Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մամուլի գործադրած ճնշումն իրավապահների վրա շատ կարեւոր է

by mediapoint
Հուլիս 11, 2014
0

55621Հարցազրույց ֆրանսիացի լրագրող, մեդիախորհրդատու Սիղիլ Ֆրանկի (Cyrille Frank) հետ

-Հուլիսի 1-ին համաշխարհային մամուլը գրեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ձերբակալության եւ հարցաքննության մասին: Կարելի՞ է ասել, որ դա նաեւ լրագրողների բացահայտումների արդյունքում տեղի ունեցավ, որոնք հրապարակումներով հանդես եկան Սարկոզիի կողմից դիրքի չարաշահման, իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման եւ այլնի մասին:

 -Այո, ինչ-որ իմաստով դա նաեւ լրագրողների աշխատանքի արդյունքն էր, հատկապես հետաքննական պարբերական Mediapart-ի լրագրողների: Այն, ինչի համար նա ձերբակալվեց, բացահայտվել էր մեկ այլ գործի քննության ժամանակ, որի մասին գրել էր Mediapart-ը: Այսինքն` լրագրողների շնորհիվ էր, որ իրավապահների քննությունը հանգեցրեց երկրորդ գործի հարուցմանը: Եթե չլինեին լրագրողները, քննիչների այդ հետաքննությունը չէր լինի: Որոշ դեպքերում Mediapart-ը պահանջել է քննություն Արդարադատության մարմիններից: Եվ նրա գործադրած «ճնշման» արդյունքում է, որ իրավապահները բացահայտում են որոշ բաներ:   -Իրավապահ մարմիններն առհասարակ արձագանքու՞մ են մամուլի հրապարակումներին:

-Դա կախված է պետության շահից կամ հետաքրքրությունից: Օրինակ` Կայուզակի գործով Ֆրանսուա Օլանդի ձախ իշխանությունը քննություն սկսելը ձգձգում էր, քանի որ Կայուզակը ձախերի նշանակած Բյուջետային միջոցների համար պատասխանատու նախարարն էր (երբ 2012-ի դեկտեմբերին Mediapart հետաքննական կայքը գրեց, որ Կայուզակը շվեյցարական եւ սինգապուրյան բանկերում չհայտարարագրված հաշիվներ ունի, վերջինս հերքեց դա, անգամ խորհրդարանի պատգամավորների առջեւ: 2013-ի մարտի 19-ին` նախաքննություն սկսելու օրը, նախագահ Օլանդը ազատեց նրան զբաղեցրած պաշտոնից: 2013-ի ապրիլի 2-ին դատախազությունը պաշտոնական մեղադրանք առաջադրեց փողերի լվացման հոդվածով, եւ Կայուզակն ընդունեց իր մեղքը – Լ.Ս.): Անհրաժեշտ եղավ Mediapart-ի խմբագրի միջամտությունը, ով բաց նամակ հղեց կառավարությանը, որպեսզի պաշտոնական քննություն սկսվի:  Ավելի հեշտ է, երբ ձախ իշխանության օրոք մամուլը բացահայտումներ է անում աջ ուժերի ներկայացուցիչների մասին: Հիմնականում այդպես էլ լինում է: Բայց շատ կարեւոր է մամուլի գործադրած ճնշումը իրավապահների վրա:

-Ինչպե՞ս կավարտվի Սարկոզիի գործի քննությունը Ձեր կարծիքով:

-Դժվար է ասել, ամեն դեպքում Սարկոզիի համար դժվար կլինի այս ամենի տակից դուրս գալ: Գործով դատախազը շահագրգռված է եւ քաղաքական աջակցություն է ստանում, բացի այդ` իր ընկերներից շատերը ցանկանում են նրան «ընկած տեսնել»: Բոլորը հետաքրքրված են Սարկոզիի «անկմամբ», քանի որ նրա ետեւում շատ կասկածելի գործեր կան: Բայց տեսնենք` նրա փաստաբանին կհաջողվի՞ հիմնավորել, որ Սարկոզիի հեռախոսազրույցների գաղտնալսումներն ապօրինի են եղել:  

-Հետաքննական լրագրությունը որքանո՞վ է զարգացած Ֆրանսիայում: Mediapart-ից բացի կա՞ն այլ լրատվամիջոցներ, որոնք հետաքննական նախագծեր են իրականացնում:

-Mediapart-ը եզակի չէ, Le Monde օրաթերթը տնտեսական թեմաներով հետաքննություններ է անում, Le Point ամսագիրը, L’Express-ը նույնպես հետաքննական նյութեր են հրապարակում, բայց Mediapart-ը մասնագիտացած է հետաքննության մեջ եւ շատ տեղ է հատկացնում դրան: Պետք է փաստենք, որ հետաքննական լրագրությունը շահութաբեր չէ: Շատ ժամանակ է ծախսվում` անորոշ արդյունքի համար: Միշտ չէ, որ արծարծված թեմաները հետաքրքրում են լայն հանրությանը եւ հավելյալ վաճառք ապահովում, ինչպես առողջապահության, ժամանցի կամ այլ թեմաներով ինֆորմացիան: Հետեւաբար, ֆրանսիական պարբերականներն աստիճանաբար հրաժարվում են հետաքննական լրագրությունից:

-Իսկ այն գոնե ինքնաֆինանսավորվու՞մ է: Ի՞նչ տնտեսական մոդելով է աշխատում Ձեր նշած Mediapart ինտերնետային պարբերականը, որը մասնագիտացած է հետաքննական լրագրության մեջ:

-Mediapart-ը հիմնականում բաժանորդագրության շնորհիվ է աշխատում, թեեւ ունի նաեւ նվիրատուներ: Այն մարքետինգային առանձնահատուկ քաղաքականություն է վարում` հայտարարում է, որ ինքը միակն է, ով անում է այն աշխատանքը, որից մյուսները հրաժարվում են: Այստեղ մեկ այլ առանձնահատկություն էլ կա` հետաքննող լրագրողները մարտնչողներ են, պայքարողներ: Եվ Mediapart-ը հայտարարում է, որ բաժանորդագրվելով իր կայքը` ընթերցողը պաշտպանում է ազատ եւ անկախ ինֆորմացիան: Նրանց մարքետինգային դիրքը շատ ուժեղ է: Կայքը հիմնել է Le Monde-ի նախկին աշխատակից, հետաքննող լրագրող Էդվի Պլենելը, որը տարբեր հարթակներում, հատկապես հեռուստատեսությամբ, շատ արդյունավետ կերպով իրականացնում է իր կայքի առաջխաղացումն ու գովազդը: Ընթերցողը գիտի, որ առաջին` ինքը գնում է եզակի եւ անկախ ինֆորմացիա, երկրորդ` ինքն ավելի լավ է տեղեկացված, քան մյուսները եւ կարող է հպարտանալ այդ հանգամանքով: Բայց չգիտեմ` արդյոք այս մարքետինգային դիրքորոշումը կաշխատի՞ մյուս լրատվամիջոցների պարագայում: Le Monde-ը եւ մյուսները գումարներ են կորցնում հետաքննությունների վրա:       

-Ֆրանսիան այն պետությունն է, որն ամենից շատ է ուղղակի դրամական աջակցություն ցույց տալիս մամուլին: Ի՞նչ նպատակով է դա արվում:

-Այդ աջակցությունը ծագեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1944-ին: Պետությունը որոշեց վերջ դնել բոլոր այն թերթերին, որոնք համագործակցել էին թշնամու եւ նրա հետ համաձայնության եկած իշխանության հետ: Գեներալ դը Գոլը, անգամ նրանից առաջ` Ազատագրման կոմիտեն, որոշել էր, որ պետք է ամեն ինչ փոխել, որպեսզի կանխվի ապագայում մամուլի համագործակցությունը իշխանության հետ: Ուստի ստեղծեցին մի համակարգ, որը կախման մեջ չի դնի մամուլը իշխանությունից եւ կապահովի վերջինիս անկախությունը: Որոշվեց աջակցել հասարակական-քաղաքական, ընդհանուր նշանակության, քաղաքացիների համար կարեւոր տեղեկատվություն մատուցող պարբերականներին: Խոսքը բոլորովին ժամանացային պարբերականների մասին չէր: Բայց խնդիրն այն է, որ 1944-ից հետո ոչինչ չի փոխվել մամուլի աջակցության այս համակարգում, մինչդեռ մեդիադաշտի պատկերն ամբողջովին փոխվել է: Այն պարբերականները, որոնք աջակցություն են ստանում «հասարակական-քաղաքական» ինֆորմացիայի անվան տակ, իրենց հիմնական գործունեության բնույթը փոխել են: Փաստացի, պետությունն աջակցում է ժամանցային մամուլին, որովհետեւ ներկայումս Figaro-ն, L’Express-ը, Le Monde-ը ավելի շատ ժամանցային բովանդակություն են արտադրում, քան ընդհանուր, հասարակական-քաղաքական նշանակության: Ցանցային անկախ մամուլի արհմիության անդամները (SPIL), որոնց թվում եմ նաեւ ես, առաջարկում է արմատապես փոխել աջակցության այս համակարգը` ավելի շատ օգնել քաղաքացիական նշանակության ինֆորմացիա տարածողներին, եւ ավելի քիչ` ժամանացային բովանդակություն ունեցողներին:

-Բայց կա՞ն, արդյոք, ֆինանսների արդարացի բաշխման արդյունավետ մեխանիզմներ:

-Բացարձակ արդար համակարգ դժվար է ստեղծել, բայց մենք առաջարկում ենք լրագրողներին եւ մամուլին անուղղակի աջակցության բազմաթիվ ձեւեր, որոնք ավելի արդար են: Օրինակ` վերացնել լրագրողների հարկային պարտավորությունները կամ նրանց հարկային արտոնություններ տալ (նման օրենսդրական նախաձեռնությունը Ֆրանսիայի խորհրդարանը մերժեց – Լ.Ս.):

-Վերջին տասնամյակում ֆրանսիական գրեթե բոլոր ազդեցիկ ԶԼՄ-ները հայտնվել են խոշոր ֆինանսական խմբերի ձեռքում: Ինչպես է դա անդրադառնում ԶԼՄ-ների անկախության վրա:

-Տնտեսական անկախությունն իսկապես լուրջ խնդիր է մեդիայի համար: Անշուշտ, քաղաքական ասպեկտն էլ կա, բայց, իմ կարծիքով, ավելի վտանգավոր է տնտեսական կախվածությունը: Ֆրանսիայում վերջին տարիներին արդյունաբերական մեծ խմբերի, բանկերի կողմից մեդիա ձեռնարկությունների գնման պրոցես է սկսվել: Արեւելքում, օրինակ, Credit mutuel-ն է, հյուսիսում` Credit Agricol-ը, Vincent Bolloré-ն, Serge Dassault-ն: Բոլոր այս արդյունաբերական խմբերը գնում են ամբողջական մեդիա-ձեռնարկություններ եւ մեդիա-խմբեր: Սա մտահոգության լուրջ առիթ է, որն անտեսվում է խմբագիրների կամ մեդիա ղեկավարների կողմից: Տրամաբանական հարց է առաջանում` ինչպես կարող են նրանք անկախ լինել, եթե տնտեսական խմբի կամ լոբբիի հսկողության տակ են:

-Կա՞ գրաքննություն կամ ուղղորդում սեփականատերերի կողմից, միջամտություն լրատվամիջոցների խմբագրական անկախությանը:

-Որոշ դեպքերի մասին տեղեկացել ենք, իհարկե, բայց կան շատ բաներ, որոնց մասին չեն բարձրաձայնում ԶԼՄ-ները: Գրաքննության մասին խոսելուց առաջ պետք է խոսել ինքնագրաքննության մասին: Դա ավելի վատ է: Օրինակ` Figaro-ի լուսանկարիչներից մեկն իր նախաձեռնությամբ Photoshop-ի միջոցով ջնջել էր Արդարադատության նախարար Ռաշիդա Դատիի մատանին, քանի որ մտածել էր, թե լավ չէ այդքան խոշոր եւ թանկարժեք մատանին ի ցույց դնելը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը նրանից  պահանջել էր դա ջնջել, պարզապես լրագրողը կամ դիզայները, լուսանկարիչը մտածել էին, որ դա փոքր-ինչ անհարմար է նախարարի համար: Այս պատմությունը շատ քննարկվեց ֆրանսիական մամուլում, քանի որ ցույց էր տալիս ինքնագրաքննության ուժը: Կարծում եմ` ինքնագրաքննության բազմաթիվ նման դեպքեր կան:

-Ֆրանսիայում տարածված են քաղաքական գործիչների ամուսնությունները կամ մտերիմ կապերը լրագրողների հետ, հատկապես` հեռուստամեկնաբանների: Ինչպե՞ս է այս երեւույթն անդրադառնում մեդիայի վրա:  

-Այո, այդ երեւույթն առկա է: Գիտակցաբար, թե անգիտակցաբար, լրագրողների եւ քաղաքական գործիչների մտերմությունը հանգեցնում է ինքնագրաքննության: Լրագրողները եւ քաղաքական գործիչները Ֆրանսիայում միեւնույն կրթական հաստատություններից են դուրս գալիս (Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Grandes écoles կամ այցելում են միեւնույն վայրերը:

Հեռուստատեսությունում վիճակն ավելի վատ է, կառավարության խնամակալությունը հեռուստատեսության նկատմամբ անգամ ամրապնդվել էր վերջին տարիներին, քանի որ երկրի նախագահն անձամբ էր նշանակում Հանրային հեռուստատեսության ալիքների ղեկավարներին: 2013-ին օրենքում փոփոխություն արվեց, եւ այդ իրավունքը վերապահվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի բարձրագույն խորհրդին, որն իր ձեւավորման կարգով նույնպես պրոկառավարական է:

Լրագրողների հետ ինտիմ հարաբերությունների հաստատման այդ «ավանդույթը» ծագեց Ֆրանսուա Միտերանի պաշտոնավարման տարիներին, որն աջ ու ձախ գայթակղում էր հայտնի կին լրագրողներին, եւ ամրապնդվեց Նիկոլա Սարկոզիի օրոք, որը 2007-ին բազմաթիվ լրագրողների «որս» սկսեց, որոնք օգնեցին նրան կառավարել մեդիացանցերը: Այդ մեթոդն օգտագործեց նաեւ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը:

-Ֆրանսիայում կա՞ հանրային վստահություն մամուլի հանդեպ:

-Ամեն տարի, վերջին տասը տարվա ընթացքում,  հանրային վստահության հարցումներ են իրականացվում, եւ ամեն տարի անկում է գրանցվում: Մյուս կողմից` առցանց մամուլի նկատմամբ վստահությունը գնալով աճում է: Մյուսները վստահության նվազում կամ կայունացում են գրանցում: Ֆրանսիայում ռադիոն ամենավստահելի լրատվամիջոցն է, հեռուստատեսության վիճակն այնքան էլ վատ չէ, բայց տպագիր մամուլի դիրքերը հուսադրող չեն: Պատճառներից մեկը, իմ կարծիքով, այն է, որ տպագիր մամուլն այլեւս իր ընթերցողին մոտ չէ: Այն խոսում է ինքն իր հետ: Տպագիր մամուլը մանկավարժական ջանքեր չի գործադրում հնարավորինս շատ մարդկանց հնարավորինս շատ բան բացատրելու համար: Հարցն այն է` ինչպե՞ս խոսել մարդկանց հետ իրենց խնդիրների մասին առանց դեմագոգիայի, բայց օգտագործելով այնպիսի բառեր, որոնք հասկանալի կլինեն մարդկանց:

