Սյունիքի մարզում մետաղական հանքերը գտնվում են հինգ համայնքների վարչական սահմաններում՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Սիսիան և Գորայք։ Նշված համայնքներից միայն երեքն են բնապահպանական վճար ստանում՝ Քաջարան, Կապան և Մեղրի։ Սիսիան համայնքում գտնվող Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը չի գործում, որի պատճառով բնապահպանական վճար չի ստանում։ Գորայք համայնքի վարչական սահմաններում է գտնվում Հայաստանի ոսկու մեծ հանքավայրերից մեկը, որը շահագործում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն։ Սակայն, համայնքը ազդակիր չի ճանաչվել և բնապահպանական վճար չի ստանում։
Սյունիքի մարզում թանկարժեք մետաղներով հարուստ հանքավայրերը գտնվում են Քաջարան, Կապան և Մեղրի համայնքներում։ Այս օրերին համայնքները հաստատում են 2023թ․ բնապահպանական ծրագիրը, որին հատկացվելիք գումարն զգալի ավելացել է։
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ հանրապետության բոլոր ազդակիր համայնքները մյուս տարի ավելի մեծ չափի բնապահպանական վճար կստանան, որը պայմանավորված է հետևյալ գործոններով՝ եթե մետաղական հանքը գործունեությունն ընդլայնել է, նոր բնակավայր է ազդակիր ճանաչվել, համայնքին մի քանի տարի չվճարած բնապահպանական վճարն են հաշվարկել։
2023թ․-ի բնապահպանական հարկը հաշվարկվել է հետևյալ համամասնությունների հիման վրա՝
- ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար,
- մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար,
- ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրման կամ պահման համար։
Կապանը Սյունիքի մարզի ամենամեծ բյուջե ունեցող համայնքն է
Կապան համայնքի մետաղական հանքավայրերը շահագործում են մի քանի ընկերություններ․ «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ-ն շահագործում է Կապանի և Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրերը, որտեղից ոսկի, արծաթ, պղինձի հանքաքար է կորզում։ Գեղի համայնքի Ոսկեձորի ոսկու հանքավայրը շահագործում է «Գեղի գոլդ» ընկերությունը, Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործում է «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ-ն:
Հանքավայրեր շահագործող ընկերությունների բնապահպանական վճարից համայնքին մասհանումը կատարվում է «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ-ի, «Գեղի գոլդ» ՍՊԸ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վճարներից։
Կապան համայնքի ավագանին հունիսի 29-ի նիստում հաստատել է համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2023թ․ ծրագիրը՝ ընդհանուր 139 մլն 580 հազար դրամ արժողությամբ։ Բնապահպանական միջոցառումներին հատկացրել են մոտ 134 մլն 580 հազար դրամ, որով նախատեսում են մաքրել Վաչագան գետի հունը՝ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հարակից կամրջից մինչև Սյունիքի մարզպետարանին հարակից կամրջի հատվածը։ Ներառյալ՝ վերականգնել և վերանորոգել գետի հենապատերը և բետոնե հարթակները։
Առողջապահական միջոցառումներին հատկացվել է 5 մլն դրամ, որով նախատեսվում է վերանորոգել Կապան համայնքի Տավրուս գյուղի բուժկետը։
Կապան համայնքին հատկացված վերջին տարիների բնապահպանական վճարը՝ 2023թ․ 134 մլն 579 հզր 080 դրամ,
2022թ․ 8 մլն 147 հզր 900 դրամ,
2021թ․ 44 մլն 522 հզր 900 դրամ,
2019թ․ 21 մլն 830 հզր130 դրամ։
Սյունիքի մարզի համայնքներից ամենամեծ բյուջե ունի Կապանը՝ համայնքի 2022թ․ բյուջեն պլանավորվել է 3 մլրդ 103 մլն 724 հազար դրամ, որից վարչական բյուջեն մոտ 3 մլրդ 100 մլն դրամ է կազմում։ Այդ գումարից մոտ 2 մլրդ դրամը (1 մլրդ 937 մլն) պետական բյուջեից համայնքին տրվող դոտացիան է, ևս 7 մլն 84 հազար դրամ սուբվենցիա է ստանում։ Կապան համայնքի սեփական եկամուտների մեջ, որը կազմում է 1 մլրդ 160 մլն դրամ, տեսակարար կշիռ են կազմում հանքերը շահագործող ընկերություններից ստացվող հարկերն ու վճարները։
