Գորիսի համայնքապետարանը ընթացիկ տարվա ապրիլին հայտարարել էր Գորիս համայնքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է օրեր առաջ։
Մրցույթը հայտարարվել էր հետևյալ թափուր ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների համար`Գորիս քաղաքի Գուսան Աշոտի փ. թիվ 26 հասցեի հարակից տարածքից մինչև նույն փողոցի թիվ 26 հարակից տարածք, Մաշտոցի փ. թիվ 14 հասցեի հարակից տարածքից մինչև Մաշտոցի փողոցի թիվ 14 հասցեի հարակից տարածք, Գորիս–Ակներ–Գորիս, Գորիս– Քարահունջ–Գորիս։
Տրանսպորտային ծառայություն իրականացնելու հայտ էին ներկայացրել երկու ընկերություն՝ ընդհանուր ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող «Լաստ» ՍՊԸ–ն և անհատ ձեռնարկատեր Վարդգես Պետրոսյանը։
Գորիսի համայնքապետարանում կայացած մրցութային հանձնաժողովի նիստին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները և երկու հայտադիմումատուները։ Նախապես կատարվել էր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում, գնահատում, ինչպես նաև փաթեթների ուսումնասիրություն, որոնք սոսնձված և կնքված բացվեցին հանձնաժողովի նախագահ, համայնքի ղեկավարի օգնական՝Կարեն Քոչարյանի կողմից։
Մրցութային հանձնաժողովի անդամները մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցներին տված իրենց գնահատականները լրացրեցին մրցութային թերթիկում, որը կատարվում է 10 բալանոց թվային համակարգով՝ ելնելով ավտոմեքենայի փաստացի տեխնիկական վիճակից, ամփոփելով միջին գնահատականով։
Մրցութային թերթիկում գրանցվեցին ավտոբուսի հերթական համարը և ավտոբուսը բնութագրող ընդհանուր տվյալները (մակնիշը, հաշվառման համարանիշը, դեղին հիմնագույնի համարանիշը, նույնացման (VIN) համարը, թողարկման տարեթիվը, նստատեղերի թիվը), ինչպես նաև ավտոբուսին ամրակցված վարորդի անունը, ազգանունը. ավտոբուսի տեխնիկական վիճակի (բանվորական արգելակի, կայանման (ձեռքի) արգելակի, ղեկային համակարգի, լուսաազդանշանային միջոցների էլեկտրասարքավորումների, դռների փականների հուսալիության և ամրության) գնահատականը։
Առավելագույնը ընդհանուր միավորներ հավաքած մասնակիցը կճանաչվի մրցույթի հաղթող։ Մրցույթի արդյունքներով հավասար ընդհանուր միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը կորոշվի նշված գործոնների առաջնահերթությամբ` մասնակցի կողմից առաջարկվող նվազագույն փոխադրավարձ, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին տրված գնահատական, կազմակերպությունը նախկինում տվյալ երթուղին սպասարկելու փորձ, սեփական արտադրական բազա, ինչպես նաև որոշիչ կլինի մրցույթին մասնակցող ընկերության կողմից ներկայացված վնասակար արտանետումների չեզոքացուցիչներով կահավորված ավտոբուսների թիվը։
«Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի կարգի» համաձայն, մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքները կամփոփի մրցույթի կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում և ամփոփիչ նիստում կհայտարարի մրցույթի հաղթողին (հաղթողներին) կամ սույն կարգին համապատասխան` մրցույթը կարող է համարվել չկայացած։
Հավելենք, որ մրցույթին մասնակցող երկու ընկերությունների կողմից նշված երթուղիների սպասարկման համար առաջարկվել է նույն փոխադրավարձը, և մրցույթի հաղթողը հետագայում չի կարող փոխել այն։
