Երկու ժամից ավելի է, փողոցով մեքենա չի անցնում․երեկ էլ էր տեղաշարժը սահմանափակված, բայց հատուկենտ մեքենաներ, գոնե, կային։ Մեր փողոցը նաև դեպի հիվանդանոց տանող ճանապարհներից մեկն է․ գուցե լա՞վ է, որ հիվանդանոց շտապող մարդ չկա:
Լուռ է նաև երեկվանից տանիքու՞մ, թե հատակի մի անկյում, շարունակ խրթխրթացնող մուկը։ Գիշերը հազար անգամ խնդրեցի, որ սուս մնա, քնել էի ուզում, վերջապես։ Ոչ մի կերպ համաձայնության չեկանք։ Խոստացա, որ լույսը բացվելուն պես, տան կատուներին փողոց կքշեմ, որ վառարանի ծխնելույզը կթեքեմ, որ տանիքով անցնող ծխնելույզի ծխից հանկարծ չխեղդվի, անգամ երշիկի համեղ կտոր խոստացա՝ առանց թալակի․․․
Մեկ րոպե անգամ չլռեց․ միալար ջրաղացի նման խը՛րթ, հա խը՛րթ։ Որքան փորձեցի մտքերս շեղել, չստացվեց։
Նրա համար անուն հորինեցի՝ Շիկո, չէ՝ Շեկո, դե հո շուն չի, ավելի լավ է՝ Շկո, կարճ, կոնկրետ կամ ի-ն ի՞նչի համար է, ի՞նչ կփոխի։ Շկո-ն ինձ դուր եկավ, ու ես պատկերացրի ականջները վեր պարզած, պսպղան աչքերով ու մանրիկ բեղիկներով արդեն բարեկամիս։ Պոչի մասին մոռացել էի, տեսնես երբ տեղը փոքր է, կարողանու՞մ է ծալել պոչը, գուցե գրպա՞ն ունի։
Բայց ի՞նչ է գտել նա տանիքում կամ հատակի մի անկյունում։ Մի ժամանակ տանիքում ավելուկ էինք կախում, փողոցը մաքրելու ավելներ, հետ մի մեծ տաշտակ կա, որտեղ անձրևի ժամանակ հավաքվում է ջուրը, որ հանկարծ առաստաղից ցած չթափվի։ Լավ է, քանի օր է, չի անձրևում, թե չէ կարող էր խեղդվել թասի մեջ, -փորձում եմ մտաբերել, թե էլ ինչ կար տանիքում՝ տախտակներ շատ, անկանոն շարած, որոնց վրա մատի երկարությամբ մեխեր կան, իսկ եթե ոտքերն արյունոտվե՞ն։ Չէ, մի փոքր բարձր են դրված, կկարողա սողոսկել արանքներով, բա պո՞չը, պոչն ու՞ր պիտի պահի,-այ, եթե գրպան ունենար։
Գործիքների մի արկղ էլ կա տանիքում, կարող է դրա մեջ հանգիստ պառկել, բայց սա՞ռը չի լինի, հետո հնարավոր է, որ արդեն ժանգոտած են, ու կարող է վարակվել, եթե տախտակների տակ սողոսկելիս վնասվածք ստացած լինի։ Կֆայմի,-հույս ունեմ, բայց անհանգստությունս տեղի չի տալիս։ Հին գրքեր էլ կան, տարբեր լեկցիաների, կոմունալ վճարների հարյուր տարվա տրցակներ, որոնցից ոչ մի կերպ չենք ազատվում․ պապիկը դեմ էր, գուցե մի հսկիչ փոխվի, ու նորեկը դեմ տա, թե բա ջրի վարձն էսինչ թվի էնինչ ամսին չեք վճարել։ Դե, հա, թղթեր կրծել, մեկից մեկ, կսիրի, բայց շատ հին «Օգոնյոկ» ամսագրեր էլ կան, որոնց մանավանդ առաջին էջի նկարները թայլլուն ինչ որ նյութով լաքապատված են, գուցե թունավո՞ր են։ Մի պահ լռություն է տիրում, արդեն սրտիս զարկերը լսում եմ։ Ի՞նչ եղավ․ «սկրեպ» է մնացել կոկորդում,-շամփրում է միտքս, ոնց էի մոռացել, որ էդ բոլոր անդորրագրերն ամրացված են ամրակներով։ Բայց դրանք թղթապանակների մեջ են, նա չէր կարող բացել; Ա՜խ, ուրեմն այն կապող թելն է շուլալվել վզին, ու կարող է խեղդվել։ Միայն ոչ դա։ Շարունակում եմ լսել սրտիս զարկերը․․մեկ երեք, հինգ, ձեռքս մեկնում եմ դեպի կողքիս դրված ջրի բաժակը, հիմա ես էլ կխեղդվեմ: Ինչ որ բան խանգարում է ձգվել․ ախ, հա ականջակալներսն են, որ մի քանի րոպե առաջ էի դրել, որպեսզի երաժշտություն լսեի ու ուշադրություն չդարձնեի տանիքից եկող ձայներին․ youtube-ն էլ դանդաղել է էսօր։
Խոր շունչ եմ քաշում, տանիքի՞ց, թե հատակի մի անկյունից խըրթխըրթոցը շարունակվում է։ Այս անգամ, սակայն, սենյակի մյուս կողմից են լսվում ձայները։ Այնուամենայնիվ, կարողացել է անվնաս տեղափոխվել անկյունից անկյուն, -հրճվում եմ, բայց հետո միանգամից կրկին վախս վրա է տալիս․ մեր տանքիով են անցնում հարևանների ինտերնետի լարերը, իսկ եթե դրանք ապահով փաթաթվա՞ծ չեն, հանկարծ ու հոսանքահարվի։ Չէ՛, վնասված լիներ, youtube չէր միանա: Համարյա հանգիստ եմ, կողքի եմ շրջվում, որ վերջապես լսեմ «քաշածս» երաժշտությունը։ Հազիվ մի ակորդ, ու տագնապս նորից վրա է տալիս․ փու՛, ի՜նչ սադիստություն, ախր դեռ օրեր առաջ, անշնորհք մի մուկ, չէ, Շկոն չէ, մի ուրիշը, խոհանուցում մի ամբողջ տուփ հնդկաձավար էր կերել, ով գիտի քանի օր ավարը իր բունն էր կրել, ու հենց նկատեցինք, նույն օրը տան տարբեր անկյուններում մի քանի հատիկ մկնդեղ էինք դրել, իսկ եթե ավարի հետ էդ բկլիկը նաև մի հատիկ դեղ բարձրացրած լինի տանի՞ք։ Անգամ մտածել չեմ ուզում էդ մասին։ Կարմիր գույն էր, չէ՞ ․ հնարավոր է, որ կարծել է պսպղուն քարեր են, խաղալիքնե՜ր․․․ Միայն ոչ դա․ո՞նց կարող էի մոռանալ, տանիքում տոնածառի հին խաղալիքներ կան, դեռ նախանցած տարի տանեցիք հարյուր անուն կպցրին իբր հնաոճ խաղալիքներին ու աղբարկղ նետեցին, հետո, երբ քնեցին, դրանք թաքցրի տանիքում։ Իսկ, եթե գտնի՞ Շկոն․ նախ պարկը կծակի, երևի սուր ատամներ կունենա, փայտփորիկի նման կկտցահարի խաղալիքները ու չի էլ պատկերացնի, որ կարող է կոկորդում մնալ․․․
Չի հասցնի, որովհետև պարկը, կարծեմ, երբ պատուհանները փոխեցինք, հին ապակիների հետևում եմ խցկել։ Բայց, ախր ապակին էլ անվնաս չէ։ Անցյալ անգամ մկներից, ոչ Շկոյից, ազատվելու համար հատակի անկյուններում, որտեղ անցքեր կային, կտրտած ապակի էինք լցրել, ու, վայ թե, օգնեց, փոխարենը ստիպված էինք մի քանի շաբաթ տան բոլոր պատուհանները բաց պահել, որ նեխած հոտից ազատվեինք․․
Այդ դեպքում ի՞նչ է անում նա այնտեղ, տանիքում կամ, հատակի մի անկյունում։ Դե չէ՜, հատակը նոր ենք նորոգել, նշանակում է՝ հաստատ տանիքում է, -ուրախանում եմ, որ, այնուամենայնիվ, տանիքում ավելի ընդարձակ է, լուսավոր երևի, որովետև արևը, լուսինը տանիքին ավելի մոտ են։
․․Լուսինն արդեն հագնվել ու սպասում է արևի գալուն, որ ինքը տուն գնա․Արդեն քանի րոպե Շկոն ձայն չի հանում։ Սպասում եմ երկու րոպե, հինգ, քսան։ Արևն արդեն տեղ է հասել ու թևքերը վեր քաշած, ամպերին է քշում։ Ի՜նչ լավ, տաք օր է,- ձգվում եմ անկողնում։
Էլ չեմ անհանգստանում Շկոյի համար, երևի Լուսինն է իր հետ տարել, որ երեկոյան միասին վերադառնան։ Շատ լավ է, թե չէ կարող էր տանիքին հենված աստիճաններից իջնել ու կատվի բաժին դառնալ։
Փողոցով, վերջապես, մի ավտոմեքենա անցավ, չհասցրի նկատել, թե, արդյո՞ք, շտապ օգնության մեքենան էր, որովհետև մեր փողոցով նաև հիվանդանոց տանող ճանապարհն է անցնում։
Գնաց Լուսնին ու Շկոյին բերելու,- ժպտում եմ։
Սուսաննա Շահնազարյան