Այս տարվա նոյեմբերին «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն, ներգրվելով տեղական և հրավիրված փորձագիտական ներուժ, քննարկումների շարք էր կազմակերպել, որոնք վերաբերում էին կրթական համակարգում նորարարության և ձեռներեցության կազմակերպմանը, Սիսիան համայնքի վերամիավորման համատեքստում համայնքների խոշորացմանը, աշխատաշուկայի և աշխատանքային հարաբերություններին, ներառական կրթության կազմակերպմանը, համայնքային մշակութային հիմնարկների ռազմավարական պլանավորմանը, հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը։
Թեմաների ընտրությունը կատարվել էր կազմակերպության՝ շահառուների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում և նպատակ ունի եկող՝ 2023թվականին պլանավորվող նախաձեռնություններն ավելի հասցեական դարձնել։
Ամփոփելով քննարկումների արդյունքները, ակնհայտ է, որ հանրության շրջանում տարբեր ձևաչափերով քննարկումների, երկխոսության պահանջարկ, իրոք կա, և բազմաթիվ են այն հարցերը, մտահոգությունները, որոնք շարունակում են հետաքրքել մեր շահառուներին։
Կրթական ավանդույթներ ունեցող Գորիսի պետական համալսարանում շարունակում են խնդիր մնալ ոչ միայն կրթության կազմակերպման գործում նորարարությունների ներդրումը, պատրաստվող մասնագիտությունների և աշխատաշուկայի համապատասխանությունը, մրցունակությունը, այլև այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են հանրակացարանի ապահովմանը, կրթօջախում հանրային սննդի կազմակերպմանը։
Համայնքների վարչատարածքային փոփոխությունների մեկնարկից անցել է գրեթե երկու ընտրական փուլ, այնուամենայնիվ, չեն հանդարտվում բուռն բանավեճերը՝ խոշորացման արդյունավետության մասին։ Այս թեման ավելի է թեժացել որոշ համայնքների, օրինակ, Սիսիանի և Գորայքի վերախոշորացումից հետո։ Որոշների կարծիքով համայնքների խոշորացման արդյունքում, այնուամենայնիվ, չի գնահատվել, թե այդ գործընթացն ինչպես է նպաստել բնակավայրերի համաչափ զարգացմանը։ Նաև անլուծելի են մնացել մի շարք հարցեր, ինչպես բնակավայրերի միջև հաղորդակցության ապահովումը, զարգացման ծրագրերի աշխարհագրության ընդլայնումը, համայնքներում եկամուտների հավաքագրման գործընթացի կազմակերպումը։ Վերջին հարցում, քննարկումների մասնակիցների կարծիքով «աբսուրդ» է այն փաստը, որ բնակիչներն այլևս չեն կարող անկանխիկ վճարել հարկերը, այն դեպքում, երբ գյուղական բնակավայրերում չկան բանկոմատներ (այս հարցն, ի դեպ, արդիական է այլ առումներով ևս՝ աշխատավարձերի, կենսաթոշակների վճարում և այլն)։ Նաև փարատված չէ այն մտավախությունը, որ ավելի մեծ ռեսուրս ունեցող բնակավայրերը միավորվում են այլ համայնքների՝ այդ ռեսուրսների հաշվին ոչ տեղական խնդիրներ լուծելու համար, ինչպես Գորայքը և Սիսիանը։
Նաև կարծիքներ են հնչում համայնքների լիազորությունների ապակենտրոնացման պայմաններում մարզպետարանների լուծարման անհրաժեշտության մասին։
Վերջին տարիներին թե՛ պետական կառույցների, և թե՛ քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների կողմից բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացվում երկրում զբաղվածության խնդրի կարգավորման, աշխատաշուկան մրցունակ կադրերով ապահվելու, աշխատանքային իրավունքների պաշտպանության համար։ Այնուամենայնիվ, իրավիճակը դանդաղ է փոխվում, այն մասնագիտությունները, որոնք ամիսներ, անգամ տարիներ, պահանջարկ ունեն, շարունակում են թափուր մնալ, ինչպես, օրինակ, Գորիսի պարագայում բժիշկներ․ և պետական մակարդակով խնդրի լուծման համար կարծես թե որևէ նախաձեռնություն չի իրականացվում, որոնցից մեկը կարող է դառնալ արտոնյալ պայմաններով շրջանավարտների ուսուցման կազմակերպումը կամ աշխատանքի ապահովումը։
