44-օրյա պատերազմի օրերին 71 ամյա Էդիկն ընտանիքի հետ Արցախից Տեղ համայնքի Քարաշեն բնակավայր է տեղափոխվել։
Պատմում է, որ չվերադառնալու մասին չի մտածել, վերջին օրն իր թռչնանոց երկու դույլ կեր է լցրել, դուռը փակել՝ մտածելով, որ մինչև վերադարձ, հավերին կհերիքի։ Եկել է ու մնացել, այլևս չի կարող վերադառնալ։
Էդիկը մասնագիտությամբ ուսուցիչ է, մաթեմատիկա էր պարապում։ Ինքն Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի դպրոցի տնօրենն էր, որդին՝ հարևան գյուղի դպրոցի։ Ասում է, որ իրենց հաճախ էին դիմում՝ «հայր և որդի տնօրեններ»։
Մանկավարժությանը զուգահեռ, Էդիկի ընտանիքը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, մասնավորապես այգեգործությամբ։ Գրեթե երկու հեկտար խաղողի, մեկ հեկտար ադամախնձորի (կարալյոկի) այգի ունեին, նաև տնկարան էին հիմնադրել, որը սկսել էին զարգացնել և արդեն պատվաստումներ էին կատարում։
Հիշում է, որ անգամ մեղրեցիներն էին իրենց գյուղ գալիս, մասնակցում կարալյոկի բերքահավաքին։ Չէին թաքցնում, որ այն ավելի համեղ է, խոշոր, ապրանքային տեսքը գրավիչ, քան Մեղրիինը և դա էր պատճառը նաև, որ նրանց մոտ յոթ կիլոգրամ կարալյոկից էր մեկ կիլոգրամ չիր ստացվում, իսկ իրենց այգու բերքի՝ հինգ կիլոգրամից։ Պատմում է, հետո ափսոսանքով ձեռքն օդում թափահարում․ «Չհասցրեցինք քաղել, այդ տարի 10 տոննա բերք ունեինք»։

Ամեն տարի 30-40 տոննա մթերք են իրացրել, այժմ էլ դեռ «մշտական կլիենտները» զանգում են որդուն՝ Արմենին, թե Արմեն, մեզ համար խաղող գտի՛ր։ Վերջին անգամ հասցրել է աշակերտներին սովորեցնել ինչպես պատվաստել բույսերը՝ դու աչքը կդնես, դու կեղևը բնափայտից կանջատես․ պատերազմից մեկ ամիս առաջ աշակերտների հետ միասին 1000 ծառ է պատվաստել։
Պատերազմը ստիպեց Էդիկին հրաժարվել իր ունեցածից։ «Աշխատանքային օր չէր, բայց դպրոցում էինք, լուրը եկավ, որ պատերազմ է սկսվել։ Երիտասարդները ջոկատ կազմեցին։ Երեք օր անց արդեն մեր գյուղից չորս երիտասարդ էր զոհվել․ Աշոտը՝ դպրոցի հնոցապանը․․․»- մնացածի անունն այլևս չկարողացավ արտասանել, ձայնն ասես կորավ հուշերի, հույզերի մեջ։
Չի թաքցնում, որ կասկածում էին, որ մի օր հնարավոր էր իրենցից խլեին այդ հողերը, բայց այնքան ջանք էին ներդրել, իսկական եդեմական այգի էին դարձրել։ Միևնույն է, շատ անակնկալ էր ու ցավագին։
Էդիկի տունը պատերազմի օրերին վերածվել էր շտաբի, վերջերս էլ տեղեկացել է, որ այն հիմա ադրբեջանական հենակետային շտաբ է։
Տեղահանվել է Արցախից ու տնավորվել Քարաշեն գյուղում գտնվող հայրական տանը։ «Օրերն անցնում էին , իսկ ես երկար չէի կարողանում մնալ տանը, պետք էր ինչ-որ բանով զբաղվեի․ ինձ համար դժվար էր վերադառնալ դպրոց, որոշեցի հող գնել գյուղում և նոր այգի հիմնել»,- ես այս անգամ նրա ձայնի մեջ արդեն ոգևորություն եմ զգում։
Էդիկն այգին ցանկապատել է, դուռ դրել, սկսել է տնկիներ փնտրել ու ափսոսում է, որ իր եդեմական այգուց գոնե մի քանի տնկի, թուփ չի կարողացել իր հետ բերել։ Այգում արդեն մի քանի տեսակի ծառեր է տնկել՝ խնձոր, գաճաճ ընկուզենի, բալ, սերկևիլ, կարծում է, որ ամենաուշը երեքից չորս տարի հետո կսկսի բերք հավաքել։ Ենթադրում է, որ սկզբում ընկույզ կունենա։
Եղանակային պայմանները հուսախաբ չեն արել, բայց պլանավորում է հակակարկտային պաշտպանիչ ցանցեր ձեռք բերել։
Աշխատանքում Էդիկին թև ու թիկունքն են ընտանիքը՝ տղան, եղբայրը։
Մտածում են նաև թռչնանոց ստեղծել, մեղվաբուծությամբ զբաղվել։ Այնպես է կարծում, որ պետությունն այլևս այն վիճակում չէ, որ կարողանա աջակցել, մարդը պիտի սկսի աստիճանաբար հարմարվել։ Հաճախ տղայիս ասում եմ ․ «միշտ մեզ մեր աշխատավարձի կեսը չե՞ն փոխհատուցելու», այգին դեռ երեք- չորս տարի հետո է պտուղ տալու, իրենք պիտի երեխաների կարիքները հոգան, բայց չեն կարող հույսները պետության վրա դնել։ Ասում է, որ հուսահատությամբ ապրելն այլևս անօգուտ է, դրա համար ամեն օր որդու հետ քննարկում է, թե ինչպիսի հնարավորություններ կան հենց այսօր, և դրանք ինչպես ծառայեցնեն իրենց ընտանիքի բարեկեցության ապահովմանը։
Արցախի և Քարաշենի բնակլիմայական պայմանները տարբեր են, այդ պատճառով դժվարություններ լինում են, բայց ինքը սկսել է «սովորելով անել», օրինակ, «կարալյոկ աճեցնելու համար նոր տեխնոլոգիա ներդնել։
«Ցավոք, այստեղ դեռևս տնկարան չունեմ, հիմա դրսում սերմեր եմ դրել հողի մեջ, որպեսզի հասունանան, բայց մտադրություն ունեմ հիմնելու, որպեսզի ես իմ այգու համար տնկիների պաշար ունենամ , և վաճառքի հանեմ»- պլանների մասին պատմում է Էդիկը։
Ժամանակը, հողի հետ աշխատանքը, ապագա այգու երազանքը կամաց-կամաց սպիացնում են ափսոսանքը, կարոտը՝ օտարին թողած իրենց տան համար, այն տան, որտեղ մի քանի դարակներում դեռ պատանի տարիքից գրքեր էր ձեռք բերում, բազմահատոր գրադարան էր ստեղծել։ Հետո, որպեսզի տխուր դեմքով հրաժեշտ չտանք, ժպիտը դեմքին, առույգ ձայնով փիլիսոփայում է, ասելով, թե ինքը մասնագիտությամբ մաթեմատիկայի ուսուցիչ էր, երկրորդ սերը հողն էր, բայց ինչպես և հիմա, ամենակարևոր տեղում պատմությունն է, որը, ցավոք հաճախ ամեն ինչ նոր տողից սկսելու իրողության առաջ է կանգնեցնում իրենց։
Հոդվածը պատրաստվել է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանականերում։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
