Անահիտ Գրիգորյան
«Շատ հին մանրավաճառներ կային այդ հին շուկայում` ընտիր ծամոնի, մեղրամոմի, մախաթ ասեղների, ոսկրե կոճակների, ծիլավոր կոնֆետի եւ քթախոտի այնպիսի մանրավաճառներ, որոնք մի ծամելու ծամոնը փոխում էին երկու ձվի, կես գրվանքա մեղրամոմը` մի ծաղկավոր գուլպայի հետ»:
Այսպես Ակսել Բակունցի նկարագրած Կյորեսի շուկան էր: Այսօր գրեթե ոչինչ չի մնացել ոչ միայն այդ, այլեւ դրանից տասնամյակներ անց Գորիսի կենտրոնում գտնվող գյուղատնտեսական շուկայից, որտեղ, մեծերի պատմելով, վաճառվում էին տարածաշրջանի տարբեր գյուղերից բերված լոբին, կարտոֆիլը, կեռասը, կանաչին, թթի օղին, հոնի չիրը…
«Շուկան թնդում էր, Լաչինից հետո ամենահայտնի շուկաներից մեկն էր, սակայն տարիների ընթացքում քանդվեց, այն ժամանակ կարելի է ասել կոպեկներ էին մուծում այնտեղ կանգնելու համար»,- պատմում է Սուրիկ Աբունցը, ով 1992 թ.-ից մինչ 1999-ը Գորիսի շուկայի տնօրենն էր:
Լյովա Մեժլումյանը, ով Գորիսի շուկայի տնօրենն է եղել 1993-2003թթ., նշում է, որ հարկային դաշտը եւ սոցիալական պայմաններն են պատճառը, որ այսօր շուկայի տարածքում նաեւ կրպակներ են տեղադրվել. միայն գյուղմթերքների վաճառքով մարդիկ չեն կարող հարկերը վճարել: Նախկին տնօրենը ոգեւորությամբ հիշում է իր ղեկավարած տարիները: «Անգամ կոմունալ պայմաններ էինք ապահովել շուկայի տարածքում: Որոշել էի կինոտուն կառուցել, մարդկանց համար գիշերելու պայմաններ ստեղծել, սակայն «Հայկոոպի» դուստր ձեռնարկությունն այն գնեց, իսկ հետո արդեն սեփականաշնորհվեց»,- ասում է նա: Նա նաեւ նշեց, որ այսօր ոչ բոլոր գյուղացիներն իրենց արտադրած գյուղմթերքը շուկա հասցնելու հնարավորություն ունեն, բացի այդ՝ ծավալներն էլ այդքան մեծ չեն:
Գորիսի այսօրվա շուկայի վաճառողներից մեկը` Սիլվան, օրական 200-400 դրամ է վճարում այնտեղ կանգնելու համար: Մեր հարցին, թե ինչու շուկայի ներսում հատկացված վայրում չի վաճառում ապրանքը, ասում է` եկել եմ դրսում կանգնել, որովհետեւ անցորդները ներս չեն մտնում, իսկ էստեղ գոնե աչքներն ընկնում է ապրանքին եւ եթե հավանում են՝ առնում են: «Եթե միայն շուկան առաջվանը լիներ, բայց կլինի՞, չէ, չի լինի»,- մտմտում է Սիլվան:
70-ամյա Ժենյան 30 տարի շարունակ իր տնտեսության այգու, բանջարանոցի գյուղմթերքը վաճառել է այդ շուկայում, բայց տարիների հետ սկսել է վաճառել իր տնից եւ արդեն մշտական հաճախորդներ ունի:
Սուրիկ Աբունցի խոսքով, եթե շուկան պահպաներ իր ավանդույթները եւ վերականգնվեր նախկին տեսքը, ապա մեծ թվով մարդիկ կցանկանան գյուղմթերքը վաճառել հենց շուկայի տարածքում, այսպիսով նաեւ փողոցային առեւտուրը կնվազեր, մայթերն ազատ կլինեին: Բացի այդ, ըստ նրա, շուկայի առկայությունը նաեւ հնարավորություն կտար «առաջին ձեռքից» գնումներ կատարել, որն ավելի էժան է:
Այժմ, երբ տարբեր առիթներով խոսվում է Գորիսը զբոսաշրջային գրավիչ կենտրոն դարձնելու մասին, դրա բավարար պայմաններից մեկն էլ քաղաքի կոլորիտի մաս կազմող շուկայի վերականգնումն է: Խնդիր, որի լուծման համար համայնքային իշխանությունը պիտի որ նախաձեռնություն հանդես բերի, թեկուզեւ այն արդեն սեփականատեր ունի:
Ի դեպ, վերջերս քաղաքում խոսակցություններ են շրջանառվում, որ նախատեսվում է Գորիսի բաց շուկայի տարածքում հյուրանոցային համալիր կառուցել. այս դեպքում Գորիսի ավանդական շուկայից միայն հիշողությունները կմնան: