Բանակ ճանապարհելուց հետո Սմբատի հայրը տունդարձի ճանապարհին ավտովթարի է ենթարկվում ու մահանում: Այդ լուրը լսելով` նորակոչիկի մոտ հոգեկան խնդիրներ են առաջանում: Նրան տեղափոխում են Երևանի կայազորային հոսպիտալ, որտեղ պարբերաբար բուժում է ստանում: Ութ ամիս անց, հիվանդության պատճառով Սմբատին զորացրում են: Այնուհետև տղան բուժումը շարունակում է Սյունիքի նյարդային հոգեբուժական դիսպանսերում և 2002 թ. ստանում հաշմանդամության 2-րդ կարգ, որը յուրաքանչյուր տարի հաստատվում է:
Գորիսում անցկացվող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, իսկ յոթ տարի անց նրան նշանակվում է հաշմանդամության մշտական կարգ՝ և ամսական 43 հազար դրամ թոշակ։ Սակայն 2018թ. հունիսին նրան կանչում են կրկին բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու: «Չնայած ինձ համար զարմանալի էր, թե ինչու են կանչում, եթե ինձ մշտական թոշակ է նշանակված, բայց գնացի: Առանց ինձ զննելու, թղթերս նայելու, ասում են` դուք առողջ եք ու հաշմանդամության կարգս դարձնում 3-րդ»,- պատմում է Սմբատը:
Թե ինչ պատճառաբանություն էր նշված եղել փաստաթղթերում կարգը փոփոխելու համար, Սմբատը չգիտի: «Հանձնաժողովի անտարբերությունն ու պատասխանն ինձ այնպես էր հունից հանել, որ իրենց տված թղթերը պատռել եմ ու դուրս եկել հիվանդանոցից` ասելով, որ համաձայն չեմ այդ որոշման հետ»,- պատասխանում է նա, նշելով նաև, որ այնուամենայնիվ, չի բողոքարկել վերափորձաքննության համար, քանի որ ի վիճակի չէ հասնել Երևան: «Երկար ճանապարհ չեմ կարողանում գնալ. ճանապարհին վատանում եմ»,- ասում է Սմբատը:
Սմբատի հուսալքության պատճառը ոչ թե կարգերի փոփոխությունն է, այլ այն, որ տարիներ շարունակ 2 երեխաների հայրը սպասում էր, որ օրենքով նախատեսված կարգով, որպես զինհաշմանդամ, կապահովվի բնակարանով։ «Տասը տարի է խոստանում են, որ տուն կտան. բոլոր թղթերը պատրաստ են ու մեզ արդեն ասել էին, որ 2018 թիվը մեր տարին ա, հերթը արդեն մեզ ա հասել, տունը կստանանք, էն էլ զանգում, կանչում, կարգ են փոխում»,- նեղսրտած պատմում է Սմբատը:
35-ամյա Սմբատն ընտանիքի հետ ապրում է տատիկի տանը` ամեն պահ հույս ունենալով, որ մի օր կունենար իր անկյունը: Ապրուստի միակ միջոցը 45 հազարի փոխարեն արդեն 35 հազար դրամ թոշակն է: «Թող թղթերս վերանայեն, նորից բուժզննում անցկացնեն, տեսնեն արդյոք հիվանդ եմ թե ոչ»,-ասում է երիտասարդը:
Սմբատի խոսքով` այդ օրը բժշկասոցիալական փորձաքննության էին կանչել նաև այլ զինհաշմանդամների, որոնց մի մասի կարգը հանձնաժողովը փոխեց, ոմանք անգամ զրկվեցին կարգից; «Սա արվել ա ուղղակի մեզ բոլորիս տնից զրկելու նպատակով»,- նշում է զինհաշմանդամը:
ՀՀ կառավարության N276 որոշման համաձայն հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական վերափորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Վերափորձաքննություն կարող է իրականացվել նաև դատարանի որոշման կամ վճռի հիման վրա: