Գոհար Ներսեսյան
Գորիսն աշխարհին տվել է մեծ գրողներ՝ Ակսել Բակունց, Սերո Խանզադյան: Նրանք ֆիզիկապես այլևս չկան, բայց հարատև են իրենց գրական ժառանությամբ, իրենց ստեղծածով: Տուն-թանգարաններն էլ կոչված են իրենց իսկ հարկի տակ, մասունքներ որպես, ի մի բերելու հեղինակների կյանքի ու գործունեության մասին պատմող իրեր ու վավերագրեր:
Տուն-թանգարանները, իրեղեն վկայակոչումներից զատ, խորունկ մի սարսուռով են պարուրում մարդուն` զգալ տալով հեղինակի անմահ հոգու ու անհանգիստ ոգու ներկայությունը:
Ի տարբերություն Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Սերո Խանզադյանի տուն-«թանգարանը» հենց մուտքից` կիսաքանդ դարպասով ու մամռագորգ պատերով, հուշեց, որ ինքը լքյալ տարածք է` հեռու ուշադրություններից ու պետական հոգածությունից: Քաղաքի հյուսիս-արևմտյան` «Ավանգարդ» թաղամասի բարձրադիր մասում հպարտ խոյացած, քաղաքահայաց շինությունը, որ հեռվից հետաքրքրություն է շարժում, ներսից, մեղմ է ասել, տխուր ու անհրապույր է շատ:
Մեր հանդիպումը տուն-«թանգարանը» տնօրեն Արմանուշ Բակունցի հետ կայացավ հենց գրողի առանձնատանը: Այն բաղկացած է հիմնականում երեք մասից. բուն բնակարան, որտեղ էլ հենց նախատեսված է գրողի իրերը տեղավորել, փոքր բնակարան, որը վերածվել է բնակելի տան և փոքրիկ մատուռ: Երևի այստեղ տեղին է հիշել մեր տատերի խոսքը` “Անունումը կա, ամանումը չկա”: Թանգարանի ուրվական էլ չկար…
Արմանուշ Բակունցը, մեզ հետ զրույցում ասաց, որ երկու տարի է, ինչ ՀՀ Մշակույթի նախարարությունը գրողի տունը փորձում է վերածել տուն-թանգարանի. “Ս. Խանզադյանի մահվանից հետո տանը ոչ ոքի չի մնացել, քանի որ կտակ չի եղել: Իր կենդանության օրոք հաճախ են գրական երեկոներ, հավաքույթներ կազմակերպվել այս տանը, բայց հիմա այն մոռացված վայր է”:
“Առանձնատունը հիմա պատկանում է համայնքին, քանի որ այն չի ճանաչվել որպես ժառանգություն: Մի քանի ամիս է, ինչ ավարտվել են դատական պրոցեսները”,-մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Գորիս համայնքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը` ավելացնելով, որ մարզպետարանի հետ միասին մշակվել է ծրագիր, որը նպատակ ունի Սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ բարեկարգել և իր նպատակին ծառայեցնել շինությունը:
«Թանգարանում» գրողին պատկանող իր գրեթե չտեսա: Տունն ամբողջովին դատարկ էր, գրողի իրերից տեսա միայն մի քանի լուսանկարներ և մի շաքարաման, որը ծառայում էր որպես գրչաման:
Իմ հարցին, թե որտե՞ղ են Ս. Խանզադյանի իրերը, Ամանուշ Բակունցը պատասխանեց. «Ս. Խանզադյանի իրերը գտնվում են Երևանում՝ նրա փոքր որդու տանը»: Բայց նա հույս հայտնեց, որ թանգարանի գործելու դեպքում իրերն անպայման կտեղափոխվեն Գորիս:
Արմանուշ Բակունցի խոսքից հասկացա, որ մեծն արձակագրի որդին՝ Արարատ Խանզադյանը, երբեմն իր ընտանիքով այցելում է հոր տուն, հայրենի քաղաք, վերապրում իր մանկությունը` ամեն անգամ ինքն իրեն խոստանալով, որ հաճախակի կայցելի Գորիս…
«Լավ է ուշ, քան երբեք»-ը, ցավոք մեր անվանի հայրենակցի տուն-թանգարանի մասին է ասված նաև: Իսկ շահագրգիռ, Մշակույթի նախարարությունից ու համայնքային իշխանությունից զատ, պիտի լինեն նաև նրա հարազատները, մենք` բոլորս…
Թե մի հրաշքով Ս. Խանզադյանը տեսներ իր իսկ տուն-«թանգարանը»…