Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումները նկատելի ազդեցություն են ունեցել կյանքի տարբեր ոլորտների, այդ թվում նաև միկրոձեռնարկությունների վրա։ Դրա հետևանքները մեղմացնելու, ճգնաժամային իրավիճակը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարությունը ընդունել էր ինը ծրագիր։

Գորիսեցի հրուշակագործ Նաիրա Օհանյանի հիմնադրած «Շատ համով է» ընկերությունը, որը խմորեղենի արտադրությամբ է զբաղվում, զգալի վնասներ է կրել Covid 19-ի, նաև պատերազմի պատճառով։ Ավելի քան քսան տարվա ընթացքում ձեռքբերած հաջողությունները, բարի անունը «չօգնեցին», որպեսզի կարողանար ճգնաժամային իրավիճակում դժվարություններից խուսափել․
-Մի կերպ եմ մնացել հարթակի վրա։ Քովիդով պայմանավորված սահմանափակումները մեզ վրա ավելի խիստ են ազդել, որովհետև աջակցության ոչ մի ծրագրից չենք օգտվել։ Եղել են նաև հատուկ պայմաններով վարկեր, որոնք քովիդի հետևանքով տուժած բիզնեսների համար են նախատեսվել, սակայն չեն կարողացել օգտվել այդ հնարավորությունից,-ասում է Նաիրան։
Նրա համար անհասկանալի է այս խտրականությունը, մանավանդ, ինչպես ինքն է ասում, հարկային պարտավորությունները պատշաճ կատարում են։ Նրա խոսքով սահմանափակումների պատճառով իրենց ընկերության զարգացման տեմպերը նահանջել են գրեթե երկու տարով։ Նաև ստիպված էին աշխատատեղերը կրճատել կամ հերթով աշխատելով, քիչ արտադրելով, այնուամենայնիվ մարդկանց աշխատավարձ վճարել։
Կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող Գոհար Ջիվանյանը նշում է, որ իրենց ընկերությունը Covid-ի սահմանափակումների պատճառով էական դժվարություններ չի կրել, քանի որ արագ վերակազմակերպել են իրացման արդեն գործող մեխանիզմը՝ կորոնավիրուսով մեկուսացած հիվանդների համար սնունդ են պատրաստել և առաքել մասնավորապես հյուրանոցներ, որտեղ ժամանակավոր բնակվում էին կոնտակտավորները։
Գոհարն ասում է, որ ընկերության բնականոն գործընթացի համար կարևոր է իրավիճակային լուծումներ գտնելը, արագ կողմնորոշումը, պահանջարկի գնահատման հմտությունը։ Նա, իհարկե, կարևոր գործոն է համարում նաև որակը։
Գոհար Ջիվանյանի ընտանեկան ձեռնարկության պատմությունը սկսվել է 11-12 տարի առաջ։ Մեկ-երկու տարի աշխատելուց հետո դադարեցրել են, վերսկսել 2017թ-ին։ Պատմում է թե ինչպես են գրեթե ոչնչից սկսել աշխատել․ գնել են երկու կգ հավի միս, պատրաստել մոտ 60 հատ կիևյան կոտլետ։ Աստիճանաբար քանակն էլ են ավելացրել, տեսականին էլ։ Այսօր արդեն օրական միջինը 20 կգ միս են օգտագործում։ Բայց պատերազմից հետո հավի մսի գինը բարձրացավ մոտ 30 %-ով՝ 1750-ից հասնելով 2200 դրամի։ Ստիպված էին իրենք էլ գները բարձրացնել։
Նախապատերազմյան շրջանում արտադրանքը հիմնականում իրացնում էին Սյունիքում և Արցախում, սեպտեմբերյան պատերազմից հետո Արցախ արտահանման ծավալը նվազեցրել են, քանի որ հաղորդակցության բնականոն ապահովման խնդիր ունեն։ Նաև մարզի տարածքում է այս խնդիրն առաջացել, ինչպես, օրինակ, գրեթե կրկնակի ավելացել է Կապան տանող ճանապարհի երկարությունը, այսինքն իրացման ծախսերն աճել են, բայց ապրանքատեսականու գինը չեն բարձրացրել։
Հետպատերազմական իրավիճակում, մասնավորապես, հաղորդակցության նոր ուղիների՝ Կապանի այլընտրանքային ճանապարհի գործարկման արդյունքում որոշ ընկերություններ դադարեցրել են իրենց արտադրանքի առաքումը՝ Կապանի տարածաշրջան, Մեղրի։ «Շատ համով է» փոքր բիզնեսի արտադրանքն, օրինակ, այլևս չի առաքվում նշված համայնքներ։ Նախկինում շաբաթական մոտ հազար տուփ խմորեղեն սպառվում էր այդ տարածաշրջանում և մի քանի անգամ պակաս՝ Գորիսում։ Այժմ, հաշվի առնելով առաքման լրացուցիչ ծախսերը, ստիպված են սպառումը կազմակերպել միայն Գորիսում, որի պատճառով էականորեն կրճատվել են եկամուտները։
Բացի այդ, Նաիրան նշում է, որ Գորիս-Կապան նախկին ճանապարհի «արգելափակումից» հետո միջպետական ճանապարհի այդ հատվածում երթևեկության նվազման պատճառով իրացումը ևս կր-ճատվել է, ինչը ևս ազդել է իրացման խնդրի վրա։
IMPACT Solutions խորհրդատվական ընկերության համահիմնադիր, կառավարման խորհրդատու Մարիա Հովումյանի խոսքով վերջին տարիների ճգնաժամային իրավիճակները՝ քովիդն ու պատերազմը տարբեր ձևով ու տարբեր չափով են ազդել ձեռնարկությունների վրա՝ կախված ոլորտից։

-IT ընկերություններն օրինակ շեշտակի աճ են գրանցել, օգտագործել են տեխնոլոգիական հնարավորություններն ու զարգացել։ Բայց ամեն դեպքում կարևոր է, ոնց են մարդիկ ռիսկերը կառավարում։ Կա խնդիր, ռիսկ, ու դրանք մենք չեզոքացնել չենք կարող։ Պետք է մտածել, թե ստեղծված իրավիճակում ինչպես օգուտ քաղել։ Այն ձեռնարկությունները, որոնք ճկուն են գտնվել, ընդունել են ռիսկերը և ոչ ստանդարտ լուծումներ տվել, նրանց վրա ազդեցությունը քիչ է նկատվել։ Գնահատելով իրավիճակը, զբոսաշրջային շատ կազմակերպություններ, օրինակ, ռազմավարական ուղի մշակեցին։ Օգտագործելով համացանցը, փորձեցին գոնե ակտիվ պահել իրենց պոտենցիալ շուկան։
Կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող Գոհար Ջիվանյանը մի քանի ամիս է, ինչ սկսել է ակտիվացնել իրենց ֆեյսբուքյան էջը։ Հետևորդների թիվն աճում է, արձագանքողներն էլ ավելանում են։
Այս մեթոդը՝ հաճախորդների հետ շփումը, հաղորդակցությունը կարևորում է նաև Մարիա Հովումյանը։ Նա առանձնացնելով սննդի ոլորտը, նշում է, որ աշխատող տարբերակներից մեկը կարող է լինել հաճախորդի հետ կապի ապահովումը։ Նա առաջարկում կենտրոնանալ ոչ միայն գնի, այլև հետաքրքիր արտադրանք, հավելյալ արժեք ստեղծելու մասին։
Հոդվածը պատրաստվել է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանականերում։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
