Մայիսի սկզբին հայաստանյան մի քանի մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներով մեկնեցինք Լիտվա։ Սա պարզապես ճամփորդություն չէր, այլ մարզային քաղաքների զարգացման մոդելների ուսումնասիրություն, որն իրականացնում է Եվրոպական միությունը՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարության, Հայաստանում Լիտվայի դեսպանատան և Լիտվայի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ։ Վիլնյուս մեկնած լրագրողական թիմում էր նաև www.mediapoint.am կայքի լրագրող Անահիտ Բաղդասարյանը:

Լիտվան մեզ համար հետաքրքիր է նրանով, որ ունի պոստսովետական նույն անցյալն, ինչ մենք։ Բայց արդեն 20 տարի է, ինչ այս երկիրը ԵՄ անդամ է և անցել է վերափոխման մի ճանապարհ, որտեղ ամեն փոքր համայնք սովորել է «պայքարել» իր բնակչի համար։ Այստեղ նույնպես մարդիկ ձգտում են տեղափոխվել ավելի մեծ քաղաքներ, մայրաքաղաք Վիլնյուս կամ շատ հաճախ եվրոպական այլ երկրներ, բայց համայնքային իշխանությունը գտել է իր բնակչին համայնքում պահելու բանաձևը՝ ապահովելով նրան հարմարավետ, ավելի որակյալ ու հանգիստ կյանք։
Մեր երթուղին անցնում էր Վիլնյուսից դեպի Ալիտուս, Պրիենայ ու Բիրշտոնաս։
Ալիտուս. կրթություն՝ առանց զանգերի և կարծրատիպերի

Մեր առաջին կանգառը մայրաքաղաք Վիլնյուսից երկու ժամ հեռավորության վրա գտնվող Ալիտուս քաղաքն է, որտեղ բնակվում է մոտ 50 հազար բնակիչ։
Լիտվայի կրթական համակարգի բարեփոխումներն ուղղակիորեն ուրվագծում են, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից դպրոցական միջավայրը։ Ալիտուս քաղաքի «Ձուկիա» (Dzūkija) դպրոցը դրա վառ ապացույցն է։ Այստեղ ուշադրության կենտրոնում ոչ միայն ակադեմիական գիտելիքն է, այլև աշակերտների սոցիալական ներգրավվածությունն ու կիրառական հմտությունները։ Օրինակ՝ դպրոցի խոհանոցում տղաներն ու աղջիկները հավասարապես սովորում են ուտեստներ պատրաստել, իսկ «Էրասմուս»-ի ծրագրերով ակտիվորեն եվրոպացի հասակակիցների հետ կիսվում են փորձով, մասնակցում արտադասարանական մի շարք խմբակների։
1963 թվականին կառուցված շենքը Քովիդ համավարակի ժամանակաշրջանում ԵՄ ֆինանսավորմամբ հիմնովին վերափոխվեց․ կապիտալ վերանորոգման հետ տեղադրվել են արևային վահանակներ և իրականացվել ջերմամեկուսացման աշխատանքներ, որոնց շնորհիվ մի քանի անգամ կրճատվել են էներգետիկ ծախսերը։
Ֆրանսիական թեքումով այս դպրոցում կրթությունը հիմնված է վստահության վրա: Անգամ դասի ավարտին զանգ չի հնչում վերջին տասը տարիներին։ Դպրոցի 680 աշակերտների թվում կան նաև հատուկ կարիքներ ունեցողներ։ Թեև նրանց ինտեգրումը երբեմն բարդացնում է դասապրոցեսը, տնօրինությունը վստահ է՝ դա երեխաներին սովորեցնում է ապրել իրական աշխարհում, որտեղ բոլորը տարբեր են։

«Մենք հավատում ենք, որ միջավայրն անմիջականորեն ազդում է երեխաների վարքագծի վրա։ Արդեն շուրջ տասը տարի է, մեր դպրոցում հրաժարվել ենք դասամիջոցի զանգերից։ Յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է որոշում դասի ավարտը, ինչը դպրոցական կյանքն ավելի հանգիստ ու խաղաղ է դարձրել»,- նշում է դպրոցի տնօրեն Վիլյա Սուշինսկինեն՝ հավելելով, որ մեծ ուշադրություն են դարձնում ներառական կրթությանն ու ուսուցիչ-աշակերտ հարաբերությանը։
Դպրոցն արդեն քայլեր է անում արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրման ուղղությամբ. ուսուցիչներն անցնում են դասընթացներ՝ ԱԲ-ն որպես կրթական օգնական կիրառելու համար: Հաջորդիվ՝ ծրագրում ներգրավվելու են նաև աշակերտներին։
Սպիտակ վարդի կամուրջը. սիմվոլից այն կողմ

Ճանապարհին չէինք կարող չանցնել Նեման գետի վրայով ձգվող «Սպիտակ վարդի» կամուրջով։ Այն Լիտվայի ամենաբարձր հետիոտնային կամուրջն է։ Տեղացիներն այնքան են սիրում այս վայրը, որ այն դարձրել են սիրո ու հավատարմության խորհրդանիշ։ Սա պարզապես ինժեներական կառույց չէ, այլ քաղաքային միջավայրը մարդուն ծառայեցնելու օրինակ։
Խորհրդային շենքերից՝ էներգաարդյունավետ թաղամասեր. Պրիենայի կանաչ հեղափոխությունը
Լիտվայի կենտրոնական հատվածում գտնվող այս քաղաքը հայտնի է իր հանգիստ միջավայրով, կանաչ տարածքներով ու առողջարանային գոտիներով։ Եթե տարիներ առաջ այստեղ հիմնականում զարգացած էին արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, ապա այսօր քաղաքը վերապրոֆիլավորվել է՝ շեշտը դնելով հարմարավետության, հանրային տարածքների, սպորտի և էկոլոգիայի վրա։
Պրիենայը Լիտվայում բացարձակ առաջատարներից է բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման և արդիականացման ցուցանիշերով. գրեթե բոլոր խորհրդային շենքերն արդեն վերանորոգվել և դարձել են էներգաարդյունավետ՝ փոխելով նաև քաղաքի տեսքը։
Չնայած փոքր բնակչությանը՝ ընդամենը ինը հազար բնակիչ, այստեղ ակտիվորեն իրականացվում են քաղաքային զարգացման մեծ ծրագրեր։ Տեղական իշխանությունները համայնքային միջոցներով և, հատկապես Եվրոպական միության աջակցությամբ, կյանքի են կոչում նախագծեր, որոնք մարդկանց մրցունակ միջավայր են ապահովում՝ նվազեցնելով արտագաղթը։ Ընթացիկ փուլում քաղաքը դիմել է շուրջ 22 միլիոն եվրոյի ԵՄ ֆինանսավորման համար՝ կրթության, առողջապահության, զբոսաշրջության և ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Շուտով այստեղ կբացվի նաև ժամանակակից STEM լաբորատորիա, որտեղ ուսուցումը կիրականացվի չորս հիմնական ուղղությունների համադրմամբ՝ բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա։ Նպատակը մեկն է՝ որ Պրիենայում ապրող երեխան ստանա նույն որակի կրթություն, ինչ Վիլնյուսում կամ Կաունասում։

«Այստեղ ստեղծվել է բնակիչների հարմարավետությունն ապահովող ամբողջական միջավայր՝ ժամանակակից խաղահրապարակներով, մարզադաշտերով, մանկապարտեզով ու դպրոցով։ Ու հրաշալի է, որ այս ամենը հասանելի է առանց մայրաքաղաքին բնորոշ խցանումների։ Դա է գլխավոր պատճառը, որ մարդիկ սիրով են այստեղ ապրում»,- ասում է Պրիենայի քաղաքապետ Ալվիդաս Վայցեկաուսկասը:
Քաղաքապետը նաև նշում է, որ մասնավոր հատվածի հետ աշխատավարձերի հարցում մրցելը դժվար է, ուստի համայնքը լրացուցիչ արտոնություններ և վճարներ է սահմանում ուսուցիչների համար, որպեսզի որակյալ կադրերը մնան մարզում։
Հետխորհրդային իներցիայից դեպի նախաձեռնողական կառավարում
Ալիտուսի և Պրիենայի փորձը փաստում է, որ փոփոխությունը միայն վերանորոգված պատերն ու նոր տեխնոլոգիաները չեն. դա համայնքային կառավարման նոր մշակույթ է, որտեղ յուրաքանչյուր որոշման հիմքում մարդն է՝ իր հարմարավետությամբ ու արժանապատվությամբ։
Թեև Լիտվան դեռևս առերեսվում է արտագաղթի համաշխարհային մարտահրավերներին, Եվրոմիության ֆինանսավորմամբ իրականացվող ռազմավարական ներդրումները փոխել են խաղի կանոնները։ Համայնքներն այլևս չեն սպասում կենտրոնական իշխանության որոշումներին։ Եվրոմիությունը ստեղծել է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր համայնք կարող է ինքնուրույն նախագծեր մշակել և ներկայացնել ֆինանսավորման։ Կարևոր դերակատարություն ունի համայնքի արհեստավարժությունն ու ստեղծարարությունը։
Այս ինքնուրույնությունն իր հերթին ծնում է մի նոր, առողջ մրցակցություն բնակչի համար։ Այսօր Պրիենայի նման փոքր քաղաքն իր բնակչին առաջարկում է ոչ թե պարզապես բնակության վայր, այլև էկոհամակարգ՝ էներգաարդյունավետ բնակարաններով, որակյալ կրթությամբ և կանաչ միջավայրով։
Երբ համայնքը դառնում է նախագծող և պահանջատեր, փոխվում է ամբողջ պետության զարգացման դինամիկան՝ պոստսովետական իներցիան տեղը զիջում է մրցունակ և մարդակենտրոն ապագային։

Լրագրող




