Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Մենք պարտությունը չենք վերլուծել. զրույց ինքնախաբեության և պատասխանատվության մասին

by Սուսաննա Շահնազարյան
Ապրիլ 4, 2026
0

 

Շահեն Զեյթունցյան, «Միրհավ» հյուրանոցի տնօրեն․

«Պետք է սկսել խոսել։ Ազնիվ, առանց վախի։ Հասկանալ՝ ինչու պարտվեցինք, ինչու այս վիճակում ենք և ինչ պետք է փոխենք։ Այլապես մի օր ճահիճը կճաքի, բայց արդեն ուշ կլինի»։

Որտե՞ղ է այսօր հայ հասարակությունը:

Հոգեբանական ծանր ճգնաժամի մեջ։ Եվ դա պետք է հստակ ասել՝ առանց շրջանցումների։ Պատերազմից  հետո Հայաստանում ապրող մարդը տրավմայի մեջ է, բայց այդ տրավման ոչ միայն չի մշակվել, այլև գիտակցված կերպով ծածկվել է, ճահիճ դարձել։

Խաղաղության մասին խոսույթը դարձել է այդ ծածկույթի գործիքը։ Փոխանակ ընդունելու իրականությունը և խոսելու մեր ձախողումների մասին, ընտրել ենք ավելի հեշտ ճանապարհ՝ ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Սա արդեն ոչ թե  խուսափում է, այլ համակարգային ինքնախաբեություն։

 Ինչո՞ւ այդպես էլ կատարվածի շուրջ լուրջ վերլուծություն  չեղավ։

Որովհետև դրա պահանջարկը չկա։ Հանրային դիսկուրսը կառուցված է մեղադրանքի, ոչ թե հասկանալու վրա։ Բոլորը մեղավորներ են փնտրում, բայց գրեթե ոչ ոք չի փորձում հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ իրականում։ Մենք չունենք այն մտավոր միջավայրը, որը կարող է ձևակերպել պատճառահետևանքային կապերը։ Չկա ինստիտուցիոնալ վերլուծություն, չկա քաղաքական պատասխանատվության մշակույթ։ Արդյունքում՝ նույն հարցերը կրկնվում են, բայց պատասխաններ չեն ձևավորվում։

Այսինքն՝ մեղադրանքների դաշտը փոխարինել է վերլուծությա՞նը։

Այո։ Եվ դա փակուղի է։ Մեղավորների անվերջ որոնումը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև խորացնում է ճգնաժամը։ Հասարակությունը մնում է հոգեբանական անհավասարակշռության մեջ, որովհետև չի ստանում իր համար անհրաժեշտ բացատրությունները։ Ժամանակը չի բուժում այն, ինչ չի հասկացվել։

Պարտությունից հետո ինչպե՞ս է փոխվել հասարակական վարքը։

Այն, ինչ տեսանք, փրկվելու դասական ռեակցիա էր։ Նոյեմբերի 9-ից հետո ձևավորվեց Ռուսաստանի նկատմամբ հիացմունքի նոր ալիք։ Բայց սա իրավիճակային չէ, սա արմատական խնդիր է։ Հայ հասարակությունը պատմականորեն հակված է պատասխանատվությունը արտահանձնել արտաքին ուժերին՝․Ռուսաստանին, Եվրոպային, Ամերիկային։ Միշտ կա «մեկը», որը պետք է լուծի մեր խնդիրները։

Սա նո՞ր երևույթ է։

Բացարձակապես ոչ։ Նույն տրամաբանությունը գործեց նաև Ապրիլյան պատերազմից հետո․ Զորի Բալայանը նամակ գրեց Վլադիմիր Պուտինին։ Այդ նամակը պարզապես արտահայտում էր այն մտածողությունը, որն արդեն գոյություն ուներ՝ «կգան, կլուծեն»։                      Խնդիրը կոնկրետ անձերը չեն։ Խնդիրն այդ մտածողության նորմալացումն է։

Ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ չարվեց, որը պետք է արվեր։

Պատերազմը դադարեցնելը չի նշանակում պատերազմից խուսափել։ Ապրիլյանից հետո չարվեց ամենակարևորը՝ վերլուծություն։ Չձևակերպվեց՝ ինչու եղավ պատերազմը, ինչ սխալներ կային, ինչ պետք է փոխել։ Եվ ամենակարևորը՝ չձևավորվեց սցենարային մտածողություն՝ «եթե կրկնվի, ինչ ենք անելու»։ Փոխարենը՝ ձևավորվեց փոխհատուցող միֆ՝ թե արտաքին ներկայությունը կարող է փոխարինել մեր սեփական պատրաստվածությանը։

Այսինքն, պարտությունից հետո մենք չպատրաստվեցի՞նք հաջորդ հնարավոր սցենարին։

Ոչ։ Որովհետև սկզբունքորեն չենք ընդունել, որ պատասխանատվությունը մերն է։ Մինչ այդ չընդունվի, որևէ ռազմավարություն չի աշխատի։

 Խաղաղության մասին ներկա քննարկումները որքանո՞վ են բովանդակային։

Մեծ մասամբ մակերեսային են։ Խաղաղությունը ներկայացվում է որպես վերջնական լուծում, մինչդեռ այն լավագույն դեպքում կարող է լինել ժամանակավոր պայմանավորվածություն։ Հիմնական խնդիրը մնում է՝ չվերլուծված պարտություն, չաշխատած տրավմա, չձևավորված պատասխանատվություն։ Այս պայմաններում «խաղաղությունն» ավելի շատ հիշեցնում է հետաձգված ճգնաժամ։

Հասարակությունը որքանո՞վ է պատրաստ նոր պատերազմի սցենարին։

Գրեթե ոչ մի չափով։ Հանրային հռետորաբանության մեջ կա՝ «կկռվենք, կվերադարձնենք» թեզը, բայց դա չի հաստատվում իրական պատրաստակամությամբ։ Սա կրկին ինքնախաբեության ձև է՝ հուզական փոխհատուցում՝ առանց ռեսուրսի և հաշվարկի։ Նոր հաղթանակի և կորցրածը վերադարձնելու համար պիտի կռվենք, մեռնենք, ո՞վ է պատրաստ, ո՞վ է առաջնորդելու։

Դուք նաև խոսում եք անկեղծության պակասի մասին։

Այո։ Եվ սա առանցքային խնդիր է։ Առանց իրականության ուղիղ ընդունման, հնարավոր չէ կառուցել որևէ քաղաքական կամ հասարակական ռազմավարություն։ Անկեղծությունը հաճախ ընկալվում է որպես թուլություն կամ «ոչ քաղաքական» մոտեցում, բայց իրականում դա ռացիոնալ կառավարման նախապայման է։

 Պատերազմի ընթացքում և դրանից առաջ ի՞նչ կառուցվածքային խնդիրներ կային։

Ցածր դիմադրողականություն, թույլ ինստիտուտներ և առաջնորդության ճգնաժամ։ Համեմատությունը 90-ականների հետ այստեղ շատ խոսուն է։ Այդ ժամանակ կային ֆիգուրներ, որոնք ոչ միայն ռազմական, այլև գաղափարական առաջնորդություն էին ապահովում՝ Մոնթե Մելքոնյան,  Լեոնիդ Ազգալդյան և էլի ուրիշներ։ Այսօր այդ մակարդակի առաջնորդություն չի ձևավորվել։

Պատմական փորձն ինչպիսի՞ ուղերձ է տալիս մեզ։

Ամենաուշագրավ օրինակը հետպատերազմական Գերմանիան է։ Գերմանիան պարտությունից հետո ոչ թե փորձեց թաքցնել իր անցյալը, այլ ինստիտուցիոնալ ձևով առերեսվեց դրա հետ։ Ընդունեց իր պարտությունը։ Այդ գործընթացը ծանր էր, բայց հենց դա թույլ տվեց դուրս գալ պարտության հոգեբանական ճգնաժամից։ Մեր դեպքում տեղի է ունենում հակառակը՝ իրականության ծածկում և դրա փոխարինում հարմարավետ նարատիվներով։

