Հոդվածը պատրաստվել է 2026 թվականի հոկտեմբերի 4–7-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված «Մարզային լրատվամիջոցների ուսումնական այցի» հիման վրա։ Այցը կազմակերպել էր էստոնական PractNet կազմակերպությունը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ժողովրդավարական դիմակայունության պաշտպանություն․ ռազմավարական հաղորդակցություն և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին ու միջամտությանը հակազդում» ծրագրի շրջանակում։ Նպատակն էր հայ լրագրողներին ծանոթացնել ընտրությունների օբյեկտիվ և հավասարակշռված լուսաբանման էստոնական փորձին, ինչպես նաև օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության (FIMI) բացահայտման ու հակազդման գործելակերպերին։
Այդ փորձի կիրառելիությունը Հայաստանի տեղական ընտրությունների համատեքստում դիտարկելու համար համեմատել ենք Գորիս և Հաապսալու քաղաքների ընտրությունների լուսաբանման առանձին օրինակներ։
Նախընտրական բանավեճեր
Էստոնիայի Հաապսալու քաղաքում 2025 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած ՏԻՄ ընտրություններին ընդառաջ առաջին նախընտրական բանավեճը կազմակերպվել էր Լաանեմաայի հաշմանդամություն ունեցող մարդկանց միության նախաձեռնությամբ։ Մասնակցում էին վեց ընտրական ցուցակների առաջին համարները, այդ թվում՝ գործող քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը, Օլավի Սեյսոնենը և Յանեկ Մյագին։ Սկզբում յուրաքանչյուր թեկնածու ներկայացրել է իր ծրագրի առաջնահերթությունները, ապա թեկնածուները հարցեր են ուղղել գործող քաղաքապետին, իսկ նա՝ նրանց։ Հարցեր ուղղելու հնարավորություն է ունեցել նաև հանդիսատեսը։
Քննարկումը սկսվել է աշխատատեղերի ստեղծման և քաղաքում ներդրումներ ներգրավելու հարցերից։ Երբ Սեյսոնենը Սուկլեսին հարցրել է, թե քաղաքապետի պաշտոնում իր ունեցած որ ձախողումն է մինչ օրս անհանգստացնում նրան, Սուկլեսը նշել է, որ Հաապսալուի երկաթուղու նախագիծը պետական ֆինանսավորում չի ստացել։
Հանդիսատեսի հարցերից մեկը վերաբերում էր Պոստի փողոցի մատչելիությանը, քանի որ անվասայլակի անիվները կարող էին խրվել հետիոտնային անցումների սալերի միջև եղած բացվածքներում։ Թեկնածուներից մեկը, արձագանքելով մտահոգությանը, հարցրել է՝ քաղաքը պատրաստվո՞ւմ է լուծել խնդիրը։ Գործող քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը խոսել է նախատեսվող երաշխիքային նորոգման մասին։ Մրցակիցներից մեկը պնդել է, որ հետիոտնային անցումները պետք է վերակառուցել, իսկ մյուսը շեշտել է շինարարության վերահսկողության խնդիրը։ Յանեկ Մյագին հարցին չի անդրադարձել։ Բնակչի հարցը վերածվել է փողոցի վերանորոգման և քաղաքապետարանի պատասխանատվության մասին քննարկման։
