«Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանն է, ում հետ զրուցում ենք սահմանամերձ համայնքներում սոցիալական ծառայությունների ներդրման և զարգացման մասին։
Մինչև 2020 թվականը ԳՈՒՄ ՀԿ-ն հիմնականում զբաղվում էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմամբ և կրթական ծրագրերի իրականացմամբ։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո գործունեության հիմնական ուղղություններից մեկը դարձավ Արցախից տեղահանված բնակչության աջակցությունը։
Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ Գորիսում, Շինուհայրում, Տեղում և Սիսիանում ստեղծվեցին «Բարեկամ» ընտանիքի, երեխաների, երիտասարդների աջակցման կենտրոններ, որտեղ երեխաներին տրամադրվում էին կրթական, սոցիալական և հոգեբանական ծառայություններ։ Ձեռք բերած փորձի հիման վրա կազմակերպությունը հետագայում Գորիսում և Տեղում հիմնեց երեխաների ցերեկային խնամքի կենտրոններ, որոնք այսօր գործում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ։ Միաժամանակ կազմակերպությունը սեփական միջոցներով ծառայություններ է տրամադրում նաև պետական ֆինանսավորման շրջանակում չընդգրկված երեխաներին։
Կենտրոնների շահառուները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող 6–18 տարեկան երեխաներն են։ Նրանց շրջանում ամենամեծ խումբը 6–14 տարեկաններն են։ Երեխաները բաժանված են կրտսեր, միջին և ավագ խմբերի՝ մասնակցելով իրենց տարիքին և կարիքներին համապատասխան միջոցառումների։
Կենտրոններում երեխաները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն, լոգոպեդի ծառայություններ, մասնակցում արտթերապիայի, մասնագիտական կողմնորոշման, քաղաքացիական կրթության և զարգացման այլ միջոցառումների։
Արտաշես Տոռոզյանի խոսքով՝ «կազմակերպության նպատակը երեխաներին պարզապես կենտրոնում պահելը չէ, այլ նրանց օգնելը՝ հաղթահարելու դժվարությունները, զարգացնելու կարողությունները և ինտեգրվելու համայնքային կյանքին։ Այդ նպատակով երեխաներին ծանոթացնում են տարբեր մասնագիտությունների, բացահայտում նրանց հետաքրքրություններն ու ընդունակությունները։ Օրինակ՝ նկարչությամբ հետաքրքրվող երեխաներին ուղղորդում են համայնքում գործող նկարչական դպրոց, իսկ մարզական հակումներ ունեցողներին՝ սպորտային դպրոց։ Երեխաները ներգրավվում են նաև ամառային, աշնանային և ձմեռային դպրոցներում»։
Տոռոզյանը կարևորում է նաև երեխաների ընտանիքների, հատկապես ծնողների հետ աշխատանքը։ Նրա խոսքով՝ երեխայի խնդիրների հաղթահարման և ընտանիքում իրավիճակի բարելավման գործում ծնողները մեծ դեր ունեն։ Այդ նպատակով կենտրոններում գործում են «Ծնողական դպրոցներ», որոնց միջոցով կազմակերպությունն աշխատում է ծնողների հետ՝ կարևորելով նրանց ներգրավվածությունը երեխաների զարգացման և աջակցության գործընթացում։
Կազմակերպությունը տնային խնամքի ծառայություններ է տրամադրում նաև Տեղ համայնքի (ներկայումս՝ Գորիս համայնք) յոթ բնակավայրերում բնակվող միայնակ տարեցներին։ Իրականացված կարիքների գնահատման արդյունքում համայնքի բնակավայրերում հայտնաբերվել էր շուրջ 70 միայնակ ապրող տարեց, որոնցից 22-ն ընդգրկվել են ծրագրում։ Շաբաթական երկու անգամ կազմակերպության աշխատակիցներն այցելում են նրանց՝ օգնելով առօրյա և կենցաղային խնդիրների լուծման հարցում, տրամադրելով սոցիալական և հոգեբանական աջակցություն։
Տոռոզյանի խոսքով՝ տարեցների խնամքի ծառայությունը ներկայում արտաքին ֆինանսական աջակցություն չունի, և կազմակերպությունն այն շարունակում է սեփական միջոցներով։ Այժմ ֆինանսավորման նոր աղբյուրներ են փնտրում՝ ծառայության շարունակականությունն ապահովելու համար։
Այս ծառայությունների կազմակերպման գործում կարևոր դեր ունի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Գորիսի և Տեղի համայնքապետարանները տարածքներ են տրամադրել կենտրոնների գործունեության համար, իսկ Տեղի համայնքապետարանը 2025 թվականին համայնքային բյուջեից ֆինանսական աջակցություն է հատկացրել տարեցների խնամքի ծառայության չորս ամսվա ֆինանսավորումն ապահովելու նպատակով։
Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է նաև համայնքապետարանների սոցիալական աշխատողների, Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային բաժանմունքի և գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ՝ փորձելով ժամանակին արձագանքել ընտանիքների և երեխաների խնդիրներին։
Արտաշես Տոռոզյանն ընդգծում է, որ կազմակերպության աշխատանքի կարևոր սկզբունքներից է երեխաների՝ ընտանիքում ապրելու հնարավորության պահպանումը։ «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա ընտանիքում՝ շրջապատված սիրով, հոգատարությամբ և ապահովությամբ»,– նշում է նա։
***
Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ–ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Լրագրող


