
Նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կայացել է ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Mediapoint.am-ի թիմը ներկա է եղել դատական նիստին, սակայն դատարանը, հաշվի առնելով մեղադրյալի առարկությունը, չի թույլատրել նիստի տեսանկարահանումն ու լուսանկարահանումը։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպի առթիվ։ Մուսաևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև մի շարք այլ ենթադրյալ հանցագործությունների կատարման, այդ թվում՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին։ ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով՝ ադրբեջանցի զինծառայողը ժամը 14։00-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել Շաքի բնակավայրի բնակելի տներից մեկը և, նկատվելուց հետո, կրակոց արձակել։ Հրազենային վնասվածք է ստացել 1987 թվականին ծնված կինը։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև նրա երկու անչափահաս երեխաները՝ մեկի մոտ ախտորոշվել է դաստակի կոտրվածք, մյուսի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։


