«Մինչև պատերազմը շատ աշխույժ, ուրախ տղա էր Հայկը, ինքն ուրիշ էր»,– այդպես է բնութագրում Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի ընկերը՝ Դավիթը, ով նրան դպրոցական տարիքից է ճանաչում։ Ասում է՝ ինչքան էլ անտրամադիր լինեիր, Հայկի կողքին տխրել հնարավոր չէր։
Երբ Կոռնիձոր, նրանց տուն գնացինք, Հայկը Երևանում էր՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։
Մատաղիսում է ծառայել, մեկ տարի ու երեք ամիս էր անցել ծառայությունից, երբ սկսվեց պատերազմը։ Լուրը լսելուն պես` հայրը շտապել է առաջնագիծ. Թալիշում, Մատաղիսում, սակայն որդուն չի հանդիպել։
Մայրը պատմում է, որ պատերազմի օրերին չի պատկերացրել իրավիճակը, ասում է՝ նույնիսկ հանգիստ էր, որ ամուսինը որդու մոտ՝ Արցախ է մեկնել։ Մի քանի օր կապ չլինելու պատճառով՝ լուր չի ունեցել ո՛չ որդուց, ո՛չ էլ ամուսնուց։ Հետո է իմացել, որ նրանք հեռու են միմյանցից։
Հայկը հոր հետ կապ հաստատելուց փորձել է տեղն իմանալ, որպեսզի հանդիպեն, հայրը թաքցրել է։
Լուսինեն՝մայրը, հուզված հիշում է, որ հոկտեմբերի 24–ին, երբ որդին չի զանգել, սկսել են անհանգստանալ ու զանգել են ընկերներին, բայց զանգերն անպատասխան են մնացել։ «Մեկը մյուսին հեռախոսահամար էին փոխանցել, որ մի բան լինելու դեպքում զանգեն հարազատներին, իմաց տան։ Հաջորդ օրը մի տղա զանգեց և ասաց, որ Հայկը թեթև վիրավորում է ստացել, մինչդեռ բավական լուրջ էր վնասվածքը»,–պատմում է Բորիկը՝ Հայկ Ալեքսանյանի հայրը։ Հարազատները տղային սկսել են փնտրել տարբեր հիվանդանոցներում, գտել են Աստղկիկ ԲԿ–ում՝գլխուղեղային ծանր վնասվածքով։ Քսանութ օր կոմայի մեջ էր, տասը օր շարունակ Հայկի վիճակը ծայրահեղ ծանր էր, և հայրը պատմում է, որ որդու վիճակը համեմատաբար կայունանալով ՝մի քիչ հանգստացել են, բայց բժիշկներն էլ հուսադրող բան չեն ասել։ Գիտակցության գալով՝ խոսել չի կարողացել, նույնիսկ հարազատների անունները չէր հիշում։
«Սկզբից ոչ մի կերպ չէր արձագանքում մեր խոսքերին, բայց քսան օր անց, երբ ձեռքը բռնում էինք ու հարցնում՝մամա՞ն ա, պապա՞ն ա, ինքը ձեռքներս թույլ սեղմում էր՝ հասկացնելու համար, որ գիտի»,–պատմում է Լուսինեն և ավելացնում․«Հետո էլ, երբ Հայկը սկսել է խոսել, հարցրել է․«Երբ կոմայի մեջ էի՝ սոված էի, ինչի՞ինձ համար բան չեք բերել, որ ուտեմ»։
Մինչ վերականգնողական կենտրոն տանելը՝ Հայկը նույնիսկ քայլել չէր կարողանում։ Ութ վիրահատություն է տարել, և դեռ էլի պետք է վիրահատվի․աջ աչքն ամբողջությամբ վնասվել է, բեկորները դեռ գլխի մեջ են և որպեսզի չայտուցվի՝ բժիշկները հեռացրել են գանգոսկրի մի հատվածը, վնասվել է նաև մի ոտքը։ Մարմնի աջ հատվածը դեռևս շարժել չի կարողանում, բայց ծնողները հույս ունեն, որ կվերականգնվի, մի քանի ամիս անց կրկին բուժման կուրս կանցնի «Զինվորի տանը»։
«Նման ծանր վիրավորում ստացած զինվորին բժիշկները փրկել չէին կարողանա 90-ականներին։ Շնորհակալ եմ բոլոր այն բժիշկներին, մարդկանց, որոնց շնորհիվ որդիս ողջ է, սկսած հրամանատարից, ով տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել,նաև ցավազրկող ներարկել, որ ցավային շոկին դիմանա»,–ասում է Բորիկը։
Ծնողները պատմում են, որ պատերազմի մասին Հայկը խոսել չի սիրում, բայց ամեն ինչ հիշում է, անընդհատ խոսում է իր զոհված ընկերոջ՝ Վահագնի գերեզմանին այցելելու մասին։
Մինչ բանակ զորակոչվելը սովորում էր Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտական բաժնում։ Որոշել էր, որ ծառայությունից հետո պետք է մայրաքաղաք տեղափոխվեր և ուսումը ԵՊՀ–ում շարունակեր, որտեղ նաև եղբայրն է սովորում։ Սակայն մայրն ասում է, որ հիմա իրենց գյուղն ավելի շատ է սիրում Հայկը, Երևանում երկար մնալ չի ցանկանում։
Ծանր վիրավորում ստացած զինվորին հաշմանդամության երկրորդ կարգ են տվել՝հիմնավորելով, որ ավելի ծայրահեղ վիճակում գտնվող զինվորներ կան։ Բողոքարկելու ժամանակ չունեին, զբաղված են որդու վերականգնաման հարցերով, շատ են ուզում, որ Հայկը գոնե ինքնուրույն կարողանա հագնվել։
Մայրն ասում է, որ իր տղան ուժեղ կամք ունի, կկազդուրվի և կշարունակի ուսումը։
Հ․Գ Հայկը ծնողներին արգելել է իր լուսանկարները տարածել․․․Ծնողներն էլ հետևում են որդու որոշմանը։
Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։
