Վիլնյուսում շրջայցն ու հանդիպումները ցույց տվեցին, որ ժամանակակից եվրոպական մայրաքաղաքի հաջողությունը հենված է երեք հիմնասյուների՝ հզոր ենթակառուցվածքների, խոսքի պատասխանատու ազատության և ԵՄ ինտեգրման ռազմավարական գիտակցման վրա:
Ծանոթացեք նաև Լիտվայի վերաբերյալ առաջին և երկրորդ հոդվածներին։

Վիլնյուսի ռազմավարությունը՝ երկարաժամկետ նախագծեր
Մոտ 600,000 բնակիչ ունեցող մայրաքաղաք Վիլնյուսը Բալթիկայի ամենախոշոր կենտրոնն է։ Այն ունի մոտ 1.8 միլիարդ եվրոյի քաղաքային բյուջե, իսկ Լիտվայի ընդհանուր ՀՆԱ-ի ավելի քան 44%-ը ձևավորվում է հենց այստեղ։ Մայրաքաղաքի տնտեսական հզորությունը հենված է ՏՏ ոլորտի, հեռահաղորդակցության և ֆինանսական տեխնոլոգիաների վրա. էլեկտրոնային փողերի արտոնագրման ցուցանիշով Վիլնյուսը Եվրոպայում առաջինն է։
Տնտեսական լուրջ շարժիչ է դարձել նաև կինոարտադրությունը. քաղաքում նկարահանվում են համաշխարհային նախագծեր Apple-ի, Netflix-ի և HBO-ի համար։ Չնայած խորհրդային օկուպացիայի տարիներին կառուցված կինոստուդիան ժամանակին քանդվել էր, քաղաքապետարանն Էկոնոմիկայի նախարարության հետ ստորագրել է հուշագիր՝ նոր փակ տաղավարներ կառուցելու մասին։ Դա թույլ կտա կինոնկարահանումները շարունակել տարվա բոլոր եղանակներին՝ շրջանցելով տեղական կլիմայի և կարճ ամառային սեզոնի սահմանափակումները։

ԵՄ ներդրումների և մասնավոր հատվածի հետ համագործակցությունը թույլ է տալիս կյանքի կոչել հսկայական նախագծեր։ Տարիների քննարկումների արդյունքում սկսվել է 18հազար տեղանոց նոր մարզադաշտի ու սպորտային համալիրի կառուցումը։ Պետության հետ համատեղ, Տաուրաս բլրի վրա կառուցվում է 120 միլիոն եվրո նախագծային արժեքով Ազգային համերգասրահ։«Մենք կառուցում ենք ոչ թե ներկա իրավիճակի, այլ հիսուն կամ հարյուր տարի հետո քաղաքի ունենալիք տեսքի համար։ Այն երկարաժամկետ ռազմավարության հայեցակարգ է», -ասում է Վիլնյուսի քաղաքապետարանի խորհրդի անդամ Վիգինտաս Գասպարավիչյուսը, ու հետ հանդիպեցինք այցի ընթացքում։
Անդրադառնալով քաղաքի խնդիրներին՝ պաշտոնյան փաստում է, որ բնակիչների համար գլխավոր խնդիրը խցանումներն են: Ըստ նրա՝ պատճառը ենթակառուցվածքների ու ծառայությունների ապակենտրոնացված վիճակն է, ինչի հետևանքով մարդիկ ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել դրանցից օգտվելու համար: Նա նաև որպես խնդիր նշեց բնակարանների բարձր գինը և ուսուցիչների, բժիշկների ու ոստիկանների պակասը, որի համար տեղական բյուջեից հավելավճարներ վճարում՝ ստեղծելով համայնքային բնակարանային ֆոնդ։ Մյուս կողմից, Վիլնյուսն ակտիվորեն անցնում է մասնակցային բյուջետավորման. «Քաղաքացիներն իրենք են հուշում, թե ինչ պետք է արվի իրականում, երբ և որտեղ»։ Թաղամասի բնակիչներն իրենք են որոշում, թե ինչպես ծախսել իրենց հատկացված գումարը։
Տեղական իշխանությունները նաև ակտիվ աշխատում են զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Քանի որ հիմնականում տարվա ընթացքում եղանակները ընդամենը չորս ամիս է բարենպաստ զբոսաշրջության համար, ուստի մնացած ժամանակահատվածի համար զբոսաշրջիկների հոսքը ակտիվ պահելու նպատակով կազմակերպում են կոնֆերանսներ, փառատոններ, օրինակ, հունվարին կազմակերպվող «Լույսերի փառատոնը»։

