2020թ.-ի մայիսին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց ըստ որի՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերը սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են հանձնվել համայնքների ղեկավարներին (վարչական ղեկավարներին), նրանց մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասն ավելի բարձր վարձավճարներով վարձակալության են հանձնվել կապի օպերատոր ընկերություններին` հեռահաղորդակցության կայաններ տեղադրու և շահագործելու նպատակով:
Նշված օրինախախտումը գրանցվել է նաև Սյունիքի մարզում, համայնքներից 6-ը ներգրավված են այդ գործարքներում։ Կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Համայնքապետարաններին հանձնարարվել էր նոր պայմանագրեր կնքելու գործընթաց նախաձեռնել բջջային օպերատորների հետ:
Համայնքներին ուղղված գրություններով փորձեցինք պարզել, թե այդ անօրինական գործարքների բացահայտումից հետո, երկու տարվա ընթացքում Սյունիքի համայնքներին պատճառված վնասը որքանով է վերականգնվել, քանի՞սն են լուծարել վարձակալների և բջջային օպերատորների հետ կնքած պայմանագրերը և փոփոխվե՞լ է, արդյոք, ալեհավաքներ տեղադրելու համար հատկացված հողերի նշանակությունը։
Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Հարությունյանը տեղեկացրեց, որ քննչական կոմիտեի՝ Սիսիան համայնքին պատճառված վնասի հաշվարկների վերաբերյալ համայնքապետարանում տեղեկատվություն առկա չէ, մինչ օրս լուծվել են նախկին Անգեղակոթ, Արևիս, Բնունիս, Դարբաս, Թանահատ, Լոր համայնքների և վարձակալների միջև կնքված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրերը։
Կապի օպերատորներին հողերը վարձակալությամբ չեն կարող տրամադրվել, ուստի նրանց հետ պայմանագրեր կնքել հնարավոր չէ (համաձայն Հողային օրենսգրքի 46-րդ և 57-րդ հոդվածների համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են տրամադրվել միայն սեփականության իրավունքով), վերոնշյալ հողերի նպատակային նշանակությունը փոխելու գործընթացն ընթացքի մեջ է:
Գորայքի համայնքապետարանից հայտնեցին, որ Սառնակունք բնակավայրում տեղադրված կայանի զբաղեցրած հողամասը 2020թ. հունիսին գրանցվել է որպես համայնքային սեփականություն։ Հողամասի նպատակային նշանակությունը փոխվել է 2021թ.-ի նոյեմբերին, լուծվել է նաև նախկին վարձակալի հետ ունեցած վարձակալության պայմանագիրը, վնասի չափը կազմել է 4 484 000 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Հողամասի գրանցման գործընթացն ընթացքում է, որից հետո Սառնակունք և Գորայք բնակավայրերում տեղադրված ալեհավաքների համար համայնքի և օպերատորի միջև կկնքվեն վարձակալության պայմանագրեր։
Տաթև համայնքին պատճառվել է 3 405 000 դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է համայնքային բյուջե։ Տաթևի համայնքապետարանը լուծել է նախկին վարձակալի հետ կնքված պայմանագիրը, փոփոխվել է նշված կապի կայանի շահագործման համար անհրաժեշտ հողամասի նպատակային նշանակությունը և առաջիկայում օպերատորի հետ նոր վարձակալության պայմանագիր կկնքեն։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրեց, որ վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող հողերի մի մասը վարձակալի կողմից բջջային օպերատորներին՝ բջջային կապի ալեհավաք կայան տեղադրելու նպատակով ենթավարձակալության իրավունքով տրամադրելու հետ կապված չորս քրեական գործ է հարուցվել: Դրանցից երկուսը գտնվում են նախաքննության փուլում, հետևաբար պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ։ Երկու քրեական գործով վարույթները կարճվել են, և քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղադրյալի արարքում հանցակազմ չլինելու հիմքով, ուստի համայնքը վնասի հատուցման պահանջ չի ներկայացրել։ Նախկին վարձակալների հետ կնքված բոլոր պայմանագրերը լուծվել են, սակայն բջջային օպերատորների հետ պայմանագրեր չեն կնքվել։
Ներկայումս համայնքի նախաձեռնությամբ իրականացվում է բջջային կապի ալեհավաք կայանի սպասարկման հողամասերի նպատակային նշանակության փոփոխության գործընթաց, որից հետո նշված հողամասերը կտրամադրվեն համապատասխան բջջային օպերատորներին։
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հայտնել է, որ իրենց համայնքում գրանցվել է երկու դեպք, որոնցով հարուցվել են քրեական գործեր։ Քրեական գործերից մեկով նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի համայնքին պատճառվել է 550 000 դրամի վնաս, որը վերականգնլու համար հայցադիմում է ներկայացվել դատարան։ Միջոցներ են ձեռնարկվում վարձակալության պայմանագիրը լուծելու և նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ։
Քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի համայնքին պատճառվել է 2 800 000 դրամի վնաս։ Այդ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, համայնքապետարանը բողոք է ներկայացրել դատախազություն, որից հետո քրեական գործի վարույթը վերսկսվել է և նախաքննությունը շարունակվում է։ Այս գործով վկայակոչվող հողամասի վարձակալության պայմանագիրը քաղաքացու հետ դեռևս 2020թ. դադարեցվել է և համայնքապետարանի ու «ՄՏՍ Հայաստան» ընկերության հետ նոր վարձակալության պայմանագիր է կնքվել, ինչպես նաև փոխվել է նշված հողի նպատակային նշանակությունը։
Քաջարանի համայնքապետը մերժել է պահանջված տեղեկատվությունը տրամադրել՝ նշելով, որ վերոնշյալ տեղեկատվությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ։
«Հետք»-ը, դեռևս 2017թ.-ին բացահայտելով համայնքներում տարածված այս կոռուպցիոն երևույթը, հրապարակել էր, որ Քաջարան համայնքի մեջ մտնող Լեռնաձոր գյուղում ալեհավաքներ տեղադրելու համար համայնքապետարանից հողատարածք է վարձակալել Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավար Ստեփան Պետրոսյանի որդին և ենթավարձակալության են հանձնել բջջային օպերատորներին: Մյուս վարձակալը Սյունիքի մարզի կադաստրի նախկին ղեկավար Հենրիկ Համբարձումյանն է, որը մահացելէ, սակայն վարձակալության պայմանագիրը չի լուծվել: Երրորդ վարձակալը կադաստրի կոմիտեի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանի կինն է:
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը «Հետք»-ին տեղեկացրել էր, որ նախկին Լեռնաձոր համայնքի վարձակալների հետ պայմանագրերը չեն դադարեցվել, քանի որ «միավորներից մեկի վարձակալին՝ իր գրանցման վայրում չբնակվելու պատճառով հնարավոր չէր իրազեկել, իսկ մյուսով առկա է ժառանգության ընդունման հետ կապված խնդիրներ, որից հետո Քաջարանի համայնքապետարանը իրացնելով պայմանագրով ստանձնած իր պարտականությունները՝ համապատասխան գործողություններ կկատարի:
