մեկը եղբորս հետ խնդիր ունի, փորձեցի հաշտեցնել,  գնացինք նրանց տուն,  էնտեղ մի քիչ տաքացանք, մորս հայհոյեց, ես դանակահարեցի, ութ տարի նստեցի․ սովորաբար դանահակարության համար հինգ տարի էին տալիս,  ինձ ութ տարով ազատազրկեցին։

Երրորդ անգամ Կիսլավոդսկ քաղաքում չորս հոգու հետ ազգային հողի վրա կռիվ եղավ, կացինն առա ու խփեցի, երկուսը տեղում մահացան, փախա, բայց բռնվեցի, 15 տարի հատուկ ռեժիմով բանտում նստեցի,  ազատվելուց հետո տուն վերադարձա։ Ազատությանս հետ առողջությունս էլ էի կորցրել, թոքերս վնասված էին։

Տանն ինձ թշվառ վիճակ էր սպասում, եղբայրներիցս մեկը թմրամոլ էր դարձել, մյուսը՝ հարբեցող․ նրա երիտասարդ կինը մահացել էր, չէր կարողանում հաշտվել վշտի հետ, խմում էր։

Սկսեցի մեր այգուց, մաքրեցի, հողը փորեցի, ծանոթներիցս մեկը ծառեր տվեց, տնկեցի էն տղայի հետ, ում մի ժամանակ դանակահարել էի։ Եղբորս տղաներին տարա սպորտ դպրոց ընդունեցի, մեկին՝ բռնցքամարտ, մյուսին՝ ֆուտբոլի բաժիններ։ Դրանք բոլորը վճարովի էին, նրանց հայրը չէր հետաքրքրվում, ամբողջ հոգսը մնաց ինձ վրա։ Ոչ մեկին չէր հետաքրքրում, թե վարձերը որտեղից եմ վճարում: Պատկերացնու՞մ եք, անգամ ծնողական ժողով եմ գնացել․ տղերքը, հարևանները զարմացել էին, թե ոնց ա ամբողջ կյանքը բանտում անցկացրած մարդը երեխեքի ժողովին գնում, ճիշտը, որ ասեմ, դպրոցում էլ էին զարմացած։ Երևի հարգում էին, տեսնում էին, թե ոնց եմ տանջվում, որ տղաները մի արդյունքի հասնեն։

Անամոթությունն ու սուտը տանել չեմ կարողանում, ես ոչ մի անգամ սուտ չեմ խոսել, նույնիսկ դատախազի, քննիչների մոտ, հնարավոր է, որ ստեի, մի քիչ պատիժս թեթևանար, բայց ոչ մի անգամ չեմ խաբել։

Իմ բոլոր հանցագործությունները կապված են եղել ինքնասիրությանս հետ։ Մի օր եկա տուն, եղբայրս և նրա կինը հրավիրեցին իրենց տուն․ ասելով, որ միշտ անախորժությունների մեջ են մորս հետ, գուցե  խորհուրդ տամ, օգնեմ։ Երեկոյան խոսեցի մորս հետ։ Մեր թաղամասում բոլորը նրան ճանաչում էին որպես սուս ու փուս, համեստ կնոջ։ Պարզվեց, որ եղբայրս և նրա կինը գողացել են մորս ոսկեղենը, բայց մայրս խնդրեց, որ ձեն չհանեմ, ասելով, որ եղբայրս թմրանյութերից հիստերիկ վիճակում է։

Կնոջ դեմքի վրա մի սպի կար, երբ հարցրեցի, ասաց, որ երեխա ժամանակ խաղալուց է վնասվել։ Հետո նկատեցի, որ ժարգոնով է խոսում, շշով օղի խմում, ավելի ուշ լսեցի, որ 23 տարեկանում երկու անգամ դատապարտված է եղել՝ ֆարշ օղի վաճառելու և հորեղբորը դանակով խփելու համար։

Մեր տները գտնվում էին իրար մոտ, մի միջանցք էր բաժանում, ասացի, որ հանկարծ մեր միջանցքով կինը չանցնի, եղբայրս խողովակով հարձակվեց ինձ վրա։ Ես էլ, իբր պաշտպանվում էի․․․ Բայց, որ անկեղծ ասեմ, ես մինչև հիմա էլ համոզված չեմ, որ եղբորս ես եմ սպանել, որովհետև իմ ձեռքին դանակ չկար, ես ուշքի եկա, երբ եղբայրս արյան մեջ էր, կինն էլ իսկույն ոստիկանություն կանչեց, ինձ տարան։

Ես ոչինչ կուլ չեմ տվել, չեմ էլ նայել, թե ով ա ինձ վիրավորողը։

Դժվարն առաջին անգամն է, հետո եղբորս բեռը վերցրի, և նա էր մեղավոր, որ ես հանցագործ դարձա, չնայած ես ինձ հանցագործ չեմ համարում։

Հայրս ճանաչված արհեստավոր էր, մինչև հիմա նրա ձեռքի աշխատանքները կան, բայց հաճախ էր հարբում։ Մի անգամ, ես 10 տարեկան էի, հայրս հարբած եկավ, մորս խփեց, ձեռքս առա ծաղկամանը, շպրտեցի հորս կողմը, բարեբախտաբար չկպավ։ Երբեմն ինձ էլ էր խփում։ Ավագ եղբորս ավելի շատ էր «դաստիարակում», չնայած մեծն էր, բայց փոքր-մոքր էր, նվազ, ասում էին բամբակի մեջ են մեծացրել։

Շատ եմ ինձ էն հարցը տալիս, եթե կյանքս նորից սկսվեր, ո՞նց կապրեի։ Պատասխան չունեմ, բայց մի բան լավ գիտեմ, էլի՝ ով ինքնասիրությանս կպչեր, չէի խնայի, ով էլ լիներ։

Տատս աստվածավախ կին էր, կիրթ, մի քանի լեզու գիտեր, նրա նիստուկացը շատ էր տարբերվում, մայրս նրան էր նման, բայց հերս խեղճացնում էր։

Տատիս սենյակում սրբապատկերներ կային, երբեմն դռան արանքից նայում էի, թե ոնց էր կիսաձայն աղոթում․ էն ժամանակներում դա անսովոր երևույթ էր։ Տարվա մեջ մի քանի անգամ մեզ ուխտի էր տանում, ու ոչ մեկս չէինք կարող հակառակվել նրա կամքին։

Մի աղջկա էի սիրում, էնքան երազանքներ ունեի։ Առաջին անգամ դատվելուցս հետո հանդիպեցինք, ինքն ինձ հասկանում էր, հետո՝ չէ, չդիմացավ։ Հիմա Ամերիայում է ապրում, մեկ-մեկ երազում տեսնում եմ, էդ օրը տրամադրությունս բարձր է լինում։

Դատապարտվելը, էն էլ ցմահ, մարդուն չի կարա փոխի, ինչ մնաց, թե ուղղի, ի՞նչը ուղղի, մա՞րդ կա, որ ասում ա՝ լավ են արել, որ ինձ դատել են։ Կարող ա դատարանում ասում էն՝ զղջում եմ եմ, էդ մտածում էն, որ կարող ա «սրոկը» քչացնեն, բայց հենց հասնում ես խուց, չարանում ես աշխարհի դեմ, իբր թե էս խի՞ են ինձ փակել։

Դրանից բացի, ուղղվելը միայն քեզնից չի կախված, որ շատ էլ ուզենաս չես կարա, որովհետև դու մենակ չես կարա որոշես։ Ազատ չես, որ էն մի փողոցով գնաս, որ ում չես ուզում, չհանդիպես։ Դաժե տուալետ չես կարա գնաս, երբ դրա պետքն ունես, պիտի հարմարվես մեկ ուրիշի հարմարությանը։

Մեր խցից դիմացի բնակելի շենքի պատուհան կա, պատահում է ժամերով նայում ես, որ մի ուրիշ մարդու դեմք տեսնես, բայց  նրանք երբեք էս պատուհանը չեն բացում, մի անգամ միայն տեսել եմ, որ մի կին «չանչ» ա արել։

Չես կարող մեկի անունը տալ, ով ապահովագրված է, որ ինքը չի դատապարտվի։ Ուղղակի մեկի բախտը բերում է, մյուսինը՝ չէ։ Օրինակ, ես երկար տարիներ էնպիսի մարդու հետ եմ նույն խցում նստել, որ եթե ես կենդանի եմ մնացել, նշանակում  ա բախտս բերել ա։

Եթե ուզում են, որ իրանց ասած բառերով հանցագործությունը պակասի, մեզ չպիտի ստեղ փակի տակ պահեն, մենք պիտի ինչ որ ձևով դրսի աշխարհի հետ կապ ունենանք, որ  մեզ լսեն, հատկապես էն խախուտ մարդիկ, իմանան, որ բանտում յուղ ու մեղր չեն տալիս։

Հայաստանում ո՞վ ա բանտի ներսը տելեվիզորով ցույց տալիս, որ ցույց տան, մարդիկ կարող ա սարսափեն, բայց կինոներ են նկարում ուրիշ երկրների բանտի մասին, ու մարդկանց թվում ա, թե հենց էդ նույն  պայմաններում էլ ապրում ենք, կարող ա և մեկը, ով սոված փորով ա քնում կամ գլխին ծածկ չունի, մեզ երանի տա, բայց սա երանի տալու տեղ չի, սա անբուժելի հիվանդություն ա, բայց ցավազրկող տվող չկա։

Սուսաննա Շահնազարյան
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Արձագանք՝ Հանրային հեռուստատեսությամբ հնչած մեկնաբանություններին
    Uncategorized

    Արձագանք՝ Հանրային հեռուստատեսությամբ հնչած մեկնաբանություններին

    Մայիս 19, 2025
    Գորիսի բանտի բնակիչները. «Կյանքս ռախիտի նման թերաճ ա տվել»
    Գորիս

    Գորիսի բանտի բնակիչները. «Ասում են՝ քեզ խի չեն գնդակահարում»

    Մայիս 14, 2025
    Գորիսի բանտի բնակիչները. «Կյանքս ռախիտի նման թերաճ ա տվել»
    Գորիս

    Գորիսի բանտի բնակիչները. «Սա անբուժելի հիվանդություն ա, բայց ցավազրկող տվող չկա»

    Մայիս 14, 2025
    Միրհավ
    Իրազեկում

    «Միրհավը»՝ Դուշամբեում

    Ապրիլ 22, 2025
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    © 2025 Mediapoint | All rights reserved.