Տարածաշրջանային «Լաենե Էլու» թերթի ռեպորտաժի շնորհիվ թեկնածուների պատասխանները հասանելի են դարձել նաև դահլիճից դուրս։ Հրապարակումը ցույց էր տալիս, թե թեկնածուներից ով է խնդիրը կապում նորոգման, ով՝ գնման պայմանների, ով էլ՝ աշխատանքների վերահսկողության հետ։ Յուրաքանչյուր պատասխան, իր հերթին, հիմք էր տալիս լրագրողական հաջորդ հարցի համար՝ ե՞րբ է նախատեսված նորոգումը, ի՞նչ էր պահանջվում պայմանագրով, ո՞վ էր պատասխանատու կատարված աշխատանքն ընդունելու համար։
Հայաստանում, մասնավորապես, Սյունիքի մի շարք համայնքների ՏԻՄ ընթացիկ ընտրությունների ուսումնասիրված քարոզարշավներում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները հազվադեպ են հնչում թե՛ ընտրողների, թե՛ թեկնածուների կողմից և գրեթե չեն արտացոլվում նախընտրական ծրագրերում։ Այնուամենայնիվ, Մեղրիում նման հարց բարձրացվեց։ «ԳորիսԼԱԲ»-ը՝ https://mediapoint.am/-ի հիմնադիրը, նախընտրական բանավեճ էր կազմակերպել, որին մասնակցում էին հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում գրանցված չորս քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։
Բանավեճն անցկացվում էր քաղաքի մշակույթի տան երկրորդ հարկի նախասրահում և նախատեսված էր երիտասարդների համար։ Դահլիճից հարց հնչեց՝ արդյո՞ք կազմակերպիչներն ու թեկնածուները մտահոգված չեն, որ տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունեցող երիտասարդները չեն կարողացել մասնակցել քննարկմանը։ Հարցը բարձրացնողը նաև նշեց, որ հանդիպման ընթացքում հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին ևս անդրադարձ չի եղել։ Մեկ հանդիպման ընթացքում բազմաթիվ խնդիրներ քննարկելու փորձը դժվարացնում էր առանձին հարցերի խորքային ուսումնասիրությունը։ Հաապսալուի օրինակն այս առումով ուշագրավ է նաև բանավեճի կազմակերպման տեսանկյունից․ կոնկրետ հարցադրումները հնարավորություն էին տալիս համեմատել թեկնածուների պատասխանները։
Գորիսում նման քննարկման անհրաժեշտությունն առավել ակնառու էր համայնքի վերախոշորացումից հետո՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ավագանու ընտրությունների ժամանակ։ Նախկին Գորիս, Տեղ և Տաթև համայնքների 28 բնակավայրերն ընդգրկվեցին մեկ համայնքում։ Ընտրողին անհրաժեշտ էր իմանալ, թե ովքեր են հավակնում ղեկավարել նոր համայնքը և ինչպես են պատկերացնում տարբեր բնակավայրերի խնդիրների լուծումը։ Եթե, օրինակ, գյուղի առաջնահերթությունը տրանսպորտն է, կարևոր են կոնկրետ պատասխանները՝ ինչ երթուղի է առաջարկվում, որքան հաճախ է այն գործելու և ինչ միջոցներով է ֆինանսավորվելու։ Հրապարակային բանավեճի հնարավորությանն անդրադարձել էր «Սյունյաց երկիրը»։ Թերթի լրագրողը թեկնածուներից մեկին՝ Առուշ Առուշանյանին, հարցրել էր՝ հնարավո՞ր է մյուս դաշինքի ներկայացուցչի հետ բանավիճել Գորիսի խնդիրների շուրջ։ «Բայց բանավիճելու նպատակահարմարությունն էլ չեմ տեսնում»,- ասել էր Առուշանյանը՝ նշելով, որ այդ պահի դրությամբ նման առաջարկ չէր ստացել։ Նրա հիմնավորմամբ՝ ընտրողներին արդեն ներկայացնում էին կատարված աշխատանքն ու ապագայի իրենց պատկերացումները, իսկ բնակիչները ճանաչում էին նաև մյուս թեկնածուին։
Թեկնածուների ներկայացումը
Բանավեճը, սակայն, ընտրողին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու ձևաչափերից միայն մեկն է։ Ի՞նչ տեղեկություններ էին հրապարակում երկու համայնքների լրատվամիջոցները, և որքանո՞վ էին դրանք հնարավորություն տալիս համեմատել թեկնածուներին ու նրանց առաջարկները։
Ընտրություններին ընդառաջ https://mediapoint.am/-ը հրապարակեց Գորիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» և «Ապրելու քվե» դաշինքների նախնական ցուցակները՝ բացատրելով առաջադրման ու պաշտոնական գրանցման տարբերությունը։ Տեղական որոշ առցանց լրատվամիջոցներ սոցիալական ցանցերում տեղեկացնում էին նաև Առուշ Առուշանյանի նախատեսված հանդիպումների ժամերի ու վայրերի մասին։ Առաջին հրապարակումն օգնում էր պարզել, թե ովքեր են առաջադրվել, մյուսները՝ որտեղ կարելի է հանդիպել թեկնածուին և հարց ուղղել նրան։
Հաապսալուում «Լաենե Էլու»-ն ընտրություններին ընդառաջ հրապարակել էր Հաապսալուի, Լաանե-Նիգուլայի, Վորմսիի և Լաաներաննայի ավագանիների թեկնածուների ցուցակները։ Թեկնածուները ներկայացվել էին ըստ համայնքների և ընտրական ցուցակների՝ յուրաքանչյուրի անվան կողքին նշելով ընտրական համարը։ Ընթերցողը կարող էր մեկ հրապարակման մեջ տեսնել, թե ովքեր են առաջադրվել իր համայնքում և որ կուսակցության կամ դաշինքի ցուցակով։
Թեկնածուների ներկայացման ձևաչափից բացի, ուշադրության արժանի են նաև խմբագրության ընտրած շեշտադրումները։ Օրինակ՝ 2025 թվականի հուլիսի 15-ին «Լաենե Էլու»-ն քաղաքապետի թեկնածու Օլավի Սեյսոնենի առաջադրման մասին հրապարակման վերնագրում ընդգծել էր նրա նախկին բարձր պաշտոնը։ Նյութի սկզբում նշվում էր, որ նա աշխատել է արտաքին գործերի նախարարությունում որպես փոխկանցլեր, իսկ կուսակցության ներկայացուցիչը խոսել էր Հաապսալուի կրթական կյանքում նրա ներգրավվածության մասին։ Հուլիսի 29-ի հրապարակման վերնագրում, ի տարբերություն առաջինի, նշվել էին Յանեկ Մյագիի անունն ու Կենտրոնական կուսակցությունը, իսկ նախկին նախարարական պաշտոնի մասին տեղեկությունը հայտնվել էր առաջին պարբերությունում։ Այս օրինակները ցույց են տալիս, թե որքան կարևոր են թեկնածուների մասին նյութերի վերնագրերում ու ներածություններում ընտրված շեշտադրումները։
Գորիսի ընտրությունների լուսաբանման առանցքային թեմաներից մեկը հաղթելու առավել հավակնություն ունեցող թեկնածուի՝ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինք կազմելն էր։ Այդ համատեքստում երկրորդ պլան էին մղվում այլ հարցեր՝ ովքեր են առաջադրված ավագանու անդամության թեկնածուները, ինչ փորձառություն ունեն և որքանով կարող են նպաստել համայնքային իշխանության արդյունավետ գործունեությանը։
«Ինֆոքոմը» ևս հարցազրույցներ էր կազմակերպել Գորիսի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների հետ։ Այստեղ ևս շեշտը հիմնականում դրված էր թեկնածուի քաղաքական անցյալի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինք կազմելու հանգամանքի, ոչ թե համայնքային խնդիրների վրա։
