Երկար տարիներ Նինա Թավադյանը Խնածախ համայնքի ավագանու անդամ էր։ Պատմում է, որ ընտանիքը դեմ էր, հատկապես՝ մայրն ու եղբայրը։ Չէին ցանկանում, որ հասարակական աշխատանքով զբաղվի, բայց Նինան ընդդիմացավ ու կարողացավ կոտրել այն կարծրատիպը, որ կանայք ևս կարող են քաղաքականությամբ զբաղվել։ Հիշում է՝ անգամ ընտրական հանձնաժողովի անդամներն էին զարմացել, երբ առաջադրել էր իր թեկնածությունը։ Անտարբեր մնալ չէր կարող շուրջը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ․ համայնքին հուզող շատ հիմնախնդիրներ է բարձրաձայնել ավագանու նիստերի ժամանակ։ Կնոջ խոսքով՝ միայն 2016թ․ համայնքների խոշորացումից հետո ստիպված եղավ դադարեցնել իր գործունեությունը և որոշեց այլևս չառաջադրել թեկնածությունը ՏԻՄ ընտրություններին․ պատճառը հեռավորությունն էր համայնքային կենտրոնից։
Արդեն երեսուն տարուց ավելի բուժքույր է աշխատում Խնածախում, և տարեցտարի, չնայած տարիքին և ծանրաբեռնվածությանը, շարունակում է նոր գիտելիքներ ձեռքբերել։ Ասում է, որ գյուղական բուժքրոջ աշխատանքային գրաֆիկ, «ժամ ու պատարագ» չկա, ամեն րոպե կարող են մարդիկ իր աջակցության կարիքն ունենալ։
Մանկավարժ էր ուզում դառնալ, չհաջողվեց բարձրագույն կրթություն ստանալ, բայց հիմա արդեն չի ափսոսում, մտածում է, որ իր մասնագիտությունը ևս կարևոր է մարդկանց համար ու պահանջված։ Տարիների փորձառության շնորհիվ նա ցանկացած իրավիճակում կարողանում է արագ կողմնորոշվել։ Պատմում է ամռանը տեղի ունեցած մի դեպքի մասին, որն ինչպես ինքն է ասում՝ իր աշխատելու տարիների ամենածանր դեպքերից էր․ մեղվի խայթոցից հղի կինը անաֆիլակտիկ շոկի մեջ էր հայտնվել և առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ զարմացել են, թե ինչպես է բուժքույրը կարողացել հղի կնոջը հանել անաֆիլակտիկ շոկից և փրկել նաև պտղի կյանքը։
Գյուղի «շտապօգնությունն» է Նինան․ աշխատելու տարիներից ի վեր ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել, գյուղից դուրս գրեթե չի էլ գնում, որովհետև խնածախցիներն իրենց միակ բուժքրոջ կարիքը շատ ունեն։
«Մի քանի ժամով գյուղից բացակայելու դեպքում էլ իրար են խառնվում, զանգում, հարցնում են՝ո՞րտեղ ես, ե՞րբ ես գալու»,–ասում է Նինան և ավելացնում, որ բացակայել չի կարող, քանի որ իրեն փոխարինող որևէ մեկը չկա։ Հիմա էլ, երբ Վաղատուրի բուժքույրը գտնվում է ֆիզոլոգիական արձակուրդում՝ սպասարկում է նաև այդ բնակավայրի մարդկանց։ «Աշխատանքային ժամից հետո էլ չի ավարտվում գործս, էլի հասնում եմ, օգնում, երբ ինչ որ մեկը լավ չի զգում»,– ասում է նա ու հավելում, որ եթե առաջ, մինչ գյուղի սահմանամերձ դառնալը՝ վտանգավոր էին երեկոյան փողոցում հանդիպող թափառող շները, հիմա առավել անհանգստացնող է հակառակորդի դիրքերի՝ գյուղին մոտ գտնվելու փաստը։ Հենակետը գյուղից մոտ 200 մետր հեռավորության վրա է գտնվում, որի պատճառով գիշերային այցերի ժամանակ ինչ որ մեկի ուղեկցությամբ է հիվանդի մոտ հասնում։
Գյուղի բուժկետը տարիներ ի վեր չի վերանորոգվել, ջեռուցման խնդիր կա, կամ էլեկտրական ջեռուցիչ են միացնում կամ էլ անհրաժեշտության դեպքում փայտե վառարանն են վառում․ նաև ջուր չկա, գյուղում երկար տարիներ ջրի խնդիր կա։ Աշխատանքայի ժամի ավարտից հետո, երբ կանչ է լինում՝ Նինան տնայց է կատարում, կամ էլ երբ հիվանդն է այցելում՝ իրենց տան մի հատվածի փոքր սենյակում, որը արմարեցված է առաջին բուժօգնության տրամադրման համար։
Պատերազմից հետո գյուղում ծնունդները պակասել են, բուժքրոջ խոսքով՝ միակ տարին էր 2021թ․ որ նույնիսկ գրանցված հղի չի ունեցել։
Նա մտահոգիչ է համարում այն, որ գյուղից մի քանի երիտասարդ ընտանիքներ են տեղափոխվել, որի հիմնական պատճառը զբաղվածության խնդիրն է․ նրա համոզմամբ՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների հարցերն առաջնահերթ ուշադրության առարկա պետք է լինեն կառավարության համար։ Ըստ նրա՝ պատերազմից հետո սահմանամերձ դարձած բնակիչների համար անհրաժեշտ են նոր լուծումներ, եկամուտի նոր աղբյուրներ, քանի որ շատ բնակիչներ զրկվել են արոտավայրերից ու հողատարածքներից։ Գյուղացու հիմնական զբաղմունքը, որ անասնապահությունն ու հողագործությունն է, այլևս եկամտաբեր չեն։
Ասում է, որ իրենց ընտանիքի համար ևս եկամտի աղբյուրը անասնապահությունն էր, սակայն վաճառել են անասունների մեծ մասը։ «Մեզ համար՝գյուղում, մինչ պատերազմը ապրելը հեշտ էր, թեև չարչարվում էինք, բայց կարողանում էինք քաղել մեր չարչարանքի պտուղները»,– ափսոսանքով ասում է Նինան, բայց և լիահույս է, որ սահմանամերձ դարձած իրենց գյուղը չի դատարկվի։
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Գորիսի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
