Մեդիայի, քաղաքական բանավեճերի, կենսական հարցերի քննարկումների հարթակներում Սյունիքի, Զանգեզուրի թեման շարունակում է արդիական մնալ։ Այդպես էր նաև տասնամյակներ առաջ, երբ Հայաստանում ձևավորվեց «Սյունիք-Զանգեզուր» ծրագիր, որն իրականացնելու համար ներդրվեց պետնախարարի ինստիտուտ։
Սյունիք-Զանգեզուր տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակումն առաջադրվել է ՀՀ կառավարության 1993թ. Թիվ 205 որոշմամբ։ Նույն թվականի մարտին ՀՀ նախագահի կողմից Սյունիք-Զանգեզուր տարածաշրջանի հարցերով զբաղվող ՀՀ պետնախարար է նշանակվում Վազգեն Սարգսյանը։
«Գոյություն ունեն աղետի գուտու, Սևանի ավազանի հիմնահարցերի ծրագրեր, սակայն, «Սյունիք-Զանգեզուրն» իմ կարծիքով կարևորագույնն է, քանի որ Արցախը պահելու համար նրա թիկունքում մենք պետք է ունենանք հզոր Զանգեզուր։ Պետական նախարարի կարգավիճակն ինձ հնարավորություն կտա, համագործակցելով Զանգեզուրի շրջանի իշխանությունների հետ, լուծել ծագող խնդիրները, որոնցից առաջինը պատերազմող շրջանին հատուկ կարգուկանոնի հաստատումն է»,- 1993 թվականի ապրիլի 7-ին հայտարարել է Վազգեն Սարգսյանը։
Սյունիքի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի պատվիրատուն ՀՀ կառավարությունն էր։ Այն մշակվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Միհրան Գևորգյանի ղեկավարած թիմի կողմից։
Ծրագիրը կոչված էր լուծելու տարածաշրջանի ժողովրդագրական և տարաբնակեցման, ներուժի ամրապնդման, քաղաքաշինական, ինժեներական, տրանսպորտային ենթակաոուցվածքի առաջանցիկ ձևավորման, հարուստ բնական ռեսուրսների հմուտ օգտագործման հիմնահարցերը և խթանելու հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում տարածաշրջանի դերի բարձրացմանը։
Ակնկալվում էր, որ ծրագրի իրագործումը կնպաստի արտաքին տնտեսական կապերի ամրապնդմանը, ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Մերձավոր Արևելքի շուկա ներթափանցմանը։ Հիմնականում այս դրույթներն էին բովանդակում Սյունիքի զարգացման ծրագրի ամբողջական նպատակամղվածությունը։
Ծրագիրը նախատեսվում էր իրականացնել երկու փուլով աոաջինը 1995-97 թթ»՝ երկրորդը՝ 1998-2000թթ. ժամանակահատվածում, սակայն արծարծվող հիմնահարցերի լուծումը ակնկալվում էր, որ կդառնար ավելի մեծ ժամանակամիջոցի խնդիր։ Ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուրներն էին հանրապետական և տեղական բյուջեների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների սեփական միջոցները։ Ծրագրային միջոցառումները կոչված էին շահագրգռվածություն ստեղծել տեղի և արտասահմանյան ձեռներեցների ներդրումների համար։ Ի թիվս այլ խնդիրների, ծրագրվում էր կառուցել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։
Պետնախարար Վազգեն Սարգսյանի խոսքով «Զանգեզուր» ծրագրի իրականացումը երկճյուղ գործընթաց էր, որի առաջին ճյուղը ընթացիկ հարցեր էր ներառում, երկրորդը ստեղծագործական պրոցես էր։ Ծրագիրը, ըստ նրա, այդ ընթացքում դեռևս վերջնամշակված չէր, և մշակմանը կարող էին մասնակից դառնալ շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները։ «Զանգեզուր» ծրագրի կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքը Արցախի թիկունքն է։ Որպեսզի հարատևի Արցախի նորակազմ պետությունը, պետք է ունենանք ամուր Զանգեզուր։ Պատերազմական ժամանակներում դժվար է որևէ ծրագիր իրականացնել, եթե, մանավանդ, չունենանք ներքին կարգուկանոն։ Տարածաշրջանում պետք է ստեղծվի օրենքների գերակայություն»,- հայտարարել էր պետնախարարը։
Տարածքային պետնախարարի ինստիտուտի հիմնումը ժամանակին բացատրվում էր նաև այն հանգամանքով, որ «Սյունիքը մշտապես եղել է պատնեշ Հայաստանի համար, և հատող պետության հզորությունը պայմանավորված է եղել Սյունիքով, որովհետև ըստ հիմնավորման, Սյունիքը պատմականորեն մշտապես եղել է կենտրոնամետ և թուլացնելով այն, կպարալիզվի ողջ հանրապետությունը»։