mediapoint-ի մեկ այլ հրապարակում հետադարձ հայացք էր նախորդ ավագանու աշխատանքին։ 2021–2026 թվականներին Գորիսի ավագանին գումարել էր 80 նիստ՝ 48 հերթական և 32 արտահերթ։ Նյութում ներկայացված էին նաև անդամների մասնակցության տվյալները։ Դրանք հնարավորություն էին տալիս նախընտրական հայտարարությունների կողքին դիտարկել արդեն կատարված աշխատանքը։ Ավագանու գործունեության ավելի ամբողջական պատկերի համար կարևոր է պարզել նաև, թե անդամներն ինչ հարցեր են բարձրացրել, ինչպես են քվեարկել և ինչ արդյունք են ունեցել ընդունված որոշումները։ Սակայն այդ հոդվածի ընթերցողների թիվը շատ փոքր էր։
«Ամփոփ Մեդիան» նախընտրական ռեպորտաժը կառուցել էր բնակիչների ակնկալիքների շուրջ՝ անդրադառնալով համայնքի խնդիրներին ու սպասվող փոփոխություններին։
Թեկնածուին ճանաչելը և նրա առաջարկը գնահատելը տարբեր հարցեր են։ Հաապսալուի ռեպորտաժը ցույց է տալիս, թե ինչ տեղեկություն է ավելացնում հրապարակային բանավեճը։ Գորիսի դեպքում նույն հարցերի շուրջ բանավեճը կամ զուգահեռ հարցազրույցները հնարավորություն կտային համեմատել երկու դաշինքների առաջարկները, օրինակ՝ պարզել, թե ինչ սկզբունքով են բաշխելու համայնքի բյուջեն Գորիս քաղաքի և մյուս բնակավայրերի միջև։ Խմբագրությունը կարող էր բնակիչներից հարցեր հավաքել, նույն ձևակերպմամբ ուղղել երկու քաղաքական ուժերին և պատասխանները ներկայացնել մեկ հրապարակմամբ՝ ճշտելով առաջարկների արժեքը, ֆինանսավորման աղբյուրներն ու ժամկետները։
Եթե թեկնածուն խուսափում է կոնկրետ խոստումներ տալուց՝ հիմնավորելով դա առաջնահերթությունների հնարավոր փոփոխությամբ, լրագրողական հարցադրումները կարող են վերաբերել հենց դրանց սահմանմանը։ Ի՞նչ չափանիշներով է որոշվելու, թե որ խնդիրն է հրատապ, ինչպե՞ս են ներգրավվելու բնակիչները և ի՞նչ սկզբունքով են վերանայվելու արդեն հաստատված ծրագրերը։
Հետաքրքիր զուգահեռ կա Հաապսալուի արդեն ընտրված համայնքի ղեկավար Օլավի Սեյսոնենին ի և Գորիսի համայնքի ղեկավարի թեկնածուների՝ ընտրողներին խոստումներ տալու առումով։ Եթե Գորիսի պարագայում հիմնական թեկնածուն՝ Առուշ Առուշանյանը քարոզչության ընթացքում որևէ խոստում չի տվել, Օլավի Սեյսոնենին ասում է, որ խոստումները կարող են և չիրականացվել, որովհետև հնարավոր է, որ առաջնահերթությունները փոխվում են։
Mediapoint-ն անդրադարձել է նաև Գորիս համայնքի վերախոշորացման վերաբերյալ բնակիչների ակնկալիքներին ու մտահոգություններին՝ ներկայացնելով հեռավոր գյուղերի բնակիչների տեսակետները։ Նյութում բարձրաձայնվում են հանրային ծառայությունների հասանելիության, տրանսպորտային կապի և համայնքային որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության խնդիրները։ Սա ավելի լայն՝ ռազմավարական նշանակության խնդիր է, որին Հաապսալուի ուսումնասիրված հրապարակումներում համարժեք անդրադարձ չենք հանդիպել։
Գորիսի դեպքում նախորդ ավագանու աշխատանքի տվյալներն ընտրողին թույլ էին տալիս գնահատել անցած տարիները, իսկ Հաապսալուի բանավեճը՝ համեմատել գործող ղեկավարի ու մրցակիցների դիրքորոշումները կոնկրետ հարցերի շուրջ։ Այս մոտեցումները համադրելով՝ հնարավոր է ներկայացնել թե՛ նախկինում կատարվածը, թե՛ առաջարկվող լուծումները։ Ուսումնասիրված հրապարակումները, սակայն, ցույց են տալիս միայն, թե ինչ տեղեկություն էր հասանելի ընտրողին։ Պարզելու համար, թե մարդիկ ինչ տեղեկություններ են փնտրել և ինչից են օգտվել քվեարկության որոշում կայացնելիս, անհրաժեշտ են նաև բնակիչների հետ հարցազրույցներ, ինչը կարող է մի ընդարձակ հետազոտության առարկա դառնալ։
Տեղական մեդիան և խմբագրական անկախությունը
Նման լուսաբանումը կախված է նաև նրանից, թե ինչ պայմաններում է աշխատում խմբագրությունը և որքանով է ազատ որոշելու, թե ինչ հարցեր բարձրացնի։ Տալլինում այս հարցն առանձին քննարկման թեմա էր։
Էստոնիայում մամուլի պատմական նշանակության մասին է վկայում անգամ նախկին ազգային արժույթը։ 500 կրոնանոց թղթադրամին պատկերված էին Կարլ Ռոբերտ Յակոբսոնի դիմանկարն ու նրա հիմնադրած «Sakala» թերթի անվանագլխի մոտիվը։ 1878 թվականին հիմնադրված թերթը կարևոր դեր է ունեցել էստոնական ազգային և մշակութային զարթոնքում։
Այսօր էլ վստահելի լրատվությունը Էստոնիայի տեղեկատվական միջավայրի կարևոր բաղադրիչն է։ 2026 թվականի սեպտեմբերին հրապարակված՝ կառավարության պատվերով անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության համաձայն՝ բնակիչների 66 տոկոսը վստահում էր հանրային հեռարձակողին։ Այդ վստահությունը հատկապես կարևոր է արտաքին տեղեկատվական ճնշումների և ապատեղեկատվության պայմաններում։ Տեղական լրագրության առանցքը հիմնականում թերթերն ու առցանց լրատվամիջոցներն են, մինչդեռ տեղական լրատվական հեռուստաընկերությունների դերը սահմանափակ է։
Ուսումնական այցի ընթացքում Էստոնիայի մեդիա ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Վայնո Կոորբերգ անդրադարձել է անկախ տեղական թերթերի և համայնքային տեղեկագրերի տարբեր գործառույթներին։ Ըստ նրա՝ անկախ տեղական թերթերի մեծ մասը փոքր մասնավոր ընկերություններ են, իսկ համայնքային տեղեկագրերը ֆինանսավորվում են տեղական բյուջեներից և տեղեկացնում իշխանության աշխատանքի մասին։ Կոորբերգը բերել է նաև «Հիյու Լեհտ» թերթի օրինակը․ այն միջոցներ է հավաքել հանրային դրամահավաքով և ունի շուրջ 25 սեփականատեր։
Կոորբերգը խմբագրական անկախության պայմանների թվում առանձնացնում է սեփականության թափանցիկությունը, խմբագրական և բիզնես որոշումների տարանջատումն ու ինքնակարգավորումը։ «Գլխավոր խմբագրի խնդիրն է պաշտպանել խմբագրությունն ու նրա ազատությունը»,- նշում է նա։
Մեդիայի սեփականության թափանցիկության վերաբերյալ այս դիտարկումը համահունչ է Euromedia Ownership Monitor-ի 2025 թվականի զեկույցին։ Այն Էստոնիայի մեդիա շուկայի սեփականության հարաբերություններն ընդհանուր առմամբ գնահատում է որպես թափանցիկ՝ միաժամանակ արձանագրելով շուկայի կենտրոնացումը երկու խոշոր մեդիա խմբերի շուրջ։ Սեփականատիրոջ մասին տեղեկության հասանելիությունն ընթերցողին հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել, թե ում է պատկանում լրատվամիջոցը, սակայն ինքնին չի երաշխավորում խմբագրական անկախությունը։