Արտաքին կախվածությունից դուրս գալը որքանո՞վ է իրատեսական։

Դա ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն, բայց այն արգելակվում է վախով՝ թե անկախացումն ավտոմատ բերում է պատերազմի։ Սա սխալ դիլեմա է։ Պատերազմը չի կանխվում կախվածությամբ։ Այն կանխվում է կարողություններով։

Կուզենայի մտաբերել 1938թ․-ին Մյունխենի համաձայնագրի կնքումից հետո Չերչիլի հայտարարությունը, դիմելով բրիտանացիրներին, ասաց՝ «Դուք ընտրությունից առաջ ունեիք պատերազմ և նվաստացում։ Դուք ընտրեցիք նվաստացումը և կունենաք նաև պատերազմ»։

 Այսօրվա «խաղաղությունը» ինչպե՞ս կբնութագրեք։

Որպես չձևակերպված պարտության շարունակություն։ Այն ներկայացվում է որպես կայունություն, բայց իրականում պարունակում է նույն չլուծված հակասությունները։ Եթե այդ հակասությունները չաշխատեն, ցանկացած «խաղաղություն» կմնա փխրուն։

Ինչո՞ւ 90-ականներին հաջողվեց մոբիլիզացնել հասարակությունը։ Հաղթեցինք համարյա առանց բանակ, առանց զենք, անփորձ։

Որովհետև կար կուտակված պատմական լարում՝ ինքնության, հիշողության, արդարության պահանջ։ Այդ էներգիան ձևավորեց բարձր մասնակցություն և պատրաստակամություն։

90-ականներին մի ամբողջ սերնդի վրեժ կար, ցասում՝ սկսած 20-ականներին տարբեր տեղերից Հայաստան տեղափոխված հայերից, որոնց մի մասին հետագայում աքսորեցին, և նրանց զավակները շատ հարցեր ունեին, որովհետև երկար ժամանակ արգելված էր անգամ Արևմտահայաստանի մասին խոսել, Ցեղասպանությանն անդրադառնալ, 65-ականներին  ինչ որ շարժումներ եղան, սակայն նորից էդ ամենը ճահիճի նման ծածկվեց, որն ավելի ուշ պոռթկաց։ Հիմա ասում են մոռացեք, որ խաղաղություն լինի:

 Իսկ այսօր հասարակության հիմնական բնութագիրը ո՞րն է։

Սպառողականություն և պատասխանատվության դեֆիցիտ։ Հասարակությունը պահանջում է արդյունք, բայց պատրաստ չէ կրել դրա գինը։ Սա համակարգային հակասություն է, որը երկարաժամկետ չի կարող պահպանվել։ Մեր պրոբլեմը պատասխանատվության գիտակցության պակասն է։

 Ի՞նչ է անհրաժեշտ փոխելու համար իրավիճակը։

Առաջին հերթին՝ խոսել։ Բայց ոչ թե ձևական, այլ բովանդակային պատճառների, սխալների և պատասխանատվության մասին։ Քանի դեռ դա չի արվել, ցանկացած լուծում լինելու է ժամանակավոր։ Իսկ չլուծված իրականությունն ունի մի հատկություն՝ այն միշտ վերադառնում է, սովորաբար՝ ավելի ծանր ձևով։

Սուսաննա Շահնազարյան
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Մենք պարտությունը չենք վերլուծել. զրույց ինքնախաբեության և պատասխանատվության մասին
    Հասարակություն

    Մենք պարտությունը չենք վերլուծել. զրույց ինքնախաբեության և պատասխանատվության մասին

    Ապրիլ 4, 2026
    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.