Այսպես․ 2019թ․-ին հրապարակած հաշվետվության տվյալներով՝ «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ-ն համայնքային բյուջե է վճարել մոտ 120 մլն դրամ․ գույքահարկ՝ 3 834 672 դրամ, hողի հարկ՝ 1 367 884 դրամ, հողի վարձավճար՝ 113 221 853 դրամ, տույժ-տուգանք՝ 1 367 884։
Մետաղական հանքեր շահագործող ընկերությունները օրենքով պարտավոր են ներդրումներ կատարել համայնքներում՝ մասնակից դառնալով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ-ն սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորությունների կատարման նպատակով 2019թ․-ին համայնքային բյուջե է վճարել մոտ 71 մլն 715 հազար դրամ։ Նշված գումարից 70 000 000 դրամը սոցիալ-տնտեսական ներդրում է համայնքում, 1 մլն 714 800 դրամ հատկացվել է Գեղանուշ գյուղի նախակրթարանի վերանորոգմանը։
Համայնքի արտաբյուջետային հաշվին 2020թ․-ին փոխանցել է 30 մլն դրամ։
Կապան համայնքի երկրորդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է։ Ընկերությունը 2019թ․-ի տվյալներով համայնքի բյուջե է վճարել մոտ 65 մլն դրամ, որից գույքահարկ՝ 1 120 000 դրամ, հողի հարկ՝ 920 000 դրամ, հողի վարձավճար՝ 61 801 949 դրամ, տույժ-տուգանք՝ 1 120 000 դրամ։
Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորությունների կատարմանը 2019թ․-ին հատկացրել է 105 900 000 դրամ։ Եվս 29 մլն 500 հազար դրամ հատկացրել է Կապան քաղաքի փողոցային լուսավորության ապահովման համար։ Համայնքի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը հատկացրել է 175 մլն դրամ։
Բացի վերը ներկայացված հարկերից ու վճարներից, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն համայնքին բարեգործական հատկացումների ու նվիրատվությունների տեսքով հատկացրել է 1 մլրդ 592 մլն դրամ։
«Գեղի գոլդ» ընկերությունը 2019թ․ հաշվետվության համաձայն՝ Կապան համայնքի բյուջե 54 170 դրամի գույքահարկ է վճարել: Համայնքին սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորությունների կատարման վճարը կազմել է՝ 500 000 դրամ, որը ներդրել է Գեղի գյուղում (գյուղը Քաջարան համայնքի կազմի մեջ է մտնում)։
«ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ-ն Կապան համայնքի Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործելու դիմաց բյուջե է վճարում՝ 269 211 դրամ գույքահարկ։
Մեղրին էներգախնայողության ծրագիր կիրականացնի բնապահպանական վճարով
Մեղրի համայնքի ավագանին հուլիսի 14-ին հաստատել է 2023թ․ բնապահպանական ծրագիրը, որի գումարը կազմելու է մոտ 53 մլն դրամ։ Համայնքապետարանը որոշել է էներգախնայողության ծրագիր իրականացնել՝ արևային էներգիայի համակարգեր (ֆոտովոլտային կայաններ) տեղադրել Մեղրիի համայնքապետարանի տանիքին (Մեղրիի և Ագարակի վարչական շենքեր) «Ագարակի մանկապարտեզ», «Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ներում և «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում (Լեհվազ և Վարդանիձոր բնակավայրերի մասնաճյուղերի շենքեր)։
«Ներկայումս այդ շենքերը ջեռուցվում են օդորակիչների, էլեկտրական կամ փայտի վառարանների միջոցով՝ զգալի ծախսեր առաջացնելով համայնքի բյուջեում, ինչպես նաև բացասական ազդեցություն թողնելով բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա։ Փայտի վառարանների կիրառման հետևանքով առաջացած ծուխը վտանգավոր ազդեցություն է թողնում բնակչության առողջության վրա, իսկ էլեկտրական վառարանների դեպքում առկա է հոսանքահարման վտանգը»,- նշվում է ծրագրի իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթում։
Համայնքապետարանը համոզմունք է հայտնել, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը Մեղրի համայնքում թույլ կտա զգալիորեն նվազեցնել շրջակա միջավայրի վրա տարբեր գործոնների բացասական ազդեցությունը, ինչպես նաև կրճատել էներգասպառմանն ուղղված ծախսերը համայնքային բյուջեում։
Մեղրի համայնքին հատկացված վերջին տարիների բնապահպանական վճարը՝
2023թ․ 52 մլն 991 հզր 900 դրամ
2021թ․-ին՝ 8 մլն 551 հզր 100 դրամ
2019թ․-ին՝ 1 մլն 089 հզր 700 դրամ
