Բազմաթիվ գործատուներ թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ տարածում են ֆեյսբուքյան էջերի միջոցով, սակայն աշխատանք փնտրող ոչ բոլոր քաղաքացիներն են համացանցում գրանցված, ուստի շատերը հնարավորություն չեն ունենում տեղեկանալ աշխատանքի համար այս կամ այն հայտարարությանը։
Վերջին երեք ամիսներին ֆեյսբուքում տեղադրված Գորիսում առկա թափուր աշխատատեղերի հայտարարություններում՝ առաջարկվող աշխատանքները տարբեր են՝ հացթուխ, խոհարար, մատուցող, գանձապահ, վաճառող, մաքրուհի ու թեև շատ են աշխատանք փնտրողները, սակայն վերջիններս ոչ միշտ են արագ արձագանքում, ուստի նույն հաստիքի համար տրվող հայտարարությունը պարբերաբար կրկնվում է։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության կայքի՝ Գորիսի տարածքային կենտրոնի բաժնում ևս տեղադրված է՝ աշխատուժի պահանջարկն ըստ մասնագիտությունների, որտեղ առաջարկվում է մաքրուհու, բժշկի՝ մասնավորապես, անեզթեզիոլոգ–ռեանիմատոլոգ, վիրաբույժ և ֆիզիոթերապևտի աշխատանք։ Աշխատանքային ժամերը բոլոր թափուր հաստիքների համար գրեթե նույնն է՝ 9։00-ից մինչև 18։00-ն է նշված, աշխատավարձի չափը՝ նվազագույնը 95, իսկ առավելագույնը 210 հազար դրամ է (Գորիսի բժշկական կենտրոնում ռենտգենոլոգի հաստիքի համար) ։
Փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող Սուսաննա Գրիգորյանը նշում է, որ իրենց ընկերությունը ևս թափուր տեղի համար հայտարարություն տարածում է ֆեյսբուքի միջոցով, կամ դիմում են Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնին։ Նրա խոսքով, աշխատանքի համար իրենց մոտ դիմում են տարբեր տարիքային խմբի կանայք, հիմնականում՝16-50, որը սակայն ինչպես ինքն է ասում՝ տարիքային խտրականությամբ չի պայմանավորված, այլ պարզապես 50-ից բարձր կանայք իրենց չեն դիմում։ Վարձատրության չափը կախված է դրույքաչափից։
Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնում այժմ գրանցված է մոտ 760 գործազուրկ և 980 աշխատանք փնտրող։ Զբաղվածության ծրագրերի և սոցիալական բաժնի ավագ մասնագետ Նաիրա Մկրտչյանն ասում է, որ աշխատուժի պահանջարկի հիմնական մասը զբոսաշրջային ենթակառուցվածքներն են առաջարկում․ մեծ պահանջարկ կա խոհանոցում աշխատողների, մաքրուհիների, մատուցողների։ Այդ հաստիքները, սակայն դժվարությամբ են համալրվում։ Նրա կարծիքով՝մարդկանց մի մասը պակաս նպաստ ստանալն ավելի է գերադասում, քան մշտական աշխատանքով ապահովված լինելն ու կանոնավոր աշխատավարձ ստանալը։
Գորիսի բժշկական կենտրոնը պարբերաբար հայտարարություններ է տարածում տարբեր մասնագիտացմամբ բժիշկների թափուր հաստիքների համար։ Որոշ նեղ մասնագիտացումների պարագայում երկար ժամանակ դրանք չեն համալրվում։ Կենտրոնում առկա թափուր հաստիքների հայտարարությունները տարածվում են նաև ԱՊՀ կազմի մեջ մտնող այլ երկրների շրջանակներում, այսիքն եթե հայտարարված բժիշկների հաստիքների համար կլինեն մասնագետներ այդ երկրներից և կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, ապա ցանկության դեպքում կարող են գալ և աշխատել Գորիսի բժշկական կենտրոնում։ Այս հարթակը, զբաղվածության ծրագրերի և սոցիալական բաժնի ավագ մասնագետի կարծիքով հնարավորություն է գործատուների, աշխատանք փնտրողների համար․ ԱՊՀ անդամ երկրներում աշխատել ցանկացողները ևս կարող են համալրել այդ երկրների գործատուների կողմից տարածված թափուր հաստիքները։ Այդ նպատակով աշխատանք փնտրողները, ովքեր հաշվառված են Զբաղվածության տարածքային կենտրոնում, իրենց անձնական թերթիկում նշում են՝ արդյո՞ք ցանկանում են ԱՊՀ երկրներում աշխատանք փնտրել, թե՝ոչ, և միայն համաձայնության դեպքում է աշխատանք փնտրողի տվյալները տրամադրվում գործատուին։ Վերջիններիս թվում նաև հայ գործարարներ են, ովքեր բնակվում են ԱՊՀ երկրներում։ «Հիմնականում բանվորական աշխատանք է առաջարկվում այդ երկրներում։ Ուրախ չենք, որ մեկնում են մեր երկրից, միգրացիան եղել է բոլոր ժամանակներում, և պատերազմն էլ մեծապես նպաստել է դրան․ և եթե սոցիալական վիճակն էնպիսին է, որ արտագնա աշխատանքի պետք է գնան, ապա մենք օգնում ենք, որպեսզի միգրացիոն հոսքն ավելի կանոնակարգված դառնա»,-ասում է Նաիրան։ Նրա դիտարկմամբ այժմ Հայաստանում բանվորական ուժի պահանջարկ կա, օրական 8-10 հազար դրամ աշխատավարձ են առաջարկում, ինչպես նաև օրապահիկ, օրինակ, Գորիս–Կապան ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար, սակայն աշխատանք փնտրողներին չի հետաքրքրում։
Մասնագիտական կրթություն ունեցողների մեջ շատ են մանկավարժները, ովքեր հիմնականում Գորիսի պետական համալսարանի շրջանավարտներ են։ Գործատուներն ավելի շատ միջին մասնագիտական կրթություն ունեցող աշխատողներ են փնտրում․այս պարագայում, ինչպես ոլորտի պատասխանատուներն են նշում, կարևոր է, որ կրթական հաստատությունները հաշվի առնեն պահանջարկը, որը գրեթե միշտ կանխատեսելի է։
Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։
