Գորիս համայնքի 2020թ. բյուջեի պահուստային ֆոնդում նախատեսված է եղել 47 մլն 217 հազար դրամ, որից 600 000 դրամը հատկացվել է Ֆրանսիայի Վիեն քաղաքում կազմակերպվող «Զույգ արվեստի շաբաթ» միջոցառմանը Գորիս քաղաքը ներկայացնելու համար։ Միջոցառման ժամանակ Գորիս քաղաքի մշակույթը ներկայացնելու և Վիենի հետ մշակութային կապերն ամրապնդելու նպատակով՝ նկարիչ Արամ Մաշուրյանին և նկարչուհի Նվարդ Բալասանյանին 300 000-ական դրամ է հատկացվել։
2020թ․-ին պահուստային ֆոնդից ևս 400 000 դրամ հատկացվել է «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությանը՝ «անվճարունակ» ջրօգտագործողների վարձավճարները մարելու համար և Գորիս համայնքի Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ բնակավայրերում ՋՕԸ–ի իրականացրած վերականգնողական աշխատանքների համար։
2 800 000 դրամ հատկացվել է Գորիսի բնակիչ Վարդգես Պետրոսյանին՝ ութ տրանսպորտային միջոցների տեխսպասարկման աշխատանքների համար (անվադողերի փոխում, շարժիչի վերանորոգում, և այլ պահեստամասեր փոխելու և սպասարկման աշխատանքներ) ։ Ծախսը հիմնավորել են նրանով, որ վերոնշյալ 8 տրանսպորտային միջոցներով Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ փոխադրել են զինվորների, կամավորականների, Արցախի բնակիչների դիերը։
Գորիս համայնքի 2021թ․ բյուջեի պահուստային ֆոնդը նախատեսված է եղել 98 մլն 261 հազար դրամ, որից ծախսվել է 1 մլն դրամ հատկացվել է Հարթաշեն գյուղի բնակիչ Մուշեղ Սարգսյանին՝ հրատապ վիրահատության համար, և 500 հազար դրամ՝ Ակներ գյուղի բնակիչ Անժելա Հովակիմյանին, ում անասունները հափշտակել էր թշնամին։
Այս տարի էլ նախորդ տարիների նմանությամբ պահուստային ֆոնդից հատկացումների մեծ մասը տրվել է որպես ֆինանսական աջակցություն։ 2022թ․ բյուջեի պահուստային ֆոնդը նախատեսված է 76 մլն դրամ, որից 619 700 դրամ հատկացվել է ԿԳՄՍ նախարարության «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին՝ տեղացած առատ ձյան պատճառով շենքի շքամուտքի փլված ծածկը վերականգնելու համար։
1,5 մլն դրամ հատկացվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն գյուղի բնակիչ Սլավիկ Մինասյանին՝ դստեր սրտի փոխպատվաստումը Գերմանիայում իրականացնելու նպատակով։ «Ֆերոնիա» ՍՊԸ-ին 500 000 դրամ հատկացնելը պայմանավորված է եղել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, Գորիս համայնքի Ակներ բնակավայրի բնակիչ Հրաչյա Մանասարյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով։
600 000 դրամ հատկացվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությանը՝ «Սյունյաց երկիր․ մշակութային» խորագրով եռամյա հանդեսի 6-րդ համարի հրատարակման համար։ Այն նվիրվելու է Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական շարժման 300-ամյակին։
Պահուստային ֆոնդի գումարների մնացորդները բյուջեի վարչական մասի չծախսված տարեվերջյան մնացորդի հետ միասին տեղափոխվել են հաջորդ տարվա ֆոնդային բյուջե։
Տաթև համայնքում 2020թ․ բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից եղել են հետևյալ հատկացումները՝ 637 914 դրամ տվել են Տաթև համայնքի կազմի մեջ ընդգրկված նախկին Շինուհայր, Հարժիս և Հալիձոր համայնքների՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին ունեցած պարտքը մարելու նպատակով: 680 000 դրամ տրամադրվել է Շինուհայրի նախակրթական ուսումնական հաստատության (ՆՈՒՀ) շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։
Շուրջ 600 000 դրամ վճարվել է Կադաստրի պետական կոմիտե՝ գույքերը գրանցելու համար, 360 000 դրամ՝ վարձակալված աղբավայրի վարձավճարը փոխանցելու նպատակով, 158 000 դրամ՝ Տաթև գյուղի արոտավայրերում անասնապահի տնակ կառուցելու, 100 000 դրամ՝ Շինուհայր գյուղի ոռոգման ջրի բաշխման աշխատանքներն իրականացնելու, 800 000 դրամ՝ բժշկական պարագաներ, COVID-19 համաճարակից պաշտպանվելու համար դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել, փակ աղբամաններ և այլ ախտահանիչ նյութեր ձեռք բերելու համար։ Հարժիսի բնակիչ Ալվարդ Միրզոյանին տրվել են 50 000 դրամ` միջատների հասցրած վնասի հետևանքով տան գույքի վերականգնման ծախսերին օժանդակելու նպատակով:
Տաթև համայնքում նույնպես բնակիչներին բժշկական օգնության համար գումարներ են հատկացրել պահուստային ֆոնդից։ Հարժիս բնակավայրի բնակիչ Ալինա Ղահրամանյանին տրվել է 70 000 դրամ՝ ամուսնու բուժման ծախսերին օժանդակելու նպատակով։ Հալիձորի բնակիչ Զաբելա Բեգլարյանի բուժման ծախսերին օժանդակելու նպատակով 50 000 դրամ օգնություն է տրամադրվել, նույն նպատակով 70 000 դրամ հատկացվել է Խոտ բնակավայրի բնակիչ Գևորգ Սահակյանին:
Տաթև համայնքի 2020թ․ բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է նաև՝ 200 000 դրամ «Սյունիք» ՋՕԸ-ի Գորիսի տեղամասին՝ Տաթև համայնքի Շինուհայր գյուղի բնակիչների ոռոգման ջրի վարձավճարները փոխհատուցելու համար:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» շրջանակներում Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության կողմից իրականացվող «Շինուհայր համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոպերատիվի (ՍԿ) համար 302 000 դրամով գյուղտեխնիկա են ձեռք բերել։ Զոհված զինծառայողների հուղարկավորությունը կազմակերպելու համար մեկ անգամ հատկացվել է 1 50 000 դրամ, մեկ ուրիշ անգամ էլ՝ 900 000 դրամ։
Տաթև համայնքից Սյունիքի ինքնապաշտպանության նպատակով ձևավորված կամավորական ջոկատի հերթափոխերի իրականացման ժամանակ ավտոմեքենաներին վառելիքով ապահովելու համար 640 000 դրամ է հատկացվել, անվադողեր և մարտկոց ձեռքբերելու նպատակով՝ 180 000 դրամ։ Տաթև համայնքում տեղակայված Արցախի Հանրապետությունից ժամանած անձանց և Տաթև համայնքից Սյունիքի ինքնապաշտպանության նպատակով ձևավորված կամավորական ջոկատի անդամների համար առաջին անհրաժեշտության դեղորայք ձեռք բերելու համար՝ 250 000 դրամ, բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ գնելու համար՝ 120 000 դրամ է հատկացվել։ Սոցիալական նույն խմբերի համար սնունդ ձեռք բերելու համար հատկացվել է 900 000 դրամ։
5 մլն դրամ հատկացվել է Տաթև համայնքի «Բարեկարգում և գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ-ին՝ որպես սուբսիդիա: 100 000 դրամ՝ թերթեր և ամսագրեր գնելու նպատակով է տրամադրվել և 70 000 դրամ՝ Շինուհայր բնակավայրի բնակիչ Ժենյա Հովսեփյանին՝ բուժման ծախսերը հոգալու համար։
2021թ․-ին, ի տարբերություն 2020թ․-ի, բավականին քիչ են եղել Տաթև համայնքի
բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումները։ 2021թ․ հատկացվել է 70 000 դրամ Խոտ բնակավայրի բնակչին՝ բուժման ծախսերին օժանդակելու նպատակով։ 320 000 դրամ՝ Տաթև համայնքի ղեկավարի և ավագանիների լիազորությունների ավարտման կապակցությամբ ճաշկերույթ կազմակերպելու և 150 000 դրամ Նարեկ Առաքելյանին՝ իր հեղինակած գրքերի խմբագրմանն աջակցելու նպատակով։
5,5 մլն դրամ հատկացվել է Տաթև համայնքի «Բարեկարգում և գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ-ին:
2021թ․բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Հարժիս գյուղի երկու բնակիչների՝ յուրաքանչյուրին 100 հազարական դրամ է տրվել՝ տնտեսությունում բռնկված հրդեհի պատճառով վնասված գույքի վերականգնմանը աջակցելու նպատակով:
Հայ առաքելական եկեղեցու Սյունյանց թեմի Գորիսի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվության կողմից <<Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելն ի վերապ>> տոնին նվիրված ուխտագնացություն դեպի Վահանավանք կազմակերպելու նպատակով, Գորիս համայնքի 2022թ-ի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից տրամադրվել է 870.000 (ութ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ՝ որպես ֆինանսական աջակցություն:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետով, 90-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացություն
1․ Տալ համաձայնություն Գորիս քաղաքի Գետափնյա 5/3 հասցեի բնակարանի մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով Գորիս համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից տրամադրել 640 0000 (վեց հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի երգեցողության բաժնի սան, «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի 2-րդ կարգի դափնեկիր՝ Դավիթ Վարդանի Հարությունյանի և ուսուցիչ Նարեկ Հենրիկի Մկրտունցի մասնակցությունը 2022 թվականի օգոստոսի 7-ից 13-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք «Պարային աստղեր» արվեստի միջազգային մրցույթ փառատոնին ապահովելու նպատակով Նարեկ Հենրիկի Մկրտունցին Գորիս համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 1450000 (մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն։
2019-2022թ․ երկու համայնքների բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրված գումարների մեջ քիչ թիվ չեն կազմում ֆինանսական աջակցությունները։ Համայնքի բյուջեում սոցօգնության, այդ թվում նաև բնակիչներին բժշկական օգնությանն աջակցելու համար գումար է նախատեսվում, ուստի անհասկանալի է, թե համայնքապետարանն ինչու է այդ նպատակի համար հատկացումներ կատարել պահուստային ֆոնդից։
Անհասկանալի է ՋՕԸ-երի ֆինանսավորումը համայնքային բյուջեից, քանի որ դրանք համայնքային ենթակայության կազմակերպություններ չեն։ Ինչպես նաև ՋՕԸ-երին և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ին ջրի վարձավճարներ չվճարողների համար փոխհատուցումներ տրամադրելը։ Բնակիչների անվճարունակությունը հիմնավորելու դեպքում ՋՕԸ-ն ինքը կարող է զիջել պարտքերը։
