«Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը Գորիսի բնակիչ, հինգ երեխաների մայր Նարե Սարյանն է։
Զրուցել ենք անապահովության գնահատման նոր համակարգի, նպաստի չափի փոփոխության, առողջապահական և կրթական աջակցության հնարավորությունների մասին։ Անդրադարձել ենք նաև համակարգի թվայնացման հետ կապված դժվարություններին, զբաղվածության խնդիրներին և սոցիալապես անապահով ընտանիքների կարիքներին։
Նարե Սարյանի ընտանիքը բաղկացած է ութ անդամից։ Նախկին համակարգով ընտանիքը 18 տարի շարունակ նպաստ է ստացել։ Անապահովության գնահատման նոր համակարգին անցնելուց հետո, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ընտանիքը շուրջ տասը ամիս նպաստ չի ստացել։ Մի քանի անգամ փաստաթղթերը ներկայացնելուց հետո ընտանիքը կրկին ընդգրկվել է նպաստի համակարգում։
Նարե Սարյանի խոսքով՝ նոր համակարգով իրենց ընտանիքի նպաստի չափը կրկնապատկվել է։ Սակայն ընտանիքի համար կարևոր են ոչ միայն դրամական աջակցությունը, այլև կրթական և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները։
Նախկին համակարգով Նարե Սարյանի ընտանիքի նպաստը սկզբում կազմել է 32 հազար դրամ, իսկ տարիների ընթացքում հասել 58 հազար դրամի։
Նարեի խոսքով՝ նախկինում նպաստ ստանալու համար անհրաժեշտ էր տարբեր փաստաթղթեր հավաքել, ինչը մի քանի օր էր պահանջում։ Նոր համակարգում փաստաթղթերի հետ կապված գործընթացը հեշտացել է, հիմնականում օնլայն կազմակերպվում է, բայց տվյալների ստուգումն ավելի խիստ է դարձել։
Նարեի ընտանիքը երկար տարիներ ապրել է վարձով, իսկ այժմ բնակվում է տնակում։ Սոցիալական աշխատողներն այցելել են ընտանիքին, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին, որից հետո գնահատվել է ընտանիքի անապահովության աստիճանը և տրամադրվել նպաստ ստանալու իրավունք։
Համակարգի թվայնացումը․ ի՞նչ դժվարությունների են բախվում շահառուները
Թեև նոր համակարգում որոշ գործընթացներ հեշտացել են, էլեկտրոնային եղանակով դիմելը Նարե Սարյանի ընտանիքի համար դժվարություն է առաջացրել։ Ընտանիքի անդամները բավարար չափով չեն տիրապետում թվային տեխնոլոգիաներին և ինքնուրույն չեն կարողացել լրացնել դիմումը։ Նրանց այդ հարցում աջակցել են սոցիալական աշխատողները։
Սարյանը կարևորում է, որ քաղաքացիներին հնարավորություն և ժամանակ տրվի թվային հմտություններ ձեռք բերելու, էլեկտրոնային համակարգերին ծանոթանալու և հետագայում ինքնուրույն օգտվելու դրանցից։ Նրա կարծիքով՝ այդ հմտությունները կարող են օգտակար լինել նաև աշխատանքի նոր հնարավորություններ գտնելու առումով։
Նոր համակարգի առավելություններից մեկը Նարե Սարյանը համարում է առողջապահական և կրթական աջակցության հնարավորություններից օգտվելը։ Նրա դուստրը սովորում է քոլեջում, և ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցվել է պետության կողմից։ Նա նաև օգտվել է առողջապահական աջակցության հնարավորությունից։ Այժմ ընտանիքը պատրաստվում է որդու սրտի վիրահատությանը։
Ինչպե՞ս է ձևավորվում ընտանիքի եկամուտը նոր համակարգում
Նարե Սարյանի ներկայացմամբ՝ ընտանիքը, անապահովության նպաստից բացի, ստանում է նաև երեխայի համար նախատեսված նպաստ, որդու կրթաթոշակը և սկեսրոջ կենսաթոշակը։
Նրա բացատրությամբ՝ նոր համակարգում այս գումարները հաշվի են առնվել ընտանիքի եկամուտը հաշվարկելիս, իսկ պետության տրամադրած աջակցությամբ լրացվել է նվազագույն պարենային զամբյուղն ապահովելու համար պակասող գումարը։
Զբաղվածության խնդիրները․ առաջարկվող աշխատանքը միշտ չէ, որ համապատասխանում է շահառուի հնարավորություններին
Նարե Սարյանը մասնագիտությամբ մեթոդիստ է։ Տարիների ընթացքում նրան աշխատանքի տարբեր առաջարկներ են ներկայացվել, սակայն առաջարկվող աշխատանքների բնույթն ու աշխատանքային ժամերը չեն համապատասխանել նրա ընտանեկան պայմաններին։ Փոքր երեխաների խնամքը և ընտանեկան պարտականությունները դժվարացրել են աշխատանքի և ընտանիքի համատեղումը։ Այժմ աշխատանքի անցնելու համար լրացուցիչ դժվարություններ են ստեղծում նաև առողջական խնդիրները։
«Աշխատանք առաջարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն մարդու մասնագիտությունն ու կրթությունը, այլև առողջական վիճակը, ընտանեկան պարտականությունները և աշխատանքային ժամերի համապատասխանությունը»,- նշում է Նարեն և ավելացնում, որ «կարևոր է նաև փորձնական աշխատանքի հնարավորությունը, երբ մարդուն որոշակի ժամանակ է տրամադրվում նոր աշխատանքին ծանոթանալու, անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու և հասկանալու՝ արդյոք կարող է կատարել այդ աշխատանքը»։
Նարեի համոզմամբ՝ կարևոր է, որ աշխատանքի առաջարկից հրաժարվելը միանշանակ չընկալվի որպես աշխատելու ցանկության բացակայություն։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ հանգամանքներ են խանգարում մարդուն աշխատել, և առաջարկել նրա հնարավորություններին համապատասխան լուծումներ։
Ընտանիքի համար առաջնահերթ խնդիրներից է շարունակում մնալ նաև բնակարանային պայմանների բարելավումը։ Նարե Սարյանի խոսքով՝ ներկայիս կենցաղային պայմաններում նույնիսկ կարճ ժամանակով տնից բացակայելը դժվար է, քանի որ երեխաները մշտական հոգատարության կարիք ունեն։ Նրանց համար անհրաժեշտ է ապահովել տաք բնակարան, սնունդ, սովորելու համար համապատասխան պայմաններ և հոգեբանական բարենպաստ միջավայր։
Չնայած առկա դժվարություններին՝ Նարե Սարյանը դրական է գնահատում նոր համակարգի շրջանակում ընտանիքին տրամադրվող աջակցությունը։ Միաժամանակ նա ակնկալում է, որ հետագա փոփոխությունները կնպաստեն ոչ միայն ընտանիքի սոցիալական վիճակի թեթևացմանը, այլև կենցաղային պայմանների բարելավմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը։
***
Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ–ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ–ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Լրագրող


