Հասարակական խնդիրների լուծման ճանապարհին ամենամեծ մարտահրավերը հարմարվողականությունն է, սպասումը, պատրանքը, թե ինչ-որ մեկը պիտի գա ու լուծի մեր խնդիրները։ Այս սինդրոմն ավելի ցավոտ է արտահայտվում խոցելի խմբերի, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում։ Ինչպես կոտրել այս հոգեբանական պատնեշն ու մարդկանց դարձնել սեփական կյանքի և համայնքի փոփոխության կրողը։ Սա միայն իրավունքների կամ հարմարեցված միջավայրի հարց չէ. սա, առաջին հերթին, քաջության ու պատասխանատվության պատմություն է։
Սոցիալական բարեփոխումների համատեքստում տեղական նախաձեռնությունների մասին խոսել ենք Սյունիքում աշխատող «Դարման» ՀԿ-ի նախագահ Շուշան Միրումյանի հետ։
Փոփոխության կրողը. բողոքի մշակույթից դեպի պատասխանատվություն
«Մարդուն փոփոխության կրող դարձնելու համար անհրաժեշտ է, որ նա վերցնի պատասխանատվություն։ Իսկ գործողություն անելն ու այդ քայլի հետևանքները կրելը քաջություն է պահանջում։ Սա չի վերաբերում միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց, այլ՝ բոլորիս»,- նշում է Շուշան Միրումյանը։
Ըստ նրա, հասարակության մեջ տարիներով կուլտիվացվել է միայն բողոքելու մշակույթը։ Մարդիկ հաճախ գիտեն՝ ինչից են դժգոհ, բայց չգիտեն՝ ինչ են ուզում և ինչպես տեսնել լուծումը։ Հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում համակարգն ու կարծրատիպերն ամեն ինչ արել են, որպեսզի նրանք նախաձեռնողականություն չդրսևորեն։ Խնդիրը բազմաշերտ է՝ տնից դուրս գալու տարրական, ֆիզիկական հնարավորության բացակայությունից մինչև գիտելիքի պակաս։
«Ակտիվացման ամենալավ ձևը հաջողված օրինակներն են։ Երբ անում ես առաջին, երկրորդ, երրորդ քայլը, անպայման չէ, որ միանգամից ստացվի։ Չստացվելն էլ է ուժեղացնում, բայց երբ խնդիրը լուծվում է, մարդը ձեռք է բերում ամենակարևորը՝ ինքնավստահություն։ Մենք չպետք է առանձնացնենք այս մարդկանց։ Նրանց մեջ բացառիկ մարդկային արժեքներով, անկոտրում ու ազնվագույն տեսակ կա։ Նպատակը նրանց փոխարեն անելը չէ, այլ հուշելն ու նպաստելը, որ իրենք պայքարեն իրենց իրավունքների և կյանքը փոխելու համար»։
Որպես ինքնուրույնության և պատասխանատվության օրինակ, Շուշանը մատնանշում է գորիսեցի Քրիստինեին, ում լավ են ճանաչում տեղացիները։ Նրա խնդրի քննարկման մեկնարկին բոլորին մտահոգում էր, թե ինչպես է նա միայնակ ապրելու, իր կենցաղային հարցերը հոգալու, շատերն էին թերահավատ․բայց Քրիստինեն իր օրինակով ցույց տվեց, որ եթե ապահովվեն համապատասխան պայմաններ, հնարավոր է ինքնուրույն կյանքով ապրել։
«Ու երբ նա տեղափոխվեց առանձին ապրելու ու սկսեց ինչ-որ կենցաղային հարցերից բողոքել, ես նրան ասեցի՝ դո՛ւ ուզում էիր մենակ ապրել, սա քո ընտրությունն է ու քո տունը, հիմա սովորի՛ր կրել ամբողջ պատասխանատվությունը։ Մենք կարող ենք օգնել, բայց հիմնական գործառույթը քոնն է։ Այսօր, երբ այդ աղջիկն անցնում է քաղաքով, երբ առավոտյան իր տանը բարձր երաժշտություն է միացնում ու վայելում կյանքը, դա մեծագույն մոտիվացիա է։ Տեսնելով նրան, կողքի «ժամանակավորապես հաշմանդամություն չունեցող» մարդը վերագնահատում է իր սեփական կյանքն ու խնդիրները»,- ասում է Շուշանը։
Շուշան Միրումյանը վստահ է՝ ոչ մի գերխնամք լավ տեղ չի տարել։ Այն սպանում է կամքն ու ինֆանտիլիզմ (արտահայտվում է պատասխանատվությունից խուսափելով, սեփական զգացմունքները կառավարելու անկարողությամբ, իսկ որոշումներ կայացնելիս՝ ուրիշներից կախվածությամբ։ [Սակայն, հակառակ տարածված կարծրատիպի, Շուշանի հնգամյա փորձը ցույց է տվել, որ մեր իրականությունում գերխնամք տանող ընտանիքները քիչ են. ավելի շատ է անտարբերությունը։
«Ընտանիքին էլ չենք կարող մեղադրել։ Նրանք պատրաստ չեն լինում այդ ծանր հարվածին։ Երբ ծնողին առաջին անգամ ասում են, որ երեխան խնդիր ունի, դա ընդունելն ու լուծումներ գտնելը հոգեբանական ծանրագույն աշխատանք է։ Այդ պահին նրանց կողքին պետք է լինեն մասնագիտացված ծառայություններ, որոնց մեծ բացն այսօր ունենք»,- ցավով ասում է նա։
Խնդիրը խորացնում են նաև կարծրատիպերը՝ «բա համայնքոում ի՞նչ կասեն» և երբեմն այս հոգեբանության պատճառով կարող են տանը «թաքցնե»լ երեխային։
Գորիսի սոցիալական նախաձեռնությունները
Որպես մարդ, ով կյանքի մեծ հատվածն ապրել է Գորիսից ու Հայաստանից դուրս, Շուշանն անկեղծանում է՝ սկզբում իր համար խորթ էր տարրական սոցիալական ծառայությունների բացակայությունը։ Հետո եկավ գիտակցումը՝ 30 տարի մեր երկիրը էքզիստենցիալ՝ գոյատևման խնդիր է լուծել, իսկ դամոկլյան սրի պես կախված պատերազմի վտանգի կողքին սոցիալական հարցերը մղվել են երկրորդ պլան։
Այդուհանդերձ, վերջին 5 տարիներին Գորիսը կտրուկ թռիչք է գրանցել։ Ամեն ինչ սկսվել է վերականգնողական կենտրոնի հիմնադրմամբ։ Սկզբում մարդիկ կարծում էին, թե խոսքը «մասաժի» մասին է։
«Կենտրոնում աշխատելիս տեսա, թե ինչ անհանդուրժողականություն կա։ Տաքսու վարորդները հաճախ չէին ուզում սայլակով մարդ տեղափոխել, իսկ գյուղերից եկող համատեղ տաքսիների ուղևորները դժգոհում էին, երբ հաշմանդամություն ունեցող մի քանի րոպե ուշ է կարողանում տեղավորվել մեքենայում։ Այսպես ստեղծվեց “Սոցիալական տաքսի” ծառայությունը, որն արդեն տարածվել է նաև Սյունիքի այլ համայնքներում»։
Այժմ «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրի շրջանակում Գորիսում հիմնվում է հարմարեցված լողավազան՝ 6-16 տարեկան հաշմանդամություն կամ տրավմաներից հետո ժամանակավոր սահմանափակումներ ունեցող երեխաների համար։ Քաղաքում գործում է նաև հալոթերապիայի (աղի) սենյակ, և օրեցօր մեծանում է մեծահասակների համար հոգեբանական ծառայությունների պահանջարկը։
Շուշանն ասում է, որ ինքը հատուկ չի նստել ու նախագծեր գծել. ամեն ինչ ծնվել է կյանքից, կոնկրետ պատմություններից ու բացերը նկատելուց։ Երբ բացվեց մեծահասակների վերականգնողական կենտրոնը, այնտեղ սկսեցին բերել նաև փոքրիկ երեխաների։ Անմիջապես ակնառու դարձավ, որ Գորիսում չկա մասնագիտացված մանկական ծառայություն։ Խնդրի առկայությունից հետո է Շուշանը ձեռնամուխ եղել, որ Գորիսն ունենա նաև մանկական վերականգնողական կենտրոն։ Հետո արդեն նախաձեռնել է աուտիզմի յենտրոն հիմնադրելու գործը, որն ընթացքի մեջ է։
«Լուծումը պարտադիր չէ լինի այն, որ մարդը վեր կենա ու վազի։ Կարևորն այն է, թե նա որքանով է իրեն ներառված զգում և ինչպես է իրացնում իր հնարավորությունները։ Մենք գիտենք, որ Քրիստինեն սայլակից վեր չի կենալու ու քայլի, բայց նա ինքնուրույն է ու երջանիկ։ Սա է կարևորը, որովհետև մարդու գերագույն առաքելությունը երջանիկ ապրելն է։
Նա խոսում է նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար Գորիսի փողոցներում տակտիլային գծանշումների անհրաժեշտության մասին։
«Երջանկությունը սրտում է և գլխում»
Ներառականություն բառը մեր իրականության մեջ հաճախ սխալ է կիրառվում։ Մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) ծնված երեխաների ծնողների համար գերագույն նպատակը երեխայի քայլելն է, մինչդեռ խնդիրը դրանով չի լուծվում։
«Ինչպես ասում է մեր փայլուն մանկական օրթոպեդ Կարեն Քոլոյանը՝ երջանկությունը ձեռքի կամ ոտքի կարողությունների մեջ չէ, երջանկությունը սրտում է և գլխում։ Մարդու ամենամեծ առաքելությունն այս աշխարհում երջանիկ ապրելն է»։
Այս գաղափարի բեկումնային կետը Գորիսում կազմակերպված առաջին ներառական համերգն էր։ Դա խղճահարության մասին չէր, դա քաջության դրսևորում էր։ Հանդիսատեսը, նույնիսկ տղամարդիկ, արցունքներն էին սրբում, բայց ոչ ոք չխղճաց բեմում կանգնած երեխաներին. նրանցով հիացան։ Ամենակարևորը՝ ծնողները վերահայտնաբերեցին իրենց երեխաներին, հասկացան, որ նրանցով պետք է հպարտանալ, այլ ոչ թե թաքցնել։
Նույնպիսի հզոր ուղերձ էր մայիսի վերջին Երևանից 41 հոգու, այդ թվում՝ ծանր հաշմանդամություն ունեցող 22 երեխաների և նրանց ծնողների այցը Գորիս՝ «Կողք կողքի» փառատոնի շրջանակներում։
«Սա մի քանի կարևոր ուղերձ էր աշխարհին։ Առաջինը՝ Սյունիքը, Գորիսը անվտանգ են։ Երկրորդը՝ սա հայրենաճանաչություն էր այն ընտանիքների համար, որոնք երբեք չէին եղել այստեղ։ Եվ երրորդ՝ սա ցույց տվեց ներառական տուրիզմի հսկայական էֆեկտը։ Պատկերացրեք՝ եվրոպացի զբոսաշրջիկը գալիս է Գորիս ու տեսնում սայլակով մարդու, որն ազատ շրջում է փողոցներով։ «Իմ կյանքի մեծագույն հաղթանակներից մեկն այն էր, երբ սիրելի մարդկանցիցս մեկը զանգեց ու ասաց՝ «Շնորհակալություն, ես կյանքումս առաջին անգամ Գորիսի խանութում սայլակի վրա նստած մարդ տեսա»։ Սա շղթայական հաղթանակ է՝ ընտանիքի, որը թույլ տվեց նրան դուրս գալ, խանութի, որն ընդունեց, հասարակության, որը չխորշեց։ Հենց այստեղից էլ սկսվում է իրական, ոչ թե թղթի վրա գրված ներառականությունը»,- զրույցի ավարտին ասում է Շուշան Միրումյանը։

Լրագրող