Աշխատանք որոնողներին շարունակում է մտահոգել, որ գործատուներից շատերը հրաժարվում են աշխատանքային պայմանագրեր կնքել, օրենքով նախատեսված կարգով գրանցել, աշխատանքային բավարար պայմաններ ապահովել։ Միաժամանակ ընդգծվում է այն հանգամանքը, որ հատկապես սպասարկման, շինարարության ոլորտներում մեծ թվով ազատ աշխատատեղեր կան, որոնք չեն համալրվում, որովհետև որոշ դեպքերում աշխատանքի ընդունվածները կամայական վերաբերմունք են դրսևորվում։ Գործատուներից ոմանց կարծիքով խախտվում են նաև իրենց իրավունքները։
Այնուամենայնիվ, առավել տարածված խնդիրը, ըստ մասնակիցների, շարունակում է մնալ աշխատաշուկայի և կրթության կազմակերպման անհամապատասխանությունը, պակաս համագործակցությանը՝ ոչ միայն տեղական մակարդակում։
Երբ տարիներ առաջ մարզային մշակութային որոշ հիմնարկներ, թանգարաններ, «փոխանցվեցին» համայնքներին, շատերը ոգևորվեցին, մտածելով, որ համայնքային իշխանություններն ավելի «տաք աչքով» կնայեն ստեղծագործական օջախներին։ Սակայն ժամանակի ընթացքում ընդլայնվեցին համայնքային իշխանությունների պարտադիր այլ լիազորությունները, որոնց համար հավելյալ ռեսուրսներ պետության կողմից չներդրվեցին։ Այսպիսով, մշակութային շատ հիմնարկներ ստիպված էին «սեփական յուղով տապակվել»՝ համայնքային իշխանություններից ստանալով աշխատավարձ և որոշակի միջոցառումների կազմակերպման համար հավելյալ միջոցներ։
Ցավոք, այդ ընթացքում մշակութային հիմնարկները պակաս նախաձեռնող դարձան՝ իրենց առաքելությունը իրականացնելու համար լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու, ռազմավարական պլանավորմամբ գործելու համար։ Այս մտահոգությունները կիսում են նաև քննարկումներին մասնակից համայնքների մշակութային հիմնարկների ներկայացուցիչները՝ խնդրի լուծման համար ակնկալելով ռազմավարական պլանավորման մասնագետների խորհրդատվություն, կարողությունների զարգացման հնարավորություն։ Ակնկալում են, որ նոր ձևաչափերի ներդրման միջոցով հիմնարկները կկարողանան ավելի գրավիչ դառնալ մշակութասեր հանրության համար։
Ներառական կրթության կազմակերպումը համեմատաբար նոր գործընթաց է, և որոշ առումներով այն դեռևս լիարժեք ընկալելի չէ շատերի համար։ Խոսքը վերաբերում է հատկապես հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը։ Այս խնդիրները, սակայն, ըստ ներառական կրթության կազմակերպիչների, աստիճանաբար կարգավորվում է, սակայն դեռևս կան հարցեր, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը։
Խոսքը հատկապես վերաբերում է միջավայրային հարմարացումներին, դպրոցների ուսումնամեթոդական ձեռնարկներին, տեխնիկական միջոցներին, առանձին կադրերին (հոգեբան, լոգոպետ), ինչպես նաև կրթության կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորումներին։
Շարունակելով սահմանափակ կարողություններով մարդկանց խնդիրների թեման, արձանագրվեց, որ այնուամենայնիվ, հանրությունը շարունակում է տարբերակված վերաբերմունք ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ․ և ոչ միայն առանձին քաղաքացիներ, այլև տարբեր կառույցներ, համայնքային իշխանություններ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց։
Մտահոգում է նաև, որ համայնքային իշխանություններն իրենց որոշումներում և իրականացվող ծրագրերում չեն դիտարկում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները։
Քաղաքացիները պակաս տեղեկացված են հաշմանդամության տրամադրման մեխանիզմների և հիվանդությունների այն ցանկի մասին, որոնց առկայության դեպքում կարող են հաշմանդամության կարգ ստանալ կամ հնարավորություն՝ մասնակցել վերականգնողական տարբեր ծրագրերի։
Քննարկվող թեմաների շուրջ պատրաստվել են նաև փոդքաստեր։
Տարբեր թեմաներով ոլորտային քննարկումները կշարունակվեն նաև 2023թվականին։