Հաապսալուի «Լաենե Էլու» թերթի խմբագիր Այվար Ըէպը ներկայացրել է օրինակներ, երբ հրապարակումներից հետո խնդիրներ են լուծվել՝ միաժամանակ անդրադառնալով թերթի հիմնադրի բիզնես շահերին։
Պոստի փողոցի դեպքում քաղաքապետարանի տեղեկագիրը կարող էր հայտնել նախատեսվող նորոգման ժամկետը։ Անկախ խմբագրությունը կարող էր նաև ուսումնասիրել, թե ինչու էր նորոգման կարիք առաջացել, ինչ էր պահանջվում պայմանագրով և ինչ են ասում փողոցից ամեն օր օգտվող մարդիկ։ Այդ աշխատանքի համար անհրաժեշտ են ժամանակ ու միջոցներ։ Կոորբերգն ընդգծում է տեղական մեդիայի ֆինանսական խոցելիությունը, գովազդային եկամուտների տեղափոխումը միջազգային հարթակներ և այն բնակավայրերի խնդիրը, որտեղ համայնքային կյանքը քիչ է լուսաբանվում։ Գորիսի նման խոշորացված համայնքում ևս սա գործնական հարց է՝ ինչպե՞ս ապահովել, որ կենտրոնից հեռու գյուղերի խնդիրները տեղ գտնեն մեդիայի օրակարգում։
Մամուլի ֆինանսական կենսունակության համատեքստում ուշադրության է արժանի նաև հարկային քաղաքականությունը։ Էստոնիայում 2025 թվականի հունվարի 1-ից մամուլի պարբերականների վաճառքի և համապատասխան էլեկտրոնային հրատարակությունների վճարովի բաժանորդագրությունների համար կիրառվում է ԱԱՀ-ի 9 տոկոս արտոնյալ դրույքաչափը, մինչդեռ ընդհանուր դրույքաչափը 24 տոկոս է։
Ընտրական շրջանում կարևոր է նաև քաղաքական գովազդի հստակ մակնշումը՝ ներառյալ պատվիրատուի ու վճարողի մասին տեղեկությունը։ Երբ թեկնածուի վճարովի ուղերձն ու լրագրողի պատրաստած հարցազրույցը հայտնվում են կայքի կամ սոցիալական էջի նույն հոսքում, ընթերցողը պետք է կարողանա տարբերակել, թե ում նախաձեռնությամբ է նյութը պատրաստվել և ով է որոշել դրա բովանդակությունը։ Սյունիքի համայնքների ՏԻՄ ընտրությունների ուսումնասիրված հրապարակումներում նման վճարովի նյութեր չկային։ Թեկնածուների շրջանում տեղական մեդիայի միջոցով ծրագրերը հանրայնացնելու և դրա համար ֆինանսական միջոցներ հատկացնելու պահանջարկը սահմանափակ է։ Սա նաև հարց է առաջացնում, թե որքանով են նրանք վստահում տեղական մեդիայի միջոցով ընտրողներին հասնելու հնարավորությանը։
Ապատեղեկատվությունը և ընտրությունների լուսաբանումը

Խմբագրական անկախությունը կարևոր է նաև այն ժամանակ, երբ ընտրական օրակարգը ձևավորվում է սոցիալական ցանցերում տարածվող չստուգված տեղեկություններով։ Տալլինի այցի մյուս առանցքային թեման նման տեղեկատվական մանիպուլյացիաների բացահայտումն ու դրանց պատասխանատու լուսաբանումն էր։
Ընտրական շրջանում խմբագրությունը որոշում է, թե սոցիալական ցանցերում շրջանառվող որ պնդումներն են արժանի անդրադարձի։ PractNet կազմակերպության մեդիա փորձագետ Հաննես Ռումն այս դժվարությունը ձևակերպում է այսպես․ «Լրագրությունը պետք է հավասարակշռություն գտնի հանրությանը տեղեկացնելու և տեղեկատվական հարձակման ազդեցությունն ուժեղացնելու միջև»։ Երբ պնդումն արագ է տարածվում, իսկ դրա աղբյուրը դեռ հայտնի չէ, լրագրողական հրապարակումը կարող է մեծացնել չստուգված տեղեկության լսարանը։
Delfi-ի հետաքննող և փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրող Մարտա Վունշը կարևորում է տեղեկատվական մանիպուլյացիան արագ նկատելու, արձագանքի անհրաժեշտությունը գնահատելու և անհրաժեշտության դեպքում գործելու կարողությունները։ Նա ընդգծում է առանցքային աղբյուրների հետ կանոնավոր կապի, տեղեկության տարածման ժամանակի ու եղանակի ուսումնասիրության կարևորությունը և զգուշացնում․ «Զգու՛յշ եղեք արտահոսքերի հետ․ ստուգե՛ք դրանք»։ Նրա ներկայացրած շրջանակն առաջարկում է հինգ հարց՝ ո՞վ է տարածում տեղեկությունը, ինչպե՞ս, ի՞նչ բովանդակություն, ի՞նչ ծավալով և ի՞նչ ազդեցությամբ։ Դրանց պատասխաններն օգնում են հասկանալ, թե արդյոք կան համակարգված տարածման նշաններ։
Փաստերի ստուգման դասընթացում Իլյա Բերը ներկայացրել է Provereno.Media-ի ուսումնասիրությունը Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի մասին տարածված կեղծ պատմությունների վերաբերյալ։ Դրանց մի մասը տարածվել էր հայտնի լրատվամիջոցների տարբերանշաններով ձևավորված կարճ տեսանյութերով։ Բերն անդրադարձել է նաև խմբագրությունների արձագանքին․ «Շատ լրատվամիջոցներ ապատեղեկատվության արշավներն այնպես են լուսաբանում, որ ակամա օգնում են կեղծ լուրերի հեղինակներին»։ Եթե հերքող նյութի վերնագրում կրկնվում է կեղծ պնդումն առանց անմիջապես հասկանալի պարզաբանման, ընթերցողը կարող է հանդիպել հենց այդ պնդմանը՝ առանց հերքումը կարդալու։
ՏԻՄ ընտրությունների ժամանակ այս մոտեցումը կիրառելի է, օրինակ, քվեարկությունից քիչ առաջ տարածված փաստաթղթի լուսանկարի նկատմամբ, որը ներկայացվում է որպես համայնքի գաղտնի որոշում։ Լրագրողը կարող է գտնել փաստաթղթի ամբողջական տարբերակը, ստուգել ամսաթիվն ու ծագումը և պարզել, թե ինչ է իրականում որոշվել։ Եթե տարածվել է կտրված լուսանկար, սկզբնաղբյուրի և պատկերի հակադարձ որոնումը կարող են օգնել գտնել ամբողջական տարբերակը։ Հենց ստուգման արդյունքը պետք է դառնա հրապարակման վերնագրի հիմքը։ Նույն կերպ թեկնածուի՝ կատարված աշխատանքի մասին հայտարարությունները կարելի է համադրել համայնքի որոշումների, բյուջեի, պայմանագրերի և բնակիչների փորձի հետ։
Տեղեկությունների ստուգման նույն սկզբունքը կարևոր է նաև ընտրություններից հետո, երբ արդեն հնարավոր է նախընտրական խոստումները համադրել ընդունված որոշումների և կատարված աշխատանքների հետ։
Լուսաբանումը քվեարկությունից հետո
