«Սանտե Արմենի» (Sante Arménie) բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ 2021 թվականին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բացված ֆրանս-հայկական վերականգնողական կենտրոնն սկսել է իր գործունեության հինգերորդ տարին»:
Կենտրոնը ստեղծվել է 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո՝ հանրապետության հեռավոր ու սահմանամերձ շրջանում բժշկական ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով: Ինչպես նշում է կենտրոնի ղեկավար Կարինե Շահբազյանը, անցած հինգ տարիների ընթացքում հաղթահարվել են բազմաթիվ դժվարություններ, իսկ մատուցվող ծառայությունները միտված են եղել մարդկանց կյանքում դրական փոփոխություններ բերելուն։
Հնգամյա գործունեության ընթացքում Գորիսի վերականգնողական կենտրոնն ընդլայնել է իր ծրագրերը՝ ապահովելով մի շարք առանցքային ուղղություններ, որոնց շրջանակներում ընտանեկան բժիշկները այցելություններ են կազմակերպում մարզի գյուղեր՝ բնակչությանն անվճար բժշկական ծառայություններ մատուցելու համար։ Կենտրոնում գործում են մեծահասակների և մանկական վերականգնողական բաժանմունքներ, որոնք սպասարկում են նյարդաբանական, օրթոպեդիկ, ռևմատիկ և այլ խնդիրներ ունեցող պացիենտների: Գործում է հոգեբանների թիմ, որն իրականացնում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքներ: Վերջերս գործարկված նոր ծրագրի շրջանակում կանանց առաջարկվում են համապարփակ հետազոտություններ, այդ թվում՝ գինեկոլոգիական, մամոգրաֆիկ և արյան լաբորատոր անալիզներ:
Կենտրոնի հիմնասյուներից է հայ-ֆրանսիական փորձի և գիտելիքների փոխանակումը: Ֆրանսիայից ժամանած բժշկական մասնագետները պարբերաբար մասնակցում են տեղում բուժառուների ընդունելություններին, շահառուների խնամքի կազմակերպմանը:
Տեղի բուժաշխատողների կարողությունները զարգացնելու նպատակով կազմակերպվում են առցանց վերապատրաստման դասընթացներ, բազմամասնագիտական առցանց ժողովներ և մասնագիտական կոնֆերանսներ։ Հայաստանյան մասնագետների համար հասանելի է դարձել նաև ֆրանսիական բժշկական պարբերականի թարգմանությունը:
Այսօր կենտրոնը սպասարկում է ոչ միայն Գորիսի, այլև Սյունիքի մարզի այլ համայնքների բնակիչների: Արդյունավետ համագործակցություն է հաստատվել տեղական իշխանությունների, մարզպետարանի, ինչպես նաև Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄՀԱԿ) հետ:
Կենտրոնի ղեկավար Կարինե Շահբազյանը տեսաուղերձով անդրադարձել է անցած ճանապարհին՝ հիշելով, որ 2021 թվականի սեպտեմբերին ֆրանսիացի գործընկերների հետ առաջին անգամ ուղևորվել է Երևանից Գորիս, և այդ պահից սկսած՝ իր գործունեությունը կապել է Սյունիքի հետ։ Շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի մասնագետներին, նա շեշտել է, որ կենտրոնը պետք է լինի ոչ միայն սարքավորումներով հագեցած շենք, այլև գիտելիքի և մարդկային ջերմ վերաբերմունքի վայր:
Ապագա կարևորագույն առաջնահերթություններից Կարինե Շահբազյանն առանձնացնում է մի շարք ուղղություններ՝աուտիզմի սպեկտրի խանգարումների վաղ ախտորոշում, ինսուլտ տարած հիվանդների, կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո վերականգնողական բուժման ծրագրերը։