-Կոռուպցիան գոյություն ունի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Սարկոզիի գործով տեսանք, որ դատավորներին կարելի է գնել կամ գայթակղել տարբեր խոստումներով: Կա՞, արդյոք, կոռուպցիա ֆրանսիական մամուլում:

-Պետք է որ առկա լինի: Ես հիմա չեմ մտաբերում դեպքեր, երբ լրագրողը փող է վերցրել կոնկրետ պատվեր կատարելու կամ լռելու համար: Իմ կարծիքով` կոռուպցիան մեդիայում դրսեւորվում է անուղղակի ձեւով: Օրինակ` լրագրողի արձակուրդի ֆինանսավորում: Եթե լրագրողն օգտվել է ինչ-որ բանից, նա չի կարող այլեւս ունենալ միեւնույն հայացքը կամ վերաբերմունքը իրողությունների նկատմամբ: Բայց ժուռնալիստիկան այն միջավայրը չէ, որտեղ կարելի է փող աշխատել: Եվ այս մասնագիտությունն ընտրողները դա գիտեն: Իմ կարծիքով` կոռուպցիայի ռիսկն անուղղակի է. եթե օգտվել ես ինչ-որ բանից, արդեն ճնշված ես որոշ բաներ գրելիս: Եթե ես` որպես քաղաքական գործիչ, ֆինանսավորել եմ քո երկշաբաթյա արձակուրդը, հաջորդ համարում դու չես կարող ինձ «ջախջախել»:    

-Նոր մեդիան ի՞նչ տեղ ունի Ֆրանսիայի տեղեկատվական համակարգում, ինչպե՞ս է այն զարգանում:

-Նոր մեդիան դեռեւս չի մրցակցում հեռուստատեսության հետ, վերջինը լավ դիրքերում է, մարդիկ հիմա ավելի շատ են սպառում հեռուստատեսային արտադրանք, քան նախկինում: Փաստացի, հեռուստատեսության դիտողականությունը չի նվազել Ֆրանսիայում: Մրցակցությունը տպագիր եւ առցանց մամուլի միջեւ է: Նոր սպառողը տպագիր թերթ չի գնում: Տպագիր մամուլը ներկայումս ապրում է Baby boomers-ների (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնվածները` 1945-65-ականների սերունդը) եւ նրանց ծնողների շնորհիվ, ովքեր հավատարիմ են թերթ կարդալու ավանդույթին: Ինֆորմացիայի սպառումը տեղափոխվում է թաբլեթների եւ մոբայլ հեռախոսների վրա: Հեռուստատեսությունը, հակառակը, շահեկան վիճակում է` այն երկու էկրան ունի: Այսինքն` փոխլրացման տարր կա. կրկնակի էկրանն ավելի է ուժեղացնում հեռուստատեսությունը, վերակենդանացնում է այն եւ դարձնում ավելի ինտերակտիվ: Մարդիկ նայում են հեռուստատեսային հաղորդում եւ միեւնույն ժամանակ հեռախոսով սոցցանցում քննարկում հենց այդ պահին եթեր գնացող հաղորդումը:

-Ինչպիսի՞ն է վիճակը Ֆրանսիայում մասնագիտական կադրերի, պրոֆեսիոնալիզմի առումով:  Ֆրանսիան այն քիչ երկրներից է, որտեղ գործում է լրագրողի քարտը. այսինքն` ցանկացած ոք չի կարող աշխատել իբրեւ լրագրող, եթե հատուկ հանձնաժողովը նրան լրագրողական քարտ կամ վկայական չի տրամադրել: Դա արդյունավե՞տ մեխանիզմ է` ապահովելու լրագրողական կադրերի պրոֆեսիոնալիզմը:

-Որոշ շփոթմունք կա այդ քարտի հետ կապված: Լրագրողական քարտը պարտադիր չէ լրագրող դառնալու համար: Լրագրող է նա, ով լրագրողի ֆունկցիա է կատարում: Բավական է ապացուցել, որ այդ մասնագիտությամբ ես աշխատում: Լրագրողի քարտը պարզապես հեշտացնում է հարաբերությունները կառավարության, վարչական, հարկային մարմինների հետ: Բարեբախտաբար, այդ քարտի առկայությունը պարտադիր չէ աշխատելու համար, հակառակ դեպքում դա կոնկրետ հաստատության կողմից մասնագիտության հսկողություն կլիներ: Քարտերի միջոցով հսկման ցանկացած համակարգ վտանգավոր է: Այս մասնագիտությունը պետք է ազատ թողնել, որպեսզի ինքն իրեն վերահսկի: Անշուշտ, լրագրողը չի կարող անել` ինչ ուզում է, պետք է հարգի պետության օրենքները: Քարտային համակարգը պարզապես հեշտացնում կամ մատչելի է դարձնում շատ բաներ, ավելի հեշտ է մասնակցել մամուլի ասուլիսներին, մուտք գործել պետական հաստատություններ, կարելի է անվճար այցելել թանգարաններ եւ այլն: Բայց բազմաթիվ լրագրողներ, հատկապես առցանց մեդիայում աշխատող, չունեն լրագրողի քարտ: 

-Որո՞նք են ֆրանսիական մեդիայի առանձնահատուկ խնդիրները, որոնք բնորոշ են միայն Ձեր երկրին:

-Ամենահրատապ խնդիրը ֆրանսիական մեդիայի տնտեսական մոդելն է: Մասնավորապես` առցանց մամուլի ֆինանսավորումը: Տպագիր մամուլն աստիճանաբար տեղափոխվում է ցանց, բայց գովազդատուները հապաղում են: Նրանք մեծ գումարներ են վճարում տպագիր գովազդի համար, բայց շատ քիչ` առցանցի: Հավասարակշռություն դեռեւս չկա, եւ դա խնդիրներ է ստեղծում: Նա, ով ավելի շատ ընթերցող ունի, դժվարանում է ֆինանսներ գտնել: Mediapart-ից բացի մյուս առցանց պարբերականները գոյությունը պահելու խնդիր ունեն: Ֆինանսական անկախությունն ապահովելու համար անհրաժեշտ է հավասարակշռել ֆինանսական աղբյուրների մուտքերը` բաժանորդագրություն, գովազդ, պետական աջակցություն: Միայն իշխանության հավասարակշռումն է երաշխավորում ժողովրդավարության արդյունավետությունը: Եթե չկա անհրաժեշտ ֆինանսավորում, ինֆորմացիայի որակի մասին խոսել չենք կարող, հատկապես հետաքննական լրատվության, որը մեծ ծախսեր է ենթադրում:

-Եթե գովազդատուները տեղափոխվեն համացանց, դա չի արագացնի՞ տպագիր մամուլի վախճանը:

-Մամուլի որոշ անուններ, անկասկած, կանհետանան կրպակների ցուցափեղկերից: Այդ պրոցեսը մենք արդեն նկատում ենք Միացյալ Նահանգներում վերջին երկու տարիներին: 2003-2012 թվականներին Նահանգներում 16,200 աշխատատեղ է վերացել տպագիր հրատարակությունների փակման արդյունքում, 38.000 աշխատատեղ` ամսագրերի փակման հետեւանքով, եւ միայն 5000 աշխատատեղ է ստեղծվել թվային մեդիայի շնորհիվ: Այդ պարբերականների հրատարակությունը դադարեցվել է ոչ այն պատճառով, որ չէին ընթերցվում, այլ պարզապես զրկվել էին գովազդատուներից, որոնք ապահովում էին ֆինանսական մուտքերի 25 տոկոսը: Միայն վաճառքով եւ բաժանորդագրությամբ, որքան էլ մեծ լինի դրանց թիվը, հնարավոր չէ պահել լրատվամիջոցը, ինչպես եւ միայն գովազդով: Անհրաժեշտ է հավասարակշռված, կայուն տնտեսական մոդել գտնել:  
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.