Այդ պատմությունների հերոսները Գորիսի քրեակատարողական հիմնարկի բնակիչներ են, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման․ նրանք իրական մարդիկ են, իրենց անուն ազգանուններով, բնակության վայրերով։
Առաջին պատմությանը ծանոթացեք այստեղ
Գ.Մ 51 տարեկան․
Շատ նիհար, փոս ընկած աչքերով, անտարբեր հայացքով պատմում է իր մասին այնպես, ասես դա իրեն չի վերաբերում։ Զրույցի ամբողջ ընթացքում ձեռքերը խաչած էր։
Հայրս երկու անգամ դատապարտվել ա, երկու անգամ էլ՝ մարդասպանության, ես էլ նույնը, երևի մեր խաչն ա։
Հորս խոսքն օրենք էր մեզ համար, եթե խփեր, իրավունք չունեինք, ասեինք խի՞։ Նա բոլոր հարցերը ծեծ ու ջարդելով էր լուծում, մենակ մորս մատով չէր կպչում, բայց մենակ հայացքը հերիք էր, որ մերս գլխի ընկներ, թե ինչ ա ուզում։ Կարող ա մի օրում տասը անգամ ճաշ եփել տար, եթե ինքն էդ բանը չի հավանում։
Չեմ հիշում, որ հայրս երբևէ խանութից որևէ բան առած տուն գար, առհասարակ, ոնց որ հանրակացարանում ապրեր․ կգար, շորերը կփոխեր, հաց կա՛մ կուտեր կա՛մ չէ, մի քանի ժամ կա՛մ ցերեկը կա՛մ գիշերը կքներ ու կգնար։ Ո՞վ ռիսկ կաներ ասեր՝ ուր կամ որտեղից ես գալիս։ Թևի վրա մեծ նակոլկա կար, ոնց էի ուզում, որ ես էլ ունենամ։
Միշտ մտածում էի, որ հենց մեծացա, նրա նման ազատ եմ ապրելու։ Երկար ժամանակ նա անհայտացավ, մայրս ձայն չէր հանում, բայց հեռախոսով խոսելիս լսեցի, որ բռնել են։ Վախեցա, երբ իմացա, որ մարդ է սպանել։ Էդ միտքն էնքան էր վախեցնում, որ չէի կարողանում քնել։
Մայրս նրան տեսակցության չէր գնում, հորս պահանջն էր։ Հորեղբայրս գալիս էր, նրա համար ինչ որ բաներ տանում։ Նրան ութ տարի դատեցին, երբ դուրս եկավ բանտից, ես արդեն բանակում ծառայում էի։ Բանակում ես ինձ ոնց ասում են՝ հորս տեղն էի դրել, ուզում էի ամեն ինչ իմ ուզածով լինի, ինձ «կարոլ» էի զգում, բայց էդ ամեն ինչը մի քանի ամիս տևեց, անընդհատ ընդհարումներ էին լինում, մի օր էլ չդիմացա, էն ժամանակ մտածում էի, թե թասիբ էր, բայց վայ թե համբերությունս չհերիքեց։ Ցավն էն էր, որ սպանեցի ոչ նրան, ում ուզում էի, գիշեր էր, խառնել էի, հերթապահությունը փոխել էին, ես տեղյակ չէի։ Էս միտքն ինձ հետո շատ էր տանջում։ Սպանելը չէր անհանգստացնում, այլ, որ մի անմեղի կյանք եմ խլել։ Ինձ էլ ութ տարի տվին, բայց ոնց ասում են՝ դժվարն էդ առաջին ութ տարին էր։ Ընթացքում անընդհատ սրոկս երկարացնում էին։ Ընդհամենը 11 տարի նստեցի։ Հերս ոչ մի անգամ չեկավ հետևիցս, մորս էլ չէր թողնում։ Բայց մեկ-մեկ ուտելիք բան էին ուղարկում; 11 տարվա մեջ մերոնցից ոչ մեկի հետ ոչ խոսեցի, ոչ էլ մեկին տեսա։
Ազատվելուս օրը, բայց հերս դրսում սպասում էր, իրար դիմաց կանգնած ոչ մեկս ասելու բան չունեինք։ Տանը սեղան էին դրել, բայց ոչ մի բան կուլ չէր գնում։ Բոլորն ինձ օտար էին։ Մորս ներկայությունն էլ չէր փրկում։ Քույրերս ամուսնացել էին, քեռի էի դարձել, ես անտեղյակ էի բոլորի կյանքին։
Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում էր էդ ամեն ինչի մեղավորը հերս ա։ Նա սկսել էր շատ խմել։ Մի օր էլ հարբած էր, քրոջս երեխան, որ մեր տանն էր էդ օրը, անընդհատ լաց էր լինում, քույրս խանութ էր գնացել, ամուսինն ուշադրություն չէր դարձնում երեխու լացին, հերս շիշը կոտրեց, խփեց քրոջս ամուսնու գլխին, որ երեխուն լռեցնի, մինչև շտապը եկավ, չկարացին փրկեն։ Հորս կրկին բանտ տարան։ Էդ փաստը, որ ճիշտն ասեմ ինձ թև տվեց։ Բայց ո՛չ փաստաբանի փող ունեինք, ո՛չ էլ ապրուստի։ Շուտով հորս համար փաստաբան վարձելու միտքը մոռացանք, նրան 12 տարի դատեցին, բայց դրանով «պրոստը» մի ուտող բերան պակասեց, որովհետև մեկ ա, նա չէր աշխատում, բոլորով Ռելեի գործարանում աշխատող մորս շլնքին նստած էինք, դաժե քրոջս երեխու կաթն ինքն էր առնում, ուղարկում։
Տան «կարոլը» ես էի, հետո, որ բանտում էի, երկար ժամանակ ունեի մտածելու, հասկանում էի, որ ես հորս դերի մեջ եմ մտել։ Ես հիմա էլ չեմ կարող բացատրել, թե հորս նկատմամբ էդ վերաբերմունքս երբ է առաջացել կամ պատճառը։ Երբ դպրոցական էինք, նա անընդհատ հարևանների, բարեկամների հետ կռիվներ էր սարքում, իր կարծիքով աշխարհի ճշտերն իրենն են։ Դրանով մեզ թշնամացնում էր բոլորի հետ, փողոցի երեխեքին էլ նրանց ծնողները չէին թողնում, որ խաղային իմ կամ քույրերիս հետ։ Խուսափում էին մեր ընտանիքից, էդ վերաբերմունքը միշտ մնաց; Ավելի խորացավ, երբ հերս երկրորդ անգամ բռնվեց, ես էլ մի «բարի պտուղ չէի»։
Իմացա, որ էն տղան, ում բանակում սպանել էի, սրտի արատ էր ունեցել, նրան, երևի մեկ ուրիշի փոխարեն էին բանակ տարել։ Արդեն մեջս ցեց ընկավ, որ գտնեմ նրան։ Չգտա, բայց ուրիշ շրջապատ գտա, կյանքս ավիրվեց, էլ տուն չգնացի։ Մի երկու խանութից բան-ման թռցրինք, բայց էդ հազիվ «պապիրոսի» փող էր դառնում։
Մեկ-մեկ գնում էի մորս գործի տեղը, հիմնականում գիշերվա սմենին, որ ուշ էր դուրս գալիս, հետևից քայլում էի, մինչև տուն էր ասում, բայց էդ էն օրերին, երբ խմած չէի կամ քաղաքում էի։
Պատահաբար մի կնոջ հետ ծանոթացա, ինձանից 6 տարի փոքր էր, բայց փող ուներ, փալասփուլուս էր ծախում։ Մի քանի ամիս հետը ապրեցի, ամեն օր ծեծուջարդ էինք անում, բայց ես գնալու տեղ չունեի, որ ճիշտն ասեմ ինքն էլ չէր ասում գնա։ Մի օր փող ուզեցի, չտվեց, ասեց՝ չունեմ, բայց մի քանի ժամ հետո տեսա, որ հարևանին պարտքով փող ա տալիս։ Կատաղեցի, կռվեցինք, ոնց եղավ, հրեցի, բալկոնից ընկավ, տակը քարեր կային, գլուխը խփեց, գոռում էր ցավից, բանի տեղ չդրի, իջա մի քարով էլ տվի գլխին․․․ էդ էր, բերին ստեղ։ Ցմահ չէին տա, եթե բարեկամ դատախազ չունենար, ես էլ՝ ադվակատի փող։ «Աբիդնին» էն էր, որ չհասցրի, ավելի շուտ չֆայմեցի դրա փողերի տեղը գտնեի, կտայի մորս, միլիցեքն եկան բռնեցին, տարան։ Ամեն անգամ, որ մտածում եմ հենց էն հարևանը տարած կլիներ։
Ես ինձ մեղավոր չեմ համարում, թող փողը տար։ Սիրտս տանջում ա, որ հետո իմացա՝ հղի էր։
Բանտում, թե տանը, ես տարբերություն չեմ տեսնում, մեկ ա, ո՛չ փեշակ ունեմ, ո՛չ ընտանիք, ո՛չ ցանկություն։ Ուտում եմ, քնում, կյանք չեմ տեսել, որ կյանքի համը զգամ կամ կարոտեմ։ Հիշելու, ափսոսալու բան էլ չունեմ։ Իմացել եմ, որ մերս էլ չի աշխատում, փոքր քուրս տարել ա Ռուսաստան։ Ո՛չ ես կամ նրանց համար, ոչ էլ՝ նրանք ինձ։ Դրսում պիտի դարդ անեմ, թե որտեղ ապրեմ, ինչ ուտեմ։ Մենակ պապիրոսն ա խեղդում, բայց դե մի ձև էդ հարցն էլ ա լուծվում։ Թող ով էս կյանքից մի բան վայելել ա, դրսում մնա, եթե ինձ բաց էլ թողնեն, վայ թե էլի մի բան կլինի, հետ կգամ։





