Շուշան Օհանյան
Փետրվարի 28-ին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը ավագանիների առաջարկով հանրային քննարկում էր հրավիրել ավագանու նիստի օրակարգում իր առաջարկով ընդգրկված` բյուջեում փոփոխություններ կատարելու հարցի վերաբերյալ հանրության կարծիքը լսելու նպատակով:
Ինչպես տեղեկացրել էինք, Գորիսի ավագանու փետրվարի 26-ին նշանակված նիստը չկայացավ` քվորումի բացակայության պատճառով ավագանու տասը անդամները ստորագրությամբ քաղաքապետից պահանջել էին բյուջեում առաջարկվող փոփոխությունները քննարկել բնակչության մասնակցությամբ` նախապես վեր հանված հիմնախնդիրների առաջնահերթությունները որոշելու համար:
Դիմումն ստորագրած ավագանու անդամներից ոչ բոլորն էին քննարկմանը մասնակցում: Հարգելով ձեր մտահոգությունները, այնուամենայնիվ, համաձայն չեմ նիստին չներկայանալու ձեր որոշման հետ: Ձեր դիտարկումները վերաբերում են կոնկրետ մեկ` «Գորիսի համայնքի 2014թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին» հարցի: Կարելի էր այս հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, այն տեղափոխել հաջորդ նիստ, բայց նիստն ամբողջությամբ հետաձգելը արդարացված չէր»,-ասաց Նելսոն Ոսկանյանը:
Համայնքի ղեկավարը ներկայացրեց 2014 թ.-ի համայնքային բյուջեով առաջարկվող ծրագրերի ցուցակ` 24 կետով, որի իրականացման համար պահանջվում է մոտ 185 մլն դրամ, բայց քանի որ 2013թ. ֆոնդային բյուջեի ազատ միջոցները կազմում են մոտ 80 մլն դրամ, քաղաքապետը դրանցից առանձնացրեց առավել հրատապ հարցերը, որոնք նա ավագանու հինգ անդամների հետ քննարկել էր փետրվարի 26-ին` չկայացած նիստի օրը:
Առանձնացված հարցերը հիմնականում վերաբերում էին ներհամայնքային ճանապարհների վերանորոգմանը (20 մլն), Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակի բարեկարգմանը (10 մլն), գիշերային լուսավորության ցանցի ընդլայնմանը (10 մլն), Գորիս քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակմանը (5 մլն) եւ այլն: Քաղաքապետը, դիմելով քննարկմանը մասնակցող ավագանու անդամներին, խնդրեց առաջարկներ ներկայացնել քննարկվող խնդրի մասին, որին ի պատասխան ավագանու անդամ Մասիս Ղեւոնդյանը նշեց. «Այստեղ ներկա բնակիչները շատ հաճախ են մեզ դիմում տարբեր հարցերով, մենք այդ խնդիրների մասին խոսել ենք, նիստերին բազմիցս հանդես ենք եկել առաջարկություններով, սակայն դրանք մնացել են այս սենյակում, հիմա թող իրենք ներկայացնեն խնդիրները»:
Հանրային քննարկման մասնակիցներին հուզող խնդիրները վերաբերում էին բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը, հեռավոր թաղամասերի գիշերային լուսավորության ապահովմանը, ճանապարհների վերանորոգմանը:Գորիսի Ավանգարդ փողոցի 5-րդ թաղամասի բնակիչ Սեյրան Ավագյանը ողջունեց ավագանիների նախաձեռնությունը, որով բնակիչներին իրենց խնդիրները ներկայացնելու հնարավորություն էր տրվել: Նա նշեց, որ իրենց թաղամասում տասնյակ տարիներ բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվել, լուսավորության, աղբահանության, ջրահեռացման համակարգերի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Պատասխանելով քաղաքացուն, քաղաքապետ Ոսկանյանը նշեց, որ 2014թ.-ի բյուջեով նախատեսվում է այդ թաղամասի գիշերային լուսավորության հարցը լուծել:
Քննարկման թեմա դարձան նաեւ քաղաքի նախկին նախակրթարաններից մեկում բնակություն հաստատած մի քանի ընտանիքների խնդիրները: Բնակիչները առաջարկեցին բյուջեով նախատեսել 2013թ. հունվար ամսվա ուժեղ քամիների պատճառով վնասված տանիքի նորոգումը: Բնակիչներին տեղեկացվեց, որ վերջերս Գորիսի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ քննարկել են այս հարցը, եւ նա համաձայնվել է օժանդակել, եթե համայնքը եւ բնակիչները 20% ներդրում ապահովեն:
ՀՀ ոստիկանության Գորիսի վետերանների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանի խոսքով` աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում, այսօր էլ հնարավոր է տեղական բյուջեի միջոցներով համայնքային խնդիրներ լուծել:
Մոտ երկու ժամ տեւած քննարկումից հետո, որի ընթացքում նամակի հեղինակ ավագանիներն այդպես էլ որեւէ կոնկրետ առաջարկ չներկայացրին, զրույցը շարունակվեց միայն նրանց եւ քաղաքապետի մասնակցությամբ: