
Թե ներկայիս օրենսդրական դաշտը որքանով է ապահովում արդար դատավարությունը և, առհասարակ, մարդու իրավունքների պաշտպանությունը, նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախաձեռնող խումբ» ՀԿ-ի նախագահ Էլինար Վարդանյանի կարծիքով, որքան էլ որ այն բավարար է տարբեր ոլորտների համար, այնուամենայնիվ պետք է անընդհատ լրացվի: «Ցանկացած օրենք պարբերաբար փոփոխելու և լրամշակելու անհրաժեշտություն է ունենում՝ ելնելով հասարակական հարաբերությունների զարգացումից: Որքան փոխվում է իրականությունը, այնքան նոր լուծումներ գտնելու անհրաժեշտություն է լինում: Որոշ ոլորտներ կարգավորումից դուրս են մնացել: Այ, օրինակ, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն, այսպես թե այնպես, մարդու իրավունքների պաշտպանությանն է վերաբերում, բայց երկար տարիներ առանձին կարգավորման անհրաժեշտություն ուներ և բավականին երկար ժամանակահատված անցավ, մինչև մենք եկանք դրան, որ պետք էր նաև օրենքով լրամշակվի այն ամբողջ իրավական բազան, որը կարգավորում է մարդու իրավունքները»:
Էլ. Վարդանյանի խոսքով՝ խոցելի է հենց դատական համարկարգը: «Պետականության ձեռքբերումից ի վեր , որպես անկախ համակարգ, այն չկայացավ: Եվ շատ երկար տարիներ դատական համակարգը գտնվում էր իշխանությունների անմիջական ազդեցության տակ, ինչը, բնականաբար, անդրադառնում է արդար դատաքննությանը; Դատական համակարգը վերանայման և նոր մոտեցման կարիք ունի: Քրեական դատավարության օրենսգիրքը պետք է նոր մեխանիզմներ բերի մեր դատաիրավական համակարգ»,- ասում է նա:
Թե ինպիսի փոփոխությունների մասին է խոսքը գնում, Է. Վարդանյանը մեկնաբանում է կոնկրետ օրինակի միջոցով. «Կալանավորման հարցն անընդհատ ուշադրության կենտրոնում էր , որովհետև դատարանները շատ երկար տարիներ որդեգրել են հետևյալ պրակտիկան. ցանկացած հանցագործության պարագայում, երբ պատիժը ազատազրկում է նախատեսում, կասկածյալը կալանավորվում է՝ մինչև գործը հասնի դատարան։ Մինչդեռ Քրեական դատավարության օրենսգիրքը բացի կալանավորումից, մի շարք այլ միջոցներ է նախատեսում: Կալանքի համար պետք է հիմնավոր կասկածներ լինեն, որ անձը կխոչընդոտի հանցագործության բացահայտմանը, կթաքնվի քննությունից և այլն: Մարդն առաջին անգամ հանցագործություն է կատարում, գործի նյութերից չկա որևէ բավարար հիմքեր ենթադրելու համար, որ փախչելու է կամ խոչընդոտելու, բայց նրան անմիջապես կալանավորում են: Եվ դա խոսում է մի քանի հանգամանքների մասին. այն որ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ չի սահմանում և տալիս է մանևրելու հնարավորություն՝ կալանավորեն, թե՝ ոչ: Եվ մյուս հարցն այն է, որ դատական համակարգը շատ երկար ժամանակ ուներ կախվածություն. ստորին համակարգը վերին համակարգից, մյուսները նաև իշխանությունից, և դատարանը մնացած այլ իշխանությունից անկախ չէ, և երբ այդ տարանջատումը միայն թղթի վրա է գրված, միայն հայտարարվում է, բայց չի իրագործվում, դա արդեն արդարադատությանը լուրջ վտանգ է սպառնում»,- նշում է էլինար Վարդանյանը:
Իսկ թե արդյոք իշխանափոխությունից հետո իրավիճակը չի փոխվել, դատական համարկարգը արդյոք շարունակում է կախյալ մնալ, թե ոչ, հարցին զրուցակիցս պաասխանում է. «Ներկայիս իրավիճակում ավելի շատ ցայտնոտ եմ նկատում, քան փոփոխություններ: Երկար տարիներ մի գործելաոճի սովոր համակարգը մի պահից հատնվել է մի վիճակում, երբ ինքը չի հասկանում, թե ինչպես պետք է գործի, ինչպես իրականացնի արդարադատությունը, որը տարբերվում է նախորդ գործելաոճից: Բայց ակնհայտորեն մինչև դատական համակարգն անկախ չլինի, արդար դատաքննության մասին խոսելն անիմաստ է»։
Էլինար Վարդանյանի կարծիքով դատավորների աշխատանքի գնահատման մեխանիզմներից մեկը նրանց դեմ բողոքներն ու այդ բողոքների արդյունքներն են. «Բողոքներն շատ ավելի շատ են, քան դրա արդյունքում պատասխանատվության ենթարկված կամ արձանագրված խախտումները: Այս մեխանիզմները շատ ավելի պիտի հստակեցվեն, որպեսզի նաև իրավական առումով հնարավոր լինի ապահովել այդ համակարգը»,-ասում է նա:
Տիկին Էլինարի խոսքով արդար դատավարության ապահովմանը կարող են նպաստել նաև հանրային պաշտպանները, սակայն այս առումով ևս, ըստ նրա խնդիրներ կան, մասնավորապես հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունն ու իրականացրած աշխատանիքի գիտակցումը: «Խնդիրն այն է, որ մեկ պաշտպանն իրականացնում է տասնյակ գործերով պաշտպանություն. ասել, որ դա չի կարող ազդել որակի վրա, սխալ կլինի: Մեկ մարդը չի կարող միաժամանակ զբաղվել 10-ից ավելի գործով և նույնքան արդյունավետ զբաղվել. ժամանակային առումով էլ հնարավոր չի հասցնել: Մյուս խնդիրն այն է, որ պետք է շատ լավ գիտակցել, որ խոսքը մարդու իրավունքների պաշտպանությանն է վերաբերում»,-ասում է նա և հավելում, որ կես դրույքով հանրային պաշտպանություն իրականացնելն անհնար է և ըստ նրա, անհասկանալի է, թե ինչպե՞ս է որոշվում՝ որ պահին է փաստաբանն ընտրում հանրային, որ դեպքում մասնավոր պաշտպանություն իրականացնել:
«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։
Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: