2021թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցի 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։ ԱԺ պատգամավորի մանդատի հավակնորդների թիմերի միայն կեսն է հրապարակել նախընտրական ծրագրեր, որոշներն ամբողջական, տեքստային, ոմանք՝ թեզիսների տարբերակով։
Հանրայնացված ծրագրերում առանձին դրույթներով ներկայացվել են դաշինքների, կուսակցությունների տեսլականները՝ երկրի զարգացման տարբեր ոլորտների, այդ թվում՝ նաև գյուղատնտեսության զարգացման հեռանկարների մասին։ Նախընտրական ծրագրերում մասնակի նշվել են այն գործողությունները, որոնց իրականացման արդյունքում գյուղատնտեսությունը շահեկան դիրք կզբաղեցնի տնտեսության զարգացման գործում։
Այնուամենայնիվ, ներկայացված գրեթե բոլոր ծրագրերում բացակայում են համավարակի և պատերազմի պատճառով Հայաստանում այժմ ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին վերլությունները՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Եվ հրապարակված գրեթե բոլոր ծրագրերը կարող են «հարմարացած լինել» ցանկացած իրավիճակի համար, բայց ոչ ճգնաժամային։
Գրեթե բացակայում են պատերազմի պատճառով սահմանամերձ բնակավայրերում գյուղատնտեսության զարգացման մասին իրավիճակային գնահատականները և դրանից բխող նախաձեռնությունների առաջարկները։
Ենթադրել կարելի է, որ ընտրողներին հետաքրքիր կլինեին տեղեկանալ, թե երկրի կառավարման ղեկին հավակնող քաղաքական կուսակցություններն ինչպես են պատկերացնում Արցախում տեղի ունեցած պատերազմի արդյունքում սահմանների փոփոխության պատճառով կրճատված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, միավոր անասնագլխաքանակի համար օգտագործվող տարածքի նվազման, այսպիսով նաև դեգրադացիայի՝ հողի աստիճանական վատթարացման, ինչպես նաև անասնագլխաքանակի շարունակվող կրճատման, այլլընտրանքային գյուղատնտեսության զարգացման մասին։ Ոչ մի խոսք գյուղատնտեսության ծավալների կրճատմանը զուգահեռ գյուղատնտեսական աշխատանքների մեջ ներգրավված գործազուրկների թվի ավելացման մասին։
Մյուս կողմից, ծանոթանալով նախընտրական ծրագրերում ընդգրկված հարցերին, տպավորություն է ստեղծվում, որ բավարար չափով ուսումնասիրված չեն երկրում առկա գյուղատնտեսության ոլորտում այսօր իրականացվող ծրագրերը, դրանց առավել կամ պակաս արդյունավետությունը, բացառություն են կազմում իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրում նշված են թվային տվյալները, որոնք սակայն, ներկայացված են բացառապես դրական արդյունքներով։
Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող միջոցառումներին անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, նշելով, որ «կարևորելով ՀՀ պարենային անվտանգությունը, գյուղական համայնքների կայուն զարգացումը, ՀՀ մրցունակության բարձրացումը համաշխարհային գյուղատնտեսական շուկայում, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ ժողովրդի լրջագույն զբաղվածությունը գյուղատնտեսական ոլորտում, առաջարկում է «կլաստերային գյուղատնտեսության» զարգացման ծրագիր:
«Լուսավոր Հայաստանը» միակն է, որը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարում ներառել է նաև Արցախի գյուղատնտեսական ռեսուրսների հնարավորությունների օգտագործումը։
Նախընտրական ծրագիրը նաև առանձին կետերով անդրադարձել է գյուղատնտեսության նոր տեխնոլոգիաների կիրառմանը, գյուղմթերքի իրացմանը, հողերի մշակությանը, «գյուղատնտեսության օժանդակ գործունեություն, ներառյալ միջազգային որակավորում ունեցող մասնագիտացված լաբորատորիաների ծառայություններին։
Մի շարք ծրագրերում, մասնավորապես, «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Ազատություն» կուսակցությունները, «ԶԱՐԹՈՆՔ» ազգային քրիստոնեական կուսակցություն, նշվել է կառավարության կառուցվածքային փոփոխության անհրաժեշտության, մասնավորապես, գյուղատնտեսության նախարարության վերականգնման կարևորությունը։
Վերջին տարիներին հանրության շրջանում քննարկման առարկա է դարձել գյուղոլորտում խորհրդատվության դերի, դրա կազմակերպման հնացած կամ նոր գործիքների մասին։
Նախընտրական շրջանում այդ խնդրի շուրջ բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև կառավարության շենքի մոտ, որին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության» աշխատակիցները, բողոքելով ոչ միայն իրենց հաստիքների կրճատման, այլ գյուղոլորտում խորհրդատվության դերի պակաս կարևորման դեմ։ Այս խնդրին նախընտրական ծրագրերում անդրադարձել է «Հայրենիք» դաշինքը, նշելով, որ անհրաժեշտ է վերականգնել գյուղաջակցության նախկին մարզային կենտրոնները։ Հետաքրքրական է, որ խորհրդատվությունը կարևորող քաղաքական այս ուժի ներկայացուցիչներից շատերը ընդգրկված էին դեռևս 2017 թվականին նախկին ԳԱՄԿ-երի վերակառուցման, ընդհուպ՝ լուծարման ջատագովների ցանկում։ Նրանցից ոմանք այժմ ընդգրկված են «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակներում, և այդ քաղաքական ուժն այժմ հայտարարում է, որ «անհրաժեշտ է ստեղծել ենթակառուցվածքներ, ցուցաբերել տեխնիկական և խորհրդատվական աջակցություն, իրականացնել օժանդակության ծրագրեր»։
Գյուղատնտեսական ոլորտում խորհրդատվական ծառայությունների մատուցումը կարևորել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն ի դեպ, մաս է կազմում գործող իշխանությանը, որի «ջանքերով» վերակազմակերպվել է գյուղնախարարությունը, նվազագույնի հասցվել խորհրդատվական կազմակերպությունների հնարավորությունները։
Բացի կառուցվածքային փոփոխությունից, «Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկում է, որ «Գյուղատնտեսության ոլորտում արտահանմանը միտված ֆերմերային տնտեսություններից բացի, անհրաժեշտ է զարգացնել նաև բնատնտեսությունները, որոնք գյուղական բնակավայրերում կապահովեն զբաղվածություն և կայուն եկամուտներ։ Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել համապատասխան ենթակառուցվածքներ (սպանդանոցներ, կաթի մթերման կայաններ, գյուղմթերքի իրացման շուկաներ, միկրովարկավորման գործիքներ և այլն)»։ Ընդհանուր առմամբ, այս դաշինքի նախընտրական ծրագրի՝ տնտեսության զարգացման մեր գյուղատնտեսությունը ններկայանում է ընդամենը մեկ պարբերությամբ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարծիքով «գյուղատնտեսության զարգացման ծրագրեր պետք է մշակվեն հանրապետության բոլոր տասը մարզերի համար»:
Այս կուսակցությունը շեշտադրել է գյուղատնտեսական վարկավորման համար առանձնահատուկ պայմանների ապահովման հարցը, մասնավորապես, նշվում է, որ «ժամանակն է մեր վարկառու հայրենակիցներին «ազատելու» վարկերի անարդար բեռից, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ունեցվածքը: Այսպես՝ մինչև 3 մլն դրամի չափով վարկերը պետք է զրոյացնել: Արդյունքում՝ շուրջ 2.2 մլն վարկառուներից մոտ 2 մլն վարկառուների վարկերն ամբողջությամբ կմարվեն: Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքն այսուհետ չպետք է գերազանցի 2-3%-ը»։
Գյուղատնտեսական վարկավորման մասին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ 2020 թվականից առաջին անգամ ապահովվել է 0% տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման նպատակով լիզինգ ֆերմերների և տնտեսավարողների համար, որի արդյունքում 100 մլրդ դրամի ներդրում է ապահովել գյուղատնտեսության ոլորտում:
Գյուղատնտեսության զարգացման իրենց տեսլականները սուղ են «Հայ ազգային կոնգրես»-ի նախընտրական ծրագրում․ այս ոլորտին անդրադարձ կատարվում է ընդհանուր համատեքստում․ «Հայաստանի ապագան կառուցել որպես տեխնոլոգիապես առաջավոր, էկոլոգիապես մաքուր արտադրությամբ ու գյուղատնտեսությամբ, սեփական քաղաքացիների եւ այցելուների համար հարմարավետ ու գրավիչ երկիր, տնտեսական զարգացման առանցքը համարելով առաջավոր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության ու գյուղատնտեսության կայացումը»։
Գյուղ ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը կարևորել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ որի «Կարևորագույն խնդիրը լինելու է սոցիալ-տնտեսական լիարժեք վերականգնումը, կայուն զարգացումը՝ հիմնված տեխնոլոգիաների վրա»:
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության նախընտրական ծրագրում նախընտրական ծրագրում գյուղատնտեսությունը նշվել է այնքանով, որ այն համարվում է «Հայաստանում տնտեսության վեց գերակա ճյուղերից մեկը, որոնք ուղղակի կամ անուղղակի անվտանգային նշանակություն և մրցակցային առավելություն ունեն»։
«ԶԱՐԹՈՆՔ» ազգային քրիստոնեական կուսակցության ծրագրում առանձին բաժին հատկացվել է գյուղատնտեսության և գյուղի խնդիրներին։ Քաղաքական այս ուժի պատկերացմամբ «չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարամարավետ գյուղի»։ Առանձին նշվել է նաև սահմանամերձ բնակավայրերի հարցերի մասին։ Քաղաքական այս ուժը կարևորում է ըստ բնակավայրերի՝ նախնական ուսումնասիրության, կարիքի գնահատման արդյունքում գյուղատնտեսական այս կամ այն գյուղմթերքի արտադրության կազմակերպումը․ «Պետությունը պետք է մասնակցի երկրում արտադրվող գյումթերքի ծավալի կարգավորմանը, հաշվի առնելով արտադրման ներուժը և սպառումը»,-նշվում է ծրագրում։
«Ազատություն» կուսակցության նախընտրական ծրագրում գյուղատնտեսության զարգացման հեռանկարում կարևորվում է այդ ոլորտում հարկային քաղաքականության փոփոխությունը, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնումը, «ոռոգման, ագրոսերվիսի, գյուղմթերքների իրացման ու գյուղատնտեսական աշխատանքների ֆինանսավորման ոլորտներում գյուղփոխօգնության կոոպերատիվների ստեղծումը»։ Ըստ այս ուժի, «հողային բարեփոխումներից հետո գյուղացու համար նոր ոչինչ չի արվել»։
Գյուղոլորտում հարկային քաղաքանության որոշ դրույթների մասին նշված է նաև «Միասնական հայրենիք» կուսակցության՝ գյուղատնտեսության զարգացման տեսլականում, որով նախատեսվում է «մրցունակ սերմացուի, թունաքիմիկատների, պարարտանյութերի նկատմամբ տարբերակված ԱԱՀ կիրառում»։
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության նախընտրական ծրագրով պլանավորվում է «Ներդնել գյուղատնտեսական նշանակության հողերի հակակարկտային լիարժեք պաշտպանության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ, ստեղծել մասնագիտական ծառայությունների, օժանդակության, սպասարկման և գյուղտեխնիկայի միջհամայնքնային միավորումներ»:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը գյուղատնտեսության զարգացումը պայմանավորում է այն իրողության հետ, որ «հնարավոր է պատերազմի վերսկսում» և այդ առումով կարևորում «հանրության պարենային անվտանգության հիմնահարցը»։ Միաժամանակ շեշտադրվում է գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը:
Արդեն նշվել է, որ նախընտրական ծրագրերի մշակման ընթացքում երկրում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետության մասին որևէ քաղաքական ուժ վերլուծություններ չի կատարել, այդ պատճառով մի շարք ուղղություններով առաջարկություններն այլևս իրողություն են, սակայն խնդիր է, թե որքանով են դրանք արդյունավետ կամ ներառական բոլոր մարզերի կամ գյուղացիական տնտեսությունների համար։
Այսպես, օրինակ, գյուղատնտեսական ոլորտում ապահովագրության համակարգի ներդրման, սուբսիդավորման ծրագրերն արդեն գործողության մեջ են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ մասին նշում է, որ «առաջին անգամ Հայաստանում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրություն, ապահովագրավճարի ֆինանսական բեռի 50-60% կառավարությունը վերցրել է իր վրա։ Սակայն, թե որքանով է արդյունավետ եղել ապահովագրության ներդրումը, որևէ ցուցանիշ չի նշվում, այսպիսով կասկածի տակ դնելով նաև ծրագրի այն դրույթը, որ ընդլայնվելու են ապահովագրվող ռիսկերի ցանկը, ինչպես նաև ընդլայնվելու է գյուղատնտեսական ապահովագրության աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը:
«ՎԵՐԵԼՔ» կուսակցության կարծիքով «Գյուղական և անտառային տնտեսությունը պետք է նպաստի դրական հույզեր առաջացնող առողջ շրջակա միջավայրի պահպանմանը»։ Կուսակցությունը նախատեսում է գյուղատնտեսության մեջ արգելել օրգանական պարարտանյութերի օգտագործումը և վնասակար արտանետումներ պարունակող արտադրությունների հիմնումը»։
Ծանոթանալով Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հեռանկարների մասին քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին` ակնհայտ է, որ գրեթե բոլոր տեղերում կարևորվում է ոլորտում առաջավոր փորձի, նոր տեխնոլոգիաների ներդրումը, գիտելիքահեն գյուղատնտեսության զարգացումը, ինչը ենթադրում է նաև այդ ոլորտի մարդկային ռեսուրսների ներգրավում։ Չնայած դրան, ԱԺ պատգամավորի մանդատի հավակնորդների թիմերի քաղաքական ուժերի թեկնածուների նախընտրական ցուցակներում շատ քիչ թիվ են կազմում գյուղատնտեսական մասնագիտություն ունեցողները։
