Ապրիլի 21-ին տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր «Santé Arménie» առողջապահական միության «SOS Village de Syunik» ծրագրի շրջանակներում գործող ընտանեկան բժշկության շարժական թիմի գործունեության ներկայացմանը։
Հայ–ֆրասնիական «Santé Arménie» կազմակերպությունը ստեղծվել է 44–օրյա պատերազմի օրերին, իսկ ծրագրի մեկնարկը տրվել է 2021թ․հոկտեմբերի 1-ին՝ բժիշկների վերապատրաստմամբ։ Բարեգործական կազմակերպության նպատակը տարբեր ծրագրերի ստեղծումն ու ֆրանսիայում տասնամյակներ գոյություն ունեցող տարբեր բժշկական կազմակերպությունների, առողջապահական կառույցների համախմբումն է, նաև ցույց տալ և փոխանցել ընտանեկան բժիշկության բնագավառում Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի բժիշկների փորձը, ներկայացնել նորամուծությունները, նոր տեխնոլոգիաների կիրառումը և դրանով նաև նոր շունչ տալ ընտանեկան բժշկությանը մեր տարածաշրջանում։
Նշվեց, որ կազմակերպությունն ունի երեք հարյուրից ավել անդամ, որոնց մեջ ընդգրկված են բուժաշխատողներ, տարբեր ոլորտի մասնագետներ, հոգեբաններ։ Կազմակերպության համահիմնադիրը Սորբոնի համալսարանի ներքին հիվանդությունների բաժնի վարիչ պրոֆեսոր Արսեն Մեկինյանն է։ Իսկ «Հայ բարեգործական ընդհանուր միության» Ֆրանսիայի գրասենյակը «Santé Arménie» նախաձեռնության հիմնադիր անդամ է։
«SOS Village de Syunik»-ը ամբուլատոր բժշկական շարժական կայանի գործարկման ծրագիր է, որտեղ ներգրավված են բժիշկներ և հոգեբաններ, ովքեր աշխատելու են տարբեր համայնքային բուժկետերում աշխատող բժիշկների հետ համատեղ։
Ծրագրի ղեկավար և ընտանեկան բժիշկ Տաթևիկ Բազինյանը ներկայացրեց տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից ժամանած և ընդհանուր գաղափարի շուրջ համախմբված հայազգի ընտանեկան բժիշկների թիմին, խոսվեց համագործակցության, նաև ծրագրի նախապատմության մասին՝ ինչպես են իրենք այցելել սահմանամերձ գյուղեր՝ ուսումնասիրել բնակչության կարիքները, որից հետո ցանկացել են կյանքի կոչել ծրագիրը։ «Մտածեցինք շարժական բժիշկների թիմ ստեղծելու մասին, այսինքն, ովքեր կկարողանան գյուղերում խորհրդատվություն իրականացնել բնակիչների համար»,–ասում է Ֆրանսիայից ժամանած Տաթևիկ Բազինյանը։ «Մեր ծրագրի նպատակը սահմանամերձ գյուղերի բնակիչներին առողջության առաջնային պահպանումն է, և քանի որ մենք աշխատում ենք այլ երկրներում և տարբեր են այդ երկրների առողջապահության համակարգերը, ապա բոլոր երկրների փորձը կիրառելով՝ կփորձենք ստեղծել և մշակել նոր համակարգ»։ Ծրագրի ղեկավարը նշեց, որ իրենք համագործակցում են առողջապահության հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՏԻՄ–ի հետ, որպեսզի համագործակցությունն ավելի արդյունավետ լինի։
Տ․ Բազինյանը նշեց նաև, որ կազմակերպության շարքերում ներգրավված փորձառու և անվանի շատ բժիշկներ պատրաստակամություն են հայտնել աշխատել նաև Հայաստանում, սակայն դրա համար էլ պետք է ընդհանուր համակարգ ստեղծվի, որը կամուրջ կհանդիսանա այդ մասնագետների և առաջնային օղակի միջև, որպեսզի մեր երկիր գան և օգտագործվի նրանց ներուժն ու հմտությունները։
Էլեկտրասրտագրիչով, ուլտրաձայնային սկաներով, դեղամիջոցներով և կենսաբանական անալիզի սարքավորումներով հագեցած շարժական բժշկական կայանը խորհրդատվություն է անցկացնելու Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակչության շրջանում` Խնածախ, Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Խոզնավար, Վաղատուր և Կոռնիձոր։ Լաբորատոր շարժական սարքավորումն օգտագործվում է Շվեյցարական առողջապահական համակարգում, որի շնորհիվ մատից վերցված արյան հետազոտությունը հավասարազոր է բազմաթիվ այլ հետազոտությունների։ Այսինքն, այդ սարքավորումների միջոցով նախնական առաջնային փուլում կարող են ախտորոշում անել և համապատասխան բուժում ստանալ։
Ժամանակացույցն արդեն կազմված է, և բժշկական շարժական կայանը մեծ բնակչություն ունեցող գյուղերում կլինի ամեն շաբաթ, իսկ ավելի փոքր թվով բնակիչ ուեցող գյուղերում՝ երկու շաբաթը մեկ անգամ։
Կազմակերպության անդամները ներկայացրին նաև ապագա ծրագրերը, որոնք արդեն իսկ ունեն ֆինանսավորում։ Այդ ծրագրերի ցանկում է նաև սահմանամերձ գյուղերի մի քանի ամբուլատորիաների վերակառուցումը։
«Santé Arménie» նաև այլ ծրագրեր է իրականացնում Գորիսում, հատկապես նեղ մասնագիտական ոլորտում, որոնցից են՝ Գորիսի Ֆրանս–Հայկական սրտանոթային կենտրոնում գործող հոգեբանական անվճար խորհրդատվությունն ու գործող վերականգնողական կենտրոնը։