Հաապսալուում «Լաենե Էլու»-ն ընտրությունների գիշերը ներկայացրել է ձայների ու մանդատների բաշխումը։ Դեկտեմբերին ավագանին քաղաքապետ ընտրեց Օլավի Սեյսոնենին։ Հրապարակումների այս հաջորդականությունն ընթերցողին հնարավորություն էր տալիս հետևել քաղաքը ղեկավարող մեծամասնության ձևավորմանը։ Այս առումով օպերատիվ է աշխատել նաև mediapoint-ը, չնայած նա չի լուսաբանել քվեարկության ընթացքը, բայց օրվա ընթացքում եղել են փոքր հրապարակումներ՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին։
Եթե նախընտրական հրապարակումների վերնագրերը հիմնականում տեղեկացնում էին առաջադրումների ու թեկնածուների ցուցակների մասին, ապա արդյունքներին անդրադառնալիս «Լաենե Էլու»-ն շեշտել է նաև դրանց քաղաքական նշանակությունը՝ հաղթանակը ներկայացնելով որպես իշխանափոխություն։ Սակայն, թե՛ Սյունիքում, թե՛ Հաապսալուում հրապարակումների հիման վրա հնարավոր չէ եզրակացնել, թե մեդիայի աշխատանքն ինչ ազդեցություն է ունեցել ընտրությունների, Հաապսալուում՝ իշխանափոխության վրա։
Գորիսում հետընտրական լուսաբանման կարևոր ուղղություն կարող է լինել վերախոշորացումից հետո համայնքի առաջին բյուջեի ուսումնասիրությունը։ Ո՞ր բնակավայրերի ծրագրերն են ներառվել, որքան գումար է հատկացվել, ե՞րբ են սկսվելու աշխատանքները։ Այս տեղեկությունները կարելի է համադրել նախընտրական հայտարարությունների հետ։ Եթե առաջնահերթությունները փոխվել են, լրագրողը կարող է պարզել՝ երբ է կայացվել որոշումը, ինչ հիմնավորմամբ և ում մասնակցությամբ։
Հաապսալուի Պոստի փողոցի հարցին ամբողջական պատասխան տալու համար պետք է վերադառնալ այնտեղ և պարզել՝ նախատեսված նորոգումից հետո ավելի հե՞շտ է անվասայլակով տեղաշարժվել։ Գորիսում ևս լրագրողական ուսումնասիրությունը կարող է սկսվել բնակիչների բարձրացրած կոնկրետ խնդրից և պարզել՝ այն տեղ գտե՞լ է նոր համայնքի բյուջեում, ի՞նչ է արդեն արվել։ Մինչև քվեարկությունը տեղական մեդիան օգնում է ընտրողին համեմատել առաջարկները, իսկ դրանից հետո՝ հետևել, թե դրանցից որն է վերածվել որոշման և ինչ է իրականում փոխվել իր բնակավայրում։
Այդ թեմային հետընտրական շրջանում հետևելու և պարզելու համար, թե որքանով են ապահովվում բնակավայրերի համաչափ զարգացումն ու բարձրաձայնված խնդիրների լուծումը, անհրաժեշտ են ֆինանսական ռեսուրսներ։ Սա մարտահրավեր է նաև Էստոնիայի տարածաշրջանային լրատվամիջոցների համար, այն տարբերությամբ, որ այնտեղ կիրառվում է վճարովի բաժանորդագրության մոդելը։
Ի դեպ, վերջերս ՀՀ Ազգային ժողովում քննարկումներ են սկսվել օրենսդրական մի նախաձեռնության շուրջ, ըստ որի՝ հաջորդ տարվանից եկամտահարկ վճարող յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա հազարական դրամ ուղղելու ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին։
Թե ինչ հնարավորություններ կստեղծի այս նախաձեռնությունը հատկապես մարզային մեդիայի համար, դեռ դժվար է կանխատեսել։ Սակայն ակնհայտ է, որ տեղական լրատվամիջոցներում այսօր կիրառվող կառավարման գործիքներն ու մոտեցումները մեծապես սպառել են իրենց արդյունավետությունը։ Սա նաև պատճառներից մեկն է, որ մարզային մեդիան դժվարանում է ազդեցիկ և պահանջված լինել անգամ տեղական ընտրությունների ժամանակ։







