«Համայնքների խոշորացումը դեղատոմս չէ տեղական ինքնակառավարման բոլոր հիվանդությունների բուժման համար»,- նշում է Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը։ Ամիսներ առաջ կառավարությունը հաստատեց համայնքների խոշորացման հերթական ծրագիրը: Ըստ այդմ՝ 361 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվելու է 30 համայնք: Անխուսափելի այս ծրագրից դժգոհ գյուղապետերը, սակայն, մի քանի հիմնախնդիրներ են բարձրացնում, որոնք, ըստ իրենց, փոքրիկ համայնքները դուրս կմղեն ասպարեզից՝ թուլացնելով առանց այդ էլ տխուր վիճակում գտնվող գյուղերը։ Այս թեմայով զրուցել ենք Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանի հետ։
– Ինչպե՞ս եք գնահատում խոշորացման պրոցեսի միջով անցած համայնքների վիճակը։ Արդարացվե՞լ են այն կանխատեսումները, թե համայնքների ֆինանսական միջոցներն ավելի ճիշտ կօգտագործվեն։
– Համայնքների խոշորացումը կառավարչական գործառույթ է, որն ավելի օպտիմալ է դարձնում տեղական ինքնակառավարումը, ՏԻՄ-երին դարձնում է ավելի հզոր, որովհետեւ փոքրիկ համայնքները շատ թույլ են։ Ծանոթների, ընկերների, փոքր գյուղերում ցեղական հիմունքներով ընտրություններն այլեւս չեն կարող լինել, անհնարին է ուղղակի։ Բայց չի կարող դեղատոմս լինել մնացած բոլոր հիվանդություններին։ Օրինակ՝ ֆինանսական միջոցների սակավությունը չի կարող ավելանալ համայնքների խոշորացման հետեւանքով, որովհետեւ ֆինանսները գոյանում են դոտացիաներից, տեղական հարկերից ու վճարներից, սեփական եկամուտներից, որի բազան սահմանափակ է։ Նոր ֆինանսական միջոցներ համայնք չեն կարող գալ։ Համայնքների խոշորացումն ապակենտրոնացման, համայնքների նոր լիազորություններ փոխանցելու պրոցես է, այսինքն՝ համայնքները պետք է ստանան նոր լիազորություններ, որոնք իրականացնում է պետությունը կամ մարզպետարանը, օրինակ՝ կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ծառայությունը։ Այդ գործառույթները, որ կոչվում են ապակենտրոնացում՝ կենտրոնից դեպի համայնքներ լիազորությունների տեղափոխում, իրենց հետ պետք է բերեին նաեւ ֆինանսներ։ Ցավոք սրտի, մենք դեռեւս իրականացնում ենք վարչատարածքային բաժանման օպտիմիզացիան, բայց ապակենտրոնացման գործընթացը դեռեւս մնում է բաց, ինչի մասին մենք բազմիցս ե՛ւ թերթերում, ե՛ւ հրապարակային հայտարարություններ ենք արել, նաեւ հայտարարել ենք մեր «Համայնք» թերթում։ Հետեւաբար, քանի դեռ ապակենտրոնացման գործընթացը չի սկսվել, ֆինանսական լուրջ փոփոխություն համայնքի կազմում չի կարող լինել։ Թեպետ փոքր փոփոխություններ կարող են, օրինակ՝ աշխատակազմում աշխատում էր 7 հոգի, որոնք քիչ ծանրաբեռնված էին, հիմա նրանց փոխարեն կաշխատի 2 հոգի, եւ ինչ-որ գումար կավելանա, որը կարող են նոր ծառայություն, ասենք՝ փոքրիկ մանկապարտեզ բացել, փորձել լուսավորություն ընդարձակել, ասֆալտապատման գործ անել, բայց դրանք չեն լինի այնքան նկատելի, որ մենք կարողանանք բարձրաձայն դրա մասին խոսել։
– Պարոն Մովսիսյան, նոր լիազորությունների մասին եք խոսում, բայց համայնքի ղեկավարները համոզված են, որ իրենց գյուղացիներն ավագանու անդամ դառնալու հնարավորություն չեն ունենա, իսկ խոշոր քաղաքները սովորաբար իրենց խնդիրներն են լուծում՝ աչքաթող անելով փոքրիկ համայնքները։
– Իրենց մտահոգությունները մասամբ կարող է ճիշտ են։ Եթե համայնքը 200 բնակիչ ուներ, իր 200 բնակչով 5 ավագանու անդամ ունեին, հիմա համայնքը մեծանում է, դառնում 20 հազար, 20 հազարը պետք է ունենա 15 ավագանի, քիչ հավանական է, որ այդ 20 հազար բնակչության տիրույթում 200 բնակիչ ունեցող համայնքը կարողանա մեկ ավագանի ունենալ։ Բայց գիտեք, դա ժամանակը կբուժի, որովհետեւ իրենք կհասկանան, որ հարկավոր է ոչ թե մի քանի ավագանու թեկնածուներ առաջադրել եւ ձայները կիսել, այլ առաջադրել մեկ թեկնածու եւ կանգնել այդ թեկնածուի կողքին։ Այդ դեպքում 200 ձայնը կարող է անցողիկ լինել։ Եթե նույնիսկ զգան, որ անցողիկ չէ, ապա կմոտենան կողքի համայնքի հետ եւ միասին կունենան մեկ ավագանի։ Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ բնակիչները կարողացել են հարցի լուծումը գտնել, օրինակ՝ 500 բնակիչ ունեցող Մուղնին արդեն բազում տարիներ Աշտարակի համայնքի մեջ է, որտեղ բնակիչների քանակը 22 հազար է։ 22 հազար եւ 500, ու այդ պայմաններում ակնհայտ է դառնում, որ Մուղնին չի կարող ավագանու կազմում ունենալ անդամներ, բայց եկեք տեսեք, որ ամեն անգամ Աշատարակի ավագանու կազմում Մուղինին 2 ներկայացուցիչ ունի, որովհետեւ իրենք հստակ դնում են 2 թեկնածու եւ 2 թեկնածուին ձայն են տալիս։ Իրենք պետք է սկսեն այդ ուղղությամբ աշխատել։ Ինչպես նաեւ չի բացառվում, որ որոշ փոփոխություններից հետո ավագանու ընտրությունները դառնան համամասնական, ինչպես եղավ Գյումրիում եւ Վանաձորում, բայց նաեւ ավելանալով քաղաքացիական նախաձեռնությունների համակարգը։ Այդ համամասնական համակարգում արդեն իսկ անհատները չեն լինի ավագանու անդամները, այլ կլինեն կուսակցությունների ներկայացուցիչները։ Այս դեպքում կուսակցությունները պետք է շահագրգռված լինեն՝ այդ բնակչության տիրույթում իրենց անդամներից գտնեն ամենաճարպիկին ու բանիմացին, որը մեծ հաշվով կարեւոր չէ, թե որ բնակավայրում կբնակվի։
– Իսկ ի՞նչ կասեք համայնքի աշխատատեղերի եւ սեփականության խոշորացման մասին։
– Ի՞նչ է նշանակում հանրային ծառայությունում աշխատատեղ։ Մենք գումար ենք տալիս, հարկ, որ ինչ-որ մարդիկ գնան աշխատակազմում աշխատեն եւ ծառայություն մատուցեն մեզ։ Խոշորացման արդյունքում ոչ մի ծառայություն չի կրճատվում, այսինքն՝ եթե ակումբ կա, մնում է, պարի խմբակ կա, մնում է, մանկապարտեզ կա, մնում է։
– Գյուղապետարանի աշխատողնե՞րն էլ։
– Հիմա ինչպե՞ս եք մտածում, վաղը վերցնենք՝ աշխատատեղեր ստեղծելու պատրվակով նախարարություններում երկու անգամ ավելացնե՞նք աշխատատեղերի քանակը։ Աշխատատեղը պետք է ինչ-որ բան ստեղծի, պետք է ինքը ծառայություն մատուցի։ Երբ այդ ծառայության անհրաժեշտությունը չկա, եթե հինգ ճյուղը հնարավոր է մի հաշվապահ սպասարկի, էլ անհրաժեշտություն չկա աշխատատեղի պատրվակով 5 հաշվապահ պահել, որովհետեւ դա աշխատատեղ չէ, դա իմ եւ Ձեր տված հարկերով փող ստացող է։ Այդ դեպքում եկեք բոլորս հարկերը հավաքենք, ամեն տարի մեկին տանք։
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am