Մեղրի համայնքում հանքարդյունաբերությունը կենտրոնացած է Մեղրի, Ագարակ, Կարճևան, Վարհրավար, Լեհվազ, Վարդանիձոր, Տաշտուն բնակավայրերում, որոնք ազդակիր բնակավայրեր են համարվում։ Տարածքը հարուստ է թանկարժեք մետաղներով, արդյունահանվում են՝ ոսկի, պղինձ, մոլիբդենի խտանյութ, բազմամետաղային, մոնցոնիտի և նեֆելինային սիենիտի հանքաքարեր։ Այստեղ գործում են մի քանի ընկերություններ՝ «Լիճքվազ ՓԲԸ, «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ, «ԹԱԹՍԹՈՈՒՆ» ՍՊԸ, «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ, «Ատ-Մետալս» ՍՊԸ, «Ղարագուլյաններ» ՓԲԸ և այլ ընկերություններ, որոնք նաև համայնքի հիմնական հարկատուները պետք է որ լինեին, բայց իրականությունն այլ է։
Դրանցից բնապահպանական վճարներ են վճարում՝ «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ, «Լիճքվազ ՓԲԸ, «ԹԱԹՍԹՈՈՒՆ» ՍՊԸ, «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ, «Ատ-Մետալս» ՍՊԸ, «Ղարագուլյաններ» ՓԲԸ-ն։
Հանքարդյունաբերող ընկերությունները նաև շրջակա միջավայրի պահպանության վճարներ են վճարում պետական բյուջե, որից սուբվենցիայի տեսքով մասհանումներ է կատարվում համայնքային բյուջե։ Հանքարդյունաբերությունից բնապահպանական ազդեցությունների ենթարկվող համայնքները պարտավորվում են բնապահպանական և առողջապահական ծրագրեր ներկայացնել Կառավարություն, որոնց իրագործմանն էլ նպատակուղղվելու է բնապահպանական սուբվենցիան։
Լեռնահանքային արդյունաբերության բացասական ազդեցությունը մեղմելու համար 2019թ․-ին Մեղրի համայնքին հատկացվել է 1 089 700 դրամ, որը նպատակաուղղվել է համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանմանը և դիմադրողականության բարձրացմանը՝ կալորիայով և վիտամիններով հարուստ սննդով ապահովելու միջոցով:
2021թ․-ին համայնքին 8 551 100 դրամ սուբվեցիա է հատկացվել, որը դարձյալ նպատակաուղղվել է Մեղրի համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանմանը և դիմադրողականության բարձրացմանը՝ կալորիայով և վիտամիններով հարուստ սննդով ապահովելու միջոցով: Դրա անհրաժեշտությունը համայնքապետարանը պայմանավորում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմիբինատ» ՓԲԸ-ի գործունեությամբ։
2019-20թթ․-ների հարկային եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը փաստում է, որ այս ընկերությունների մեծ մասը համայնքային բյուջեին վճարումներն զգալիորեն նվազեցրել է։ Հանքարդյունաբերողները համայնքին պետք է հողի հարկ, գույքահարկ, բնապահպանական վճար վճարեն, նաև՝ սոցիալ-տնտեսական ներդրումներ կատարելու պարտավորվածություն ունեն։ Դրանցից մի քանիսը ներկայումս ակտիվ գործունեություն չեն ծավալում, որի պատճառով մի քանի հարկատեսակների մասով նրանց վճարումները կրճատվել են։ Ընկերությունների մեծ մասը միայն հողի վարձակալության համար է վճարում, որի ընդհանուր գումարը 2019թ․-ին հրապարակված տվյալներով կազմում է՝ 56 201 781 դրամ։
Հանքարդյունաբերող ընկերությունների 2019թ․-ին հրապարակած հողամասի տարեկան վարձավճարի չափը՝
«Լիճքվազ ՓԲԸ-ն (Լեհվազ, Վարդանիձոր) 2 600 145 դրամ,
«ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ (Մեղրի, Ագարակ, Կարճևան, Վարհրավար) 31 723 513 դրամ
«ԹԱԹՍԹՈՈՒՆ» ՍՊԸ (Լիճք) 19 071 323 դրամ
«Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ 181 800 դրամ է վճարել։
«Ատ-Մետալս» ՍՊԸ (Տաշտուն) 2 625 000 դրամ
«Ղարագուլյաններ» ՍՊԸ 826102 դրամ
Այդ մասին կարդացեք նաև՝ «Մեղրի համայնքի 2022թ․-ի բյուջեն նվազել է․ այն պլանավորել են նախորդ տարվա հավաքագրումների ցուցանիշով»
Գույքահարկ 2020թ․
- «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ՝ 7 062 354 դրամ,
- «Ատ-Մետալս» ՍՊԸ՝ 54 050 դրամ,
- «Ղարագուլյաններ» ՍՊԸ՝ 455 000 դրամ
2019թ․-ի տվյալներով՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ-ն հատկացրել է 60 500 000, ասֆալտապատման աշխատանքներին՝18 097 535 դրամ, համայնքի գազաֆիկացման նախագծման համար՝ 3 600 000, համայնքի արտաբյուջետային հաշվին՝ 8 500 000, ընդամենը՝ 90 մլն 697 հազար դրամ։
«ԹԱԹՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ն սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը հատկացրել է 5 030 000 դրամ։
