Անահիտ Բաղդասարյանի
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայում ապրիլի 8-ին և 9-ին շարունակվեց Գրիգոր Պապյանի սպանության գործով Գևորգ, Կարապետ, Ջորջ Թոսունյանների, Վիլեն Գրիգորյանի և Սահակ Սահակյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են 2010թ. օգոստոսի 28-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մշակույթի տան մոտակայքում գտնվող սրճարանի դիմաց առաջացած վիճաբանության ժամանակ Գրիգոր Պապյանի սպանության մեջ:
Ապրիլի 8-ին դատարանը լսեց վկաներ Էմիլ Պետրոսյանին, Մանվել և Վրեժ Փարամազյաններին:Վկա Էմիլ Պետրոսյանն ասաց, որ վիճաբանության պահին ինքը գտնվել է զբոսայգու մոտ կայանած իր մեքենայում և կռվի ձայները լսելով՝ մեքենայից վերցրել է պտուտակահան բանալին և շտապել դեպքի վայր՝ պաշտպանելու իր ընկերոջը՝ Գ. Պապյանին: «Բազմության մեջ մեկին հարվածել եմ ու վախի զգացումից փախել, որ նույնն էլ ինձ հետ չկատարվի»,- նշեց վկան և ավելացրեց, որ չի հիշում, թե ում է հարվածել, վիրավորել է, թե ոչ, բայց պտուտակահան բանալին արյունոտ չի եղել:
Նա ավելացրեց, որ ամբաստանյալներից ոչ մեկին դեպքի վայրում չի հիշում, չի տեսել նաև, թե ով է հարվածել Գ. Պապյանին և չի կարող որևէ անուն տալ: Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանի այն հարցին, թե հետագայում ինչ է լսել այս միջադեպի հետ կապված և ումից, Է. Պետրոսյանն ասաց, որ խոսակցություններ շատ են եղել, բայց թե ումից է լսել, էլի չի հիշում: Դեպքի անմիջական ներկայի պատասխանները դատավորին հավատ չներշնչեցին:
Վկաները զգուշացվեցին, որ բնակության վայրը փոխելու դեպքում տեղյակ պահեն դատարանին, քանի որ հնարավոր է լրացուցիչ հարցաքննության հրավիրվեն:
Դատավորը նաև կարդաց այս գործով վկաներ ամբաստանյալ Ս. Սահակյանի մոր՝ Կարինե Վարդանյանի և եղբոր՝ Արգամ Սահակյանի` դատարանին ներկայացրած դիմումները, որով խնդրում էին գործը քննել իրենց բացակայությամբ՝ հաշվի առնելով որ իրենք պարտավոր չեն ցուցմունք տալ իրենց հարազատի վերաբերյալ: Դիմումներում գրված էր նաև, որ դատարանը հիմք չընդունի նախաքննության ընթացքում իրենց տրված ցուցմունքները, քանի որ նրանք դեպքի վայրում չեն եղել և ոչինչ չգիտեն, իսկ եթե որևէ բան էլ նշվել է, ապա միայն կողքից լսած խոսակցություններից: Ամբաստանյալ Ս. Սահակյանն էլ խնդրեց բավարարել դիմումները:
«Նրանք ոչնչից տեղյակ չեն. կողքից ով ինչ փսփսացել ա, եկել գրել են», -ասաց նա և ավելացրեց, որ իր մայրը առողջական խնդիրներ ունի, անկողնային հիվանդ է և ի վիճակի չէ ներկայանալ: Դատարանը, լսելով կողմերի կարծիքները, որոշեց բավարարվել Կարինե Վարդանյանի ցուցմունքի հրապարակմամբ և դատարան չհրավիրել, իսկ Արգամ Սահակյանին դատարան հրավիրելու միջնորդությունը քննարկել ամբաստանյալ Ս. Սահակյանի հարցաքննությունից հետո:
Ապրիլի 9-ին լրացուցիչ հարցաքննության համար դատարան են հրավիրվել վկաներ Միհրան Խոսրովյանը, Գարիկ Կոստանդյանը, Սմբատ Հովհաննիսյանը և Տիգրան Գրիգորյանը, սակայն վերջինս չէր ներկայացել:
Ամբաստանյալ Ս. Սահակյանի պաշտպան Կարմեն Սահակյանը երեք վկաներին էլ հարցրեց, թե արդյոք սպանության պահին Ս. Սահակյանի ձեռքին դանակ տեսել են կամ տեսել են, թե ինչպես է նա դանակով կամ ոտքով հարվածում Գ. Պապյանին, Մ. Խոսրովյանը, Գ. Կոստանդյանը պատասխանեցին, որ չեն տեսել, իսկ Ս. Հովաննիսյանն ասաց, որ չի հիշում: Ավելացնենք, որ վերջինս, բացի այն, որ գտնվել է դեպքի վայրում, ուրիշ ոչինչ չէր հիշում՝ պատճառաբանելով, որ հարբած է եղել: Իսկ թե ինչպես է նախաքննության ընթացքում ցուցմունքներ գրել, վկան նշեց, որ «դրսի ասեկոսություններից է ցուցմունք գրել», իսկ ներկայումս նույնիսկ այդ ցուցմունքները չի հիշում, քանի որ «լոգարանում սայթաքելուց հետո գլխի տրամվա է ստացել»: Ս. Հովհաննիսյանի՝ բոլոր հարցերի «չեմ հիշում» պատասխանը զայրացրեց դահլիճում դատական նիստի ներկաներին: Նույնիսկ տուժողի իրավահաջորդ Քրիստինե Մինասյանը, մատնացույց անելով ամբաստանյալներին, զայրացած ասաց, որ վկա Հովհաննիսյանը «պիտի էնտեղ նստած լիներ», իսկ դատավոր Դ. Գրիգորյանն վկային զգուշացրեց, որ «իր վարքագիծը թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով անընդունելի է»:
Թոսունյանների իրավապաշտպան Վահագն Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Գ. Պապյանի սպանության գործով գրեթե բոլոր վկաներին լսել են և Գևորգ Թոսունյանին առաջադրած մեղադրանքը հիմնավորող որևէ ապացույց չկա: «Այս պահի դրությամբ Գ. Թոսունյանի մեղքը 104 հոդվածի 2-րդ մասով չեմ տեսնում, բայց վաղաժամ է որևէ դիրքորոշում հայտնելու համար, քանի որ դեռ պետք է ավարտվի վկայակոչված վկաների հարցաքննությունը և հետազոտվեն գործում եղած բոլոր նյութերն ու ապացույցները»,- ասաց նա:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 14-ին:
hetq.am