Մարիամ Մաթևոսյան
«Գորիսը հենց այնպես չէր կարող կոչվել մշակութային քաղաք, այսինքն այն այդպիսին է իր մշակութային գործիչներով, իսկ եթե Գորիսը ճանաչվել է մշակութային քաղաք, առանց որեւէ արվեստագետի մրցանակ արժանացնելու` պատասխան չունեմ, լռում եմ … գոնե մի նկարիչ, դերասան ներկա լիներ»,- ասում է Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան տնօրեն Արկադիա Մարդյանը: Նրա համար զարմանալի է, թե ինչպես է 2013թ. տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման 17-ամյակի կապակցությամբ անցկացված մրցանակաբաշխության ժամանակ Գորիսը «Տարվա լավագույն մշակութային համայնք» ճանաչվել:
Քաղաքի մշակութային կյանքը հիմնականում «պտտվում է» Գ. Աշոտի անվան մշակույթի տան շուրջ, որի կազմում են երկրագիտական թանգարանը, քաղաքային պատկերասրահը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը (որի գործառույթներն, ի դեպ, անհայտ են): «Գուցե սխալ է, որ կենտրոնացված է, քանի որ շատ տարբեր համակարգեր են ներառում»,- նշում է մշակույթի տան տնօրենը:2000 թվականից գործող ժողովրդական երաժշտական գործիքների համույթը վերջին անգամ ելույթ է ունեցել անցած տարվա տարեվերջին Գորիսի N զորամասի զինվորների համար, երբեմն էլ ելույթներով հանդես է գալիս մշակույթի կենտրոնի տարեկան հաշվետու համերգին: Համույթը տարիներով բեմ դուրս չի գալիս. տնօրինությունը կարծում է, որ նույն երգացանկով անընդհատ ելույթներ ունենալը, հանդիսատեսի համար ձանձրալի է, իսկ նոր երգացանկը ֆինանսական միջոցներ է պահանջում, որը մշակույթի տունը չի կարող հատուցել: Այս ամենի հետ, սակայն, խմբի յուրաքանչյուր անդամ ամսական աշխատավարձ է ստանում:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Ա. Մարդյանի խոսքով` Գորիսում գրեթե չկան լարային նվագարաններին տիրապետողներ՝ քանոն, քամանչա, թառ, ուդ, այդ իսկ պատճառով խումբը չի համալրվում երիտասարդ երաժիշտներով: Դա այն դեպքում, երբ քաղաքի երաժշտական դպրոցներում գործում են ժողգործիքների դասարաններ: Գուսան Աշոտի ծննդավայրում ժողովրդական գործիքների հանդեպ սերը կարծես թե, նվազում է: Այսօր երաժշտական դպրոցներում պետության աջակցությամբ միայն այս բաժինն է, որ անվճար է, բայց օրինակ, դաշնամուրի դասարան հաճախողների թիվը, չնայած վճարովի, բայց մեծ է:
Հաճախակի մշակութային միջոցառումներ կազմակերպելը, Ա. Մարդյանի կարծիքով, պայմանավորված է նաեւ նրանով, որ դահլիճները կիսադատարկ են մնում: «Եթե թատրոնի շենքի երկու տարբեր դահլիճներում միաժամանակ ելույթներով հանդես գան ժողգործիքների համույթը՝ հրավիրատոմսերով եւ ասենք, որեւէ ռաբիս երգիչ՝ մուտքը 1000 դրամով, ապա հավատացնում եմ, որ ժողովրդական երգը մատուցողների համերգին դահլիճը կիսադատարկ կլինի, մյուսը՝ լեփ-լեցուն»,- իր մտահոգությունն է հայտնում նա:
Գորիսեցի երիտասարդների շրջանում հաճախ կլսես, որ նրանք հեռու են մշակութային կուլտուրայից, նման թեժ քննարկումներն ավելի են սրվում յուրաքանչյուր ներկայացումից հետո` տեղափոխվելով սոցիալական ցանցեր: Մեղանդրանքներն ուղղվում են ե’ւ կազմակերպիչներին, ե’ւ հանդիսատեսին` իրենց պահվածքի համար, մի մասն էլ մշակութային գործիչներին՝ մշակութային մթնոլորտ չձեւավորելու համար: Այն արտահայտությանը, որ հանդիսատեսը դահլիճում է դաստիարակվում, համակարծիք են շատ արվեստագետներ: Սակայն տարվա մեջ մի քանի անգամ ներկայացման, համերգի, մշակութային այլ միջոցառումների մասնակցելով ոչ մշակութասեր հասարակության անդամ կդառնաս, ոչ էլ մշակութային քաղաքի բնակիչ:
Գորիսի մշակույթի տան տնօրենի խոսքով` իրենք պատրաստ են 160 տեղանոց սրահում անգամ 40 հանդիսատեսի համար ելույթ ունենալ: Թե մնացած 120 հանդիսատեսին ներգրավելու միջոցներ ո՞վ պետք է ձեռնարկի, կարծես թե, ոչ մեկին անհանգստանալու առիթ չի տալիս: Երեւի մտածում են, որ միեւնույն է, մշակութային քաղաք ենք: Այս հարցում մեղքի իրենց բաժինն ունեն ե’ւ համայնքային իշխանությունները, ե’ւ ոլորտի պատասխանատուները, որոնք ուշադրություն չդարձնելով ոլորտին, ակամայից հեռացնում են հասարակությանը թե’ թատրոնից, թե’ պատկերասրահից, թե’ երգ ու պարից:
Ակսել Բակունցի տուն-թանգարանը եւս դեր ունի մշակութային կյանքի աշխուժացման գործում, այդ նպատակով տարվա համար տարբեր միջոցառումներ են պլանավորվում: Առանձնակի շուքով են նշում Ա. Բակունցի ծննդյան եւ մահվան օրերը, թանգարանների միջազգային օրը, գորիսյան տոնակատարությունները:
Բակունցի տուն-թանգարանի տնօրենի խոսքով` այս տարիների ընթացքում ավելի շատ ուշադրություն են դարձրել թանգարանի վերանորոգման, բարեկարգման աշխատանքներին: Առաջիկայում տնօրինությունը նպատակ ունի այն վերածել գրական, գիտական քննարկումների կենտրոնի: «Թանգարանին կից գործող «Միրհավ» գրական ակումբի հետ համատեղ կկազմակերպվեն քննարկումներ, ցուցադրություններ Գորիսի տարածաշրջանի մշակույթի նշանավոր գործիչների կյանքի, գործունեության, ինչպես նաեւ համահայկական նշանակություն ունեցող ստեղծագործողների վերաբերյալ»,- նշում է նա:
Համայնքում գործում են նաեւ Ա. Սաթյանի եւ Շառլ Ազնավուրի անվան երաժշտական, Գ. Պարոնյանի անվան արվեստի դպրոցները, Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղը: Գորիս համայնքի 2013 թ. բյուջեով նախատեսված էր մշակութային ծառայությունների համար հատկացնել 46 մլն 145 հազար դրամ, որից 37 մլն 950 հազար դրամը տրամադրվել է մշակույթի տներին, ակումբներին, կենտրոններին, 8 մլն 195 հազարը՝ այլ մշակութային կազմակերպություններին: Գրադարանների, թանգարանների, ցուցասրահների, արվեստի համար բյուջեով ոչինչ չի նախատեսվել: Այս տարվա բյուջեով մշակութային նախաձեռնությունների համար նախատեսված գումարը համեմատաբար ավելացել էր կազմելով 51 մլն դրամ:
hetq.am