
Ինքնատիպ երգեր է ստեղծել հայ աշուղական արվեստի ականավոր ներկայացուցիչներից Գուսան Աշոտը (Աշոտ Դադալյան), ում երգերն այսօր էլ շարունակում են կատարվել շատ երգիչների կողմից։ Արթուր Դադալյանը, ով Գորիսի Գուսանի Աշոտի անվան ժողգործիքների համույթի մեներգիչն է, ևս երգում է նրա երգերը։ Ակնածանքով և հպարտությամբ է նշում, որ վարպետի մտերիմ ազգականն է։
Գուսանի երգերի «Հավերժություն» կոչվող ժողովածուի գրքի էջերն է թերթում՝ նրա վերջին երգը փնտրում, որը գրվել էր 1988թ․ ավերիչ երկարաշարժից հետո՝« Ծով է, ծով է արհավիրքի»․ հիշում է՝ ինչպես Գուսանի մահվանից մի քանի օր առաջ նոտագրվեց վարպետի ստեղծագործությունների նվիրյալներից՝ Վալերիկ Գասպարյանի կողմից, ով երկար տարիներ նոտագրել է Գուսանի երգերը, նաև շատ երգչախմբեր է ղեկավարել։ Ժողգործիքների համույթի մեներգիչը պատմում է, թե ինչպես Վալերիկ Գասպարյանի հետ Գուսանի տուն գնացին։ Նա էր խնդրել, որ նոտագրողին իր մոտ տանի, բայց նոր երգը երգել չկարողացավ, հիվանդությունից հյուծվել էր։ «Տիկին Արաքսյային հարցրեցի՝ գիտի՞ Գուսանի գրած նոր երգը, կարո՞ղ է երգել։ Նա երգեց, իսկ Վալերիկը նոտայագրեց մեղեդին։ Երկու օր անց մահացավ Գուսանը»,–պատմում է Արթուրը։
Ասում է Գուսան Աշոտի հուղարկավորության օրը Գորիսում սաստիկ քամի էր, ասես բնությունն էլ չէր հաշտվում նրա կորստի հետ։ Ծաղկեպսակների մեծ մասը քամին ձորն էր նետել․․․
«Շատ երգեր է գրել Գուսանը,– խոսելով վարպետի ստեղծած երգերի մասին՝ ասում է Արթուր Դադալյանը։ Միայն 5-6 գիրք, երգերի ժողովածու ես ունեմ։ Շա՜տ վաղուց էր, երբ Գուսանին հարցրեցի, թե քանի՞ երգ է գրել, պատասխանեց՝ 300, բայց դրանից հետո էլի շատ երգեր են ստեղծվել ու նոտագրվել»։ Նրա խոսքով ինքը փորձում է իր երգի միջոցով նոր սերունդներին հասցնել Գուսանի ստեղծագործությունները։ Դրանցից մի մասը ամփոփված է «Հավերժություն» ժողովածուի մեջ, որը փոքր տպաքանակ է ունեցել։ Արթուրը պատմում է, որ այն ժամանակ ինքը չի կարողացել ձեռք բերել, բայց տարիներ անց Երևանի գետնանցումներից մեկում գիրք վաճառողի մոտ տեսնում է ժողովածուն և գնում։ Նա կարծում է, որ Վարպետի ստեղծագործությունները ամփոփելու, նոր ժողովածուով վերահրատարակելու անհրաժեշտություն կա, որովհետև հին հրատարակություններն այլևս հասանելի չեն, և ժողովրդական երգի երիտասարդ կատարողների, արվեստասերների համար դրանք արժեքավոր են։
