Քսան տարի առաջ Գոհար Գրիգորյանը Գորիս քաղաքում՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին գտնվող իրենց տան առաջին հարկում հացի փուռ էր հիմնադրել։ Արտադրանքը սկզբում իրացնում էին քաղաքի տարբեր խանութներում, բայց հետո այլևս առաքման խնդիր չունեին, քանի որ օրական մինչև հազար երեք հարյուր լավաշի գնորդ ունեին՝ դեպի Կապան, Քաջարան ու Մեղրի գնացողները։ Իսկ երբ մարզի հարավային հատվածը հյուսիսին միացնող միակ ճանապարհը սկսեց շրջանցել Գորիսը, բիզնեսն այլևս եկամտաբեր չէ։
-Բոլոր հաճախորդներիս ճանաչում էի, հեռախոսների համարներն անգիր գիտեի, արդեն բարեկամներ էինք դարձել,- պատմում է տիկին Գոհարը։Բացի լավաշից, նաև խմորեղեն էին թխում, որոշ օրեր անգամ չէին հասցնում պահանջարկն ապահովել։
Ինքն այդ տարիների ընթացքում չէր մասնակցում հացաթխման աշխատանքներին, կազմակերպչական աշխատանքներով էր զբաղվում, որովհետև եկամուտը բավարարում էր լրացուցիչ աշխատուժ ներգրավելու համար։ Հիմա այլևս չի կարող նման «շքեղություն» թույլ տալ, որովհետև եկամուտները կտրուկ նվազել են։ Հերթափոխով աշխատող կանանցից մնացել են երկուսը․ նրանք էլ ասում են, որ ճարահատյալ են աշխատում․ նախկինում օրական յոթ-ութ հազար դրամ էին ստանում, իսկ այժմ՝ դրա կեսից պակաս։
-Մտքովս չէր անցնում, որ փակուղու մեջ կհայտնվենք։ Պատերազմից հետո մեր հույսն էս փուռն էր, առևտուրը, այդ պատճառով է, որ չնայած Հայաստանից դուրս ապրող երեխաներիս հորդորներին, շարունակում ենք ապրել Գորիսում,-ասում է Գոհարը, չթաքցնելով, որ միտքն արդեն փոխել է՝ տեսնելով, որ ճանապարհը «տեղախոխվելու» պատճառով մարդկանց զբաղվածության խնդիրը չի մտահոգում կառավարությանը։ Իրենք էլ վստահ չեն, որ արժե շարունակել ապրել Գորիսում։Հիմա փուռն այնքան լավաշ է թխում, որ հազիվ մեկ խանութի է մատակարարում։ Այդ ծավալով բիզնեսը չի կարող անգամ ծախսերը փոխհատուցել, ուր մնաց, որ կարողանան շահույթ ստանալ։ Այլևս անհույս է, որ ինչ որ բան կփոխվի։
Պատկերը փոխվել է Կապան տանող այլընտրանքային ճանապարհի վրա գտնվող գյուղերում։ Մարտին Գերասիմյանը ապրում է Հալիձորում։ 2015 թվականին «Տաթևեր» ճոպանուղու գործարկման հեռանկարով ոգևորված, հացի փուռ է հիմնադրել գյուղում և իր խոսքով, չի սխալվել․ տարիներ անց, մոտ 40 տոկոսով եկամուտն ավելացել է։ Ճոպանուղու հարակից բնակավայրերում Մարտինի նման շատերն են սկսել բիզնեսով զբաղվել։ Վերջին տարիներին, համավարակով պայմանավորված, զբոսաշրջիկների թիվը նվազել է, սակայն, ինչպես տեղացիներն են ասում՝ «մի դուռը փակվել է, մյուսը՝ բացվել»։ Մարզկենտրոն, Իրան, Մեղրի տանող ճանապարհն արդեն քանի ամիս է, իրենց համայնքի բնակավայրերի տարածքով է անցնում, և մեքենաների երթևեկությունն ակտիվացել է։
Մարտինն ասում է, որ իրենց հաշվարկները վերաբերել են միայն ճոպանուղու ընձեռած հնարավորությանը, բայց հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, մտածում են ընդլայնել բիզնեսը, բայց դրա համար լրացուցիչ ներդրումների կարիք ունեն։

Նրա կարծիքը կիսում է նաև համագյուղացի Ալմաստ Վանեսյանը։ Վերջինիս խոսքով գյուղում երթևեկությունն աշխուժացել է, այլընտրանքային ճանապարհն էլ նոր հնարավորություններ է ստեղծել, բայց համավարակի, պատերազմի պատճառով այնքան մեծ կորուստ են ունեցել, որ չեն կարող անգամ այս պայմաններում, վերականգնել վնասը։ Նրա համար անհասկանալի է, որ տեղացիները չեն օգտվում այլընտրանքային ճանապարհի ընձեռած հնարավորությունից, և իրենք դեռ շարունակում են առաքիչներից գյուղմթերք ձեռքբերել, մինչդեռ, եթե մարդիկ, ըստ նրա, «բիզնես ջիղը զարգացնեին», կարող էին եկամուտ ստանալ։
Շինուհայրցի Մելինե Դանիելյանի խոսքով այն փաստը, որ գյուղամիջյան փողոցն այժմ գրեթե միջպետական կարգավիճակ ունի, ավելի շատ բացասական ազդեցություն ունի, քանի որ ի սկզբանե այն նախատեսված չի եղել այդպիսի հաճախականությամբ երթևեկող ծանրաքարշ ավտոմեքենաների համար։ Բնակիչներից ոմանք դժգոհում են, թե հնարավոր է, որ ժամանակի ընթացքում ճանապարհի երկայնքով գտնվող շենքերը սեյսմիկ խնդրի առաջ կանգնեն։
