Այդ պատմությունների հերոսները Գորիսի քրեակատարողական հիմնարկի բնակիչներ են, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման․ նրանք իրական մարդիկ են, իրենց անուն ազգանուններով, բնակության վայրերով։
Առաջին պատմությանը ծանոթացեք այստեղ
Ա․Մ 46 տարեկան․
Մեր զրույցի ընթացքում երկու անգամ ուղեկցող սպան ստիպված էր միջամտել․ էմոցիոնա՞լ, թե ագրեսիվ է շատ։ Ասում է, որ ցմահ դատել են մի բանի համար, որն ինքը չի արել, սարքել են, որովհետև սպանվածի ծնողներն ամեն ինչ արել են, որ իրենց մեղադրեն։
Դատարանում, որ վճիռը կարդացին, միանգամից գոռացի դատավորի վրա, ասեսի՝ արա, հո դու էշ չես։ Կարային սրոկս ավելացնեին, չարին, որովհետև գիտեին, որ ես ճիշտ եմ։ Ո՞վ ա տեսել, որ մի երկու ամսվա մահացած տղայի հերը բարձր ձենով ծիծաղի։ Վճիռս կարդացին, թե չէ՝ էդ «հայվանը» սկսեց ծափ տալ, հետն էլ ծիծաղեց։
Երրորդ անգամ եմ նստում, էն երկուսի պահով բան չեմ ասում, էս մեկը ես չեմ սպանել։ Առաջին անգամ խմբակային գողություն էինք արել, տուն էինք թալանել, բայց ես վերցրի ինձ վրա, որովհետև հետևից լացող էլ չունեի։ Ես երկրորդ դասարանում եմ եղել, որ մերս ծննդաբերելիս մահացել ա։ Նորածին քույրիկս կենդանի ա մնացել, ինքը՝ մահացել։ Քրոջս չեմ տեսել, ասում են հենց հիվանդանոցից որդեգրել են, տարել։ Հորս դրա համար չեմ ներում, որ տերություն չի արել երեխեքին։ Մորս մահից մի երկու ամիս առաջ կարմիր Նիվա առավ, հետո գլխի ընկա, որ քրոջս համարյա ծախել ա։
Հերս ամուսնացավ, վատ կին չէր, ինձ ու աղբորս մաքուր էր պահում, սոված չէինք, բայց հերս հա՛մ նրա կյանքն էր ուտում, հա՛մ մեր։ Կարող ա մի օր մի կին բերեր, էն առաջինին ասեր՝ ֆսյո, գնա, սրա հետ եմ ապրում, մի քանի օր հետո նորից գնար, հնին բերեր։ Մի խոսքով խառը ապրում էինք, բայց դա կապ չուներ գողության հետ։ Շրջապատ էր, ուզում էինք լավ ապրեինք, գործ-մործ չկար, տեխնիկում էի ավարտել, իբր տեխնոլոգ էի, «պրոստը» մեր դասարանից մի աղջիկ ընդեղ էր սովորում, իրա համար գնացի, բայց վերջում ինձ չուզեց։
Ինչ էի ասում․ երկրորդ անգամ էլ եմ գողության համար նստել։ Գողություն անելուց ութ ամիս հետո գիտեինք, թե մարսել ենք, չնայած «վարիան տար», բայց բռնվեցինք։ Համարյա դատ էլ չեղավ, «սրոկը կպցրին, հայդա»։
Երրորդ անգամ կրկին գողության համար էինք գնացել, բայց էնպես եղավ, որ մարդ մահացավ, որը ոչ մի կապ չուներ մեր գողության հետ։ Մենք դրանց տուն երեկոյան էինք մտել, բայց թղթերում կա, որ սպանվածի մահը առավոտյան ա վրա հասել։
Տուն մտնելուց ախրանիկին էինք խփել, բայց ոչ սպանելու նպատակով, իսկ տանտիրոջ տղան հետո ա մահացել, «տոչնի» տեղից գիտեմ, որ պատահականություն ա եղել, «դոզի» տակ ա մնացել, զուգադիպություն, ու երկուսն էլ բարդեցին մեր գլխին, որ էդ տանտիրոջ անունը չտարածվի, թե տղան թմրամոլ ա։ Մեկը դատարանում չհարցրեց, թե դու ով էիր, որ տանդ ախրանիկ էիր պահում, էն էլ՝ բանակում ծառայող զինվորի, իրա պոլկի զինվորներին տանում էր ձրի աշխատացնում։