«Ղարագուլյաններ» ՍՊԸ-ն հատակացրել է՝ 500 000 դրամ, ևս 500 000 դրամ վճարել է համայնքային բյուջեի արտաբյուջետային հաշվին։
«ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ-ն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը հատկացրել է 25 մլն դրամ։
Հողի հարկ վճարում է միայն «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ-ն՝ տարեկան 30 055 դրամ։
Քաջարան համայնքում հիմնական ներդրողը «Զանգեզուրի ՊՄԿ»-ն է
Քաջարան համայնքի ավագանին դեռևս չի հաստատել համայնքի 2023թ․ բնապահպանական ծրագիրը, այդ մասով հոդվածը կլրացնենք հետագայում։ Քաջարան համայնքի տարածքում հանքարդյունաբերություն են իրականացնում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ –ն և «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ-ն։
«Զանգեզուրի ՊՄԿ»-ն համայնքային բյուջե է վճարում՝ գույքահարկ՝ 29 700 000 դրամ, գույքահարկ փոխադրամիջոցների համար՝ 600 000 դրամ, հողի հարկ՝ 82 206 դրամ, հողամասի վարձավճար՝ 104 835 852 մլն դրամ։
Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորությունների կատարման վճարը 2019թ․-ի տվյալներով կազմել է 90 մլն դրամ։ Համայնքում կատարած բարեգործական ներդրումները սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով կազմում են՝ 118 մլն դրամ։ Քաջարան համայնքի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը հատկացրել են՝ 152 մլն դրամ։
«Զանգեզուրի ՊՄԿ»-ն համայնքին ևս մոտ 1 մլրդ 690 մլն դրամի բարեգործական հատկացումներ ու նվիրատվություններ է կատարել։
«ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ-ն, որի ազդակիր բնակավայրը Քաջարան համայնքի Նոր Աստղաբերդ գյուղն է, չափազանց փոքր հարկային պարտավորություններ ունի։ 2019թ․-ի տվյալներով համայնքային բյուջե է վճարել՝ գույքահարկ՝ 36 286 դրամ, հողի հարկ՝ 25 218 դրամ, հողամասի վարձակալության վճար՝ 1 732 896 դրամ։
Սիսիան համայնքի բյուջեն կավելանա հանքարդյունաբերողի վճարումների հաշվին
Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 25-ին, Սիսիան համայնքում տեղական ինքնակառավարման ընտրություններ են նշանակված, որի ժամանակ Սիսիանի շրջանից անջատված 4 բնակավայրերը, որոնք միավորվել էին Գորայք համայնքում, կրկին միավորվելու են Սիսիանի շրջանի հետ։ Միավորվելու արդյունքում Սիսիան համայնքի բյուջեն նկատելի ֆինանսական աճ կունենա՝ Գորայքի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն համայնքին տարեկան 111 691 690 դրամ է վճարում հողի վարձակալության համար:
Կարդացեք նաև՝ «Գորայքի մեծ բյուջեն ենթակառուցվածքներ ստեղծելու հնարավորություն է տալիս, բայց առաջնահերթությունները չեն որոշել»
Ի տարբերություն Սյունիքի մարզի մյուս համայնքների, որոնց վարչական տարածքում գործող հանքավայրերի վճարած հողի և գույքահարկերը տեսակարար կշիռ ունեն սեփական եկամուտների մեջ, Սիսիանը զրկված է նաև այդ հնարավորությունից: Սիսիան համայնքի տարածքում է գտնվում Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որը չի գործում։ «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ին Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը 12 տարով շահագործելու թույլտվություն էր տրվել: Ընկերությունը 2012թ.-ից ստանձնել էր այս մետաղական հանքավայրի շահագործումը, սակայն հանքը մինչ օրս չի գործում: 2020թ.-ին ընկերությունը համայնքին ընդամենը 3615 դրամ հողի հարկ է վճարել։
Այդ մասին կարդացեք՝ «Սիսիան համայնքի բյուջեն վերջին երեք տարիներին աճել է, բայց դոտացիայի հաշվին»
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ներդրումներ է կատարել նաև Սյունիքի մարզի մյուս՝ ոչ ազդակիր համայնքներում։ Սիսիան համայնքին 52 784 դրամ գույքահարկ է վճարել, 170 824 դրամ՝ հողի հարկ։ 2019թ․-ին Սիսիանի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը հատկացրել է՝ 20 մլն դրամ, Գորիսին այդ նպատակով հատկացրել է՝ 50 մլն դրամ, Մեղրիին՝ 25 մլն դրամ։
Սառա Պետրոսյան