Ծրագրի հեղինակները նշում էին, որ նպատակ ունեն ստեղծել տնտեսական առանձին հզոր գոտի, որը կարևոր տեղ կունենա Հայաստանի զարգացման գործում։
Սակայն Պետնախարարի ինստիտուտի առաջադրումն այն ժամանակ միանշանակ չընդունվեց։ Կային ուժեր, վերլուծաբաններ, ովքեր նշում էին, որ այն «երկար կյանք չի ունենա, և կլուծարվի շուտով»։ Ոմանք «Սյունիք- Զանգեզուր» ծրագիրը դիտարկում էին որպես Զանգեզուրի գավառային կառավարման սկբունքը, նախաձև (այդ ժամանակ դեռևս Հայաստանի վարչատարածքային բաժանում չէր կատարվել, և մարզեր չէին ձևավորվել):
Պետնախարարի աշխատակազմը, որն ինչպես նշում էին ծրագրի նախաձեռնողները, ապակուսականացված էր, ուներ ոլորտային համակարգողներ՝ հասարակական, մշակութային, իրավական, քաղաքական, տնտեսական։ Առաջին տարիներին աշխատակազմում ընդգրկված էին ոչ տեղացիներ, հիմնականում հրավիրված էին մայրաքաղաքից, Սիսիանից։ Կառավարության՝ ծրագրի առաջադրման փաստաթղթում նշված էր, որ տարածաշրջանում բոլոր կադրերը պետք է համաձայնեցվեն պետնախարարի հետ․ գաղտնիք չէ, որ այս և այլ հարցեր որոշակի առումով տարաձայնություններ էին ստեղծել տեղական իշխանությունների՝ քաղաքային և շրջանային խորհուրդների և պետնախարարի աշխատակազմի միջև։
Պետնախարարը տարբեր առիթներով իր մտահոգությունն էր հայտնում Գորիսի երկու խորհուրդների որպես ամբողջականության ընկալման բացակայության մասին։ «Շրջանի պայմանական բաժանումը՝ քաղաք, շրջան, մեզ համար ընդունելի չէ։ Կա մեկ Գորիս, մեկ ամբողջական տարածք։ Ուստի խնդրեմ հարաբերությունների նորմալացում երկու խորհուրդների՝ շրջխորհրդի և քաղխորհրդի միջև։ Ձեր ամենափոքր տարաձայնությունն անգամ թանկ է նստում ժողովրդի վրա։ Մենք պատրաստ ենք աշխատելու և քաղխորհրդի, և շրջխորհրդի հետ։ Մենք առաջնորդվում ենք մեկ շահով՝ Գորիսի, գորիսեցիների շահով։ Կոչ եմ անում ձեզ՝ որքան հնարավոր է, արագ բարելավեք երկու խորհուրդների փոխհարաբերությունը։ Ես ինքս պատրաստ եմ միջնորդ լինելու այդ գործում։ Հակառակ դեպքում հարկադրված կլինենք վարչական մեթոդներով հաղթահարելու խոչընդոտը»,-հայտարարել է Վազգեն Սարգսյանը։
Այնուամենայնիվ, փաստ էր, որ տարածաշրջանի կառավարման ղեկը պետնախարարի աշխատակազմի ձեռքին էր, ով պարբերաբար խորհրդակցություններ, աշխատաժողովներ էր հրավիրում տարբեր քաղաքներում, քննարկում տնտեսական, հասարակական և այլ հարցեր։ Առանձնապես ուշադրության կենտրոնում էին ինքնապաշտպանության, զորակոչի, դասալքության հետ կապված հարցերը։ Խոսելով զորակոչի մասին, պետնախարարը նշում էր, որ այն բավարար չափով չի կատարվում ․«Այս հարցում հարկավոր է տրամադրվել շատ վճռականորեն։ Այն վայրերում, որտեղ տեղական իշխանությունները ի վիճակի կլինեն պատշաճ կարգով լուծել խնդիրը, մենք ամեն ինչով կօգնենք նրանց, ովքեր՝ ոչ, նրանց համար տեղ չի լինի մեր կողքին»։
Նախարարը առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում մարզային լրատվամիջոցի, հատկապես ռադիոհանգույցի ստեղծման անհրաժեշտությանը։ Որոշակի ժամանակահատվածում տպագրվում էր նաև թերթ՝ «Սյունիք», որը մինչ այդ ՀՀ գրողների միության Սյունիքի մասնաճյուղի պաշտոնաթերթն էր։
Թե ինչ նախաձեռնություններ իրականացվեցին, ինչպիսի խնդիրներ լուծվեցին ծրագրի շրջանակներում, թերևս առանձին ուսումնասիրության թեմա է, բայց փաստ է, որ ճակատագրական այդ օրերին այն կարևոր դեր է ունեցել տարածաշրջանում կայունության ապահովման գործում։ Այսօր էլ կարծես թե պատերազմից հետո Սյունիքում տարբեր ծրագրեր, կառույցներ են ձևավորվել՝ աջակցելու մարզի կայունության ապահովմանը, սակայն, ցավոք, դրանք համախմբելու, մեկտեղելու ջանքերը պակաս են, իսկ մարտահրավերները՝ դրան հակադարձ համեմատական։