«Գուսան Աշոտը տաղանդավոր արվեստագետ էր, նաև շատ հասարակ մարդ էր, «աստղային հիվանդությամբ» չէր տառապում»,–նրա մասին ունեցած հիշողություններով կիսվում է գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը։ Գուսան Աշոտի ու նկարչի մտերմությունը սկսվել էր այն ժամանակ, երբ ինքը դեռ պատանի էր։ Հիշում է, որ 10-րդ դասարանի աշակերտ էր, երաժշտական կրթություն ուներ և քաղաքի «Ուսուցչի տանը» ակորդեոնի դասեր էր պարապում։ Շենքը քաղաքի կենտրոնում էր, և Գուսան Աշոտը մոտակայքում հաճախ էր լինում, մարդկանց հետ նստում–զրուցում էին։ Մի օր, երբ դասի ժամանակ Ժիրայր Մարտիրոսյանն իր աշակերտին Գուսանի «Սերս վանքում Տաթևի» երգի երաժշտությունն էր սովորեցնում ակորդեոնով նվագել՝ դուռը բացվում, ներս է մտնում Գուսանն ու հարցնում, թե գիտե՞ն, որ դա իր երգն է․«Ինձ հարցրեց՝դու՞ք եք սովորեցնում, պատասխանեցի՝ այո և ասաց, որ ուրախ է երեխաներին սվորեցնելու համար, իսկ երբ հարցրեց, թե նոտաները որտեղի՞ց է, ասացի, որ «սլուխով» եմ սովորեցնում, քանի որ սոլֆեջիոյի դաս չկար և երեխաները նոտաներ չգիտեին։ Գուսանն ասաց, որ լավ կանեի երեխաներին նոտաներով սովորեցնեի։ Հետո հարցրեց, թե էլ ի՞նչ գիտեմ իր երգերից։ Ակորդեոնը վերցրեցի ու իր երգերից մի քանի մեղեդի նվագեցի, ասաց․«Ապրես, բաներ կան, որ ճիշտ չես նվագում, բայց դրա համար պետք է նոտաներով նվագես»։ Էդպես էլ սկսվեց մեր ծանոթությունը, որը տարիների ընթացքում վերածվեց ամուր բարեկամության»,–պատմում է Ժիրայր Մարտիրոսյանը։ Հաճախակի էին հանդիպում, նա սիրում էր գնալ բոլոր ներկայացնումները դիտելու, անգամ՝ տիկնիկային։
Նկարիչը հիշում է, թե ամեն նոր երգ գրելու ժամանակ ինչպես էր երաժշտությունն ու բառերը մշակվում։ Հավաքատեղի կար քաղաքամիջում, որտեղ Վարպետը երգում էր «խմորված» երգը, իսկ իր մտերիմներից՝ բանաստեղծ Ապետնակ Գրիգորյանը, ով նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ էր, բանավոր հղկում, մշակում էր երգի բառերը․ «Մարդկանց մոտ ժողովրդականացվում, հղկվում էր երգը, որից հետո հրամցվում հանրությանը։ Հետո այդ երգը լսում էինք հեռուստատեսությամբ՝ տարբեր երգիչների կատարմամբ»,–պատմում է նա։ Ամառը Գորիսում էր անցկացնում, իսկ ձմռանը մեկնում էր Երևան։
«Գուսանը հենց քաղաքամեջ էր դուրս գալիս, նստում նստարանին, իր շուրջը մարդիկ էին հավաքվում, զրույցի բռնվում հետը։ Նա մեծ ժողովրդականություն էր վայելում քաղաքում, ցանկացածի հետ զրուցում էր, հասարակ ու պարզ մարդ էր շփման մեջ։ Զրույցների ժամանակ հաճախ նկատում էինք, որ նա գնա՜ց և լսում էինք, որ քթի տակ երգում էր, գիտեինք, որ Գուսանի մուսան եկել է և նա արդեն երգ էր հյուսում մտքում։ Մի անգամ հարցրեցի՝ Գուսան, նկարելը պարզ է, տեսնում ես ու նկարում, գրելու ընթացքում բառեր են գալիս, իսկ երաշժտությունն աներևույթ բան է, որտեղի՞ց է գալիս, ինչպե՞ս է գալիս։ Նա պատասխանեց՝վերևից գալիս է, ես հավաքում եմ։
Գուսանի մահվան օրը Ժիրայրը հասցնում է գիշերվա ընթացքում նկարել նրա դիմանկարը։ Մեծ երգահանից, որպես թանկագին մասունք, գեղանկարչի մոտ պահվում է նրա տերողորմյան։
