2021թվականի հոկտեմբերի 17-ին Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթող էր ճանաչվել գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Վերջինիս ղեկավարը, սակայն, չէր մասնակցել նախընտրական, քվեարկության գործընթացին, քանի որ կալանավորվել էր դեռևս հուլիսի 16-ին։ ՏԻՄ ընտրությունից հետո Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, հատարարելով, որ «իրեն ոչ միայն չի տեսնում օրենսդրում, այլև ցանկանում է լինել Գորիսում, ապրել ու արարել իր հարազատ քաղաքում, ամբողջ ներուժը ներդնել հանուն համայնքի բարգավաճման ու իր սիրելի գորիսեցիների բարօրության»։
Գրեթե իննամսյա դատական գործի քննության մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, արդեն հրապարակել է Առուշ Առուշանյանի դատավճիռը, և նրան ազատ արձակել դատարանի դահլիճից։
«Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու հիմքով քննվող դատական այս գործը, որը երկար ժամանակ է, ինչ քննարկվում է նաև քաղաքական, տեղեկատվական տարբեր հարթակներում, կարծես թե վերջապես, հանգուցալուծվեց, սակայն Առուշ Առուշանյանը «հինգ տարի ժամկետով չի կարող պաշտոն զբաղեցնել տեղական ինքնակառավարման մարմիններում»՝ դատավճռով նախատեսված այս դրույթը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել թե՛ փորձագիտական, թե հանրության շրջանում։ Բանն այն է, որ մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, Առուշ Առուշանյանը կարող է զբաղեցնել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ նրա փաստաբանական խումբը հնարավորություն ունի վճիռը բողոքարկելու Վերաքննիչ, Վճռաբեկ դատական ատյաններում։ Ըստ փորձագետների, խնդրահարույց է նաև, որ այն, հնարավոր է, չտարածվի ընտրովի պաշտոնների զբաղեցման վրա։ Այս առումով կարծես թե հստակեցված չէ նաև, թե արդյո՞ք ՏԻՄ պաշտոն եզրույթը վերաբերում է նաև ավագանու անդամին, քանի որ, ըստ էության, Առուշ Առուշանյանը նաև Գորիս համայնքի ավագանու անդամ է։
«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածները վերաբերում են համայնքի ավագանու անդամի և համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը, ըստ որի, լիազորությունները դադարեցվում են, եթե ավագանու անդամը կամ համայնքի ղեկավարը «դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը»։ Այս պարագայում Առուշ Առուշանյանը, փաստորեն, ազատազրկված չէ, վճռի համաձայն «պատիժ չի կրում», և կարող է լիարժեք իրացնել իր լիազորությունները։
Մյուս կողմից, եթե դատական բոլոր ատյաններում վճռի բողոքարկումից հետո, այն մնա անփոփոխ, ավագանու մեծամասնություն կազմող «Առուշ Առուշանյան» դաշինքը կարող է նոր թեկնածու առաջադրել համայնքի ղեկավարի համար,այսինքն, գնդակը կշարունակի մնալ այս դաշինքի դաշտում։
Նախորդ տարվա աշնանը ԱԺ-ում քննարկվում էր «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ, որով առաջարկվում էր որ «համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ մինչև դրա առաջացնող հանգամանքների վերացումը՝ վերջինիս լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու պարագայում՝ մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
Նախագիծը դեռևս չի ընդունվել, սակայն այն կարծես թե արդեն իսկ կարգավորված է ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածով, ըստ որի համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու դեպքում, եթե համայնքի ղեկավարի լիազորություններն ինչ-որ անհնարինության դեպքում չեն կատարվում, ապա այն դրվում են առաջին տեղակալի վրա, որը պետք է լինի ավագանու անդամ, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու պարագայում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Գորիս համայնքի պարագայում այս դրույթը ևս չի տարածվում, քանի որ համայնքի ավագանու՝ 2021թ․նոյեմբերի 19-ի որոշմամբ «Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը», ավագանու անդամ Արտյոմ Աղաջանյանը նշանակվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։
Եվ մինչ փորձագիտական հանրույթը կշարունակի մեկնաբանել այս «հակասությունները», 2022թ․ապրիլի 5-ին, ժամը 14-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը, որը, ինչպես տեղեկացնում է համայնքապետարանի պաշտոնական էջը, կվարի համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը։