Ֆիզիկական ազատությունից դեպի խոսքի ազատություն. էթիկայի դերը մեդիայում
Թե ինչպես պահպանել այս հարմարավետ ու ժողովրդավարական միջավայրը, երբ թվային տեղեկատվությունն աճում է քաոսային արագությամբ․ այս թեմայով զրուցել ենք Լիտվայի լրագրողական էթիկայի տեսուչ, մեդիափորձագետ Դանիուս Ռադիավիչուսի հետ։ Հանդիպումն էլ պատահական վայրում չէր՝ Լիտվայի ազգային գրադարանի շենքի դիմաց, Ազատության հուշարձանի մոտ։
1996 թվականից գործող այս անկախ ինստիտուտի համար առաջնահերթ դրույթ է այն, որ Լիտվայում պետությանն օրենքով արգելված է ունենալ որևէ լրատվամիջոց։ Սակայն, անգամ ժողովրդավարական երկրում մեդիատիրույթը պաշտպանության կարիք ունի, և տեսուչի գործն է գտնել այն նուրբ հավասարակշռությունը, որտեղ խոսքի ազատությունը չի խախտում մարդու իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը և չի վերածվում չարաշահման:

Տեսուչի իրավասության տակ են մտնում ոչ միայն ԶԼՄ-ներին հետևելը, այլև սոցցանցերի բլոգերներն ու Facebook-ի խմբերը ևս ուշադրության տիրույթում են։ Գրասենյակն ունի պաշտոնական կապի ուղիղ խողովակներ Meta (Facebook) և TikTok ընկերությունների հետ՝ ատելության խոսքը, վիրավորանքներն ու անձնական ինտիմ նյութերը համացանցից անմիջապես հեռացնելու համար։
Դանիուս Ռադիավիչուսի փաստմամբ, Լիտվայում սոցցանցերի ակտիվությունից արհեստավարժ լրագրությունը չի տուժում, քանի որ լրագրողներն իրենց հանդեպ վստահությունը վաստակել են առողջ քննադատությունն ու զրպարտանքը հստակ տարանջատելով։ Արհեստավարժ մեդիան աշխատում է ինքնակարգավորման սկզբունքով, իսկ խմբագիրները գիտեն՝ ինչպես քննադատել առանց վիրավորանքի։ «Լսարանը չի վստահում վերացական մեդիա ցուցանակներին. մարդիկ վստահում են կոնկրետ լրատվամիջոցին և լրագրողին։ Այսինքն՝ ամեն ինչ որոշում է անհատական բրենդի ուժը»,- նշում է տեսուչը։
Անդրադառնալով հայաստանյան տեղեկատվական դաշտին՝ լիտվացի մեդիափորձագետը կիսվեց իր տպավորություններով՝ առանց տեղական քաղաքական գնահատականների մեջ խորանալու. «Ձեր երկիրը փոքր է, բայց սոցցանցերում ակտիվությունը շատ մեծ է. տպավորություն է, թե այդ երկրում հինգ միլիարդ մարդ է ապրում։ Իհարկե, այդ հոսքի մեջ շատ վնասակար բաներ կան, բայց հնարավոր չէ բոլորին մշտապես խաբել։ Ինչպես հին ասացվածքն է ասում՝ կարելի է մեկ մարդուն խաբել ամբողջ կյանքում, շատերին՝ մեկ անգամ, բայց չի կարելի բոլորին խաբել մշտապես»,-հավելում է մեդիափորձագետը։
Անդրադառնալով ընտրություններից առաջ հնարավոր մանիպուլյացիաներին, սպառնալիքներին և դրանց նկատմամբ հանրային արձագանքին, Դանիուս Ռադիավիչուսը նշում է, որ վստահության հարցն այստեղ ավելի շատ հոգեբանական խնդիր է։ Բազմաթիվ մարդիկ չեն սիրում չափազանց արհեստավարժ, սրբագրված մոտեցումը կամ կատարյալ քաղաքականությունը. նրանք այնտեղ հնարք են փնտրում և հակառակը՝ վստահում են նրանց, ովքեր սխալվում են կամ բնական են երևում։ Սակայն ժողովրդավարության մեջ հասարակությունն ունի բացարձակ իրավունք ընտրելու ցանկացած տեսակի քաղաքական գործչի՝ իր ճաշակով ու շահերից ելնելով, և այդ իրավունքը ոչ ոք չի կարող խլել։
Այս համատեքստում լիտվացի մեդիափորձագետն առանձնակի կարևորեց միջազգային, մասնավորապես, Եվրոպական միության կողմից իրականացվող դիտորդությունն ու տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարելու գործուն մեխանիզմները։

ԵՄ ինտեգրման զարգացումը և ռազմավարական դասեր Հայաստանի համար
Լիտվայի լրագրողների միության փոխնախագահ, մեդիափորձագետ Էռնեստ Ալեսինը մեզ հետ զրույցում մանրամասնեց ԵՄ ֆինանսավորման իրական ազդեցությունն ու տնտեսական փոխակերպումը։ Ինչպես նա նշեց, ԵՄ ֆինանսավորումն անցել է հստակ փուլերով. եթե սկզբում գումարներն ուղղվում էին միայն շինությունների, ճանապարհների, դպրոցների վերանորոգմանը, ապա վերջին հինգ-յոթ տարում առաջնահերթությունները հիմնովին փոխվել են։