Էս վերջին տարիներին շատ եմ փորձել դիմեմ գործը վերանայեն, բայց դա փող ա, որը ես չունեմ։ Մեր խմբից երկուսիս են ցմահ տվել, երկուսս էլ հնարավորություն չունենք փաստաբանի։
Պատահում ա, քեզ նման մարդիկ են գալիս, հարցուփորձ անում, տպավորություն են ստեղծում, թե հետաքրքրված են, դու էլ հույսով սպասում ես, բայց հետո մոռանում են։ Շանս կա, որ կարաս դուրս գաս, բայց երևի հազարից մեկը։
Շատ տարիներ եմ բանտում անցկացրել, բայց չեմ հարմարվում․ էն միտքը, որ անտեղի են ինձ ցմահ տվել, հանգիստ չի տալիս։ Մի օր կինո էին ցույց տալիս բանտարկյալների մասին, թե ինչ պայմաններում են ապրում, մերի հետ համեմատելու չէր, բայց տեսանք նաև, թե մարդուն ոնց են նախապատրատում մահապատժի տանելու համար։ Ինձ թվում ա՝ դիտմամբ են ցույց տվել, թե բա՝ տեսեք, մենք բարի ենք, մենք թողում ենք, որ ապրեք, չենք սպանում։ Ոչ մեկին էդ պահը դուր չեկավ, բողոքեցինք էլ, որպես պատիժ, մի անգամվա լողանալուց զրկեցին։
Լսել էինք, որ մեր պայմանները փոխվելու ա, բանտի աշխատողներից մեկն ասում էր՝ նոր շենք են տեղափոխելու, բայց էլ ձեն չեն հանում, երևի ստեղ էլ մեռնենք։
Բայց ես իմ մահվանը չեմ սպասում, հաստատ գիտեմ, որ դուրս եմ գալու ստեղից, ու առաջին գործս գնալու եմ էն տղու հոր մոտ, ասեմ դու իմ հորից չես տարբերվում, որ ինքն ինձ հանցագործ ա դաստիրակել, դու էլ քո տղուն չես կարողացել կարգին մարդ դարձնես։
Բանտը մարդուն չի ընկճում, ո՞վ ա ասում, ընդհակառակը, ավելի ա չարացնում, քեզ թվում ա ամբողջ աշխարհը մեղավոր ա, աչքիդ երևում ա, որ մյուսներն ազատ ման են գալիս, դու պիտի սպասես, որ մի լափ տան։ Սա արդար չի։ Ես գողացել եմ, որովհետև գողանալու բան ա եղել։ Մի հետաքրքրվի, տես մի աղքատ տնից գողություն անու՞մ են, կամ հարուստի երեխեքից մեկը գողության համար դատվու՞մ ա, որովհետև կարիքն ա ստիպում, պարտադիր չի, որ սոված լինես, դու էլ քո ձևով ես ուզում շրջապատ ստեղծես։
Հետաքրքրվե՞լ ես, մի երկրի նախագահ, բարձր պաշտոնյա հանդիպած կա՞ բանտարկյալների հետ, կարող ա մի հարց էլ մենք ենք ուզում տանք, պարտադի՞ր ա, որ մեզ հետաքրքրող բոլոր հարցերը վերաբերեն բանտին, կարող ա մի խելքը գլխին բան էլ մենք առաջարկենք։ Մի քանի տարի առաջ ընտրություններ էին, լավ ա չեն ամաչում, իրանք բերեցին, իրանք ընտրեցին, մարդ կար, սկի չստորագրեց էլ։ Մենք չէինք էլ ճանաչում թեկնածուներին։ Չնայած, որ ճիշտն ասեմ, էդ թեման չի էլ հետաքրքրում։ Ասելիքս էն ա, որ վճիռը կարդալուց հետո մեզ անուլիրովատ չանեն, մենք հալա մեռած չենք, ցմահ ա, բայց «հալա» մահ չի։