Մելինեն երեք տարի առաջ գյուղում ծաղկի խանութ էր բացել էր․ քանի որ միակն էր Տաթև համայնքում, տարբեր գյուղերից էլ հաճախորդ ուներ։ Այն փաստը, որ միջպետական ճանապարհն այժմ անցնում է գրեթե իր խանութի կողքով, որևէ ազդեցություն չի ունեցել իր բիզնեսի վրա։ Նրա կարծիքով առավել կարևոր է, որ փոքր բիզնեսով զբաղվող մարդիկ պարբերաբար բարելավեն ծառայության որակը, ընդլայնեն տեսականին։ Զբոսաշրջիկները հաճախ հայկական արտադրության հուշանվերներ են ցանկանում գնել, այդ պատճառով հիմա նա հուշանվերներ է առաջարկում հաճախորդներին։ Նաև նկատել է, որ հյուրերը հետաքրքրված են տեղական մրգերով, հատապտուղներով, և «Ֆրեշ կանգառ» անունով ծառայություն ունի՝ տեղական հումքից պատրաստած հյութ է առաջարկում հաճախորդներին։ Մոշ, ազնվամորի և այլ մրգեր ու հատապտուղներ գնում են գյուղացիներից։ Այս տարի որոշել են մթերքը սառեցնեն կամ չորացնեն, որպեսզի տարվա բոլոր եղանակներին հումքով ապահովված լինեն»։

Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանը կարծում է, որ այլընտրանքային ճանապարհի փոփոխությունը և մարդկանց շարժի մեծացումը դրական ազդեցություն ունի համայնքի զարգացման վրա։ Ամենակարևոր խնդիրներից մեկն, ըստ փոխհամայնքապետի, ապահովվել է միջբնակավայրային և միջհամայնքային տրանսպորտային կապը․ Տաթև համայնքի բնակիչներն օգտվում են Կապան-Գորիս, ինպես նաև Երևանից դեպի Կապան կամ Մեղրի գնացող երթուղիներից։ Նա նաև կարևորում է այն փաստը, որ համայնքն ավելի ճանաչելի է դարձել, և դա զարգացման նոր հնարավորություններ կարող են ստեղծվել։
Ճանապարհը հնարավորություն է տալիս բնակիչներին նոր բիզնես նախաձեռնություններ իրականացնելու, որը կնպաստի ճանապարհի արդեն ծերացող գյուղերին նոր շունչ տալուն, սակայն քանի դեռ վերջնական խնդրին լուծում չի տրվել, և այս այլընտրանքային ճանապարհը դեռևս վերջնական չէ, ուստի մարդիկ վախենում են ներդրումներ կատարել։ «Այժմ պատրաստվում է Լծեն-Տաթև ճանապարհը, որի հատման կետը դեռևս հստակ չէ, մարդիկ մտածում են այդ ճանապարհահատվածում նոր շինություններ կառուցել, սակայն այս դեպքում, ինչպես Գորիս համայնքը դուրս մնաց այդ ճանապարհից, դուրս կմնան նաև Տաթև համայնքի բնակավայրերը, ուստի պետք է մշակել այնպիսի նախաձեռնություններ, որ հույսը չդրվի ճանապարհի, այլ մեր համայնքներում զբոսաշրջիկների թվի ավելացմանը»,-ասում է Մարատ Գերասիմյանը։ Նրա խոսքով թե՛ Գորիսը, և թե՛ Տաթևը մեծ պոտենցիալ ունեն զբոսաշրջային կենտրոններ դառնալու։ Սակայն դրանք զարգացնելու համար համակարգված ներդրումների կարիք կա։ Նա ասում է նաև, որ ճանապարհի փոփոխությունը բացասական կողմեր էլ ունի․ զբոսաշրջային կենտրոն դառնալու հավակնություն ունեցող բնակավայրերում աղմուկը կարող է խոչընդոտել ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելուն։
Տաթև համայնքի զարգացման, բնակիչների բարեկեցության համար անհամեմատ մեծ դեր է ունեցել Տաթևեր ճոպանուղու շահագործումը։ Ոչ զբոսաշրջային սեզոնին այդ ճանապարհով հնարավոր է երկու անգամ ավելի շատ մեքենաներ անցնեն, բայց նրանցից քչերն են օգտվում հանրային սպասարկման կետերից, իսկ ճոպանուղու, Տաթևի վանքի համար համայնք հասնող զբոսաշրջիկը նվազագույնը մեկ օր մնում է համայնքում, օգտվում բնակավայրի հանրային սպասարկման կետերից։
Ըստ փոխհամայնքապետի, զբոսաշրջության զարգացման, դրանով համայնքի զարգացումը խթանելու համար համայնքը պետք հստակ ռազմավարություն մշակի, սակայն դրա համար թե մասնագիտական թե ֆինանսական ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն ունեն։
Հոդվածը պատրաստվել է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանականերում։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Գորիսի Մամուլի Ակումբ» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