Լիտվայի համար նախատեսված Եվրամիության ֆինանսավորումը վերջին տարիներին հիմնականում ուղղվում է փոքր շրջաններին ու քաղաքներին, իսկ սեփական մեծ բյուջե ունեցող մայրաքաղաք Վիլնյուսն այս փուլում ստանում է զգալիորեն ավելի քիչ աջակցություն։
Սրա շնորհիվ մարզերում ներդրումներ են կատարվում արևային կայանների, լուսավորության, խաղահրապարակների և ջրատաքացման համակարգերի արդիականացման մեջ։ Սա հնարավորություն է տալիս փոքր քաղաքներում սկսել նոր բնակարանների ակտիվ կառուցապատում, ինչն ամբողջությամբ փոխել է իրավիճակը։ Եթե նախկինում բնակչությունը փոքր քաղաքից տեղափոխվում էր մեծ քաղաքներ, քանի որ այնտեղ պայմաններն անհամեմատ բարենպաստ էին, ապա հիմա ճիշտ հակառակն է ․արտագաղթած բնակչությունը վերադառնում է իրենց համայնք, քանի որ ենթակառուցվածքները բարելավվել են, կեցության ծախսերն անհամեմատ ցածր են։
ԵՄ միջոցները Լիտվային թույլ տվեցին հսկայական թռիչք կատարել սոցիալական, առողջապահական ու կրթական ոլորտներում։ Ուշագրավ է նաև զբաղվածության պետական գործակալության մոդելը. եթե քաղաքացին կորցնում է աշխատանքը, նա համապաատասխան կառույցին դիմում է ոչ թե նպաստ ստանալու, այլ լիովին անվճար նոր մասնագիտություն ձեռք բերելու կամ սեփական բիզնես սկսելու համար: Այս ծրագրով սեփական գործը հիմնող անհատին տրամադրվում է մինչև 30 հազար եվրո անհատույց լրավճար՝ նվազագույն հարկային պայմաններով անհրաժեշտ սարքավորումներ գնելու և ստարտափ հիմնելու համար, ինչը բացառիկ հնարավորություն է հատկապես երիտասարդների համար կերտել սեփական ապագան:
Տնտեսությունն այսօր հենված է բարձր տեխնոլոգիաների վրա. այստեղ են գործում աշխարհահռչակ VPN ընկերությունները (օրինակ՝ NordVPN-ը), լազերային ընկերություններն ու բժշկական նորագույն նյութեր արտադրող հսկաները։

Մեզ հետաքրքրում էր նաև մեդիափորձագետի կարծիքը այսօր մեր երկրում ընթացող գործընթացների մասին, որոնք վերաբերում են Հայաստանի եվրոինտեգրմանը։ Ըստ նրա, Հայաստանի նման երկրի համար ԵՄ անդամակցության բանակցությունները լինելու են չափազանց դժվար, և անհրաժեշտ է ի սկզբանե ունենալ հստակ ռազմավարական տեսլական: Լիտվայի դեպքում մուտքի գինը եղավ Իգնալինայի ատոմակայանի փակումը, ինչը պարտադրված էր անվտանգության եվրոպական չափանիշերով, ուստի Հայաստանը նույնպես պետք է նախապես ճշգրիտ հաշվարկի նման մեծ ընտանիք մտնելու գինն ու սեփական եզակի ոլորտները պահպանելու սահմանները:
Սակայն դրա դիմաց բացվում են անսահմանափակ հնարավորություններ տեխնոլոգիական հզոր թռիչքի, բաց սահմանների, բանկային ավանդների ապահովագրության և կես միլիարդանոց հարուստ շուկայի անդամ դառնալու համար։ Փոքր երկրների համար սա մշտական դիվանագիտական պայքար է սեփական տեղի համար, քանի որ թեև ԵՄ օրենքը մեկն է, սակայն միասնական լեզու չկա։ Ուժեղ լինելու համար լիտվացիներն օգտագործում են տարբեր դիվանագիտական ձևաչափեր, ինչպիսին է Նորդիկ-Բալթյան ձևաչափը, որտեղ 5-8 երկրներ միավորվելով հանդես են գալիս միասնական հզոր հայտարարություններով՝ համատեղ պաշտպանելով իրենց շուկաներն ու շահերը հսկա երկրների հետ հարաբերություններում: Ինչպես կհաջողվի Հայաստանին, ժամանակը ցույց կտա,-կարծում է Էռնեստ Ալեսինը։

Լրագրող




